04.03.2015

ԱՊԵՏՆԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Գարնան և զարթոնքի նվագներ

<<Հնարներ որոնելու վարպետ է, ինչի համար տեսակավորել ու ստեղծել է իր ոգեղեն բառատաղձը՝ լի հնչեղությամբ, ներքին երաժշտականությամբ ու ալիտերացիայով: Ինքն իրեն չի ստիպում նման գունեղություն տալու բանաստեղծությանը. դրանք ինքնաբուխ են, միս ու արյուն են առել դեռևս պատանեկան տարիներից ու հարստանալով դարձել Հայոց աշխարհի ու հայրենի եզերքի արարչության բացահայտման քնարահույզ ելևէջներն ու ինքնատիպ նվագները>>: 
Շահանե Գրիգորյան



ՄԱՂԹԱՆՔ

Թող ծաղկուն լինի գարունդ,
Դաշտերդ ծայրեծայր հերկվեն,
Հոտևան լինի բուրումբ,
Հավքերդ եռաձայն երգեն:
Հունդերդ ավիշով լցվեն,
Բռնվեն երկունքի դողով,
Մանկան ժպիտի պես բացվեն
Ու շիկնեն արևի շողով:
Իսկ հետո գժվեն, խենթանան,
Ու ծփան դաշտերդ հուռթի,
Բոլորիս անեն խելքահան,
Ու բացվեն դռները գութի:
Թող որ հարսներդ մայրանան,
Ունենանք բարուրներ ժպտուն,
Մոլեգին կրքերը վերանան,
Ու մեզ պես չլինեն ցրտում:
Լիությամբ երկիրս բերկրի,
Շնորհի ամենայն բարիք,
Տեր լինենք լիառատ բերքին,
Չունենանք ոչնչի կարիք:
Գինին թող եռա տիկերում՝
Ճողփյունը կարասում լինի,
Կնունքի նստենք բակերում,
Վայելենք մեղրածոր գինին:
Ցնծախենթ հնչի քոչարին,
Զրնգա եղեգան փողով,
Պարը լեռնցի ռանչպարի՝
Շուլալված արեգան շողով:
Տաքանան շուրջպարով՝ ձգվեն
Ու անցնեն Հայկական պարով,
Հայաբույր հողերս գգվեն՝
Հայրենիս՝ տարագիր կարոտ:

ԳԱՐՈՒՆ

Մի ծիլ կանաչ բերեց ծիծեռնակը սևլիկ
Մեր տանիքի քիվին հանգրվանեց,
Սարալանջին կռթնած ձյունահյուսքից թելիկ
Ծաղկի մի թել գլուխ ծիլը հանեց:
Ու դող պատեց սարին, սարսուռ անցավ քարին,
Խլիրտ եկավ հողը շարմաղ շողից,
Կապտին տվեց սարը, ինչպես ծովի ալիք՝
Ծաղկաբույլեր կախեց ժայռակողին:
Ու եռ եկավ հողը և ցավ քաշեց այգիս,
Ծննդկանի նման ցավից տնքաց,
Մանկան կենսաթրթիռ ժպիտի նման հանգիստ
Նորից ծաղկանց ծիծաղ ծափով ծփաց:

ԳԵՏԱԿՆԵՐՍ

Պղտորվել են նորից գետակներս խենթուկ,
Դարձել անզուսպ, անհագ ու հիշաչար,
Որոտալով անհոգ, ծփանքներով անփույթ
Սահում առաջ, ինչպես այսահար չարք:
Վերհուշներս թաքուն համբառնել են կրկին,
Կորցրածս թավիշ՝ զմրուխտե ծածկ,
Թելն եմ բռնել քաղցրիկ մի մեղմահունչ երգի
Հոգուց քամած հույզ ու կարոտի կանչ:
Նորից խինդ ու արբունք, նորից ցավ ու կարոտ,
Ու պահմտած երգի մի մեղեդի,
Ծոր է տալիս կորած մորմոքներս ցավով,
Դարձիկ շշուկն առած շամբեղեգի:
Ձայն են տալիս իրար գետակներս խենթուկ,
Ափեր առնում ծաղկուն՝ շորթած ավար,
Իսկ կարեկից մեկը իր վարսերն է փետում,
Որ չի կարող դառնալ հույս ու հավար:

ՃԵՐՄԱԿ ԾԱՂԻԿ 

Ձյունագագաթ լեռան ճերմակ ծաղիկ,
Ճերմակ թրթիռ գարնան, ճերմակ տաղիկ,
Ճերմակ ծաղկի թերթին ցոլուն շաղիկ, 
Ճերմակ հուզում նազուն, ճերմակ շողիկ: 
Ձյունագագաթ լեռան ճերմակ կողին, 
Ճերմակ ավետիսն ես զարթնող հողի,
Ճերմակ ասղնտումը արևշողի, 
Ճերմակ ծիլը ձգվող գարնան դողի: 
Ձյունագագաթ լեռան քնքուշ ծաղիկ... 

ԲՆԱՆԿԱՐ

Երկնակուլ են մեր սարերը,
Ժայռերը՝ սեգ, երկնապատան,
Երկնքոտ են մեր քարերը,
Քարափները՝ հրե անտառ:
Աղբյուրները զնգուն ծիծաղ՝
Երկնաթաթախ, արծաթհնչուն,
Առվակները՝ մարգարտաշաղ,
Մտրուկներ են բաշացնցուն:
Խորախորխոր են ձորերը,
Ամեն վիրապ մի Դրնգան,

Թե խոսք ասես մեկին ծածուկ,
Հազարբերան կզրնգան:

ՋՐԵՐՍ

Ու եկա՜ն, եկա՜ն, եկա՜ն անցան,
Գարնան ջրերս հորդ ու վարար,
Գարնան ջրերս աղմկարար,
Եկան անհոգ, անցան անդարձ:
Ես ջրերի մեջ համեստ ջրվոր,
Ես ջրերի մեջ անօգ բահվոր,
Տարված ջրերիս երգ ու տաղով
Առուներս պահել չկամեցան:
Եկան խփեցին ու անվարան,
Առուներս արին ահազար երակ,
Առուներս արին ծվատ բերան,
Անցան անտրտունջ՝ անկարեկցանք: 

ԳԱՐՆԱՆ ՄԵՂԵԴԻ 

Բացվել են դռները գարնան, 
Լսվում է հոգոցը հողի, 
Ծլել է ծաղկունքը վառման՝ 
Ցոլցլում արևի շողից: 
Դաշտերը նորից դողահար 
Ճերմակ սավանը հանել, 
Զուգվել զմրուխտով բոցավառ, 
Լանջերին ծոթրին է ցանել: 
Հոնին ինչպես նորահարս 
Դեղձանիկ զուգսեր է հագել, 
Հյուսերը նետել ուսերին՝ 
Ասես արև է ծագել: 
Արթնացել հանդ ու անդաստան,
 Ձմեռվա խստաշունչ քնից, 
Դաշներգ է հավքերի խոսնակ, 
Գետերը ելել են հունից: 
Ամենուր աշխույժ է տիրում, 
Բերկրում են բաղ ու այգեստան, 
Ծաղկանց ծիծաղն է ծորում 
Հրաշք ես, հայրենի՛ ոստան: 


ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝  www.syuniacyerkir.am -ի 



Комментариев нет:

Отправить комментарий