30.03.2015

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ / Եվ խավար խրճիթում լսվում է աշխարհը մի հեքիաթով դրախտ դարձնող մոր ձայնը...

Ասուր... Սկզբում այդպես փաղաքշանքով նրան կոչում է միայն մայրը: Դա տաք շոր է, մութ խրճիթում լույս է, և տոնական օրերի նվերներ է: Դա և մոր բերանից հնչող բառ է, որ այս տառապանքներով, տագնապներով լցված աշխարհում ոգևորում է մի երեխայի, որին ոչ ոք ոչնչով չի ոգևորում: 
Նա ծնվել է առաջին համաշխարհային պատերազմին և հիմա վեց տարեկան է՝ դեռ կռիվների մեջ է: Եթե հաշվենք, որ Ասուրի համար աշխարհն իրենց գյուղն է, ապա այդ աշխարհում ամեն օր կրակոցներ կան, մեղադրանքներ կան և պատիժներ: Բազմաթիվ անգամ է նա տեսել, թե ինչպես մարդկանց մարդիկ մտրակահարում են այնպես, որ մտրակի ու հարվածի տեղից արյուն է կաթում, և մարդը ուղղակի ցրիվ է գալիս հարվածներից: Տեսել է, թե ինչպես կանգնեցնում են, կրակում, ընկնում են մարդիկ, մարդիկ թույլ չեն տալիս, որ ընկածների երեխաները նրանց վրա լաց լինեն, և թույլ չեն տալիս, որ այդ սպանվածները գերեզման ունենան:

23.03.2015

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ - ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ»

Հայոց ազգային-ազատագրական պայքարի պատմությունը հարուստ է բազմաթիվ փառավոր անուններով, որոնց շարքում, որպես անզուգական ազգային հերոս, առանձնանում է Անդրանիկը: Նա, իրապես, մեր պատմության բոլոր ժամանակների մեծագույն, չգերազանցված կոթողն է: 
Փետրվարի 25-ին լրացավ մեծ հայդուկապետի ծննդյան 150-ամյակը, ինչի առթիվ Գորիսում՝ նրա հուշարձան-կիսանդրու մոտ տեղի ունեցած ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությամբ մեկարկեցին նշանավոր հոբելյանին նվիրված միջոցառումները: 
Օրերս պանծալի հային նվիրված միջոցառում էր կազմակերպել նաև <<Միրհավ>> գրական ակումբը՝ հրավիրելով կլոր սեղան-քննարկում՝ <<Անդրանիկ Օզանյանի գրական կերպավորումները>> թեմայով: 
Անդրանիկի կյանքը ինքնին մի փառահեղ, աներևակայելի հերոսապատում է. նրա լեգենդային կերպարը գրական ներշնչումների է տարել բազմաթիվ հայ գրողների (Վ.Թոթովենց, Համաստեղ, Կ.Զարյան, Ա.Ահարոնյան, Ա.Յարճանյան, Ս.Սիմոնյան, Խ.Դաշտենց, Հ.Շիրազ, Ս.Խանզադյան և ուրիշներ), որոնք ազատագրական պայքարի ընդհանուր ֆոնի վրա կամ առանձին դիմանկարային շեշտադրումներով անդրադարձել են այդ մեծահամբավ հայորդուն ու նրա պատմական վիթխարի դերակատարության արժևորմանը:

17.03.2015

ՀԱՅԿՈՒՇ ՕՀԱՆՅԱՆ / Գորիս իմ թախծոտ, անձրևոտ ու տաք...

Բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Հայկուշ Օհանյանը ծնվել է 1958 թվականին, Գորիսում: Ապրում և ստեղծագործում է Երևանում: Նրա հեղինակած <<Ճերմակ աղավնիներ>>, <<Սրտիս ձայնը>>, <<Հույսի ծառերը կխոսեն դարերում>>, <<Սյունյաց աշխարհի թագավորությունը>>, <<Գանձասարը>>, <<Լուսե հեքիաթներ>> և մյուս գրքերը վաղուց բռնել են ընթերցողի հուզաշխարհի հետ հարազատություն պահող ոսկե երակը: Դրանցից շատերը արդի մանկագրության փայլուն էջերից են և արժանացել են բարձր գնահատության:
Հայկուշ Օհանյանի գրական աշխարհը ուրիշ մի որակ ունի, որ խոսում է ոչ միայն ներաշխարհային առատ հուզապրումների գեղեցկության, խոհական-զգացական սևեռումների կարևորության, այլև՝ ստեղծագործական ակնհայտ շնորհի և օժտվածության մասին: 
Հայկուշ Օհանյանի բանաստեղծական աշխարհի արահետներին չնաշխարհիկ ծաղիկներ կան, իսկապես ապրող ու շնչող ծաղիկներ: Երբ բացվում է հոգուդ ծաղիկը, ծաղկաբույրից խենթացած՝ հաճախ ես քայլելիս զգում, որ ոտքերդ գետնից վեր են... Այդ պահերին է, որ գրողը ծաղկող է դառում և գիր-ծաղիկներ շաղում գրքի էջերին... Բառի, պատկերի խորհուրդն իր ողջ չափումով ընկալող բանաստեղծ է Հայկուշ Օհանյանը, նրա պոեզիան իր իսկ լուսավոր, գեղապաշտ ու արվեստասեր հոգու հայելին է:
Ներկայացնում ենք  բանաստեղծություններ <<Սրտիս ձայնը>>(1997) ժողովածուից:

04.03.2015

ԱՊԵՏՆԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Գարնան և զարթոնքի նվագներ

<<Հնարներ որոնելու վարպետ է, ինչի համար տեսակավորել ու ստեղծել է իր ոգեղեն բառատաղձը՝ լի հնչեղությամբ, ներքին երաժշտականությամբ ու ալիտերացիայով: Ինքն իրեն չի ստիպում նման գունեղություն տալու բանաստեղծությանը. դրանք ինքնաբուխ են, միս ու արյուն են առել դեռևս պատանեկան տարիներից ու հարստանալով դարձել Հայոց աշխարհի ու հայրենի եզերքի արարչության բացահայտման քնարահույզ ելևէջներն ու ինքնատիպ նվագները>>: 
Շահանե Գրիգորյան



ՄԱՂԹԱՆՔ

Թող ծաղկուն լինի գարունդ,
Դաշտերդ ծայրեծայր հերկվեն,
Հոտևան լինի բուրումբ,
Հավքերդ եռաձայն երգեն:
Հունդերդ ավիշով լցվեն,
Բռնվեն երկունքի դողով,
Մանկան ժպիտի պես բացվեն
Ու շիկնեն արևի շողով:
Իսկ հետո գժվեն, խենթանան,
Ու ծփան դաշտերդ հուռթի,
Բոլորիս անեն խելքահան,
Ու բացվեն դռները գութի:

01.03.2015

ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ / Ի լուր արտույտին, որ կերգե բարձրը...

Դալարագեղ մանկություն, այս է ահավասիկ ուրախությունը:
Ահա կրկին փոփոխություն է եղանակի ու արյունս, ինչպես ամեն տարի, գարնան առաջին ամսուն, խենթացած է իր բերկրութենեն: Հիշատակն իսկ նորածին ուլերուն, մաքիներու հղի աչքերուն, ուր կը զգայիր աղապատանքը նորածագ մայրության մը, կովերու բառաչին եղերական փողոցներու մեջ ու ցորենի բարձրացող ծիլերուն, կը բավե, որպեսզի պոռալու խելագար ծարավ մը պատռե կոկորդս:
Որքան մերձ, անմիջական ու քաղցր ես, դալարագեղ մանկություն: Կըսեմ ահա փոփոխություն է եղանակի ու արյունս քեզ զորությամբ կը հիշե: Ահա գյուղաքաղաքը կը զարթնու կրկին, առավոտյան կապույտ մշուշին մեջ ու դուն կը հետևիս կիրակի առավոտով, արորին լուսացայտ հետքերուն: 
Արտի եզերքի դալարիքներուն վրա սարյակները խենթ ճիչերով գարնան հաղթանակը կերգեն: Ամբողջ հողը կը ծխա, զի նորազարթ արեգակը շեշտ իր ճառագայթները կը խրե մայր երկրին ծոցը: Եզներու պիրկ ու քաջ գավակները կը պրկվին այդ հրաշալի ճիգեն ու ակոս առ ակոս երկիրը կը պատռվի: Վայրկյաններ կան, որ այդ բարի անասուններուն ողնասյունը կը կորանա, որովհետև ծանր է հողին բեռը ու հողին շողուն շերտերին մեջ՝ խոփին ցոլացող դանակը կը հանդիպի շնատամի աներես արմատներու: