Показаны сообщения с ярлыком Խմբագրի անկյուն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Խմբագրի անկյուն. Показать все сообщения

22.06.2017

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Միշտ Սյունյաց մեծերի կողքին

«Հոբելյանական տոներին ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի,
գալիս է հարգելու, պսակելու ինքը իրեն, իր շնորհքը, իր մտավոր-հոգեկան ուժերը»:
Հ.Թումանյան

Հրապարակի վրա է «Սյունյաց երկիր» թերթի հերթական հատուկ համարը՝ նվիրված հայ աշուղական երգարվեստի երախտառատ դեմքերից մեկի՝ երգահան, բանաստեղծ Գուսան Աշոտի ծննդյան 110-ամյակին: 
«Սյունյաց երկրի» մի նոր, բերկրառիթ խիզախությունը պետք է համարել այս մեծադիր հրատարակությունը: Մտահղացումն իրականացնելու հնարավորությունները շատ չէին, առավել ևս, որ Գուսանի արխիվը «հասանելի» չէր, սակայն խմբագրակազմը հաղթահարել է դժվարությունները՝ ընթերցողին մատուցելով հաջողված հոբելյանական համար՝ այդ ասպարեզում տարիների կուտակած հարուստ փորձի, մասնագիտական պատրաստվածության, հոգևոր արժեքների նկատմամբ նվիրական վերաբերմունքի շնորհիվ:
Հայ մշակույթին «Սյունյաց երկիր» թերթի մատուցած ծառայությունները միանգամայն անուրանալի են ու երախտապարտության արժանի: Մեր մեծերին նվիրված հատուկ համարները, որոնք տարիների ընթացքում հրատարակել է թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, իրավամբ լրացրել են սյունյաց հոգևոր արժեքների ուսումնասիրման ու լուսաբանման ասպարեզում եղած բացը: Հաճախ մեզանում գրական հոբելյաններն աններելիորեն անցնում են անտես ու անվերաբերմունք, ինչպես, օրինակ, Սերո Խանզադյանի ու Սուրեն Այվազյանի դարադարձերը 2015-ին, և միայն ի պատիվ «Սյունյաց երկրի»՝ պետք է առանձնաշեշտել այն մշակութանվեր առաքելությունը, որ հանձն է առել խմբագրակազմը՝ թերթի հատուկ հրատարակություններով գնահատելու մեծերին: Դրա համար նախ պետք է անհրաժեշտ չափով ի վիճակի լինես հասկանալու ժողովրդի հոգեկան գանձերը, դրանց սերնդակերտիչ ու սերնդապահպան դերը, ինչը «Սյունյաց երկրի» պարագայում կայուն աշխատանքային սկզբունք է ու աշխարհայացքային հանգանակ:

14.04.2017

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՐՄԱՏԻՆ...

Համո Սահյանի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ դժվար, որովհետև նրա արվեստի հաղորդականության մեծ ուժով անընդհատ ուզում ես դիմել իր իսկ բնորոշումներին, կրկնաբերել իր իսկ «ինքնեկ» տողերը: Ստացվում է «զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանելու» նման մի բան...
Համո Սահյանը 103 տարեկան է: Դարադարձով հաստատապես դեպի հազարամյակ: Ինչպես ռուս քննադատներից մեկն է ասել, այդպիսի գրողների առջև ժամանակը ծունկի է գալիս… Իր համեստ մտահոգությունը՝ «Թե միգուցե երբևէ կհիշես, որ նոր սահանքում նաև մի Սահյան է եղել աշխարհում», այլևս չեղյալ կարելի է համարել: Տարիները սահեցին, և այդ սահանքները ի զորու չեղան տեղաշարժելու, թուլացնելու, քայքայելու հայրենի հողի մեջ խորացած, հայրենի հողից սնվող Սահյանի արմատը… Ասել է՝ 
Ես բախտավոր եմ աշխարհում
Որ հավատում եմ իմ արմատին
Եվ զորանում եմ իմ արմատով
Եվ խորանում եմ ու բարձրանում…
Եվ, իսկապես, տարիների հետ ինչքան խորանում, ամրանում է այդ արմատը, այնքան բարձրանում-ամբողջանում է նա է իր գրական հմայքով, բնատուր ու ինքնահատուկ մարդկային նկարագրով: Համո Սահյանի պոեզիան նվաճել է հոգևոր անչափելի տարածք և մագնիսի պես իր շուրջն է համախմբում ճշմարտիտ բանաստեղծության սիրահարներին: 

30.03.2017

Շահան Նաթալին «վերադարձավ» հայրենիք

2016 թվականի սեպտեմբերին Սուրեն Խաչատրյանի բարեշահ նախաձեռնությամբ ու մեկենասությամբ Գորիսի պետական համալսարանի բակում փառավորապես հանգրվանեց Շահան Նաթալիի հրաշակերտ կիսանդրին, որի քանդակագործն է Նարեկ Օրդյանը: Մինչդեռ մեծահամբավ հայորդու մասունքները հայրենի հողին խառնվելու նվիրական կարոտ են զգում, առաջին անգամ «քարե արձանի տեսքով Նաթալին վերադարձավ հայրենիք»: 
Տպավորիչ մուտք Սյունյաց մայր կրթօջախ՝ մեծ հայի, գրողի, իմաստասերի, հրապարակախոսի, հասարակական-քաղաքական երախտառատ գործչի իմաստուն հայացքի ու լայն ճակատի պայծառության ներքո: 
Շահան Նաթալիի անունն ու գործը գալիս լրացնում են ազգային պանծալի հերոսների շարքը, որոնց հենց ինքը՝ Նաթալին, հաջող կերպով տվել է «սրբազան խելագարներ» անվանումը՝ համոզված, որ «ազգերը փրկված են միշտ խելագար քիչերու ձեռքով» և «հայ ազգը զուրկ չէ սրբազան խելագար քիչերէ, որովհետև ավազի հատիկների չափ շատ են ավազացած նահատակները»:
Ապրելով սփյուռքում` Նաթալին իր հասարակական-քաղաքական, գրական-հրապարակախոսական սևեռումներով ու իրագործումներով պատկանում է ամբողջ հայ ժողովրդին՝ որպես իրավ ու համազգային արժեք: 
Նա ապրեց, մտածեց, գրեց ու գործեց ճշմարիտ հայի ու հայրենասերի զարկերակով, ազգային խնդիրների խորքային ճանաչումով՝ հաճախ կրելով նաև սխալ հասկացվելու «հայկական պատիժը»: 
Արտասահմանում ապրող հայ մտավորականներից ոչ ոք հայ ազգային-քաղաքական խնդիրներին, հայ դատի հիմնահարցին չի մատուցել այն անուրանալի և միանգամայն դրական ծառայությունները, որ անխոնջ ու հարատև աշխատություններով, հանդուգն ու ազգուխտյալ ձեռնարկներով մատուցել է Շահան Նաթալին, նույն ինքը՝ Նեմեսիսը, Վրեժխնդրության աստվածը, մարմնացյալ «Արդար բարկություն»-ը, կամ մեկ ուրիշ քիչ հայտնի գրական կեղծանունով՝«Ճոն Ահին», որ թարգմանաբար նշանակում է «Մահվան ոգի»: 
Հայրենասեր մտավորականի ու ազգային գործչի բազմարդյունք գործունեությունը փառազարդում են այն էջերը, որոնք կապվում են «Նեմեսիսի»՝ Եղեռնի կազմակերպիչների հետ հաշվեհարդար տեսնելու ծրագրի իրագործման հետ, որ, ինչպես ինքն է բնորոշում, «սրբազան խենթի» ամբողջական ու անմնացորդ նվիրումն էր եղեռնազարկ հայրենիքին:

30.03.2016

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՎԱՆԴ ՍԵՎԱԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Երախտաշատ գրականագետ, մատենագետ, Գորիսի պետական համալսարանի երկարամյա դասախոս Նինա Հովսեփյանի մահից մեկ տարի անց ԳՊՀ-ի գիտական խորհրդի երաշխավորությամբ տպագրվել է նրա երեսնամյա գիտական պրպտումների արդյունքը, կամ ինչպես ինքն էր սիրում ասել՝ կյանքի գիրքը՝ Պարույր Սևակի կենսամատենագիտության երրորդ հատորը: 
Մատենագիտությունն ընդգրկում է 1983-2002 թվականներին բանաստեղծի մասին լույս տեսած բոլոր տպագիր նյութերի աղբյուրները, ինչպես նաև Սևակի երկերի (գեղարվեստական գործեր, քննադատական, հրապարակախոսական հոդվածներ, նամակներ, թարգմանություններ) հրատարակությունների գրացուցակը:

26.11.2015

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆ. ԳՐԱԿԱՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալբերտ Իսաջանյանի անվան շուրջ գրական ու մերձգրական շրջանակներում ամենաշատ հետաքրքրություն առաջ բերած հարցը Իսաջանյան-Պարույր Սևակ առնչությունն է: Նրանք ծանոթացել էին 1964 թվականին, երբ Սևակը գրողների մի խմբի հետ (Բաղիշ Հովսեփյան, Արտաշես Քալանթարյան) եկել էր Գորիս: Այդ մասին վկայել է Նինա Հովսեփյանը Պարույր Սևակի մասին հուշագրության մեջ: Սևակի գալստյան առթիվ Ն.Հովսեփյանը երեկույթ է կազմակերպում, որի ընթացքում դպրոցահասակ մի աղջիկ, «հուզված ու մի քիչ էլ վախվորած», պատվելի հյուրի համար արտասանում է Ալբերտ Իսաջանյանի բանաստեղծությունները: Աղջնակը բանաստեղծի քույրն էր՝ Լորետտա Գրիգորյանը, որ տարիներ անց արդեն սրտի թրթիռով պիտի շարադրեր իր հուշերը ճակատագրական երեկոյի մասին, հիշեր իր ընթերցած բանաստեղծությունների՝ Սևակի հուզաշխարհի վրա թողած խոր տպավորությունը, որն էլ ազդակ եղավ մի հրաշալի գրական բարեկամության ձևավորման համար:

11.10.2015

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԽՆՁՈՐԵՍԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ ՍԵՐՅՈԺԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգելի՛ գյուղապետ, նախ՝ շնորհակալություն Ձեզ <<Սյունյաց երկիր>> թերթի՝ Սուրեն Այվազյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հատուկ համարը հովանավորելու համար: Բարի ու մնայուն գործ է: Գովելի են բոլոր այն ջանքերը, որոնք միտված են մոռացված արձակագրի անունն ու գործը հանրայնացնելուն ու գնահատելուն: 
Թերթին Դուք հոբելյանական հարցազրույց եք տվել (<<Սյունյաց երկիր>>, 1 հոկտեմբերի, 2015թ., N 25(368), էջ 3-4): Առիթն ինքին ներկայացել է գրողի դարադարձի առթիվ արվածն ամփոփելու, անելիքները հստակեցնելու, և Դուք, որպես Խնձորեսկ համայնքի՝ հայրենանվեր համբավ ունեցող ղեկավար, անդրադառանում եք բազմաթիվ կարևոր հարցերի, որոնք տեղին ու ժամանակին չեն լուծվել և, ինչ խոսք, չեն կարող պատիվ բերել ո՛չ գրողի ծննդավայրին, ո՛չ նրա հարազատներին, ո՛չ էլ գրական ու գիտական հասարակայնությանը: Անելիքները շատ են, և հուսանք՝ Ձեր և գրական հանրության՝ փոքր-ինչ ուշացած մտահոգությունները գոնե այսուհետ կտան ցանկալի արդյունքներ, և խոսքը կփոխվի գործի: 
Երանի թե <<Սյունյաց երկիր>> թերթի հարցերին տված Ձեր խոսքառատ պատասխանները համապատասխանեին իրականությանը, և գյուղն իսկապես ունենար այն բացառիկ, հարգալից վերաբերմունքը Խնձորեսկի բոլոր ժամանակների ամենամեծ մարդու նկատմամբ, ինչը Դուք ակնարկում եք: Իսկ Ձեր հաստատումը, թե <<Խնձորեսկը … հնարավորության սահմաններում նշել և պատրաստվում է նոր միջոցառումներով նշանավորել հոբելյանը>>, առնվազն մտապատրանք է: Բազմակետը տեղին է, և շատ ավելին է ասում: 
Հավանաբար արդեն հասկացաք, թե որոնք են Ձեզ դիմելու դրդապատճառները:

19.04.2015

Թեհմինա Մարության / ՍՐՏԻ ԽՈՍՔ ՆԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կյանքի մեքենական ու արագընթաց վազքի մեջ մենք հաճախ չենք նկատում առօրեականության շղարշով ծածկված կենսական կարևոր երևույթները և հեռու ենք մնում մեր շրջապատի արժանավոր մարդկանց ճիշտ գնահատական տալու, իրապես արժևորելու բարեպատեհ առիթներից ու հնարավորություններից: Արդյուքնում՝ մեր սրտի խոսքերը արտահայտում ենք նրանցից հավիտենապես բաժանվելուց հետո… 
Քառասուն օր առաջ(9 մարտի, 2015թ.) մեզնից առհավետ հեռացավ Սյունիքի մտավորական ընտրանու պայծառ անուններից մեկը՝ Նինա Հովսեփյանը՝ գրականության մեծ Ուսուցիչը, սևակագիտության երդվյալ մշակը, գրի ու գրչի անխոնջ սպասարկուն, երախտավորն ու Նվիրյալը. մեկն այն քչերից, որի կյանքը իր իսկ գործն է՝ հավերժության ուղեգրով: Խոսել Նինա Հովսեփյան մարդու ու մտավորականի մասին՝ նշանակում է խորհրդածել մարդկային բարձր, նվիրական արժեքների շուրջ: Նա՝ որոնումների այդ մարդը, գերի չդարձավ ժամանակին, չապրեց ժամանակի նեղ սահմանների մեջ՝ «լուսանցքային» չափանիշներով ու ընդգրկումով: Կենսական ժամանակի մեջ նա ստեղծեց իր բարձրաթռի՛չք հոգու ժամանակը, որը լցրեց ու իմաստավորեց նվիրական աշխատանքով: Հենց դրա շնորհիվ ամենակուլ ժամանակը չի կարող մոռացնել նրա անունն ու գործը: Ստեղծումով, մտքի ու գրչի պայծառությամբ լեցուն նրա կյանքի օրերը դեռ կշարունակեն ճառագայթել…

07.02.2015

ԱՅՍՕՐ ՀԳՄ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՁԱԿԱԳԻՐ ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Արկադի Ծատուրյանի բազմաշնորհ ու բազմավաստակ անունը ծանոթ է յուրաքանչյուր գրասեր սյունեցու: Նա վաղուց հեղինակավոր ներկայություն է մեզանում՝ իբրև բանաստեղծ, արձակագիր, երկարամյա մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր, մշակութային-գրական ձեռնարկների փնտրված բեմախոս: Հեղինակած տասնվեց գրքերով, կազմած ու խմբագրած մեծաթիվ ժողովածուներով ընթերցասեր հանրությանը ներկայացած գրչի անխոնջ աշխատավորն իսկապես արժանի է բարձր գնահատության: 
Կյանքի երկարամյա ճանապարհ անցնելով՝ նա այսօր մեր կողքին է գրական-ստեղծագործական լիության մեջ, երիտասարդական ավյունով, իրավ հայի, գրողի, մտավորականի արժանապատիվ կեցվածքով, մշակութային բարձր գիտակցությամբ, հանրանվեր մարդու հավաքական մտահոգություններով ու հանձնառություններով:

24.12.2014

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՇԻՐՄԱՔԱՐԻ ԱՌՋԵՎ


«Ուր էլ մեռնեմ աշխարհում, ինձ կթաղեք Զանգեզուրում». hայ տաղանդավոր արձակագիր Սուրեն Այվազյանի՝ հայրենի հողի անօրինակ պաշտամունքից ծնված այս խնդրանքը ի կատար ածվեց. 1981 թվականի մայիսի 19-ին գրողի աճյունը հողին հանձնվեց ծննդավայր Խնձորեսկում՝ իր կառուցած առանձատան այգում: 
Անկասկած, արվածը բարոյական քայլ էր, եթե հաշվի առնենք գրողի մարդկային համեստ ցանկությունը, բայց մեծերի պարագայում գործում են արժևորման չափանիշներ, որոնց «խախտումը» ինչ-որ առումով ներելի է: Այդ չափանիշները անձնական ցանկությունների շրջանակից շատ էական հարցադրումներ բարձրացնում են հավաքական կարևորության շրջանակ և պահանջում բոլորովին այլ լուծում: Չեմ վարանում պնդել, որ անկախ խնդրագրից՝ Սուրեն Այվազյանի տեղը Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնն էր: Որպես գրող՝ Այվազյանը միանգամայն արժանի էր այդ պատվին, արժանի էր համաժողովրդական մեծարման…

27.11.2014

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԳՐՈՂԻ 100-ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ... ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՈՐԾԵԼ / Ֆոտոշարք, տեսանյութ

2015-ին լրանում է հայ նշանավոր արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որ, անառարկելիորեն, պետք է նշվի պետական պատշաճ մակարդակով: Գրողի՝ աղմկահարույց <<ոդիսական>> ունեցող գորիսյան առանձնատունը Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի շնորհիվ մի քանի տարի է արդեն, ինչ պետության սեփականությունն է և կոչված է պահպանելու գրողի մասունքները: Գորիսի հյուսիս-արևմտյան հատվածի բարձրադիր, գեղատեսիլ լանջերից մեկին ծվարած ինքնատիպ շինությունը, չնայած մուտքին փակցված ցուցանակի ծանուցագրին, քիչ է նման կամ գրեթե նման չէ թանգարանի: Ամեն մի թանգարան, անկախ կառուցվածքից, մարդու կերտած մնայուն արժեքների գիտականորեն համակարգված հավաքածու է, որ ունի գիտական ու ճանաչողական բացառիկ նշանակություն:

23.09.2014

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԿԵՍԴԱՐՅԱ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԳՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս <<Սյունյաց երկիր>> պարբերականը հատուկ թողարկումով անդրադարձել է մեր հայրենակից, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադի Ծատուրյանի կեսդարյա ստեղծագործական ճանապարհի գնահատությանը: Ինչպես թերթի մյուս հատուկ համարները՝ նվիրված գրականության ու մշակույթի մեծերին, այս թողարկումը նույնպես ընտրանյութով, որակով, մնայունն ու արժեքավորը տեսնելու-գնահատելու անխախտ սկզբունքով, նպատակով, թե ինչու՞ է ստեղծվում և ու՞մ է հասցեագրվում, բացառիկ է և կապրի ի՛ր ժամանակի, ինչու չէ, նաև պատմության մեջ:
Արկադի Ծատուրյանի բազմաշնորհ ու բազմավաստակ անունը ծանոթ է յուրաքանչյուր գրասեր սյունեցու: