21.03.2014

ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆ / Բանաստեղծություններ

Ալբերտ Իսաջանյանը ծնվել է 1937 թվականի նոյեմբերի 2-ին Գորիսի շրջանի Հալիձոր գյուղում: 16 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով դարձել է հաշմանդամ և ցմահ գամվել անկողնուն: 1960 թվականին ավարտել է (էքստեռն) Գորիսի շրջանի Քարահունջ գյուղի միջնակարգ դպրոցը: Առաջին անգամ տպագրվել է «Ավանգարդ» թերթում: 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Հրատարակել է «Ծաղկե կամուրջ» (1965), «Ծաղիկ իմ հեռավոր» (1977) բանաստեղծական ժողովածուները, «Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել»(1971) վիպակը: Մահացել է 1983 թվականի ապրիլի 29-ին: Թաղված է Քարահունջ գյուղում: 

***
Շարունակ ինչ-որ բան էին ասում
թռչունները ինձ,
ինձ չէին խաբում, ոչ էլ երազում
մղձավանջի պես իմ սիրտը կտցում:

Շարունակ ինչ-որ բան էին ասում
թռչունները ինձ,
որ ապրում էին իրենց բներում,
ինձ մերձ հարևան ու սահմանակից:

Բայց ես այնպես էլ չսովորեցի,-
անաղմուկ ահով,
անաղմուկ ցավով ես թռչունների
ապրելն այնպես էլ չսովորեցի՜...

19.03.2014

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ / «Հայրենիքը մեկն է լինում և ընդմիշտ...»


Էդ անտեր ծննդավայրի կարոտն ուրիշ է: Որտեղ գնում, ուր էլ լինում եմ, միևնույն է, ուշքս ու միտքս մի բանի վրա է՝ ե՞րբ պիտի լինեմ իմ Զանգեզուրում, իմ գյուղում: Երբ պիտի հայտնվեմ ինձ հարազատ մարդկանց շրջապատում: Չգիտեմ ով ինչպես, բայց ես ոնց որ կախարդված լինեմ: Զարմանալի բան է: Ինձ բախտ է վիճակվել լինել աշխարհի զանազան երկրներում: Հազար բան եմ տեսել, հազար-հազար մարդկանց եմ հանդիպել, բայց այն ամենը, ինչը կապված է եղել իմ ծննդավայրի հետ, աչքիս առջևից չի հեռացել: 
Լիբանանում, Ռուսաստանում, թե Ֆրանսիայում քնիս մեջ ծննդավայրիս մասին էի երազ տեսնում: Փարիզի շքեզ լույսերը չքանում էին աչքիցս և իմ դեմ հառնում էր մանկությանս ուրվականը: Ռուսի, ֆրանսիացու, իտալացու մեջ ես հայ էի փնտրում, զանգեզուրյան պատկերներ էի պեղում Հռոմի, Վարշավայի, Բեռլինի փողոցներում: 
Դե արի ու բացատրիր, թե սա ի՞նչ է: Նախնյաց արյան կա՞նչ, մարդու հոգու անբացատրելի հատկությու՞ն, թե՞մարդուն դեռևս անհայտ մի աստվածային շնորհ:

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ / Ռազմաճակատային պատմվածքներ

ԱՌԱՋԻՆ ԹՆԴԱՆՈԹԸ

Զենք է հարկավոր…
Թշնամին Գորիսն ու շրջանի գյուղերը ավերում է: Տանկ ու թնդանոթ դրած՝ հողին է հավասարեցնում մարդկանց տարիների վաստակը: Իսկ մենք զենք չունենք: Հասարակ հրացան չկա, որ տաս մարդու ձեռքը և ասես՝ հայրենիքդ պաշտպանիր: Խորհրդային բանակն էլ եկել ու բոլոր եղած զենքերը հավաքել-տարել է: 
Սանոն տղաներից մի քանիսին կարգադրել է զենք փնտրել հին գյուղի ավերակներում: Ինչքան չլինի մեր նախնիները զենք թաքցրած կլինեին պատերի ճեղքերում, հողի տակ, այր-քարայրներում: Առաջին անգամ չէ: Մարդիկ են եղել, որ մարագների ու ժայռե կացարանների մեջ զենքերի տարբեր տեսակներ են գտել…Սա հո նո՞ր կռիվ չէ թուրքերի դեմ: Շարունակ եղել է այս կռիվը, ու մեր պապերը խոփը բռնած ձեռքով սուր էլ են կռել: Սա մեր պապերի ու ապուպապերի կռիվների շարունակությունն է: Սա մեր կռիվն է, մեր գոյության կռիվը: Պիտի պաշտպանենք մեր հացը, որ մեր ձեռքից չխլեն, պիտի զինվոր լինենք, որ մեր կանանց ու աղջիկներին եսիր չտանեն, պիտի զենq ունենանք, որ մեզ հաշվի առնեն ու մեզ կոխ չտան: Պիտի կաղնու պես ամուր լինենք, որ մեզ մեր հողից չկարողանան պոկել: Մեզ միայն մենք կարող ենք պաշտպանել: 

15.03.2014

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՈՎ / Նովելներ

1935 թվականի մարտի 15–ին Մոսկվայում ծնվել է մեծահռչակ հայ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովը։ Քչերը գիտեն, որ նա բացի հանճարեղ ծաղրածու լինելուց, գրել է նաև գեղեցիկ նովելներ
Ենգիբարովի ծննդյան օրվա կապակցությամբ ներկայացնում ենք նրա նովելներից մի քանիսը: 

ԱՂՋԿԱՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԹՌՉԵԼ
Դու մի՛ վախեցիր։ Քեզ հետ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։ Եթե մի պահ նրանցից մեկը կանգ առնի, ապա կողքին կբաբախի երկրորդը։

14.03.2014

ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ/Բառիմաստների փոխներթափանցման տիպաբանությունը բանաստեղծական տեքստում

§Բառերը պիտի զարմանան միմյանց հարևանությունից¦
ՀՈՐԱՑԻՈՒՍ
Իրականության միևնույն ազդակները գեղարվեստական ստեղծագործության ներքին և արտաքին մակարդակներում պահանջում են լեզվական տարբեր միավորներ, ըստ այդմ նաև` բառիմաստի ծավալման տարբեր գործառույթներ, որոնք էլ սահմանում են ստեղծագործության ինֆորմացիոն դաշտի տարածությունը: Իրենց անտեսանելի հարաբերություններում բառերը ձեռք են բերում իմաստային նոր կոնցեպցիաներ, որոնց ստեղծած հոգեբանական իրադրությունից դուրս են մղվում նույն այդ բառերի նախնական ազդակները` որպես ավելորդ գործակիցներ: Ստեղծագործության գեղագիտական, հոգեբանական-փիլիսոփայական ուղղվածությունը պայմանավորված է բառիմաստային փոխներթափանցումներում ինֆորմացիայի մշակման  գործընթացով, մեթոդներով ու եղանակներով, որոնք (մասնավորապես պոեզիայում) իրագործվում են միկրոպլանային համակարգով` ածանցելով արտատեքստային բոլոր այն տարրերը, որոնք նախապես սնել էին ենթատեքստի գաղտնիքը:

13.03.2014

ՔԱՂՎԱԾՔ ՄԱՄՈՒԼԻՑ/ Հարցազրույց գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ

«ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԻ ՄԻ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ Է ԳՏՆՈՒՄ»

-Թուրքիայում բարձրացվում է Չարենցի տան վաճառքի հարցը, մինչդեռ պարզվում է` տան հասցեն հստակ չէ: Շրջանառվում է տան հասցեի երկու տարբերակ:

-
Ոչ թե երկու, այլ շատ հասցեներ են շրջանառվում: Չարենցի ընտանիքը Կարսում մի քանի տուն է ունեցել, նախ` պետք է հստակեցնել` ո՞ր տունն ենք որոնում: Որքան հասկանում եմ` մարդիկ ուզում են նախ և առաջ գտնել այն տունը, որտեղ Չարենցը ծնվել է: Հստակեցնելու խնդիր այս դեպքում չկա, որովհետև կան ճշգրիտ հասցեն ու տեղի նկարագրությունը:

-
Հնարավո՞ր է գտնել տունը, եթե հասցեների նկարագրություններ կան, բայց դրանք փոխվել են:

ՍՈՆԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ /«Ես անսացի միայն իմ հանճարի ձայնին...»

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ազգային արժեհամակարգը, որի գիտակցումը բերում է ազգի հարատևության: Մեր ժողովուրդի ազգային արժեքների շարքում աներկրորդելի բացառիկությամբ առանձնանում է Եղիշե Չարենցը: Նա իր մեջ ամփոփում է կյանքի հավերժության ու «լույսի ճանապարհի» ամբողջ գաղտնիքը: Ի՜նչ կատարյալ է անքննելին: Մի պահ, մի ակնթարթ, ու հանճարը՝ որպես գոյարդեն ճշմարտություն է: Ս.Ցվայգը սահմանում է. «Միլիոնավոր մարդկանցից, որ ժողովուրդ են կազմում, ծնվում է միայն մի հանճար, ապարդյուն անցնող միլիոնավոր ժամերից միայն մեկն է դառնում իրոք պատմական: Եվ դա մարդկության աստեղային ժամն է»: Հայ ժողովրդի համար այդ աստեղային ժամերից մեկը  1897 թվականի մարտի 13-ն էր:

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է


ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԿԱՑԻՆ 

Ես ներշնչված արեգակով
Տենչում էի այգաբացին,
Սակայն եղավ նա մեզ համար
Միջնադարյան սրած կացին:
Եվ գլուխներ թռան պայծառ - 
Կացնի զարկից այդ մահաբեր,
Արյունատենչ ու արնավառ
Դահիճը իր գահին է դեռ:
Նա մորթոտված գլուխների 
Ուղեղներն է միայն ծամում,
Եվ մոլեգնում է վիթխարի
Մեր երկրին դառած սամում: 

12.03.2014

ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / Բանաստեղծություններ

Նարե Հովհաննիսյանը ծնվել է 1983 թվականին Գորիսում:  Ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, ապա Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժինը: Բանասիրական կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում (2008-2010): Աշխատել է Գորիսի «Լաստ» հեռուստատեսությունում` որպես հեռուստալրագրող, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում` որպես հանդիսավար: Դպրոցական և ուսանողական տարիներին անդամակցել է Գորիսի «Անակնկալ» մանկապատանեկան կենտրոնին, «Պարմանի» և «Թթենի» ակումբներին, «Գորիսի ստեղծագործողներ» հասարակական կազմակերպությանը:
Թղթակցել է «Առավոտ» օրաթերթին, www.amsagir.am էլեկտրոնային կայքին: 
Բանաստեղծությունները տպագրվել են «Կանչ», «Զանգեզուր», «Հորիզոն», «Պոլիտեխնիկ», «Գրեթերթ» և այլ պարբերականներում, «Նոր դար», «Հայոց լեզու և գրականություն», «Նարցիս» ամսագրերում:
2006թ. տպագրվել է Նարե Հովհաննիսյանի «Իմ արյունը թարմ է» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն: 2011թ. նրա բանաստեղծությունները ընդգրկվել են Հայաստանի գրողների միության և Սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ», իսկ 2013-ին` «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիաներում:


***
Ողկույզը տապից մայրացել է,
մանկացել է մայրամուտի կտավին,
և բերկրանքն իր երգել է այգեկութի վանկերով՝
գինդեգինդ և առլեցուն,
հասունությամբ խաղացել խտղտանքն իր խաղողե,
ժողովարան է դարձել խաղալիքե օրերի:
Մայրամուտի կտավին ողջը եղել է արբանք,
և գինդավոր իր եռքով վազի թունդն է ափեափ
հեղել հոգիս պարսկական:
Եվ խաղող է իմ հոգում,
այգեկութն է իմ հոգու
մայրամուտի կտավին մայրացել ու մանկացել.
ի՜նչ մանուկ է լինելու Արևելքը վաղվանից,
և հոգի՜ է բուրելու այգաբացը վաղվանից: