Սիմոն Սիմոնյանի անունն ու գործը քիչ են ծանոթ Հայաստանի ընթերցողին, բայց լիբանանահայ գրամշակութային դաշտում նրա բազմաճյուղ ու բազմարդյունք վաստակը գնահատվել ու ճանաչում է բերել հեղինակին դեռևս կենդանության օրոք(1914-1986): Գրող, պատմաբան, մատենագետ, բանասեր, գրականագետ, մանկավարժ, դասագրքերի հեղինակ, գրահրատարակիչ ու խմբագիր Սիմոնյանը բոլոր ասպարեզներում ցուցաբերել է հավասար ուժ ու հանձնառություն՝ ողջ մտաեռանդը նվիրելով սփյուռքում հայ հոգևոր արժեքների ստեղծմանը, պահպանմանն ու ժառանգորդմանը:
Սիմոնյանի ստեղծագործական հարուստ կենսաշրջանն ընդգրկում է 1960-1970-ական թվականները: Նա պատկանում է սփյուռքահայ գրական այն սերնդին, որը սփյուռքահայ գրականության վերլուծաբան Մ.Թեոլոելյանը բնորոշում է որպես «Անմիջական սերունդ», այ՛ն՝ որ Երկրորդ աշխարհամարտէն ետք դիմագիծ ստացավ գաղութէ գաղութ եւ զգայնութեան առհաւական գիծը պահելով հանդերձ, յատկանշուեցավ ուրոյն գօտիներու գրական ազդեցութեանց ենթարկումով»[1] :
Սիմոնյանի առաջին գիրքը՝ «Կը խնդրուի… խաչաձեւել» (Հայոց երգիծական պատմություն), լույս է տեսել 1965 թվականին, այնուհետև հրատարակել է «Խմբապետ Ասլանին աղջիկը»(1967), «Սիփանայ քաջեր» պատմվածքների և վիպակների ժողովածուները (1967, 1970), «Լեռնականներու վերջալոյսը»(1968) պատմվածաշարը, «Լեռ և ճակատագիր»(1972) հատընտիրը և միակ վեպը՝ «Անժամանդրոս»-ը, որը տպագրվել է 1978-ին, բայց սեփական կտակի համաձայն հրապարակ է հանվել գրողի մահից հետո:
Սիմոնյանի ստեղծագործությունը հատկանշվում է հղացքային հարուստ ընդգրկումով, ուրույն ոճամտածողությամբ, պատկերաստեղծման ու կերպարակերտման բարձր արվեստով: Նրա գրական ձիրքը ձեռքբերումներ արձանագրեց հատկապես գեղարվեստական փոքր արձակի ժանրաձևային դաշտում, թեև միակ վիպական գործն էլ գեղարվեստական կոթող է:
Սիմոնյանի արձակագրության լավագույն էջերից մեկը «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուն է, որ գրողը նվիրագրել է հորը՝ «ջաղացպան Օվէին՝ Սասնոյ Կերմաւ(Աւկերմ) գիւղէն Հայկ նահապետի պես անտաշ ու ըմբոստ մարդուն, որին կը պարտիմ այս պատմուածքները՝ արիւնէս ետք»: Ժողովածուն բնաբանված է Շնորհալու խոսքով՝ «Ճանապարհ եւ ճշմարտություն», որը ոչ միայն կյանքի թելադրանքին հարազատ մնալու գեղարվեստական ելակետ է, այլև խմբագրական գործունեության ուղենշային սկզբունք՝ առաջադրված դեռևս 1958-ին, երբ հրապարակվեց «Սփյուռք»-ը: Լրագրի գաղափարական ուղղվածությունը պարզաբանող թիվ 3 համարի խմբագրականը Սիմոնյանը վերնագրել է նույն կերպ՝ կրկնաբանելով Շնորհալուն. «Բարձունքէն ըսելիք բաներ ունինք հայ ժողովուրդի գերագոյն շահերուն համար: Մինչ այդ Ներսես Շնորհալիի պես կ’ըսենք՝ «Ճանապարհ եւ ճշմարտութիւն»[2]: