02.11.2019

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Ծանոթ և անծանոթ Ալբերտ Իսաջանյանը


Սյունյաց աշխարհը հայ գրականության պատմության մեջ մեծ ավանդ ունի: Սկսած պայծառանուն Ակսել Բակունցից, որ բարձրագույն արժեք է հայ մշակույթի պատմության մեջ, ծնունդով սյունեցի մյուս գրողները՝ Սերո Խանզադյանը, Սուրեն Այվազյանը, Համո Սահյանը, Գարեգին Սևունցը, Ալբերտ Իսաջանյանը, Սպարտակ Բակունցը, Էդուարդ Զոհրաբյանը, Քաջիկ Դորունցը, ժամանակակիցներից Գագիկ Դավթյանը, Արկադի Ծատուրյանը, Տիգրան Գրիգորյանը, Լևոն Սահակյանը, էդուարդ Հարենցը և ուրիշներ, իրենց ստեղծած գեղարվեստական արժեքներով հարստացրել և հընթացս հարստացնում են հայ գրական կյանքը: Խոսքը ստեղծագործական մի ուրույն տարածքի՝ Սյունիքի գրական ընտանիքի մասին է, որի շատ ներկայացուցիչներ դեռ ըստ ամենայնի ուսումնասիրված ու արժևորված չեն: 
Սյունյաց գրական ընտանիքը մեզ համար ապրում ու շնչում է նաև Ալբերտ Իսաջանյանի՝ 1960-1980-ականներին ստեղծագործած բացառիկ օժտվածությամբ գրողի ստեղծագործություններով: Բանաստեղծ ու արձակագիր, որ հայ գրականության, մասնավորապես քնարերգության մեջ պետք է գրավի իրեն վերապահված տեղը: Այդ իմաստով Իսաջանյանի ստեղծագործության վերագնահատումն անխուսափելի է ու հրատապ: 
Անհնար է գոնե մեկ անգամ, թեկուզ հպանիցիկորեն ընթերցել Ալբերտ Իսաջանյանի բանաստեղծությունները, առնչվել կյանքի սրտառուչ էջերին և անտարբեր անցնել: Իսաջանյանն իր բանաստեղծություններում առկա զարմանալի գրգիռներով պարտադրում է ներքին զրույց սկսել իր հետ, հուզվել ու խորհել, այլ խոսքով՝ երբեք չմոռանալ իրեն, չհեռանալ իրենից: Առանձնահատկություն, որ խոսում է բանաստեղծ-գեղագետի ինքնատիպ ու առլեցուն ներաշխարհի, նրա գրչով պոեզիա բերվող բառապատկերային յուրատիպությունների մասին: 
Մահից գրեթե չորս տասնամյակ անց Իսաջանյանի կենդանի կերպարը վառ է մնացել սերնդակիցների հիշողության մտապաստառին, իսկ մերօրյա գրասեր հանրության համար նրա «կյանքի ու գործի հեքիաթը» (Հակոբ Օշական) ոչ միայն չի մարում, այլև շարունակում է բորբոքվել նոր ուժով: 
Դժվարին մարդկային ճակատագիր բաժին հասավ Իսաջանյանին, բայց նա կարողացավ ոգու տոկունությամբ, հայացքի անթեքությամբ ու շիտակությամբ անցնել հավատի ի՛ր ճանապարհը և գտնել իր փնտրածը յուրովի: Իսկ կյանքի գուներանգները, որոնք բացահայտեց որպես բանաստեղծ, միանգամից ձևավորում են հեղինակ-ընթերցող այնքան ըղձալի կապն ու տանում նրա հոգու ծաղկանկար աշխարհը...

07.09.2019

ՀՐԱՅՐ ՏԱՂԼԵԱՆ / Մտքի ազատութեան մունետիկները

Համացանցը այնպիսի բեմահարթակ մըն է, որ մարդ ծածկելով իր իսկութիւնն ու ճշմարիտ էութիւնը, կրնայ վերածուիլ այնպիսի իրականութեան՝ որուն ամբողջութեամբ հակառակ ճշմարտութիւնը կը պարզէ: Ու գիտութեան զարգացումը, դժբախտաբար մեր մէջ յառաջացուց «մտքի ազատութիւն» անունով կատակերգութիւն մը, որովհետեւ այդ մէկը դուրս գալով իր ճշմարիտ նպատակէն վերածուեցաւ անզսպութեան ու սանձարձակութեան: 
Արշակ Ալպօյաճեանի եւ Ղ. Սալըրեանի խմբագրութեամբ Գահիրէի մէջ 1936-ին ծնունդ կ'առներ «Ազատ Միտք» անունով քաղաքական, գրական եւ տնտեսական շաբաթաթերթ մը, որուն Ա. թիւի խմբագրականին մէջ կ'ըսուէր հետեւեալը. «Ազատ մտքի շուրջ բոլորուող մտաւորականները եւ անոնց բարեկամներն ու քաջալերողները, համոզուած ըլլալով հանդերձ թէ դիւրին չէ քանդել նախապաշարումները եւ վերականգնել ազատ մտածութեան ու անկախ դատողութեան խորանը, պիտի նուիրեն իրենց ջանքերը այն սուրբ գաղափարին համար, վասնզի խորապէս համոզուած են թէ ազատ միտքով հայը շատ աւելի լաւ գիտէ ծառայել իր ազգին եւ իր հայրենիքին, քան այն մտքի ստրուկը որ ուրիշին մտածութեան մէջ կը կաղապարէ իրը՝ իր ինքնութիւնը եւ գործելու ազատութիւնը կորսնցնելու աստիճան...» («Ազատ Միտք», Ա. Տարի թիւ 1, Շաբաթ, 15 Օգոստոս 1936): Սքանչելի արտայայտութիւն, որ կ'ուզէ փշրել շղթաներն ու կաղապարուած մտածողութիւնները եւ ստեղծել խօսքի եւ մտքի ազատութեան ատեան: Սակայն տարբերութիւնը մեծ է այն ժամանակաշրջանի երազային մտքի ազատութեան, ու ներկայի ստեղծուած «ազատ մտքի» քաոսային վիճակին:

28.07.2019

ԳԵՂԱՄ ԻՇԽԱՆՅԱՆ / Իմ սիրելի բակունցյան հերոսը

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ Սյունիքի ու Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի առաջին տեղի մրցանակակիր, Շոշի Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտ Գեղամ Իշխանյանի աշխատանքը:

Արցախցի եմ, մեկն այն բազմաթիվ դպրոցականներից, որոնք դպրոց են գնում, սովորում կամ չեն սովորում օրվա դասերը, չարաճճիություններ անում, ամբողջ օրը խճճվում համացանցի լաբիրինթոսում, ոգևորվում սիրած հերոսների արարքներով: Ի տարբերություն իմ շատ հասակակիցների՝ ես սիրում եմ նաև գրքեր կարդալ և առավելապես ոգևորվում եմ հայրենասիրական, պատմական ստեղծագործություններով, իսկ երբեմն ինձ թվում է, թե նրանց հերոսներն իմ կողքին են, ապրում, արարում և ոգևորում են ինձ: Ամեն գարնան սիրում եմ զբոսնել գյուղի այգիներում, նայել քչքչան առվակի ջրերին և, թվում է, թե ուր որ է կհանդիպեմ նրան՝ ճերմակ, խճճված մազերի մեջ կորած դեմքով, բարձրահասակ, բարի, քաղցրաձայն, համակրելի ծերունուն՝ իմ սիրած հերոս Հազրոյին՝ ծիրանի փողի նշանավոր տիրակալին, ում հետ ծանոթացա ինձ շատ հոգեհարազատ մի գրողի՝ Ակսել Բակունցի գրքերից մեկում:

27.06.2019

ՏԱԹԵՎԻԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ / Զրույց Ալպիական մանուշակի հետ

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ Սյունիքի ու Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի երկրորդ տեղի մրցանակակիր, Մարտակերտի Վ.Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանի աշխատանքը:                                                                        
Ես էլ Կաքավաբերդ եկած ճամփորդներից էի, բայց իմ ուղեկիցների նման գնացել էի այնտեղ ո՛չ հետազոտելու, ո՛չ էլ գանձեր փնտրելու նպատակով, ես եկել էի զրուցելու ալպիական մանուշակի հետ, նա էր իմ որոնելի գանձը: Ահա նստել եմ քարերի վրա՝ նրա կողքին, և ինձ էլ նրա ծաղկափոշին վայելող բզեզի նման աշխարհը թվում է ծիրանագույն հսկայական բուրաստան, ալպիական մանուշակ: Ես սկսում եմ իմ զրույցը ալպիական մանուշակի հետ... Հիշում եմ իմ ճանապարհը նրան հասնելուց առաջ և անհագ ցանկությամբ ուզում եմ պատմել նրան, որ իմ ուղեկիցները մարդիկ էին, ովքեր ընկալում էին աշխարհը յուրովի, ամեն մեկը տեսնում, զգում էր այդ աշխարհն իր հոգու աչքերով: Նա է՝ ալպիական մանուշակը: Երկնամուխ բուրգերի և պարիսպների հնության շնչով օծված ավերակներին տիրում է նրա թարմ շնչառությունը: Ամպերը ցրող քամին օդի թարմ քուլաները տանում է հեռուները՝ Բասուտա գետից մինչև Կաքավաբերդի անմատչելի բարձունք։ Գորշ ավերակների ու պարիսպների ամայության մեջ կենդանություն բերող Բասուտա գետի ալիքներից բացի կա ևս մեկ մխիթարություն՝ բնաշխարհի միակ ծաղկունքը՝ ալպիական մանուշակը։ Հետաքրքիր է՝ ինչպես է բուրում քարերի վրա բուսած այդ ծիրանագույն ծաղիկը։ Լուռ է, լուռ են պարիսպների՝ երկնքից կառչած ավերակները, որոնք իրենց երբեմնի հզորության տարիներին այնպե՜ս կանգուն էին, իսկ անգղերն իրենց սուր կռինչներով լցնում են օդը համատարած աղմուկով, որ իրենց արձագանքներն են գտնում Կաքավաբերդի բարձունքին: Ինձ լսելի չեն այդ ձայները, և ո՛չ էլ Բասուտա ալիքների ահագնացող ճիչն է գրավում իմ ուշադրությունը, ալիքները վիրավոր առյուծի պես թարմ վերքի ցավից մռնչում են, ափ դուրս գալիս, բայց ես չեմ զգում նրանց հորձանքները, բնաշխարհն ուզում է կլանել ինձ ամբողջությամբ, մինչ ես հայացքս չեմ կարողանում կտրել նրանից, որ իր խոսուն լռությամբ թաքնված է քարերի հետևում:

ԼՈՒԻԶԱ ՄԱՄՈՒՆՑ / Բակունցի լռությունը

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ Սյունիքի ու Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթում «Գրական ձիրք» անվանակարգի մրցանակակիր, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Լուիզա Մամունցի աշխատանքը:                                                                 
Գիշերային աղջամուղջում տեղս նորից չեմ գտնում... Խավարի մեջ սարսուռով պատված՝ ես կրկին ճոճվող կամրջին եմ կանգնած: Մեղմ հովիկը շուրջս բոլորել, այս կյանքում միշտ զգոն է ինձ պահել, բայց այսժամ նա էլ ինձ լքել և միայնակ է թողել... Ու՞ր ես, «ընկե՛ր» իմ բարի, իմ դառն օրերի միա՛կ փերի: Ես արագ քայլերով առաջ եմ սլանում, իսկ ամպերն իրար են խառնվել և դույլերով անձրև են թափում: Ես անտառի թավուտում անհույս քայլերով դեպի հարավ եմ շարժվում: Մտքիս կծիկն էլ խճճվել ու ինձ կորցրած եմ կարծես: Իմ աչքերում ինչ-որ լույս է առկայծում, ես դեպի այդ լույսն եմ շարժվում: Խոզանով պատված մի փոքրիկ տնակ է աչքիս առջև, որը կարծես զորեղ ուժ ուներ, սթափեցնող ոգի... Հուշիկ քայլերով մոտենում և դուռն եմ կամացուկ ծեծում: Մի ծերուկ է բացում և սփրթնած դեմքով նայում ինձ: Վայրկյաններ անց հյուծված ձայնով ինձ ներս է հրավիրում: Նա մագաղաթ ուներ՝ սեղանին դրված, փետրածայր գրիչ ու թանաքաման և փոքրիկ լամպակալ: Ես թրջված վարսերով մոտեցա սեղանին և վարսերիցս անձրևի կաթիլներ գլորվեցին ու մագաղաթի վրա բծեր ծաղկեցրին: Ծերուկը մոտեցավ և շոշափեց... Մանուշակն իր առաջին ծիլերը տվեց: Նա լուռ էր, խոհուն հայացքով, մտազբաղ: Կարծես Կաքավաբերդի ատամնաձև պարիսպներն էր մտքում ստվերում և դրա գլխին ցինի ու անգղի բույնն էր ուրվագծում: Եվս մի կաթիլ գլորվեց վարսերիցս և երկայնքով ողողեց մագաղաթը. ծերուկի աչքերում Բասուտա գետն էր աղմկում: Կաթիլները գլորվելով՝ Կաքավաբերդի բարձունքն ալպիական մանուշակներով են ծածկում. այն ցողուն ուներ՝ կաքավի ոտքի պես կարմիր, և ծաղիկ՝ ծիրանի գույն:

24.06.2019

ԼՈՒՍԻՆՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ / Զրույց Ալպիական մանուշակի հետ

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջանի Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտուհի Լուսինյա Գասպարյանի աշխատանքը:

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ, միմյանցից անկախ: Երբ ծնվում ենք, ամեն ինչ շատ նոր է լինում, ամեն ինչ հրաշալի, ոչ մի խնդիր չի լինում ու մտածելու ոչ մի բան չենք ունենում: Այդպես է կյանքի դրվածքը, բայց կյանքի ճանապարհին հանդիպում ենք մարդկանց, որոնցից կախվածություն է առաջանում: Մարդը, կարծես, կորցնում է իր ազատությունն ու ամբողջությամբ կախված է լինում մեկ ուրիշից` երբեմն և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես: Մենք փակվում ենք մեր մեջ ու մեր այդ բանտից դուրս գալու միակ ձևը ինքներս մեզ արդարացնելն է դառնում:
Երբեմն նայում եմ երկնքին ու երանի եմ տալիս թռչուններին, որովհետև ամբողջ երկինքը իրենցն է, ազատության թևերով թռչում են ուր որ ուզեն ու վայելում են այդ անծայրածիր երկինքը, երանի եմ տալիս ծաղիկներին, որովհետև նրանք էլ վայելում են ոչ միայն բնության, այլ նաև` մարդկային սեր: Իսկ ես…ես նույնպես մտքերով նորից օդում եմ,թռչում եմ երկնքում: Այնքան փոփոխական է այս կյանքը: Ինչքան բան հնարավոր է փոխել մեկ օրվա, մեկ ժամվա կամ էլ մի քանի վայրկյանի ընթացքում: Իսկ առավել ևս տարիների ընթացքում կյանքն ամբողջությամբ կարող է փոխվել, ու կյանքի հետ միասին փոխվում է մարդը:Կյանքն ստիպում է փոխել մտածելակերպդ, մարդկանց հանդեպ վերաբերմունքդ: Ամեն ինչ, կարծես, մահանում է ներսումդ ու նորից ծնվում: Այդպես էլ բնության և մարդկային ճակատագրի մի հիասքանչ դրսևորում էլ Բակունցի «Ալպիական մանուշակ»-ն էր, ով մահացավ, սակայն ծնվեց նորովի ու յուրովի` նվիրված Արփենիկ Չարենցին: Սակայն մինչ Չարենցի կնոջ հիշատակին նվիրելուց՝ Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Պատմվածքում նույնիսկ տողեր կան, որոնք գաղտնազերծում են Բակունցի սրտի գաղտնիքը: Եվ այդ ճակատագրական կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան: 

ԱԿՍԵԼ ԱՎԱՆԵՍՅԱՆ / Նամակ Ակսել Բակունցին

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտ Ակսել Ավանեսյանի աշխատանքը:

Ակսե՛լ…Ամեն անգամ ակնածանքն ու ներքին հպարտությունն է համակում ինձ, երբ սկսում ենք ուսումնասիրել քո պատմվածքները, քո կյանքի ուղին, քո ապրած լուսավոր տարիները: Իսկ հպարտությանս պատճառն այն է, որ ես կրում եմ զանգեզուրյան լեռների պես սեգ ու արցունքի պես ջինջ արձակագրիդ հնչեղ անունը: 
Իմ և քո միջև մեկդարյա անդունդ կա, մենք կանգնած ենք ժայռածերպերին, ու ես զգում եմ քո հոգու պարզությունը, իմ անմա՛հ բարեկամ, տեսնում եմ այն մաքրությունը, որ թևածում է քո պատմվածքներում,աչքերիդ հայելու մեջ ալպյան թափանցիկություն եմ տեսնում, միրհավի անմեղություն և բզեզի կենսասիրություն:Կարդում եմ պատմվածքներդ և ակամայից հայտնվում Կաքավաբերդի գմբեթին, ձայնս դառնում է երկնահաս, ձուլվում միրհավի կանչին՝ արթնացնելով այն բարբարոսության խիղճը, որ քեզ մահվան դատապարտեց:Ու ցավում է սիրտս, լցվում կսկիծով, և կրծքիս վրա զգում եմ այն ցավը, որ քեզ պատճառեցին բիրտ 37-ին: Ցավից ուզում եմ գոռալ, անզորությունից սիրտս պայթել է ուզում, խոցվում է այն մատղաշ հպարտությունը, որ փարվել է ինձ քո անվանակիցը լինելու մտքից: Հետո մեզ բաժանող անդունդի վիհից ականջիս է հասնում քո աղերսագին ձայնը…«Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատիտ տվեք…»: Մոլեգնում եմ, մոլագարվում… Ցասումը դուրս է ժայթքում իմ հոգուց և տարիների միջով սլանալով` հասնում ու բռնում այն ծախված դատավորի կոկորդից, որ գնդակահարության դատապարտեց հայ գրականության Ալպիական մանուշակին, մի մարդու, ով այնքան անապական է, այնքան նուրբ, զանգեզուրյան լեռների պես վեհ, Բասուտա գետի պես կարկաչուն, Մթնաձորի պես հավերժական: Գլխատվեց մեղեդային արձակի վարպետը, մղկտաց Ծիրանի փողը, ցնցվեց Կաքավաբերդը, ծղրտաց Միրհավը, իսկ եռոտանու առջև չոքած գեղջկուհին լուռ շարունակում էր փչել կրակին, փչում էր, փչում, և նրա շնչից կրակե շապիկ են հագնում վերջալույսները: