-Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական կայքում նշել էիք, որ շուտով հրատարակելու եք Վահան Տերյանի անհայտ և անտիպ էջերը: Ո՞րն էր այդ ուսումնասիրությունների ազդակը:
-Տերյանը մանկուց ինձ ուղեկցել է: Բացի դա` կային նաև որոշ հանգամանքներ, որոնք ազդակ էին ինձ համար, ինչպես օրինակ, մեր տանը պատմող հուշերը Տերյանի մասին: Դրանք բանավոր զրույցներ էին: Ես, օրինակ, գիտեի, որ Տերյանը դուրս էր եկել Կոմունիստական կուսակցությունից: Գիտեի նաև, որ այդ մասին վկայող փաստաթուղթը պահվում է: Այժմ արդեն գտել եմ դա: Ուսանողական տարիներին սկսեցի ուսումնասիրել արխիվները: Հատուկ տաղանդ պետք չէր տեսնելու համար, որ զգալի տարբերություններ կան բնագրերի և տպագրված նյութերի միջև: Այնուհետ սկսեցի համեմատել դրանք` տող առ տող, տառ առ տառ: Այդ աշխատանքի արդյունքում գտա հնարավոր բոլոր աղճատումները:


