Ապրելով մայրաքաղաքում՝ Սերո Խանզադյանը միշտ իրազեկ է եղել ծննդավայր Գորիսում կատարվող իրադարձություններին: Հատկապես կապված էր Սյունիքի գրողների միավորման և նրա <<Սյունիք>> թերթի խմբագրության հետ, որը հիմնադրվել էր 1990թ. և դժվարին պայմաններում հրապարակվել գրեթե չորս տարի: Պարբերականում տպագրվել են Ս.Խանզադյանի մի շարք անտիպ գործեր, նրան նվիրված հոդվածներ:
Թերթի 1993 թվականի թիվ 3(39)-ում տպագրվեց Ս.Խանզադյանի անտիպ նամակներից մեկը՝ <<Բաց նամակ ընկեր Նաիրի Զարյանին>> վերնագրով՝ <<Բացվում են անհայտ էջերը>> ընդհանուր խորագրի տակ: Նամակը Խանզադյանը գրել է 1967-ին, որը, սակայն, չի հրապարակվել:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԸՆԿԵՐ ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆԻՆ
Հարգելի ընկ.Նաիրի
Ձեր <<Մթնոլորտային մտորումներ>> հոդվածում(<<Սովետական գրականություն>>, թիվ 4, 1967թ.), որը գրողների համագումարում արտասանած ձեր ճառի նոր խմբագրությունն է, դուք վնասաբեր եղբայրության, միավորում, խումբ-խմբավորում եք հայտնագործում մեր սովետահայ գրականության մեջ, ապա տագնապով գոչում. <<Եղբայրությունը>> իր ամբողջության մեջ, իր գրական վարքագծով մեր գրականությանը վնաս է տալիս>>: Ապա շարունակում եք. <<Եղբայրության մթնոլորտը մեզ խանգարում է... Անհատի պաշտամունքը փոխարինում է անհատների պաշտամունքին>>:
