Լրացավ Ակսել Բակունցի մահվան 80-րդ տարելիցը: Հուլիսի 8: Օր, որ սև ժապավենով պատմության մեջ արձանագրեց Բակունցի գնդակահարության դառնաղի փաստը՝ հավերժորեն մխեցնելով սերունդների սրտերը և ստիպելով գլուխ խոնարհել ամենալուսավոր, ամենապայծառ, «արցունքի պես ջինջ» գրողի եղերական տառապանքի ու հիշատակի առջև…
Տարելիցի առթիվ գրողի տուն-թանգարանում Գորիսի պետական համալսարանի ՀՀՄ ֆակուլտետի և «Միրհավ» գրական ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ՝ «Ցավդ ինչպե՞ս պատմեմ» խորագրով:
Ներկաները ծաղիկներ դրեցին Ակսել Բակունցի հուշարձանին և թանգարանի բակում տեղադրված խաչքար-հուշակոթողին, ապա ունկնդիր եղան Բակունցի կյանքի վերջին գիշերվա սարսռազդու ապրումները խտացնող գեղարվեստական կոմպոզիցիային: Թերթ առ թերթ, իբրև հիշողության պատրանքներ, բացվեցին Բակունցի կյանքի դրամատիկ էջերը: Հնչեցին Համո Սահյանի, Քաջիկ Դորունցի, Ալբերտ Իսաջանյանի, Լևոն Սահակյանի բանաստեղծությունները, ինչպես նաև Չարենցի անզուգական քերթվածները՝ գրված 1935-1937 թվականների ընթացքում, երբ նա և ստալինյան մղձավանջով անցնող գրչակից ընկերներն ապրում էին իրենց կյանքի «արյունալիճ կեսօրվա» վերջին պահերը:

















