23.10.2013

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ ՏՈՆ ԳՈՐԻՍՈՒՄ

Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցավ հայ մեծանուն արձակագիր Սուրեն Այվազյանին նվիրված գրական հանդիսություն, որը կազմակերպել էր տուն- թանգարանին կից գործող «Միրհավ» ստեղծագործական միավորումը՝ գրականագետ Թեհմինա Մարությանի գլխավորությամբ:
Հանդիսության գլխավոր ազդակը ՀԳՄ գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, արձակագիր Արկադի Ծատուրյանի` վերջերս լույս տեսած «Մեր Այվազյանը» հուշագիրքն էր, որն էլ գրողի անվան ու գործի շուրջն էր համախմբել քաղաքի մտավորականներին, գրողներին, մշակութանվեր ու մշակութասեր մարդկանց:
«Օրերն առաջ են գնում, և օրերի հետ առաջ է գնում Սուրեն Այվազյանի փառքը: Ավելի հստակ է դառնում այն դերը, որ ունեցավ Այվազյանը հայ գեղարվեստական արձակի զարգացման գործում»,- բացման խոսքում նշեց Թ. Մարությանը՝ կարևորելով ստեղծագործական ամեն մի ձեռնարկ՝ միտված արժևորելու, մեծարելու, վերընթերցելու փոքր-ինչ մոռացված սյունեցի արձակագրին: Գրող, ով «վավերական տեղ ունի ապրած ժամանակի գեղարվեստական ընթացքի մեջ՝ իր նկարագրի ու գեղարվեստական աշխարհի զուտ այվազյանական տեսակով»: