31.07.2015

ՀՐԱՅՐ ՏԱՂԼԵԱՆ / Ա՜խ, Ֆրանգլին

Օրերս էլեկտրոնային փոստով հաղորդագրություն ստացանք Լիբանանից՝ գրող, հրապարակագիր, էսսեիստ, <<Զարթոնք>> օրաթերթի աշխատակից Հրայր Տաղլյանից, ինչը գեղեցիկ ու բարեշահ ազդակ եղավ <<Միրհավ>>-ի կայքէջին թղթակցելու պատրաստակամության, լիբանանահայ գրական շունչը մեր ընթերցողներին փոխանցելու և հետայսու գրական տարբեր ձեռնարկներ միասին իրագործելու համար: 
Ստորև ներկայացնում ենք Հ.Տաղլյանի հաղորդագրությունը, նաև հրապարակում մեզ ուղարկած գրություններից մեկը՝ ֆելիետոն դրամի մասին՝ <<Ա՜խ, Ֆրանգլին>>: 


<<Բարեւ ձեզ, սիրելիներ: 
Յուսամ լաւ ու հանգիստ էք: Առաջին անգամն է այսօր որ մուտք գործեցի ձեր կայքէջը եւ զայն կը գտնեմ շատ լաւ աշխատանք: Ձեր բոլորին վարձքը կատար: 
Եթէ կարելիութիւնը ունիք (օրէնքները եւ կամ կայքի մասին մանրամասնութիւններու տեղեակ չեմ), կ'ուզեմ յօդուածներով, բանաստեղծութիւններով ու հրապարակագրութիւններով մասնակցութիւն բերել ձեր կայքին: 
Կը սպասեմ ձեր պատասխանին:
Շնորհակալութիւն>>:

Հրայր Տաղլեան
(Պէյրութ-Լիբանան)
27 հուլիսի, 2015թ.

20.07.2015

ԳՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ / Համո Սահյանի նամակը Սիմոն Սիմոնյանին

<<Հարգելի ընկեր Սիմոնյան,
Կարդացի <<Լեռ և ճակատագիր>> Ձեր գիրքը:
Ցավում եմ, որ նոր եմ ծանոթանում Ձեր հիանալի արվեստին, նոր եմ ոտք դնում ձեր ստեղծած հարուստ և ինքնադրոշմ աշխարհի շեմքին...
Բայց և երջանիկ եմ առաջին ընթերցումի ուրախությամբ ու հրճվանքով: 
Իսկապես, ինչպե՞ս է եղել, որ եղել է: Ինչպե՞ս է եղել, որ չեմ ճանաչել իմ ժամանակակից ու տարեկից գրողի այսքան հմայիչ ու մեծ ստեղծագործությունը: Արդարանալու հիմքեր կան, բայց, միևնույն է, հանցավոր եմ: 
Ոչ մի շինծու և մտացածին բան չկա Ձեր արվեստում: Ամեն ինչ բնական է, տեսած. լսած, շոշափած, զգացած, ապրած ու ապրեցնող:

18.07.2015

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Հայրենակորույս սասունցիների կերպարները Սիմոն Սիմոնյանի «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուում

Սիմոն Սիմոնյանի անունն ու գործը քիչ են ծանոթ Հայաստանի ընթերցողին, բայց լիբանանահայ գրամշակութային դաշտում նրա բազմաճյուղ ու բազմարդյունք վաստակը գնահատվել ու ճանաչում է բերել հեղինակին դեռևս կենդանության օրոք(1914-1986): Գրող, պատմաբան, մատենագետ, բանասեր, գրականագետ, մանկավարժ, դասագրքերի հեղինակ, գրահրատարակիչ ու խմբագիր Սիմոնյանը բոլոր ասպարեզներում ցուցաբերել է հավասար ուժ ու հանձնառություն՝ ողջ մտաեռանդը նվիրելով սփյուռքում հայ հոգևոր արժեքների ստեղծմանը, պահպանմանն ու ժառանգորդմանը:
Սիմոնյանի ստեղծագործական հարուստ կենսաշրջանն ընդգրկում է 1960-1970-ական թվականները: Նա պատկանում է սփյուռքահայ գրական այն սերնդին, որը սփյուռքահայ գրականության վերլուծաբան Մ.Թեոլոելյանը բնորոշում է որպես «Անմիջական սերունդ», այ՛ն՝ որ Երկրորդ աշխարհամարտէն ետք դիմագիծ ստացավ գաղութէ գաղութ եւ զգայնութեան առհաւական գիծը պահելով հանդերձ, յատկանշուեցավ ուրոյն գօտիներու գրական ազդեցութեանց ենթարկումով»[1] :
Սիմոնյանի առաջին գիրքը՝ «Կը խնդրուի… խաչաձեւել» (Հայոց երգիծական պատմություն), լույս է տեսել 1965 թվականին, այնուհետև հրատարակել է «Խմբապետ Ասլանին աղջիկը»(1967), «Սիփանայ քաջեր» պատմվածքների և վիպակների ժողովածուները (1967, 1970), «Լեռնականներու վերջալոյսը»(1968) պատմվածաշարը, «Լեռ և ճակատագիր»(1972) հատընտիրը և միակ վեպը՝ «Անժամանդրոս»-ը, որը տպագրվել է 1978-ին, բայց սեփական կտակի համաձայն հրապարակ է հանվել գրողի մահից հետո:
Սիմոնյանի ստեղծագործությունը հատկանշվում է հղացքային հարուստ ընդգրկումով, ուրույն ոճամտածողությամբ, պատկերաստեղծման ու կերպարակերտման բարձր արվեստով: Նրա գրական ձիրքը ձեռքբերումներ արձանագրեց հատկապես գեղարվեստական փոքր արձակի ժանրաձևային դաշտում, թեև միակ վիպական գործն էլ գեղարվեստական կոթող է:
Սիմոնյանի արձակագրության լավագույն էջերից մեկը «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուն է, որ գրողը նվիրագրել է հորը՝ «ջաղացպան Օվէին՝ Սասնոյ Կերմաւ(Աւկերմ) գիւղէն Հայկ նահապետի պես անտաշ ու ըմբոստ մարդուն, որին կը պարտիմ այս պատմուածքները՝ արիւնէս ետք»: Ժողովածուն բնաբանված է Շնորհալու խոսքով՝ «Ճանապարհ եւ ճշմարտություն», որը ոչ միայն կյանքի թելադրանքին հարազատ մնալու գեղարվեստական ելակետ է, այլև խմբագրական գործունեության ուղենշային սկզբունք՝ առաջադրված դեռևս 1958-ին, երբ հրապարակվեց «Սփյուռք»-ը: Լրագրի գաղափարական ուղղվածությունը պարզաբանող թիվ 3 համարի խմբագրականը Սիմոնյանը վերնագրել է նույն կերպ՝ կրկնաբանելով Շնորհալուն. «Բարձունքէն ըսելիք բաներ ունինք հայ ժողովուրդի գերագոյն շահերուն համար: Մինչ այդ Ներսես Շնորհալիի պես կ’ըսենք՝ «Ճանապարհ եւ ճշմարտութիւն»[2]:

16.07.2015

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ / Ինչպես հիշում եմ. Ակսել Բակունցի հետ

Այս բանը եղավ 1928 թվականին: Ամպամած օր էր: Սև քաշաթուխպ էր ծանր նստել մեր ձորում՝ մի թևը Դրնգանի ժայռե ատամներին, մյուսը՝ Բրուտների թաղամասում. որ սպառնալի կախվել է կիրճի վրա:
Դպրոցի բակում շարք ենք կանգնել, նայում ենք ամպերին: Թվում է, եթե կանգնես քերծերից մեկի վրա՝ գլուխդ կմտնի ամպի սառը մալանչների մեջ: Մեր ուսուցիչն ասում է.
-Խելոք կացեք, գնում ենք մեր համագյուղացի գրող Ակսել Բակունցին դիմավորելու:
Գնում ենք՝ շարք-շարք, հաճախ ցրվելով՝ բարկություն պատճառելով մեր խստաբարո ուսուցչին:
-Գրողը հի՞նչ ա,-հարցնում է ընկերս՝ Ջավահիրին Սուրենը՝ ինձ նման գեղջուկ պատանի:
-Գրողը Բակունց Ստեփան դայու տղան ա,-բացատրում է յոթերորդ դասարանցի մեծ եղբայրս՝ Սուրենը: - Էն որ մեր Վանդունց Բադու պատմությունն ա գրել: Գրողն էն ա: Մեծ մարդ ա:

11.07.2015

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ / Բացվում են անհայտ էջերը. բաց նամակ Նաիրի Զարյանին

Ապրելով մայրաքաղաքում՝ Սերո Խանզադյանը միշտ իրազեկ է եղել ծննդավայր Գորիսում կատարվող իրադարձություններին: Հատկապես կապված էր Սյունիքի գրողների միավորման և նրա <<Սյունիք>> թերթի խմբագրության հետ, որը հիմնադրվել էր 1990թ. և դժվարին պայմաններում հրապարակվել գրեթե չորս տարի: Պարբերականում տպագրվել են Ս.Խանզադյանի մի շարք անտիպ գործեր, նրան նվիրված հոդվածներ: 
Թերթի 1993 թվականի թիվ 3(39)-ում տպագրվեց Ս.Խանզադյանի անտիպ նամակներից մեկը՝ <<Բաց նամակ ընկեր Նաիրի Զարյանին>> վերնագրով՝ <<Բացվում են անհայտ էջերը>> ընդհանուր խորագրի տակ: Նամակը Խանզադյանը գրել է 1967-ին, որը, սակայն, չի հրապարակվել:

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԸՆԿԵՐ ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆԻՆ 

Հարգելի ընկ.Նաիրի
Ձեր <<Մթնոլորտային մտորումներ>> հոդվածում(<<Սովետական գրականություն>>, թիվ 4, 1967թ.), որը գրողների համագումարում արտասանած ձեր ճառի նոր խմբագրությունն է, դուք վնասաբեր եղբայրության, միավորում, խումբ-խմբավորում եք հայտնագործում մեր սովետահայ գրականության մեջ, ապա տագնապով գոչում. <<Եղբայրությունը>> իր ամբողջության մեջ, իր գրական վարքագծով մեր գրականությանը վնաս է տալիս>>: Ապա շարունակում եք. <<Եղբայրության մթնոլորտը մեզ խանգարում է... Անհատի պաշտամունքը փոխարինում է անհատների պաշտամունքին>>: 

10.07.2015

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ / Արևը բարձրանում է սարից

Այդ գարնանը մերոնք դարձյալ քոչը սարն էին տարել և կանգ էին առել սարահարթի սահմանում, Մարգերի բլուրների վրա: Շենաթաղցիները դարձյալ դիրք էին բռնել՝ հոնի կարմիր մահակներով, ավանդական եղաններով և մղանի կոթերով <<զինավառ>>: <<Օխտը տարի ծիծը կերածը>> դարձյալ իր խոսքն էր կրկնում օրենքի մասին և իր համագյուղացիներին ոգեշնչում՝ ի մարտ: 
Շենաթաղի երեխաներն իրենց մեծերի խրախուսանքով շները <<քը՜ս>> էին տալիս մեզ վրա: Իսկ մեր գյուղացի Վանեսանց Պողոս ամին մեզ սաստում էր, որ շներին քարով չտանք: 
-Ա՜ խոխեք, սաքիթ կացեք, կռիվը մազից ա կախված, հենց որ շներին քարով տաք՝ կսկսվի: 
Երկու կողմից էլ պատվիրակներ էին հավաքվել այն բլուրի վրա, որտեղ ամեն տարի կագնել ու փլվել էր սահմանի <<կուրգանը>>: Բանակցություններ էին վարում: Իսկ մենք՝ երեխաներս, թաքնվել էինք քարերի ետևում, որ <<թամաշա անենք կռվին>>:
Այդ ժամանակ հեռվում՝ <<Խոզ>> աղբյուրից եկող ճանապարհի վրա, երևացին երեք ձիավոր: Շենաթաղցիներն ավելի բորբոքվեցին, մեր գյուղացիներն ավելի հանդարտվեցին: Ձիավորները մոտեցան: Երկուսը գյուղ-խորհուրդների նախագահներն էին, իսկ երրորդը քաղաքից եկած մարդ էր երևում... Տիրեց կարճատև լռություն, և հետո, հանկարծակի երկու կողմերի ուրախ ձայները խառնվեցին իրար. 
- Ալեքսանդր վարժապե՜տը, Ալեքսանդր վարժապե՜տը...

08.07.2015

1937 թվականի հուլիսի 8-ին գնդակահարվեց Ակսել Բակունցը

1920-ական թթ.
78 տարի է անցել այն եղերական առավոտից, որը վերջինը եղավ Ակսել Բակունցի համար... 
Արյունո՜տ պատմություն, արյունո՜տ ժամանակներ… Պատմությունը կա այնքանով, որքանով կան մարդկային ճակատագրերը, որովհետև այդ ճակատագրերով է իմաստավորվում ժամանակը: Պատմության թատերաբեմից հանեք Հոմերոսին, Ալեքսանդր Մակեդոնացուն, Մովսես Խորենացուն, Շեքսպիրին և կտեսնեք, որ ժամանակը դատարկվում է: Այդպես էլ Ակսել Բակունցը: Յուրաքանչյուրն իր տեղում, իր ժամանակի մեջ: 
Բակունցն ապրեց լի ու հարուստ, բայց ծանր ու դժվարին կյանք, որն այսօր <<լեգենդ>> է դարձել: Ապրեց՝ որպես գրականության զինվոր, պայքարեց՝ որպես զինվոր և նահատակվեց զինվորի պես: Ժամանակները խառն էին, դրվում էին նոր կյանքի հիմքերը: Իսկ ղեկը ապազգային գործիչների ձեռքին էր: ժողովրդի գիտակցությունը գլխիվայր շուռ էր տրվում: Բակունցը հերոս էր, որ կռվեց այդ ամենի դեմ: Քիչ է ասել հերոս էր: Բակունցը սխրանքի՛ հերոս էր, որ հայտնվեց պատմության մեծ շրջադարձի վրա և ճշմարիտ ճանապարհ նախանշեց… 
1930-ականներին Բակունցի դեմ սանձազերծված հալածանքներն ավարտվում են հանրային-գրական կյանքից նրա մեկուսացումով: