Ակսել Բակունցի տուն-թանգարան

1957 թվականին մեծանուն գրողի հիշատակը հավերժացնելու նպատակով ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է Գորիսում հիմնել Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Մինչ այդ տունն արդեն չէր պատակնում Բակունցներին: Երբ գրողի ձերբակալությունից հետո հալածանք է սկսվում ազգականների հանդեպ, Բակունցի եղբայրները՝ Գրիգորը և Արտավազդը, դիմում են հորը, որ որևէ տեղից գումար գտնի՝ Ռուսաստան արտագաղթելու համար, քանզի այլևս անհնար էր ապրել Գորիսում: Հայրն այգու և շենքի մի մասը վաճառում է Շալունցներին: Բակունցի մոր մահից հետո տան մյուս մասն էլ վաճառում են Սևլիկյաններին: Պետությունը նախ գնում է Սևլիկյաններին պատկանող տարածքը, որտեղ և հիմնվում է տուն-թանգարանը: 
Այդ ժամանակ թանգարանում եղել է մի հուշասենյակ և ճաշասենյակը, որը հիմա ցուցասրահ
է: Բակունցի 90-ամյակի կապակցությամբ կառավարությունը որոշում է կայացնում ետ վերցնել շենքի ամբողջ տարածքը և Բակունցներին պատկանող հողամասը, և շենքը վերականգնվում է այնպես, ինչպես եղել է Բակունցի օրոք: Միայն բուն ցուցասրահներից անջատված մասում, որտեղ նախկինում նկուղ էր, ավելացվում է ևս մեկ սենյակ՝ որպես ֆոնդերի պահպանման և աշխատաքային սենյակ:
Տուն-թանգարանում այժմ կա երեք սենյակ և հացատուն: Անմիջապես մուտքի դիմաց բացվում է Բակունցի հուշասենյակը, որն անվանում էին <<Սանթրու կուճի օթախ>>: Այդտեղ Բակունցի գրասեղանն է, վերնաշապիկը, կահույքը, մոր գործած գորգը: Ցուցադրվող մահճակալը գտել են Երևանում. սենյակի կահույքը գնվել էր Շուշիից՝ Բակունցի ծննդյան օրվա կապակցությամբ: Հաջորդ ցուցասրահը եղել է Բակունցների ճաշասենյակը. այդտեղ ներկայացված են փաստաթղթեր, գեղանկարներ, լուսանկարներ, անձնական իրեր, գրքեր, ձեռագրեր: Մյուս ցուցասրահը Բակունցի ծնողների սենյակն է, երրորդը հացատունն է՝ դաձյալ իրական՝ Բակունցներին պատկանող իրերով: Հացատանը գտել ու վերաբացել են թոնիրը, հարազատները նվիրել են իրենց մոտ պահպանված Բակունցների պղնձեղենը: 
Թանգարանը երկու ֆոնդ ունի՝ հիմնական և գիտաօժանդակ: Գիտաօժանդակ ֆոնդը մեծ արխիվ է և ուսումնասիրությունների աղբյուր՝ բակունցագիտության համար: Հիմնական ֆոնդը ընդգրկում է Բակունցի ձեռագրերը, ժամանակակիցների հուշերը, կենցաղային իրերը, լուսանկարներ, գեղանկարներ, այն ամենը, ինչը ցուցադրվում է: 
Թանգարանը սկզբում եղել է Գորիսի մշակույթի բաժնի ենթակայության տակ, այնուհետև դարձել է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ: Պաշտոնապես գործել է 1970 թվականից: Հիմնադիր-տնօրենը եղել է Քաջիկ Միքայելյանը: 
Այսօր Բակունցի տուն-թանգարանը Գորիսի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: 2011 թվականից թանգարանի տնօրենն է Վարդան Սարգսյանը: 
2012-2014 թվականների ընթացքում ՀՀ Մշակույթի նախարարության, ինչպես և ՀՀ Սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ թանգարանում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքում բարեկարգվել ու նորացվել է ցուցասրահը, ամբողջովին փոխվել են շարժական ցուցադրական վահանակները, ցուցափեղկերը, ավելացվել են նոր ցուցադրանմուշներ, այդ թվում՝ գրողի լուսանկարչական ապարատը, նրա բեմագրերով նկարահանված ֆիլմերից նկարներ: Արդյունավոր կերպով լուծվել են նաև թանգարանի ջեռուցման համակարգի ներդրման և ցանկապատի վերակառուցման խնդիրները: 

1980-ականների սկզբից Գորիսում ավանդաբար նշվում է <<Բակունցյան օրեր>> համաքաղաքային տոնակատարությունը, իսկ Բակունցի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին, գրողի հուշարձանի մոտ տեղի է ունենում ծաղկեդրման պաշտոնական արարողություն, թանգարանում կազմակերպվում է հուշ-ցերեկույթ: 
2013 թվականի հուլիսից թանգարանին կից գործում է ՄԻՐՀԱՎ գրական խմբակը, որի ջանքերով մշտապես կազմակերպվում են բազմազան ու հետաքրքիր միջոցառումներ` գիտական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն: Ամեն տարի թանգարանն ակտիվորեն արձագանքում է նաև Ֆրանսիայի թանգարանների նախաձեռնությանը` մայիսին կազմակերպվող ‹‹Թանգարանային գիշեր›› միջազգային ակցիային:
Ակսել Բակունցի տուն-թանգարանի խորհուրդն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ գրողի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը: 
Այս հարկի ներքո Բակունցը ներկա չէ միայն ֆիզիկապես: Նրա լուսավոր հոգին հավետ այս տանն է, իր ժողովրդի հետ` որպես նրա ընթացքի հավերժ ուղեկից:













Комментариев нет:

Отправить комментарий