30.08.2014

ՆՈՐ ԱՆՈՒՆ ՀԱՄԱՍՏԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

2014 թվականի հունիսի 18-ին ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի 012 մասնագիտական խորհրդում տեղի ունեցավ մեր հայրենակցուհի, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայցորդ Լիլիթ Թունյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որի արդյունքում նրան շնորհվեց բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Գրականության տեսություն» (Ժ.01.04) մասնագիտությամբ: 
Լիլիթ Թունյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 28-ին Գորիսում: Միջնակարգ կրթություն ստացել է Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցում: 2004-2010 թվականների ընթացքում սովորել է Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատում, ապա՝ նույն բաժնի մագիստրատուրայում՝ ավարտելով գերազանցության դիպլոմներով: 2010 թվականին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «Գրականության տեսություն» բաժնում ձևակերպվել է որպես հայցորդ և բ.գ.դ., պրոֆեսոր Կիմ Աղաբեկյանի ղեկավարությամբ մինչև 2014 թվականը աշխատել «Համաստեղի արձակի պոետիկան» թեմայով ատենախոսության վրա, որի փայլուն պաշտպանությամբ էլ, ի վերջո, նա ստացավ իր հայցած գիտական աստիճանը:
Ինչպես նշեցինք, Լ.Թունյանի ատենախոսության ուսումնասիրության առարկան սփյուռքահայ գրականության երախտառատ դեմքերից մեկի՝ Համաստեղի գեղարվեստական արձակի պոետիկայի քննությունն է: Ուսումնասիրողի առաջադիր նպատակն է եղել Համաստեղի ստեղծագործությունը դիտարկել նոր լույսի տակ, առանձնացնել ու ամբողջացնել գեղարվեստական այն արժեհամակարգը, որով նրա ստեղծագործությունը պահպանում է իր զգալի դերը հայապահպանության գործում: 
«Գրական աշխարհ մուտք գործելու առաջին իսկ տարիներից(1920-ական թվականներ) Համաստեղի ստեղծագործությունը եղել է գրասեր հասարակության ուշադրության ներքո: Առավելապես հոդվածների, նամակների, տվյալ մշակութային ժամանակաշրջանը ներկայացնող աշխատությունների տեսքով են արվեստի մշակներն արտահայտել իրենց կարծիքը Համաստեղի ստեղծագործության, արտահայտած թեմաների, հարցադրումների արդիականության, արվեստի և այլնի վերաբերյալ:...Համաստեղի գրական ժառանգության ուսումնասիրության գործում անգնահատելի են Գ.Շահինյանի «Համաստեղ» (Բեյրութ, 1961) և Մ.Խաչատրյանի «Համաստեղի ստեղծագործությունը» (Ե., 2004) մենագրությունները»,- բանաձևում է Լ.Թունյանը՝ ատենախոության սեղմագրում անդրադառնալով թեմայի մշակվածության ու գիտական նորույթի հարցերին: Ըստ նրա՝ թեև նշված մենագրություններում գրականագետները անդրադարձել են Համաստեղի արձակի տեսական հիմնախնդիրներին, սակայն չկա գրողի արձակի արվեստի վերաբերյալ ամբողջական ուսումնասիրություն: Ահա և համաստեղագիտության նոր նվաճումը՝  Լիլիթ Թունյանի գիտական պրպտումների խորապես գնահատելի արդյունքով: 
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սփյուռքահայ գրականության ամբիոնի վարիչ Վազգեն Գաբրիելյանը, որպես Լ.Թունյանի պաշտոնական ընդդիմախոս, գրում է. «Այն, որ այսօր Լիլիթ Թունյանը խնդիր է դրել առանձին, ամբողջական մի տեքստով անդրադառնալ Համաստեղի՝ շատերի կողմից պարզապես նկատված, արվեստի բնորոշ առանձնահատկություններին, մանրամասնել օրինակներով, նաև հավելել իր կողմից դիտարկված հատկանիշներով, անշուշտ խրախուսելի է, և գնահատելի է նրա ուսումնասիրությունը՝ «Համաստեղի արձակի պոետիկան»»
Նշենք նաև, որ Լ.Թունյանի թեկնածուական ատենախոսության հիմնադրույթները հրապարակվել են երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովներում, տպագրվել է թեմային վերաբերող երեք հոդված: (Լ.Թունյանի հոդվածներից կարող եք կարդալ մեր կայքի առաջիկա հրապարակումներում): 
«Միրհավ» գրական խմբակը ի սրտե շնորհավորում է Լիլիթ Թունյանին՝ վաստակած գիտական աստիճանի առթիվ և մաղթում նորանոր նվաճումներ գրականագիտության ասպարեզում: 

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, 
ԳՊՀ-ի ՀԼԳ ամբիոնի դոցենտ




  

Комментариев нет:

Отправить комментарий