17.11.2017

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Հսկան

ՀՍԿԱՆ
(Կովկասյան առասպել)

Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,
Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,
Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,
Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու:

16.11.2017

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՆ Է

Հոկտեմբերի 19-ին Գորիսի պետական համալսարանում մեկնարկեց բուհի 50-ամյակին նվիրված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով երկօրյա հանրապետական գիտաժողովը, որին մասնակացում էին Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Սպահանի համալսարանի, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի, Հայաստանի ազգագրության թանգարանի, ԼՂՀ պետական արխիվի, ՀՀ Մշակույթի նախարարության բազմաթիվ անվանի գիտնականներ ու մշակույթի գործիչներ: Գիտաժողովի աշխատանքներում ներգրավված էր նաև ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը:
Գիտաժողովը նվիրված էր Սյունիքի պատմամշակութային ժառանգության, կրթական գործի ձեռքբերումների համակողմանի ուսումնասիրություններին:

02.11.2017

ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

Ե Ր Ե Ք  Ե Ր Գ

1.
Բոլոր մայրամուտների մեջ
Մի անուն էր միայն
Ինձ խոնարհում.-
Քեզ գտնելու անանուն դողը:

Բոլոր մայրամուտների մեջ
Մի անհուն էր միայն
Ինձ խոնարհում.-
Քո աղջիկների ճերմակ շողը:

Բոլոր մայրամուտների մեջ
Մի անուն էր միայն
Ինձ խոնարհում.-
Արարչի նման քո սուրբ հողը:

Ես տանելու եմ քեզ ամենուր,
Եվ դու ամենուր
Մնալու ես ինձ,
Դու` իմ ամենամեծ արարողը:

2.
Իմ ծառի ամենալավ պտուղը
Քեզ համար է հասել
Իմ երազի մեջ
Իմ բռնկվող արևի փայլից:

Իմ ծառի ամենալավ պտուղը
Ես անխաթար եմ պահել
Իմ մայրամուտների մեջ
Բոլոր չարություններից,-
Որ օրորում էին ամենուր

Իմ ծառի ամենալավ պտուղը
Իմ քամու ուղղությամբ
Հնչող ամենագույժ ձայնով:

Իմ ծառի ամենալավ պտուղը
Ես կշնորհեի քեզ,
Ինձ փրկելու համար
Քեզ հռչակողի օտար փայլից: