Կ.Պոլսում 1914 թվականին (հունվարի 1) լույս է տեսնում առաջին արդիապաշտ հանդեսը` <<Մեհեան>>-ը` ընթացքավորելով գրական նորահայաց մի շարժում, որի պարագլուխներն էին Կոստան Զարյանը, Հակոբ Քյուֆեճյանը (Օշական), Գեղամ Բարսեղյանը, Դանիել Վարուժանը և Ահարոն Տարտուրյանը:
Ամսյա հանդեսի տպագրությունը տևում է մինչև նույն թվականի հուլիսը, երբ լույս է տեսնում վերջին` յոթերորդ համարը՝ ծանուցելով համանուն տարեգրքի առաջիկա հրատարակման լուրը՝ առանց հանդեսի դադարեցման մասին որևէ ակնարկի: Ժամանակի դառնաղետ իրադարձությունները կասեցնում են նաև <<Մեհեան>>-ի գործունեությունը` թերակատար թողնելով բարենորոգչական այն ծրագիրը, որը կոչված էր որակափոխելու գրական ընթացքը, <<քիչ մը նոր հոսանք>>, <<քիչ մը գաղափար>>, <<պուտ մը խենթութիւն>> և <<շատ մը Արեւմուտք>>(Հ.Օշական) փոխադրելու հայ գրականություն:
