23.03.2015

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ - ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ»

Հայոց ազգային-ազատագրական պայքարի պատմությունը հարուստ է բազմաթիվ փառավոր անուններով, որոնց շարքում, որպես անզուգական ազգային հերոս, առանձնանում է Անդրանիկը: Նա, իրապես, մեր պատմության բոլոր ժամանակների մեծագույն, չգերազանցված կոթողն է: 
Փետրվարի 25-ին լրացավ մեծ հայդուկապետի ծննդյան 150-ամյակը, ինչի առթիվ Գորիսում՝ նրա հուշարձան-կիսանդրու մոտ տեղի ունեցած ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությամբ մեկարկեցին նշանավոր հոբելյանին նվիրված միջոցառումները: 
Օրերս պանծալի հային նվիրված միջոցառում էր կազմակերպել նաև <<Միրհավ>> գրական ակումբը՝ հրավիրելով կլոր սեղան-քննարկում՝ <<Անդրանիկ Օզանյանի գրական կերպավորումները>> թեմայով: 
Անդրանիկի կյանքը ինքնին մի փառահեղ, աներևակայելի հերոսապատում է. նրա լեգենդային կերպարը գրական ներշնչումների է տարել բազմաթիվ հայ գրողների (Վ.Թոթովենց, Համաստեղ, Կ.Զարյան, Ա.Ահարոնյան, Ա.Յարճանյան, Ս.Սիմոնյան, Խ.Դաշտենց, Հ.Շիրազ, Ս.Խանզադյան և ուրիշներ), որոնք ազատագրական պայքարի ընդհանուր ֆոնի վրա կամ առանձին դիմանկարային շեշտադրումներով անդրադարձել են այդ մեծահամբավ հայորդուն ու նրա պատմական վիթխարի դերակատարության արժևորմանը:
Հանդիպմանը, որին ներկա էին գրողներ, գրականասերներ, մտավորականներ, Անդրանիկի Օզանյանի գեղարվեստական կերպավորումների շուրջ առանձին բանախոսություններով հանդես եկան <<Միրհավ>> ակումբի անդամները: Ելույթներն ուղեկցվեցին մտքերի ու կարծիքների ակտիվ փոխանակմամբ: 
Անդրանիկի մասին առաջին գիրքը լույս է տեսել իր կենդանության օրոք՝ 1920 թվականին Կ.Պոլսում: Դա <<Զորավար Անդրանիկ և իր պատերազմները>> օրագրությունն է, որին անդրադարձավ Ժաննա Դավթյանը: Գրքի հեղինակները երկուսն են՝ զորավարի զինակիցներ Լևոն Թութունճյանն ու Վահան Թոթովենցը, որոնք հանդես են եկել մեկ ընդհանուր գրական անունով՝ Արսեն Մարմարյան: Ժ. Դավթյանը ներկայացրեց գրքի ստեղծման հանգամանքները, թեմատիկ ընդգրկումը, Անդրանիկ Օզանյան-Վահան Թոթովենց պատմական նշանակություն ստացած ծանոթության, բարեկամության մանրամասները: Հայտնի է, որ Թոթովենցը 1915-1916 թթ. մասնակցել է հայ կամավորական շարժմանը, կռվել Անդրանիկի զորաջոկատում, եղել է նրա գրագիրն ու վարել է օրագրությունը, որն էլ հիշատակված գրքի մի մասն է կազմում: Թոթովենցը 1917-1918 թթ. խմբագրել է նաև Անդրանիկի հրատարակած <<Հայաստան>> թերթը: Թոթովենցի այդ գրվածքը սկզբնապես, իբրև թերթոն, հատվածաբար լույս է տեսել Պոլսի <<Ժողովրդի ձայնը>> օրաթերթում՝ <<Դրվագներ հայկական վերջին ճգնաժամեն>> խորագրով: 
Բանասիրական գիտությունների թեկնածու, համաստեղագետ Լիլիթ Թունյանն անդրադարձավ Համաստեղի <<Սպիտակ ձիաւորը>> կոթողային վեպին, որի գլխավոր հերոս Մարտիկի նախատիպը ֆիդայական շարժման ականավոր ներկայացուցիչ Անդրանիկն է: Բանախոսը հակիրճ ներկայացրեց վեպը գրելու շարժառիթները, խոսեց պատմականության հարցի շուրջ: 
Համաստեղը ներկայացրել է մեր ժողովրդի պատմության <<փոթորկոտ շրջանի>> գեղարվեստական նկարագիրը՝ հենվելով պատմական դեպքերի ու դեմքերի վրա: Լ.Թունյանը վեպը ծրագրային համարեց այն առումով, որ հայի ու հայության առջև մեկ անգամ ևս հստակորեն դնում է գոյության միակ ճիշտ ծրագիրը՝ ազատության համար մղվող պայքարում մեր թշնամին ու մեզ հաղթողը մենք ենք՝ տխրահամբավ անմիաբանությամբ: Մերժողական դիրքերից բուռն քննարկում ծավալվեց վեպում Մարտիկի անփառունակ ու անժամանակ մահվան դրվագի շուրջ՝ պայմանավորված հեղինակի քաղաքական կողմնորոշումով, որի հիմքը դաշնակցության կողմից ֆիդայական-պարտիզանական անկազմակերպ շարժումները մերժելու հանգամանքն էր: Համաստեղը ՀՀԴ անդամ էր և, ինչ խոսք, պետք է հավատարիմ մնար կուսակցության սկզբունքներին: Բայց չի կարելի նրան մոլի կուսակցական համարել և վեպի թերությունների հիմքում տեսնել գրողի դավանանքը, ինչպես խորհրդային գրականագիտությունն է վարվել: Համաստեղը միշտ եղել ու մնացել է հայի ու հայրենիքի երգիչ, հայ մարդ, որի համար Հայաստանն ու հայ ժողովուրդն էին կյանքի միակ չափաձողը: Չնայած Մարտիկի վաղաժամ մահվանը՝ ժողովուրդը, սակայն, հավատով սպասում է նրա հայտնությանն ու առասպելական ուժին: Նա ապրում է մահից հետո էլ՝ իբրև ազգային հերոսական ոգու դրսևորում. այս պարագան հաշվի առնելով թերևս կարելի է <<ներել>> գրողի ակնհայտ վրիպումը՝ Մարտիկին <<կռվի դաշտից>> շուտ հեռացնելը… 
Հանգամանալից անդրադարձ եղավ(բանախոս՝ Թեհմինա Մարության) հայ անվանի գրող, ՀՀԴ նշանավոր ներկայացուցիչ, սփյուռքում ճանաչված հասարակական գործիչ Ավետիս Ահարոնյանի՝ Անդրանիկին նվիրված ուշագրավ խոհագրությանը, որը հեղինակը շարադրել է զորավարի մահվան անմիջական ազդեցությամբ՝ խոհազգացական խորունկ դիտարկումներով ու բնութագրումներով կերտելով մեծ հայի ու մեծ զորավարի անզուգական դիմանկարը. մարդ, որի <<հնչուն ու խորհրդանիշ անունը դարձել էր ժողովրդական հերոսապատումի ավետարան, մարդ, որ վաղուց ժողովրդի համար դադարել էր անհատ լինելուց, որի գոյությունը լուծված էր մի մեծ ազգային գաղափարի մեջ>>: Անդրանիկի հետ Ա.Ահարոնյանը ծանոթացել էր 1904 թվականին Բաքվում՝ Նիկոլ Դումանի տանը, ուր նա առժամանակ բնակվում էր ծածուկ: Ահարոնյանը կուռք է համարում Անդրանիկին, կուռք, որ ժողովուրդն է կռել և ապա սահմանում է նրա անպարագիծ ժողովրդականության գաղտնիքը. <<Ժողովուրդները պաշտում են միմիայն նրանց, որոնք իրենց համար մեռնել գիտեն>>: Խոհագրության տարբեր գլուխներում Ահարոնյանը Սասունի Արծվին բացահայտում է նոր կողմից՝ առանձնացնելով մարդկային խառնվածքի ամենացայտուն, ամենաուժեղ գծերը, որոնց շնորհիվ <<ոչ միայն հայության, հապա և մեր թշնամի ցեղերի համար Անդրանիկ առասպելական աժդահա էր>>, թերություններն ու քմայքոտ վրիպումները, որոնք ժողովուրդը չտեսնելու տվեց. <<Երբ ժողովուրդը հոգին լայն բացած մօր պէս գրկում է իր հերոսի պատկերը, այնուհետև ոչ ոք եւ ոչինչ կարող է նսեմացնել նրա փառքի գեղեցկությունը>>, անափ հայրենաապաշտությունն ու ազգասիրությունը՝ <<նրան լսելիս մարդ զգում էր, որ համայն հայ ժողովուրդը այս անզուգական մարդու կրծքի տակ է ամփոփված, ինչպես ճուտերը թուխսի թևերի տակ>>, քանզի ինքը, համակ իր էությունը <<սեր էր հայ ազգի, կույր կատաղի, կրքոտ սեր>>… Տարակարծիք քննարկում ծավալվեց գրքի <<Դաշնակցություն և Անդրանիկ>> գլխում Ահարոնյանի սրաթափանց դիտարկումների շուրջ՝ կապված Անդրանիկի՝ <<սկզբից ի վեր առանձնահատուկ դաշնակցական>> լինելու որակումի ու դրան տրված հեղինակային ուրույն մեկնաբանությունների հետ: Մեծագույն կուսակցությունը Անդրանիկի համար Սասունի լեռներն ու ձորերն էին, որոնք էլ թելադրում էին մարտիկին իր անելիքը: Զորեղ անհատականության ու նույնքան հզոր կամքի տեր, իր ռազմական հազվագյուտ տաղանդին գիտակից, ժողովրդի անսահման սիրուն ու հավատին հենված՝ Անդրանիկը չէր կարող հանդուրժել որևէ հակակշիռ իր շարժումներին ու ծրագրերին: Ազգային Բյուրոյում ու Ազգային Խորհրդում նստած էին, ինչպես ինքն էր որակում, <<զանազան վարժապետներ եւ ոչ կարող զինվորականներ>>: Նա չէր կարողանում հանդուրժել, որ հայդուկային կռիվներ չվարած, Սասնա լեռները չչափչփած մարդկանցից պիտի կախում ունենա իր գնդի ոչ միայն պարենավորումն ու զինավորումը, այլև <<շարժումը>>: Ի՞նչ է նշանակում Անդրանիկի համար լինել դաշնակցական. Ահարոնյանը այսպես է տալիս հարցի պատասխանը. Անդրանիկը գիտի, որ իր կուսակցությունը միակն է, որ իր պես համոզված ու հավատով պայքարում է թուրք բռնապետության դեմ և <<այդ պատճառով ինքը Դաշնակցական է>>…, <<…Նրա մտածումներից միշտ վրիպեցին այդ օրերի ահագին քաղաքական դժուարութիւնները, երբեք չըմբռնեց իր թրի ոյժից դուրս որևէ գործոն>>: Ավելին, Ահարոնյանի կարծիքով՝ Անդրանիկը կուսակցություն ասվածը բնավ չէր էլ հասկանում, առավել ևս պետականություն ասվածը, որի մասին <<շատ թիւր ըմբռնում ուներ>>: Ահարոնյանը ցավ է հայտնում նաև Անդրանիկի՝ զորավար դառնալու իրողության շուրջ. Սասունի Արծիվը պատվանշանների պետք չուներ, նա արդեն իսկ զորագլուխ էր ծնվել և հայ ժողովուրդն իր հոգում նրան շատ ավելի բարձր պատվանդանի վրա էր դրել, քան կարող էր հասնել որևէ զորավար: Եվ ուշագրավ հետևությունը՝ <<Ազգային հերոսները պաշտոնական փայլ ու պատուից միշտ պէտք է ազատ մնան>>: Պարտիզանական կռիվների անզուգական առաջնորդի մեծագույն սխալը Ահարոնյանը համարում է առանձին գնդի հրամատարություն ստանձնելը: Զորավար Անդրանիկը միշտ վար մնաց Սասնա լեռների մենավոր ու սքանչելի հերոս Անդրանիկից…
Նոննա Միրզոյանը ներկայացրեց Սիամանթոյի <<Անդրանիկ>> բանաստեղծությունը՝ հետաքրքիր մանրամասներ հաղորդելով դրա գրության շարժառիթների մասին: 1905 թվականին, երբ Անդրանիկը հոդացավը բուժելու նպատակով գտնվում էր Ժնևում, ծանոթանում է Սիամանթոյի ու Դերենիկ Դեմիրճյանի հետ: Հանդիպումը չափազանց տպավորիչ է եղել Սիամանթոյի համար և այդպես հյուսվել է սքանչելի ներբողյանը: Բանաստեղծն այն զետեղել է <<Հայորդիներ>> շարքում, ուր սկզբից մինչև վերջ զարգանում է ազատագրական պայքարի թեման, որի գեղարվեստականացման հիմնական ձևը ըմբոստ, ապստամբ, դյուզացնական կերպարների ստեղծումն է: Համաժողովրդական մաքառումների գաղափարը մարմնավորող այդ հսկաները, որոնց թվում և Անդրանիկը, բանաստեղծի երևակայության մեջ բարձրանում են մարմարյա եզերքների վրա՝ ապառաժի նման կանգուն, գլուխները աստղերի մեջ մխրճած և հողի փրկության սիրով ոգեղինացած: 
Անդրանիկի կերպարը ոգեշնչել է նաև Հովհաննես Շիրազին, ով և հյուսել է սքանչելի պոեմներ՝ <<Արձան Անդրանիկի>>, <<Անդրանիկի սուրը>>, <<Սպիտակ ձիավորը Փարիզում>>: Դրանց շուրջ գեղեցիկ բանախոսությամբ հանդես եկավ Լիլիթ Մովսիսյանը՝ ուրվագծելով Շիրազի հայրենապատումի հոգևոր սահմանները, որոնք ներառում են ժողովրդի պատմությանը դեմք ու դիմագիծ տվող նվիրական անուններ: Նրանց պատմական սխրանքի գովերգումը Շիրազի հայրեներգության հիմնաքարերից է: Շիրազը քրիստոնեական խաչի փոխարեն դավանում էր Անդրանիկի սուրը, նրանից էր ետ ուզում կորցրած տարածքները, Մասիսը: <<Անդրանիկի սուրը>>-ը պոեմում, որը, ի դեպ, լույս է տեսել Շիրազի մահից հետո՝ 1991-ին, տեսիլային բանաստեղծը հանդիպում է Անդրանիկին, որ հիասթափված է, բողոքում է օտար հողում թաղված լինելու տխուր իրողությունից: Շիրազն ափսոսանքն է արտահայտում՝ <<Էլ հողն ինչպե՞ս թեթև լինի կրծքի վրա հայ դյուցազնի>>: Իսկ հետո կարծես ինքն իրեն մխիթարելով՝ ասում է՝ <<Քո տանջված աճյունն էլ օտար հողում չենք թողնի, Կոմիտասի պես քեզ էլ կբերենք հողն հայրենի>>... Եվ իրոք, Շիրազի բանաստեղծական <<խոստումը>> կատարվում է. 2000 թվականին Անդրանիկի աճյունը տեղափոխվում է Եռաբլուր: Լ.Մովսիսյանի ելույթն ուղեկցվեց քնարական տպավորիչ ընթերցումներով: 
Անուշ Էլյազյանն անդրադարձավ Անդրանիկի և նրա զինակիցների մասին մեր հայրենակից գրող Էդուարդ Զոհրաբյանի հեղինակած գեղարվեստակավավերագրական պատումներին, որոնք առանձին գրքով լույս են տեսել 2001 թվականին՝ <<Պատմություններ Անդրանիկի մասին>> խորագրով: Այդ հետաքրքրաշարժ պատմությունները, որոնցից քաղաբերումներ կատարեց բանախոսը, հուշագրված են 1918-1919 թվականների պատմահասարակական անցուդարձից, երբ զորավարը վիթխարի քաղաքական առաքելությամբ գտնվում էր Գորիսում: 
Ա.Բակունցի տուն-թանգարանի տնօրեն, պատմաբան Վարդան Սարգսյանը, իր անձնական նկատառումներն արտահայտելով քննարկվող նյութերի շուրջ, մասնագիտական-տեղեկատվական ծանրակշիռ հավելումներով ամբողջացրեց Անդրանիկի ռազմական գործունեության զանգեզուրյան շրջանը: 
Չանտեսվեց նաև ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, արձակագիր Արկադի Ծատուրյանի՝ ազգային հերոսի գեղարվեստական մարմնավորման փորձը <<Անդրանիկ>> խորագրով պատմվածքի շրջանակում, որով բացվում է նրա <<Ծուխ ծխանի>> ժողովածուն: Վավերական հիմք ունեցող այդ գրվածքի մասին խոսեց Արուս Հայրապետյանը՝ հանդիպմանը ներկա գտնվող հեղինակին ուղղելով մի քանի հարց՝ կապված պատմվածքի կենսահիմքի և պատմական-ժամանակագրական որոշ իրողությունների հետ: 
Ա.Ծատուրյանը, լուսաբանելով պատմվածքի գրության հետ կապված որոշ կենսահանգամանքներ, իրազեկեց նաև, որ Անդրանիկի մասին ունի դեռևս անտիպ մեկ ուրիշ ստեղծագործություն՝ շարադրված մի ուշագրավ հուշազրույցի հիմքով: Պատմվածքի նյութը, նախորդի պես, առնված է 1918 թվականի իրադարձերից, երբ Գորիսում գտնվող Անդրանիկը զորաջոկատը համալրելու նպատակով այցելել էր Խնձորեսկ և հայրենանվեր կոչով դիմել խնձորեսկցիներին: 
Քննարկվեց նաև հայ մեծանուն արձակագիր Սերո Խանզադյանի <<Անդրանիկ>> պատմավեպը. գեղարվեստական փայլուն մի կոթող՝ ասելիքի ու ոճի ինքնատիպությամբ, որը, սակայն, դուրս է մնացել գրականագիտության ուշադրությունից: <<Անդրանիկ>>-ը 20-րդ դարասկզբի պատմական իրողությունների հենքով հյուսված հերոսապատում է կենդանության օրոք լեգենդ ու երգ դարձած նվիրյալ զորավարի մասին, մեկը այն ազգային հերոսներից, որոնք ժողովրդի հիշողության մեջ կուսակցական պատկանելությամբ չեն մնում, պարզապես անմահանում են մի կարճ անունով՝ Անդրանիկ… Գրողը ներկայացնում է հեքիաթային փյունիկի պես կրակներից բազմիցս հառնած հայի ու ազատ Հայաստանի իր պատկերացումը, որի համար կռվում է Անդրանիկը՝ հայի հերոսական ու ազատաբաղձ ոգու խտացումը: Վեպն արժեքավոր է որպես դարասկզբի հայոց ազատամարտի նվաճումների ու վրիպումների, դրանց պատմաքաղաքական արմատների ու հետևանքների քննության, մեկնաբանության փորձ: Անդրանիկի կերպարում խտացված է հայ ժողովրդի ապրելու ու հարատևելու կամքը: Վեպում նոր կողմերով են բացվում Խանզադյանի պատմափիլիսոփայական հայացքները, որոնց սևեռակետը այս դեպքում ազատագրական պայքարի գաղափարախոսությունն է և դրա արմատավորման անհրաժեշտությունը ժամանակի հանրային գիտակցության մեջ: Պատմական միջավայրի պատկերման առանձնահատկություններն ու կերպարակերտման չափանիշները ծառայում են գեղագիտական այդ առաջադրույթին: <<Ունկնդրե ձայնիս>>,-գրում է Խանզադյանը նախախոսքում և, հույս հայտնելով, պարզաբանում. <<Մեծ ցավի ծնունդ է այս գիրքը: Կարդացե՛ք ու զգաստացե՛ք, մարդի՛կ: Գուցե սա օգնի ձեզ, որ կանխեք ձեր գլխին ևս ծանրացող պատուհասները և ոչ թե <<գալուց հետո դիմակայեք>>: 
Հանդիպման վերջում անդրադարձ կատարվեց նաև Անդրանիկ Օզանյան-Հովհաննես Թումանյան մեծ հոգիների մեծ բարեկամության ուշարժան մանրամասներին(բանախոս՝ Անի Մկրտչյան): 
Թումանյանին և Անդրանիկին ծանոթացրել էր հայ ազատագրական պայքարի մարտիկ սևաքերցի Սաքոն 1904 թվականին: Առաջին տեսակցությունից անմիջապես հետո նրանք դարձան մտերիմ բարեկամներ: Քաջությամբ, անձնազոհ, վիթխարի հայրենասիրությամբ մեկմեկու չզիջող երկու մեծ հայերը շատ էին սիրում միմյանց: Երկուսն էլ անզուգական պատմող էին: Անդրանիկը Թումանյանին պատմում էր ոչ միայն իր կռիվներից: Նրա պատմած մրջյունի ու մոծակի մասին առակի, ավելի ճիշտ՝ դրա <<սասունցիական վարիանտի>>(Վ.Թոթովենց) հիման վրա է բանաստեղծը գրել իր <<Մոծակն ու մրջյունը>>: Անդրանիկն այդ առակը Թումանյանին պատմել է Թոթովենցի ներկայությամբ, ով և հուշագրել է զրույցը. <<Գործ>> ամսագրում տպված այդ առակը գրեթե Անդրանիկի պատմածն էր, բայց մեծ վարպետի կնիքով>>,-գրում է Թոթովենցը: Երկար խոսում էին իրար հետ զորավարն ու բանաստեղծը, մեկը Լոռվա բանահյուսական գոհարներն էր մատուցում, մյուսը՝ Սասնա գոհարները: <<Ի վերջո նրանք եկան այն եզրակացության, որ լոռեցիք սասունցիներն են եղել: Այս ուղղությամբ Թումանյանը շատ պրպտումներ արավ, բայց հաջողությամբ չպսակվեցին նրա ջանքերը>>,- վկայում է Թոթովենցը: 
1917 թվականի դեկտեմբերին, երբ Առաջին համաշխարահային պատերազմին մասնակցող Թուրքիան և Ռուսաստանը զինադադար կնքեցին, դարձյալ օրակարգում հայտնվեց հայ ժողովրդի լինել-չլինելու խնդիրը: Զինադադարը ձեռնտու էր թուրքերին, որոնք, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, շտապում էին արյունալի հաշվեհարդար տեսնել անզեն ու անպաշտպան հայ բնակչության հետ: Երկրապահ զորամաս կազմելու անհրաժեշտություն է առաջանում: Այդ զորամասը գլխավորելու ամենաարժանի թեկնածուն այդ պահին Անդրանիկն էր, սակայն շատերը կարծում էին, որ նրա նշանակումը ավելի կգրգռի թուրքերին, որոնք վախենում էին հայ զորավարից: Ոմանք էլ համոզված էին, որ Անդրանիկը չի կարողանա դիմակայել թուրքական կազմակերպված բանակին: Մի օր Անդրանիկը զինված ներկայանում է Կովկասի գլխավոր հրամանատարին և հայտարարում, որ պատրաստ է ռազմաճակատ մեկնել որպես հասարակ զինվոր: Անդրանիկի այդ վճռականությունն ու մտադրությունը այնքան են ցնցում ռուսական բանակի հրամատարությանը, որ անմիջապես որոշում է կայացվում նրան Հայաստանի երկրապահ զորամասի գլխավոր հրամանատար նշանակել: 
Նույն օրերին Անդրանիկը դիմում է հայ ժողովրդին բոցաշունչ, սրտառուչ կոչով: Այն հրապարակվում է թերթերում և ցրվում է թռուցիկների ձևով: Կոչը մեծ հայրենասերի տագնապի ու ցասման խոսքն էր, որն արտահայտում էր ժամանակի հրամայականը՝ ազգովի համախմբվել ու ազատել, փրկել մի նոր վտանգի առջև կանգնած հազարավոր հայերի կյանքը: Անդրանիկի հայրենասիրական կոչին առաջինն արձագանքեց Հովհաննես Թումանյանը: Կոչի հրապարակման հաջորդ օրը <<Հայաստան>> օրաթերթում տպագրվեց բանաստեղծի բաց նամակը Անդրանիկին: Ամենայն Հայոց Բանաստեղծը շտապում է իր անձնական օրինակով ոգևորել հայրենակիցներին և իր հերթին մի նոր կոչով է դիմում հայ ժողովրդին: <<Սիրելի՛ Անդրանիկ,-գրում է Թումանյանը,- ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե՛ վերահաս վտանգը կանխելու, և թե՛ բաղձալի խախաղությանը հասնելու համար: Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն: Ես էլ, անշուշտ, սրանից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայել, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավուքներն ու ազատությունը: Ես անսահման հավատարիմ քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձառությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանն ու զինվորական բարձր տաղանդին և պատրաստ գալու, ուր կկոչի քո եղբայրական ձայնը՝ համբուրում եմ հերոսական ճակատդ:
Միշտ քո Հովհաննես Թումանյան>>: 
Իր բաց նամակը Թումանյանը ավարտում է հետևյալ հետգրությամբ. <<Սրա հետ միասին, որովհետև ես էն կարծիքին եմ, որ ամեն մի հայ այժմ պետք է իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին>>: 
Անդրանիկը նույնպես բարձր է գնահատում իր մեծանուն ընկերոջ օրինակելի նախաձեռնությանը և օրեր անց արձագանքում է բանաստեղծին՝ հրապարակելով երախտագիտությամբ լեցուն պատասխան նամակ, որտեղ գրում է. <<Պետք է մոռնանք պահ մը գրիչը, փոխարինելով սուրին, ստեղծելու համար հայրենիքը, որուն խաղաղ ծոցին մեջ միայն կը ծաղկի գեղարվեստի կյանքը>>: 
Մեր ազգային հերոսների, որոնց թվում և Անդրանիկի մասին գրված գեղարվեստական պատումները հայ գրականության ոսկե էջերից են և մի շարք կողմերով շահեկան ընթերցանության համար, քանզի մերօրյա երիտասարդությանը նույնպես պետք է տոգորել այդ բացառիկ հայորդիների գերհերոսական ոգով, բռնության հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքով, հայրենիքի ճակատագիրը կերտելու, նրա ազատությունն ու անկախությունը պահպանելու հզոր պատրաստակամությամբ ու կամքով:








































Комментариев нет:

Отправить комментарий