26.01.2015

ԳՐԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԻՆ. մաս 1


ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ / Ակսել Բակունցի արշավախումբը

Ակսել Բակունցի կյանքին առնչվող հետաքրքիր մի դրվագ վրիպել է ուսումնասիրողների ուշադրությունից, մինչդեռ իր ժամանակին դրան մեծ կարևորություն է տրվել թե իր բացառիկության և թե ակնկալիքների առումով: Խոսքը մեծ գրողի մի «ոչ գրական» առաքելության մասին է: Բանն այն է, որ 1928 թվականի ամռանը Բակունցին հանձնարարվել էր գլխավորել գիտական արշավախումբ: Սա տարօրինակ պիտի թվա ընդամենը առաջին հայացքից: Իրականում այդ օրերին Բակունցը Հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալն էր, ճանաչված ու հմուտ գյուղատնտես և միաժամանակ աշխատակցում էր «Մաճկալ» թերթին: 1920-ականներին նման բարձրակարգ մասնագետ Հայաստանում քիչ կգտնվեր: Այդ պատճառով էլ ընտրության հարցում իշխանությունները չէին սխալվել: Նույն օրերին «Խորհրդային Հայաստան» թերթում մի հակիրճ տեղեկատվություն տպագրվեց սպասվելիք արշավի մասին.

ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ / Շնորհակալ եմ օրերիս համար...

ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԲԱՆԱՍՏԵՂԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԸ

<<Միրհավ>> գրական ակումբը շնորհավորում է սիրելի բանաստեղծին հոբելյանի կապակցությամբ և մաղթում արգասավոր ու առողջ տարիներ: 

<<Իմ ստեղծագործության առանցքը կյանքն է: Եթե նկատել են իմ ընթերցողները, ես առանձնակի թեքում չունեմ որևէ կոնկրետ ուղղության: Ինչ կյանքը ունի՝ լավ թե վատ, իմն է: Լավի համար գոհանում եմ, փառք տալիս Աստծուն, վատի դեմ պայքարում, մարտնչում եմ, որ այն նաև ի՛մ միջամտությամբ քչանա>>: 

***
Կյանքս հալվում է աննկատելի
Ու նկատելի տարիք եմ առնում,
Չնայած հոգիս թարմ է մնացել,
Մարմինս այն չէ, ինչ առաջներում:

Էլի իշխում են պարտք ու երազանք,
Անհնարին է շատ բան կռահել,
Գունեղ հուշերի, վայելքների մոտ
Գորշությունն էլ իր տարածքն է պահել:

24.01.2015

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ / Սառցավանդակ

Հուլիսյան խաղաղ երեկո էր: Այգու խորքում բազմած տաղավարը պարուրված էր էկոլամպերի սառը, արծաթ լույսով: Դեմ-դիմաց նստած էինք ես ու նա` արդեն լեգենդ դարձած ծերունին: Կանեփաբույր, ութսունը վաղուց գլորած զրուցակցիս աշխույժ աչքերը փայլում էին անսպասելի հանդիպման բերկրանքից: Միայնակ տղամարդը սեղանին դրեց տասնամյակներ շարունակ իրեն ուղեկցած լուցկու ու ծխախոտի տուփերը, որոնց ավելացել էր նաև բջջային հեռախոսը: 
Երկար ժամանակ չէի հանդիպել նրան: Գորովանքով լեցուն նրա խոսքից հասկացա, որ չէր կորցրել մտքի հստակությունն ու պարզությունը: Ծերունական զառամախտը բարյացակամ շրջանցել էր նրան ու խնայել:

17.01.2015

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ / Խաղաղություն

Այս պուրակում խշշում է շատրվանը: Քամին ջրափոշի է ցանում ծառերի, ծաղիկների վրա ու մի երեխայի: Եվ այնպես է քրքջում երեխան, և այնպես է հրճվում ջրափոշուց...Ու երջանիկ է մայրը, որ ջրափոշին այդքան մեծ հրճվանք է պատճառում իր մանկան: Եվ այնպես շնորհակալ է մայրն աշխարհից...
Այս պուրակում ջրափոշուց հրճվում են մայրն ու մանուկը: Այս պահին մեկը երգ է գրում դեռ լեզուն չբացված այս մանկան համար ու չարչարվում է: Մեկն այս պահին գիրք է գրում այս մանկան համար ու չարչարվում է: Նոր ծառ է տնկում այգեպանն այսօր ու չարչարվում է: Մեկն այս պահին այս մանկան համար տիկնիկ է սարքում ու չարչարվում է:
Պուրակում խշշում է շատրվանը, և ջրափոշուց հրճվում է մանուկը: Նրա ծիծաղը մանրանում է ջրափոշու պես, տարածվում ծառերի վրա, ծաղիկների վրա ու մոր սրտի: 
Ու մեկն այս պահին ռումբ է պատրաստում այս մանկան համար ու չարչարվում է...

15.01.2015

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ - 100 / ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՅՎԱԶՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ (ֆոտոշարք, տեսանյութ)

<<Ասում են՝ երջանիկներն են, որ ժամանակի մասին գաղափար չեն ունենում: Երջանիկ չեն եղել իմ ծնողները, որ չեն հիշել իմ ծննդյան թվականը: Իմ ծնունդը նրանց համար դժբախտություն է եղել: Հայրս շուտ է մեռել և կիսած տառապանքի իր բաժինն էլ թողել է մորս: Մայրս ասում էր. <<Դու որ ծնվեցիր, մեծ կոտորած էր, առուն արցունք էր, առուն արյուն էր>>: Եվ սա էլ իմ ծննդյան վկայականն է>>(Ս.Այվազյան): 
1915-ն է, անշուշտ, մեր տարեցույցում արյունով ու արցունքով շաղախված թվական, որ հայ մեծատաղանդ արձակագիր Սուրեն Այվազյանն ընդունել է որպես իր ապերջանիկ ծննդյան տարեթիվ: 
Հունվարի 9-ին լրացավ Այվազյանի ծննդյան 100-ամյակը, ինչի առթիվ Խնձորեսկում՝ նրա շիրմաքարի մոտ, տեղի ունեցավ ծաղկեդրման ու հարգանքի տուրքի արարողություն:

08.01.2015

ՔԱՋԻԿ ԴՈՐՈՒՆՑ / Երեք երգ Սուրեն Այվազյանին

Կգա՛ս, Ասու՛ր, կգա՛ս
Ձյուներիդ տակ թողած
Գարուններիդ համար,
Կգաս իզուր անցած,
Անդարձ երազ դարձած
Ամառներիդ համար:
Կգաս բարի, անքեն
Ժպիտներդ առած՝
Մթնաձոր տանող
Աշուններիդ համար:
Կգաս ձմեռներդ
Արևներով հուշի
Ե՛վ քեզ, և՛ ուրիշին
Տաքացնելու համար:
Կգա՛ս, Ասու՛ր, կգա՛ս,
Անսեր, անսիրտ մարդկանց
Խաթարումով անմիտ՝
Չերգած երգիդ համար:

07.01.2015

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ / «Չմոռացա նրա վերջին դասը...»

Հատված Սուրեն Այվազյանի <<Ասուր, հե՜յ, Ասուր>> վիպակից

Երեկո է, դուրս եմ եկել պատշգամբ, տարվել եմ պարտեզի հրաշքով: Ցերեկը մանրահատիկ ձյուն է տեղացել, դադարել, երկինքը լցվել է աստղերով, իսկ աստղալույսի տակ, ինչպես հեքիաթում, ծառերն արծաթից են: Նրանք աննկատելի օրորվում են և պլպլում: Զարմանում եմ, թե գիշերվա մեջ որտեղից են ստեղծվում այդ գույները: Եվ այնուամենայնիվ համատարած, շարժուն սպիտակությունից հետո մարդու կարոտ եմ զգում: Կարոտը կեղեքիչ տխրություն է ծնում: Ուզում եմ ներս գնալ, մեկը բարձրանում է սանդուղքով: Փոստատար Քոթին է, ծերացած, բայց դեռ առույգ, աշխույժ Քոթին, որ միասին սովորել ենք մինչև չորրորդ դասարան, հետո չուզեց սովորել, թեև ոչ մի առարկայից վատ չէր ստանում: Տարիներ անց հարցրի. <<Քոթի, ինչու՞ չսովորեցիր>>: <<Սովորեի, կարող է մեր գյուղից տանեին ուրիշ գյուղ: Ուրիշ գյուղում մեռնեի>>,- ասաց մի քիչ կատակով, մի քիչ լուրջ:
Ուշ ժամին փոստատարի հայտնվելը կամ ուրախացնում է, կամ տխրեցնում: Քոթին դա գիտե և իսկույն հանգստացնում է.