30.04.2014

«Պոեզիան հոգեվիճակի վավերագիրն է...» / Զրույց ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

ՄԻՐՀԱՎ գրական խմբակի հարցազրույցը բանաստեղծ, ՀԳՄ անդամ ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

-Պարո՛ն Սահակյան, ստեղծագործել սկսել եք պատանեկան տարիքից: Գրական ի՞նչ ազդակ է Ձեզ մղել գրիչ վերցնելու, մեծերից ո՞վ է առաջմղիչ դեր ունեցել:

-Չափածո խոսքի նկատմամբ սեր իմ մեջ արթնացրել է Թումանյանը: Տասներեք տարեկանից փորձեցի միտքը դնել կաղապարի մեջ՝ բնավ էլ կարևորություն չտալով դրան: Ես այն ժամանակ ավելի շատ ֆուտբոլ էի սիրում ու ցանկանում էի ֆուտբոլիստ դառնալ (միջանկյալ ասեմ, որ մինչև քսանհինգ տարեկանս խաղացել եմ Գորիսի հավաքականում և ''Զանգեզուր'' թիմում): Իսկ պոեզիան միշտ ապրել է իմ մեջ, երբեք չի լքել: Ինձ ոգևորել են Սուրեն Այվազյանը, Գևորգ Էմինը և Սերո Խանզադյանը: Մի քանի անգամ այրել եմ գրածներս, բայց ամեն անգամ փոշմանել, վերադարձել եմ պոեզիային, որը, ինչպես հետո պարզվեց, ինքնահաստատման իմ միակ հնարավորությունն էր:

27.04.2014

ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ / Ո՞վ է մտավորականը

Չկայ պատուի տիտղոս մը, որ հայ կեանքը աւելի դիւրութեամբ նետէր առաջին հանդիպողին ուսերուն, քան թէ մտաւորականի այս ցնցոտին: Հայ եկեղեցիին քահանաներն անգամ քառսունքը աւարտելէ  յետոյ միայն իրաւունք ունին իրենց հնամենի փիլոնը կրելու: Մինչդեռ հասարակ նախակրթարան մը աւարտողն իսկ` քիչ մը չ’ամչնար անգամ, եթէ զինքը մտաւորական յորջորջեն:
Որո՞նք են իրապէս մտաւորականութեան գլխաւոր, զատորոշող յատկանիշները: Ուսումն ու զարգացումը, հմտութիւնն ու մշակութային միւս տարրերը, տաղանդն ու բնական ձիրքերը, գիտութիւնն ու փորձառութիւնը, ընթերցումներն ու ասոնց ընկերացող մասնայատկութիւնները կը բաւե՞ն միթէ որեւէ անհատի մտաւորական բարձր տիտղոսը տալու համար: Անտարակոյս ոչ:

25.04.2014

ԱՅՍՕՐ ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Ասում ենª մշակույթը ստեղծվում է, երբ ժողովրդի ոգին §ամուսնանում է¦ տվյալ երկրիհողի հետ: Հիրավի, արարչագործ է Սյունյաց ոգին: Գուսան Աշոտի երևույթը ևս այդ իրողության փայլուն վկայությունն է: Նրա արվեստը ստեղծվել, դարբնվել է ըստ Սյունյաց հողի անարատ ոգուԱյստեղ է Գուսան Աշոտի մեծությունը, նրա արվեստի բանալին
Աշոտի անունը սիրելի ու թանկ է ոչ միայն իր ծննդավայրումª հնամենի Գորիսում: Նրա ստեղծագործությունը հայ գուսանական արվեստի բարձրագույն թռիչքն է: Գուսանը որպես երևույթ մեր ազգային մշակույթի, բնաշխարհիկ ոգու ամենաբնորոշ ու հնչեղ դրսևորումներից էՆա ստեղծեց  իր խորապես անկրկնելի երգաշխարհըª կենսական ճշմարտության հավերժախոս խորհրդով, այն էª կյանքի մասին երգել կյանքի՛ ձայնով: Ժողովրդական երգը նա ընդունել է ամբողջ էությամբ, կարծես միացել, խառնվել է հետը: Գուսանը կարողացել է հողի ոգին գիտակցել և աննման, սրտաբուխ իր երգի միջոցով այդ գիտակցությունը բարձրացնել համաշխարհային արժեքների մակարդակի:

24.04.2014

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ / Ազգային նոր տոնը


Հազար հինգ հարիւր տարիներէ ի վեր հայ ազգը իբրեւ ազգային կրօնական մեծ յիշատակ մը հանդիսաւորապէս կը տօնէ Վարդանանց նահատակութիւնը: Անիկա մեզի համար երկու վեհ իտէալներ կը ներկայացնէ. ազգային անկախութեան իտէալը եւ խղճի ազատութեան իտէալը: Վարդանանք ինկան Աւարայրի դաշտին մէջ, քրիստոտէութիւնը եւ ազատութիւնը պահպանելու համար: Արդարեւ մինչեւ հիմա ազգային մեծագոյն տօնը պէտք էր համարել զայն: Բայց հիմա՞, երբ մէկ ու կէս միլիոն Հայեր յանուն այդ քրիստոնէութեան, յանուն այդ ազգային ազատութեան մեռան ո՛չ թէ Աւարայրի մը դաշտին վրայ կամ Տղմուտի մը եզերքը, այլ բովանդակ Հայաստանի, Սուրիոյ ու Միջագետքի դաշտերը, անապատները, լեռներն ու ձորերը իրենց դիակներով ծածկեցին, երբ բոլոր գետերը՝ Եփրատէն ու Տիգրիսէն սկսեալ մինչեւ Ալիս, իրենց դիակներով լեցուցին, մի՞թէ այլեւս չնսեմանար Վարդանանցը: 

14.04.2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

                                    
Ինքն իր իշխանն էր, փոթորիկներ կային խորքերում, թեև <<երեսից այնպես հանդարտ էր>>… Իր բաժին երկնքի տակ ստեղծեց ի՛ր աշխարհը, խոսեց ի՛ր ձայնով՝ համոզված, որ արվեստ ստեղծում է նա, ով ստեղծում է արվեստի լեզու:  
Տիեզերքի ոգին հուշեց բանաստեղծին, որ իրեն մի այնպիսի տեղ է հարկավոր, որ իրերն իր մտերիմները դառնան, կիսվեն իր հետ, իրենց գաղտնիքներն անշահախնդրորեն վստահեն … Եվ գտավ այդ աշխարհը, այն իր մեջ էր, մնում էր վերադառնալ այնտեղ ու գտնել ամեն ծիլ ու շյուղի հետ խոսելու եղանակը, դրանց բանաձևումները, այսինքն՝ բանաստեղծությունը: Եվ տվեց մարդկանց իր աշխարհի հասցեն՝ <<Երգիս մեջ փնտրեք միայն, Ես ուրիշ տեղ չկամ>>, հպարտացավ. <<Այս իմ աշխարհն է, և ես եմ նրա Քարերից բուսած բանաստեղծ որդին>>…

11.04.2014

ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

Սիրով հրապարակում ենք Լեյդենի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան ՀՐԱՉ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ՝ մեր ֆեյսբուքյան էջին հղած ուշագրավ հաղորդագրությունը. 
«Ողջունում եմ այս հետաքրքիր խմբակի գործունեությունը: Քանի որ այն կոչվում է «Միրհավ», թույլ տվեք ողջույնիս կցել ՄԻՐՀԱՎ գեղեցիկ բառի լեզվաբանական վերլուծությունս» (31 մարտի, 2014թ.):

 «ՄԻՐՀԱՎ» ԲԱՌԻ ԾԱԳՈՒՄԸ 
1. «Միրհավի մարմինը` տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ…»
Դժվար չէ կռահել, որ այս տողը Ակսել Բակունցի «Միրհավ» չքնաղ պատմվածքից է: Համոզված եմ, որ շատերին է հետաքրքրում միրհավ բառի ծագումը:

08.04.2014

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / «Մեհեան»-ի գրական-բարենորոգչական հիմնադրույթները

Կ.Պոլսում 1914 թվականին (հունվարի 1) լույս է տեսնում առաջին արդիապաշտ հանդեսը` <<Մեհեան>>-ը` ընթացքավորելով գրական նորահայաց մի շարժում, որի պարագլուխներն էին Կոստան Զարյանը, Հակոբ Քյուֆեճյանը (Օշական), Գեղամ Բարսեղյանը, Դանիել Վարուժանը և Ահարոն Տարտուրյանը:
Ամսյա հանդեսի տպագրությունը տևում է մինչև նույն թվականի հուլիսը, երբ լույս է տեսնում վերջին` յոթերորդ համարը՝ ծանուցելով համանուն տարեգրքի առաջիկա հրատարակման լուրը՝ առանց հանդեսի դադարեցման մասին որևէ ակնարկի: Ժամանակի դառնաղետ իրադարձությունները կասեցնում են նաև <<Մեհեան>>-ի գործունեությունը` թերակատար թողնելով բարենորոգչական այն ծրագիրը, որը կոչված էր որակափոխելու գրական ընթացքը, <<քիչ մը նոր հոսանք>>, <<քիչ մը գաղափար>>, <<պուտ մը խենթութիւն>> և <<շատ մը Արեւմուտք>>(Հ.Օշական) փոխադրելու հայ գրականություն:

07.04.2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ - 100


ՕՐՎԱ ԵՐԳ 

Մեր արդար հունձքը մնա մեր հողում,
Կասկածը մեզնից թող հեռու գնա:

Թող արծիվ դառնա նոյյան աղավնին,
Մեր բարձունքներին թառելու գնա:

Թող նժդեհանա ռազմի մեր ոգին,
Սյունյաց լեռները պահելու գնա:

Փորձված մեր փորձը մեզ այս անելից
Ելքի մի հնար ճարելու գնա: 


Մեր կամքն ապրելու՝ մեր սահմաններում,                                                                         
Վառված հրդեհը մարելու գնա:

05.04.2014

ՆՈՐ ԳՐՔԵՐ

Արկադի Ծատուրյան, Հույսի ճանապարհ, Գորիս, 2013թ., 312 էջ:

Ժողովածուն ընդգրկում է հեղինակի՝ վերջին տարիներին գրված ստեղծագործությունները՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, նովելներ, քառյակներ, իմաստախոսություններ, առակներ, մանրապատումներ, ինչպես նաև մեկ պիես՝ արցախյան ազատամարտի թեմայով: 
Ա.Ծատուրյանի տասնվեցերորդ գիրքն է: 

ԱՅՍ ՀԱՆԴԵՐՈՒՄ

Երգ կա այս հանդերում,
Բերք կա այս հանդերում,
Շողոտ, շաղոտ, հացոտ, հողոտ
Ձեռք կա այս հանդերում:
Այս հանդերում հևք ու հույզ կա,
Այս հանդերում արև-հույս կա,
Սարերն ի վեր ծիածանված
Վարար կյանքի կամար-լույս կա: