11.12.2017

ՀԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ / Հայաստանեայց գրականութիւն

Ատենը եկած է, մենք կը կարծենք, մէկդի նետելու մեր գրականութեան մէջ մուտք ունեցող այն տժգոյն, անիմաստ ու պապուկ բացատրութիւնները, որոնք պահ մը յոխորտօրէն պտտեցան հրապարակին վրայ: 
Մեր գրականութիւնը մէկ է: Ան կու գայ վարէն, հեռաւոր շրջաններէն: Բարբառներու այլազանութեանը տակ նոյն արիւնն է, որ կը քալէ, ապրեցնելով ցեղին մէջ, դարեր ու բացուածքներուն վրայ ցոլացիկ մեծութիւններ: 
Ան կ՚ելնէ ամբոխին մէջէն երգի, արձանի, գմբէթի ձեւերուն տակ, կը կերպարանաւորէ ցեղին մտքի կեանքը (vie d’esprit), կը բաղադրէ անոր հոգին: Բոլոր հայերուն ժառանգութիւնն է ան: Ու ան ունի կեդրոնական նկարագիր: 
Մենք կը մերժենք պոլսահայերուն արհամարհոտ ասութիւնները, որոնք մեր գրականութեան միութիւնը կը վտանգեն:

* * * 
Հայաստանեայց գրականութիւն յղացումը (concept) կը տարածուի հաւասարապէս հայ ցեղին ամէն մասնիկներուն վրայ: Ան կը մերժէ լեզուի անհրաժեշտ կապանքները, բարբառները յոխորտացնող յատկանիշները, վեր է լեզուի գեղագիտական ըսուած երեւոյթներուն որոշադրութենէն:

03.12.2017

Թեհմինա Մարության / Պատմականությունը Սերո Խանզադյանի «Շուշի» վեպում

Հոդվածը ներկայացվել է 2017թ. մայիսի 7-9-ը Արցախի պետական համալսարանում  կազմակերպված հանրապետական գիտաժողովում՝ նվիրված Շուշիի ազատագրության 25-րդ տարեդարձին: Տպագրվել է գիտաժողովի նյութերի ժողովածուում:  

* * * 
Արցախյան շարժման բռնկումի հետ ասպարեզ եկած հայ մտավորականների շարքում Սերո Խանզադյանը ջերմեռանդ ու գլխավոր դրոշակակիրներից էր: Պատահական չէ, որ շարժման առաջին օրերից Խանզադյանն իր գրական ու հրապարակախոսական հարուստ պաշարն ի սպաս դրեց պատմական արդարությունը վերականգնելու երախտաշատ գործին: «Ղարաբաղը կրակների մեջ» փաստավավերագրական գրքում գրողը հանրագումարի բերեց Արցախյան ազատագրական պայքարին նվիրված իր հասարակական, հրապարակագրական գործունեությունը̀ ինքնավստահություն, խիզախություն ու քաջություն պատգամելով սերունդներին: Այդ օգտաշատ գործունեությունն ունեցավ նաև գրական թռիչք. Ս.Խանզադյանը 1991 թվականին հրատարակեց «Շուշի» պատմավեպը՝ 18-րդ դարավերջի արցախյան իրադարձությունների թեմատիկ ընդգրկումով: 
Վեպը Շուշիի պատմության գեղարվեստական յուրացման առաջին փորձն է՝ գրված Արցախյան շարժման անմիջական ազդեցությամբ՝ Շուշիի ազատագրության նախաշեմին: Հեղինակի նպատակն էր պատմական ճշմարտությունների, անցյալի դասերի, Արցախի հերոսական ոգու բացահայտումով նոր շունչ հաղորդել նորօրյա ազատամարտին և կերտել հայոց պետականության գաղափարախոսությունը: Այդ տեսակետից Խանզադյանի պատմահայեցողության մեջ ուրույն նշանակություն է ստանում «պատմության դաս» արտահայտությունը, որի հիմնական էությունը պատմության իմացության չափազանց կարևորումն է՝ ոչ միայն որպես ինքնաճանաչման ձև, այլև գոյության և ինքնահաստատման միջոց: