31.01.2014

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ / Մտածումներ արվեստի և գրականության մասին





Կարևորագու՛յնը արվեստի մեջ. սիրել խանդագին, բացարձակ, անսահման սիրով: Սիրել օրերի և երևույթների ամբողջությունը իրենց իսկության և խորհուրդի մեջ, և միաձայն թրթռալ տարրերի, ծաղիկների, ջուրերի, բուրումների հետ: Ու սիրո ժամին լսել իր հոգին, և խառնիխուռն ձայների մեջ կարողանալ նշմարել սկիզբնասկիզբ հնչյունները, նշանաբան դաշնակությունները և ամբողջական երաժշտությունը: Կարողանալ ղեկավարել իր հոգու խմբերգը և ծնծղաների դղրդոցի մեջ քաղել լռությունները, - այդ է արվեստը: 

Մշակույթը … հոգեկան արկածախնդրություն է, վսեմ մի խենթություն, որով տիեզերքը գալիս գտնում է իր իմաստը: Մշակույթը պահանջում է մեծ ճիգ, հավատք և զոհաբերություն` առաքինություններ, որով հայ ժողովուրդը լիովին օժտված է: 

Իսկական արվեստը ստեղծում է` բնավորություններից և հոգիներից գաղտնի գիծերով առած, նոր բարոյական մթնոլորտ, նոր իրականություն, որին հավատում ենք ու ընդունում իբրև ճշմարտություն, որովհետև նա հոգեղինացած, բյուրեղացած, աստվածային շունչով օծված մի իրականություն է, որ մեզ ավելի մոտ է ու սիրելի, քան մեզ շրջապատող կյանքն իսկ:  
Արվեստը կյանքի առջևից է քայլում և լուսավորում ապագան: Այն գերազանցորեն գիտություն է ու գերագույն իրականություն: 

Ուժական արվեստը պետք է որ ամենեն ավելի ուղղակի արտահայտությունը ըլլա իրականի շարժումին, պետք է որ ոգեկոչե հոգվույն խորհուրդները, և տիեզերական համերգությունը, և զգայնացնելով ամեն ինչ, պետք է որ հայտնատեսության միջոցով թափանցե Ապագայի պատրանքներու վսեմ կրկներևույթներուն մեջ: 

27.01.2014

ԳՐԱԿԱՆ ԳՈՐԻՍ/ Տիգրան Գրիգորյան

«Նրա յուրաքանչյուր գործ ապրված տառապանք է՝ բյուրեղացած իբրև բանաստեղծական գեղեցկություն»:

                                          ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ

ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ԱՂԵՐՍ

Ցերեկը՝ լու՛յս լինի,
Երեկոն՝ հու՛յս լինի,
Գիշերը՝ կա՜նչ...

Քեզ ականջ դնո՛ղ լինի,
Աստղադո՜ղ... ու հող լինի,
Բի՜լ երազանք...

Հոգիդ անքե՛ն լինի,
Հավատդ՝ շե՜ն լինի,
Կյանքդ՝ հորձանք:

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Մեղքդ հույզերի անմահությունն էր...
Կյանքդ՝ խելահեղ խայտա՜նքը նրա,
Միտքդ միշտ խղճի թարգմանությունն եր,
Խելառ պոռթկումդ՝ երդու՛մը նրա:

Վիշտդ ճշտության անճարությու՜նն էր...
Արդարությունը՝ հավա՜տդ չքնաղ,
Իղձդ երազի խաղաղությու՜նն էր...
Սմքած թախիծդ՝ հեքիաթը նրա:

Հույսդ անընդհա՜տ Աստծուն մերվելն էր,
Համբերությունդ՝ հանճարիդ վկան,
Ճշմարտությունդ լու՜յս-մոլությունն էր...
Տվայտանքներդ՝ պսա՛կը նրա:

ՄԵԾԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ/Հովհաննես Թումանյան

ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։
Նայեցե՛ք։

26.01.2014

ՄԵԾԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ/Սուրեն Այվազյան


§Ուր էլ լինեի, ուր էլ գնայի, գյուղը միշտ մտքիս մեջ էր: Անտեսանելի, անշոշափելի մի զգացում ինձ ստիպում էր, որ ես լինեի իմ մանկության եզերքներում: Աշխարհում բոլոր երկինքները երկինքներ էին, բայց մեր երկինքն ուրիշ էր: Եվ գույնն էր ուրիշ, և տեսքը: Ուրիշ երկինքները կիլոմետրերով հեռու էին ինձնից, իսկ իմ ծննդավայրի երկինքը ոնց որ գլխարկ լիներ գլխիս դրված: Մեր լեռներն ու սարերը ոնց որ ընկերներս լինեինª թիկունքիս կանգնած, ժպիտը դեմքներին, ինձ իրենց գիրկը հրավիրելիս: Մեր բոլոր աղբյուրներն ու առվակները
կարկաչյունով գալիս խառնվում էին հոգուս երգի հետ, սրտիս հով ու զով էին բերում, ներսս ողողում երանավետ խնդության ցոլքերով: Իմ ծննդավայր գյուղում աշխարհի բոլոր հոգսերը մոռանում էի, դառնում ողջ երկրագնդի տերն ու տիրակալը: Ես դրախտի գոյությանը հավատում էի իմ ծննդավայրում: Աշխարհի բոլոր տեսարժան վայրերը տանող ուղիները սկսվում էին իմ հարազատ գյուղի նեղ արահետներից¦… 

25.01.2014

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - 90

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բանաստեղծ լինել և չունենալ ազգային պատկանելություն՝ անհնարին է, ինչպես հնարավոր չէ լինել լույսի ճառագայթ և չանդրադառնալ ջրում: 

Ինքնուրույնությունը տարազ չէ, որ գնես, փոխ առնես կամ ճարես ու հագնես: Ինքնուրույնությունը բնավորություն է,խառնվածք:

Կարդացվելու հաճույքը շատ քիչ է գրողի համար, ինչպես որ գրականությունն էլ քնաբեր դեղահատ չէ,որ ընդունես քնելուց առաջ: Գրական երկը, եթե կուզեք, պիտի անքնություն հարուցի և ոչ թե քնեցնի: Գրական երկը պիտի միտք հուզի, հոգի խռովի և… հոգի ճանաչեցնի:

Ոչ միայն անհանգ,այլև առանց չափի գրելու համար տաղանդ ունենալն էլ քիչ է. պետք է ունենալ հզո՜ր տաղանդ: 

24.01.2014

ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ - Պարույր Սևակ


 Լրացավ հայ մեծանուն բանաստեղծ 
Պարույր Սևակի ծննդյան 
90-ամյակը 

-Բարև,-
Ասեիր մահի՛ն էլ անգամ,
Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով՝
Ինքը շտապե՛լ,
   Շատ է շտապել...

ÆÝÓ ÝÙ³ÝÝ»ñÁ »Ï»É »Ý ³ß˳ñÑ

 ºí ³ÛëáõÑ»ï¨ ³ß˳ñÑ »Ý ·³Éáõ.

àñ Çñ»Ýó ÏÛ³Ýùáí óáõÛó ï³Ý ÇÝã ã³Ý»¯É:

²Ûëù³°ÝÁ ÙdzÛÝ:

23.01.2014

Լույս է տեսել

Լևոն Սահակյան, Բանաստեղծություններ, 
 Երևան, Գրիգոր Տաթևացի հրատ., 2013թ. 262 էջ: 

Ընթերցողի սեղանին է Լևոն Սահակյանի բանաստեղծությունների հատընտիրը: Հրատարակել է նաև <<Հանուն հավատի>>(1991), <<Կատակում է Գորիսը>>(1994), <<Հավատի խորան>>(1996), <<Ակների պատմությունը>>(2000), <<Գորիսյան ժպիտներ>>(2002), <<Թռիչքներ>>(2003), <<Գրամատյան>>(2006), <<Ուղեծիր>>(2010) գրքերը: 
ՀԳՄ անդամ է:


 ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ 

Չէ՛, ես վերջին պոետդ չեմ
Եվ զինվորը անել,
Ի՛մ հայրենիք, ապրի՛ր հավետ
Ու երջանիկ դարեր: 

Քո վեհ անվան պահնորդն եմ մի,
Նվիրյալդ անշեղ,
Արեգակիդ մի շողիկն եմ,
Պողիդ համար անթեղ: 

Պատմությանդ մի տողն եմ ես,
Հոգսակիրդ հոժար,
Ամենուրեք քո դեսպանը,
Սիրահարը խոնարհ: