27.10.2014

ՎԱՀԱՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ / Լեռնաշխարհն ու նրա մարդիկ Սերո Խանզադյանի «Մատյան եղելությանց» վիպակում

Ս.Խանզադյանի հարուստ գրական ժառանգության մեջ ծանրակշիռ տեղ ունեն պատմվածքներն ու վիպակները: Հեղինակը ձգտում է պահպանել Սյունյաց լեռների մարդկանց բնատուր, տոհմիկ էպիկականությունը, բանաստեղծական գեղեցկությունն ու վեհությունը, որոնց գեղարվեստական առաջին դրսևորումներն ի հայտ եկան հենց պատմվածքներում և վիպակներում: Այս առումով խիստ ուշագրավ է <<Մատյան եղելությանց>> (1966) վիպակը, որը մեր գրականության մեջ <<քրոնիկոնի ժանրի>> բարձրագույն դրսևորումներից է: Վիպակը միանգամից լայն ընդունելություն գտավ:
<<Մատյան եղելությանց>> վիպակը լայն առումով չի տեղավորվում ժանրի դասական պատկերացումների մեջ: Կարելի է ասել, որ այն ո՛չ վիպակ է, ո՛չ վեպ, ո՛չ էլ վավերագրություն*, որովհետև այնտեղ ներկայացված է իսկապես ապրված մի իրողություն, որը հնարավորություն է տալիս պահպանել ժամանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, այն ներկայացնել այնպես, որ ընթերցողին թվում է, թե ինչքան էլ ժամանակ անցնի, այն երբեք չի հնանա:
Վիպակում քայլ առ քայլ Ս. Խանզադյանը բացահայտում է գավառական քաղաքի պատկերը և նրա համապատկերում` ժամանակին այդ քաղաքի համար խորհրդանիշներ հանդիսացող մարդկանց:
Ժամանակներն արագորեն փոխվում են, ու նրանց հետ փոխվում է ամեն ինչ` մարդկային ու հասարակական հարաբերությունները, անգամ` քաղաքի փողոցների անունները. <<Ահա, օրինակ, այս մի փողոցը, որին քաղաքացիք իրենց նախաձեռնությամբ հիմա Անտառահայաց են անվանում: Ի սկզբանե նրա անունը եղել է. Փեխի Կոլոլ, հետո` Ցարսկի, հետո, ինչպես վկայում է ինքը` Ճել Ավան բիձան, կնքվել է Կարմիր Վարդան, հետո էլի նոր անուններ…>>[1] :
Փողոցների անունները նույնպես հեռու են գրական պայմանականություններից և արձագանքում են ժամանակի քաղաքական մթնոլորտի փոփոխություններին, մակընթացություններին ու տեղատվություններին, բնութագրում աշխարհագրական կոնկրետ տարածության յուրահատկությունները:
Յուրահատուկ կոլորիտ ունի Ս. Խանզադյանի նկարագրած գավառական քաղաքը, յուրահատուկ հատակագիծ, ճարտարապետական յուրահատուկ լուծումներ (<<Քաղաքի բոլոր տները քարաշեն են ու կամարակապ դարպասներ ունեն: Տների զույգ դարպասներից մեկը մարդկանց ելումուտի համար է, մյուսը` անասունների: Ամեն տուն իր առջև պարտեզ ունի: Հռչակավոր է այն տունը, որ հոսող ջրի վրա տնկած արտաքնոց ունի և քուչի բալկոն>> (V, 47):
Յուրաքանչյուր շեղում այս համապատկերից դժգոհության ալիք է առաջացնում նույնիսկ քաղաքի հասարակ բնակիչների մոտ. <<Վերջերս Սրեդի Ազի գնացած, այնտեղ ապրող Մուռիկ Սամոնը <<դաչ>> եկավ ու հոր համար քաղաքում նոր տուն կառուցեց: Սակայն Մուռիկ Սամոնը նոր տան դարպասը տափակ շինեց: Այս նորամուծությունը աղմուկ գցեց: Կոմունալ բաժնի վարիչ ընկեր Երանոսյանը Մուռիկ Սամոնին կանչեց իր մոտ:
-Անունդ մուրտառ է, ուզում ես քաղաքիս պատկերքն էլ մուրտառե՞ս: Կամ դարպասդ կամարակապ պիտի լինի, կամ չպիտի լինի: Վե՛րջ: 
Մուռիկ Սամոնի հոր համար շինած տան դարպասը դարձավ կամարակապ և քաղաքի պատկերը փրկվեց մուրտառվելուց>> (V, 475):
Քաղաքը հատակագծվել է գերմանացի ճարտարապետի կողմից և փողոցների դասավորությամբ շախմատի տախտակ է հիշեցնում: Քաղաքի բոլոր տանիքները կապված են կարմիրով ներկված թիթեղից, և գարնանը, երբ ծաղկում են խնձորենիները, բալենիներն ու կեռասենիները, մի չքնաղ տեսարան է փռվում վերևից քաղաքին նայողների առջև` իր անկրկնելի գեղեցկությամբ, ճարտարապետական կարգավորվածությամբ:
Ա. Բակունցի Կյորեսից շատ քիչ բան է մնացել Ս. Խանզադյանի նկարագրած գավառական քաղաքում, որը <<գավառական>> է կոչվում միայն այն պատճառով, որ հեռու է մայրաքաղաքից: <<Ուղիղ ու լայն են քաղաքի անուն կրող և անանուն փողոցները: Անուն կրողները կոկված, հղկված են ասֆալտով, մայթերին անպտուղ ծառեր ունեն:…Անհամար բարդիները քաղաքին երկնամերձ տեսք են տալիս: Ընկուզենիներն իրենց հզոր ճյուղերը մի պարտեզից մյուսն են հասցնում, կռվի ու վեճի առիթ տալիս հին հարևանների միջև>> (V, 475):
Ամենևին ինքնանպատակ չեն քաղաքային այս պատկերներն ու մեծապես նպաստում են հերոսների բնավորության գծերի, հայրենի եզերքի նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքի, նրանց աշխարհընկալման բացահայտմանը: 
Քաղաքային յուրահատուկ պատկերները ջերմ զգացմունքներ են առաջացնում Ճել Ավան բիձայի հոգու խորքում, ու նա տիրոջ զգացումով է անում, ինչպես ինքն է իրավացիորեն մտածում, իր անչափ կարևոր գործը:
Անտարակույս է, որ լեռնաշխարհն իր որոշակի ազդեցությունն է թողնում այնտեղ ապրող մարդկանց հոգեկերտվածքի վրա` նրանց մեջ մշակելով առնականության, անհնազանդության գծեր, մարդկային ու հասարակական հարաբերությունների գնահատման յուրահատուկ արժեհամակարգեր:
Քաղաքային բնապատկերները ներդաշնակվում են մարդկանց արտաքինի նկարագրություններին: <<Մատյան եղելությանց>> վիպակի հերոսներից շատերը քաղաքը շրջափակող լեռների նմանապատկերներն են կարծես, նրանց պես ամուր կառչած հողին, նրանց պես անդրդվելի ու հաստատուն: Ու ամեն լուսաբացի, երբ արեգակը դուրս է գալիս այդ լեռների հետևից ու ողողում քաղաքի փողոցներն իր առատ ու անխառն լույսով, փառավորվում է Ճել Ավան բիձայի հոգին, ու նա նորանում է ամեն բացվող առավոտի հետ:
Գավառական քաղաքի համապատկերն ամբողջացնում են հասարակական տարբեր շերտեր ներկայացնող մարդիկ` Գիրք Պետրուսը, դպրոցի դիրեկտոր Ձենդ Մկրտիչը, զինկոմիսարիատի Յուրիկը, Կտրեմ-Կցեմ Համբարձումը, Ճառ Սիմոնը, Գրուզ Բարսեղը, Մըզմզ Վլադը, Սև Թութին, Չեկայի Վրույրը, Դիք Ալբերտը, Կապխոսող Սուղին, Թառչի Ղազարը, Փայտոնչի Գիրիշը, Բուխալտեր Մուխանը, Լղար Սերոժը, Գրաբար Գաբրիելը, Հռաքել Դայի Տասը տարի դատախազը, նրա եղբայր Փափախ Ավագը, Մեհրաբի Վարթերը` յուրաքանչյուրն աշխարհընկալման իր կերպով, իր կենսափիլիսոփայությամբ:
Մարդկանց մականունները նույնպես խիստ բնութագրական են և հեռու են գրական պայմանականություններից: Դրանցից շատերը եկել են տասնամյակների խորքից և լիարժեք բնութագրում են մարդուն, իրենց մեջ ամփոփում խոր իմաստ, ժողովրդական կենսափիլիսոփայության դրսևորումներ և ամփոփ պատկերացումներ են տալիս հասարակական տարբեր շերտերի տրամադրությունների, բնավորությունների, սովորույթների վերաբերյալ:
Գավառական քաղաքում մարդկանց նախ և առաջ ճանաչում են <<իրենց փոթով>>. (<<Եթե նույնիսկ քաղաքի քոթուկ Տատունց Անդրեաս հայրիկին հարցնես, թե ո՞րն է Հովհաննես Զաքարյանի տունը, ապա նա զարմացած կնայի քեզ ու անվերապահ կհաստատի, թե նման մարդ առհասարակ չի եղել ու չկա իրենց քաղաքում: Ապա նորից կզարմանա, երբ իմանա, թե դու Բարութչի Ավանեսին ես որոնում>>, կամ` <<Շրջանային ավտոգրասենյակի պետի անվան փոթը Անհամ է` Անհամ Ալեքսան, թեպետ նա բնավ էլ անհամ մարդ չէ, ուտող-խմող է, բիլիարդ խաղացող ու մարդամոտ>> (V, 486):
<<Մատյան եղելությանց>> վիպակում Ս. Խանզադյանը մեծ տեղ է հատկացնում հասարակ մարդկանց, նրանց աշխարհընկալմանը, հայացքներին, որոնք մի դեպքում խիստ նահապետական - պահպանողական են, մի այլ դեպքում արդյունք են ժամանակի մթնոլորտային փոփոխությունների: Եվ եթե Ս. Խանզադյանի մի շարք պատմվածքներում ու վիպակներում առաջնային տեղ են գրավում բարոյախրատական ընդգծված շեշտադրումները, ապա <<Մատյան եղելությանց>> վիպակում ընդգծվում են կերպարների բնավորության հոգեբանական արտածումները:
Քաղաքի մտավորականության համապատկերն ամբողջացնում են <<միակ եղանակագուշակ, մի հին գրաբար օրացույցի տեր ու կարդացող Գրաբար Գաբրիելը, խմբագրության սրբագրիչ Վրիպակ Միքայելը, Ագրոնոմ Սաղաթելը, ովքեր որոշակի սկզբունքների ու կայուն համոզմունքների տեր մարդիկ են, որ երբեք չեն ենթարկվել ժամանակի փոփոխություններին ու մնացել են մաքուր ու ազնիվ, ինչպես Ճել Ավան բիձան…
Այս ազնիվ ու քաղաքի համար խորհրդանշական կերպարների կողքին կան նաև մարդիկ, ում նկատմամբ իր որոշակի վերաբերմունքն ունի Ճել Ավան բիձան` Հռաքել դայի – Տասը տարի դատախազը, նրա եղբայր Փափախ Ավագը, Հիմնարկ Ղևոնը…
Նրանց ի նկատի ունենալով է երբեմն Ճել Ավան բիձան մտքում հաճախ կրկնում. <<Եթե քաղաքի <<Ավրորա>> կոլտնտեսության չորքոտանիներին էլ նկատի ունենանք, ապա այս քաղաքում անասունն ավելի շատ է, քան ասունը: Թեկուզ մարդ համարենք Հիմնարկ Ղևոնի նման երկոտանուն անգամ>> (V, 487):
1930-ականների տիպիկ ներկայացուցիչներից է Հիմնարկ Ղևոնը, ում մատնագրերով տասնյակ մարդիկ են աքսորվել, բանտարկվել կամ գնդակահարվել: Միայն խեղճ ու կրակը Կապխոսող Սուղին տասը անգամ դատարան է կանչվել նրա մատնագրերով այն բանի համար, որ ժամանակին ցանկացել է քահանա դառնալ, մի քանի ամիս սովորել է Էջմիածնի ճեմարանում և ճեմարանը փակվելուց հետո վերադարձել է` Էջմիածնից էլ խռով, աշխարհից էլ:
Ղևոնի համար բացարձակապես նշանակություն չունի, որ Սուղին հիմա աթեիստ է և առաջինն ինքն է բարձրացել քաղաքի մայր եկեղեցու գմբեթը ու պոկել խաչը: Անտոն լեզվաբան ուսուցչի մեկնությամբ կապխոսող նշանակում է այլաբանորեն խոսող: Նաև դրա համար է Հիմնարկ Ղևոնը ամիսը հինգ անգամ <<Ակտ>> կազմում նրա վրա, ներկայացնում դատարան` <<քաղաքիս օդն ապականող սույն այս ապօրինի էլեմենտի դեմ>>:
Սյունեցիները հայտնի են իրենց սրախոսությամբ, իրերն իրենց անունով կոչելու սովորությամբ: Կապխոսող Սուղին սյունեցիների այդ հատկանիշների մարմնացումն է վիպակում: Նրա սուր լեզվից խուսափում են բոլորը` սկսած Փայտոնչի Գիրիշից մինչև Հռաքել Դայի Տասը տարի դատախազը:
Ս. Խանզադյանը ուշագրավ դիտարկումներով, երբեմն քնարական ջերմությամբ է ներկայացնում այդ տարօրինակ մարդու կերպարը` նրա միջոցով հեգնելով քաղաքի տերերին, բացահայտելով նրանց անգրագիտությունը, ագահությունը, անմարդկային վերաբերմունքը հասարակ մարդկանց հանդեպ: Ժամանակին Սուղին նույնիսկ սիրահարված է եղել և սիրած աղջկան` Մանիկին, հորդորել է <<չխրտնել իր տիրացու լինելու հանգամանքից>>: Նույնիսկ նամակներ է հղել նրան` <<գլխին գրած` <<Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք…>>: Ժամանակներն էին այդպիսին, և Սուղին չէր կարող ապրել այդ ժամանակից դուրս: Ս. Խանզադյանը, սակայն, անգամ Սուղու կերպարում հուզական շերտեր է հայտնաբերում, կարողանում է թափանցել իր հերոսի խեղված ներաշխարհը (<<Երբեմն-երբեմն նրա աչքերը լցվում են: Աչքերի մշուշի մեջ նախ հալվում է Էջմիածնի, ապա Կլոր Մանիկի պատկերը>> (V, 483):
Հիմնարկ Ղևոնը Հռաքել դայի դատախազի ամենատես աչքն է, նրա աջ ձեռքն ու ապրում է կրիայի պես իր պատյանում ամփոփված, որովհետև բոլորը խուսափում են նրանից: Ստորաքարշ այդ <<երկոտանին>> վերևների համակրանքին արժանանալու համար կանգ չի առնում ոչ մի բանի առջև, խտրականություն չի դնում միջոցների միջև ու պատրաստ է մատնագրերով <<ժողովրդի թշնամի>> որակելու անգամ արյունակից հարազատներին:
Մի եզակի երևույթ է Փափախ Ավագը (<<Տասը տարում տասներկու պահեստ, խանութ է համտես արել Փափախ Ավագը: Նախ փորձել է կոլտնտեսության պահեստի համը` քսան ցենտներ մեղր: Հետո` ոսկեղենի խանութը` հարյուր հինգ մատանի, իննսունմեկ ժամացույց: Հետո Զագոտսկոտ` քսանինը խոշոր եղջյուրավոր` կով ու եզ… Հետո… Հետո նրան ազատել են <<համաձայն իր դիմումի>>: Դե ինչպե՞ս ողջ շրջանի դատախազի եղբոր քեֆին դիպչեն>> (V, 493): Իր <<Փոթը>> նա վաստակել է <<ձեռքն ընկած ձվից էլ մազ թռցնելու` փափախ անելու հանճարեղ ունակության համար>> և իր վարքագծով ու ընչաքաղցությամբ հիշեցնում է դասական գրականության մեջ բազմիցս հիշատակված վաճառականներին, հատկապես Մարկոս աղա Ալիմյանին, ով, սակայն, կնախանձեր Ավագին` հաճախորդներին վարպետորեն խաբելու տարաբնույթ միջոցների տիրապետելու համար:
Թե՛ Հիմնարկ Ղևոնը, թե՛ Պադոշ Ածատը, թե՛ Փափախ Ավագը մարդկային այն տիպերն են, ովքեր ստվեր են գցում քաղաքի վրա ու աղճատում նրա համապատկերը:
Այս մարդկանց գործունեությունը ծավալվում է Ճել Ավան բիձայի աչքի առջև, ու ծերունին շատ հաճախ տառապում է իր անզորությունից, բայց հոգու խորքում խղճում է նրանց, որովհետև <<ինչքան չլինի նրանք էլ մարդ են, թեկուզ…>>: Անհնարին է Ավան բիձայի կարծիքով լիովին վերափոխել այդ մարդկանց, <<դարձի բերել>>, բայց, այնուամենայնիվ, հնարավոր է ինչ-որ չափով մաքրել նրանց հոգին, մաքրել կեղտից ու փոշուց, հիշեցնել, որ վերջապես իրենք էլ են մարդ:
Քաղաքի բնակիչներին Ս. Խանզադյանը ներկայացնում ու բնութագրում է Ճել Ավան բիձայի` նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի համապատկերում, որտեղ առանձնահատուկ տեղ ունեն ազնիվ աշխատանքով ապրող մարդիկ, հատկապես <<կարդացած ու լուսավորյալ մարդիկ>>` քաղաքի միակ ու նշանավոր լեզվաբան Անտոն ուսուցիչը, Գիրք Պետրուսը, դպրոցի դիրեկտոր ու կենսաբանության դասատու Ձենդ Մկրտիչը, Մեհրաբի Վարթերը, Արդար Հաբուդը, Թառչի Ղազարը, ովքեր մի առանձին գույն ու երանգ են ավելացնում քաղաքի համապատկերին:
Քաղաքի ամենանշանավոր մարդկանցից է լեզվաբան Անտոնը, ում ամեն առիթով դիմում են և՛ քաղաքային իշխանության ներկայացուցիչները, և՛ հասարակ մարդիկ, ովքեր լեզվաբան Անտոնին համարում են բառի բժիշկ (<<Մեռած, թաղած, մի բառ տուր ձեռքը, կկենդանացնի>>):
Անտոնին անվերապահորեն հավատում է հատկապես գործկոմի նորընտիր նախագահ Ալբերտ Ալեքովիչը` Դիք Ալբերտը` մեկը քաղաքային իշխանության այն ժամանակների համար տիպիկ ներկայացուցիչներից, ով ամեն ինչի մեջ փորձում է <<քաղաքական իմաստ տեսնել>> (<<Իսկ էդ գրաբար ասածդ քաղաքական որակ ունի՞), <<Կապխոսողն ի՞նչ է նշանակում>>, <<Իսկ զինքը՞դ… Այս էլեմենտ Սև Թութին ինձ նման մարդուն ասում է <<զինքդ քեզ հավաքիր>>: Այդ էլեմենտ <<զինքդ>> էլ չի՞ քաղաքական որակ>> (V, 480): Ու լեզվաբան Անտոնն ուրախանում է, որ բավարարելով Դիք Ալբերտի հարցասիրությունը` փրկում է հանդուգն Սև Թութուն, բայց նաև դառնանում է, որ Ալբերտ Ալեքովիչը քաղսովետի նախագահ դառնալուց հետո <<զինքը չհավաքելով>> շատ է մեծամտացել:
Քաղաքի կոլորիտային կերպարներից է դպրոցի դիրեկտոր ու կենսաբանության ուսուցիչ Ձենդ Մկրտիչը, ով <<շաբաթը մեկ անգամ երեխաներին բերում, կանգնեցնում է Ճառ Սիմոնի պատշգամբի դիմացը, ցույց տալիս պատշգամբի յուղաներկ պատին նկարած առյուծներն ու աչքը դասագրքից չկտրելով` բացատրում նրանց կազմվածքը>> (V, 477-478):
Քաղաքին մի առանձին հմայք է տալիս Թառչի Ղազարը, ում սիրում ու հարգում են բոլորը. <<Բարձրահասակ է Թառչի Ղազարը, թիկնեղ և… և կույր: Գիշերները հազվադեպ է լինում տանը: Գալիս, տանում են հարսանիքի, նշանդրեքի, կնունք-ծնունդի կամ թանկ հյուրի պատվին տված քեֆ-ուրախությունն իր նվագով զարդարելու>> (V, 483):
Ազնվության ու բարության մարմնացում է Թառչի Ղազարը, իր սկզբունքներին հավատարիմ (<<Երբ նրան հրավիրում են հարսանիք, խոսք չի տալիս, մինչև չհամոզվի, որ հարսը խոնարհ է ու պարկեշտ, փեսան էլ շառ ու շիլթաղ չի: Եթե նորապսակներն իր սրտովը չեն լինում, ապա շրջկոմի քարտուղարն էլ գա իր ետևից, հրավերը մերժում է>> (V, 484):
Նա Ճել Ավան բիձային առաջին բարևողներից մեկն է քաղաքում, և Ավան բիձան հաճախ է մտածում նրա մասին ու հանգում այն եզրակացության, որ <<որքան էլ չարը շատանա, բարին հա՜ կա>>:
Ուրույն նկարագրի տեր է Ագրոնոմ Սաղաթելը, ինչպես ինքն է իրեն բնութագրում` <<ջահելությունը գիտությանը զոհ արած>. մարդ, ով ոչ կին ունի, ոչ էլ կին ունենալու միտք:
Տիպիկ սյունեցու մարմնացում է Սաղաթելը` <<շապիկն ուզիր, կհանի կտա: Մերժել չգիտի: Քաղաքում շատերն են Սաղաթելից փող պարտք անում: Նրա հույսին են հատկապես քաղաքի պետական թատրոնի եկվոր դերասանները>>: Վիպակում վարպետորեն է դրսևորվում Ս. Խանզադյանի արձակի պոետիկայի յուրահատկություններից մեկը` հեգնանքը` որպես բնավորությունների բացահայտման, մարդկանց բնութագրման միջոց օգտագործելու հնարք:
Ահա թե ինչպես է նա բնութագրում քաղաքի <<թատերասեր>> հասարակությանը. <<Հոգու մեղք արած կլինենք, եթե ասենք, թե քաղաքը թատրոնից խրտնում է: Ապա թող թատրոն անեն <<Պըլը Պուղին>>, <<Տմբլաչի Խաչանը>. կամ <<Նամուսը>>: Այն ժամանակ պետական թատրոնի դերասանները չեն ընկնի Ագրոնոմ Սաղաթելի դռները` փող պարտք անելու համար: <<Պըլի Պուղու>> տոմսի համար Անտոն ուսուցիչը չի խնայի կիրակնօրյա մսի փողը, իսկ կոլտնտեսության հովիվ Ադունց Պետին մի գառ կծախի, որ թատրոն գա` հանդերձ ընտանյոք>> (V, 500):
Սա գավառական կյանքի տիպիկ օրինակ է, որի միջոցով հեղինակը ստեղծում է ծիծաղաշարժ, բայց միաժամանակ տխուր մի պատկեր. <<Այդպես է: Թե չէ, ո՞վ գլուխ ունի դնգացնելու <<Համլետի>> կամ <<Անտառի ծառերի>> համար: Իրենք մրգերով լի անտառ ունեն` անտառապահ Հիբուն Արշակ, և քաղաքն էլ լիքն է համլետներով, որոնք, բոլորն էլ, առաջին միջնակարգի դիրեկտոր Ձենդ Մկրտիչի վկայությամբ, փուչ կենդանիներ են>> (V, 500):
Հեգնախառն հումորով են ներկայացված գիրք Պետրուսը, Սոցապ Գալուստի գնդապետ փոքր եղբայրը, ով ամեն առիթով կրկնում էր` <<Ետ ենք մնում, տղե՜րք, մենք պետք է շատ բան սովորենք Եվրոպայից, ետ ենք մնում>>, Պադոշ Ածատը, ով <<կիրակի օրերին սպիտակ բլուզ էր հագնում, վրան կապում կարմիր փողկապ` քորոցով: Գլխին շլյապա էր դնում, Հիմնարկ Ղևոնի և էլի մի երկու իր նմանների հետ ողջ օրն անցկացնում Սոցապ Գալուստի եղբոր հետ, կերուխում անում նրա փողերով: -Է՞լ ինչով ենք ետ մնում Եվրոպայից, ընկե՛ր գնդապետ,- ժպտում, անմեղ հարցնում էր նա>> (V, 503):
Հետո Հիմնարկ Ղևոնի մատնությամբ <<բռնե-բռնե>> տարում գնդապետին էլ բռնեցին (<<Մենք ոչինչ չունենք բուրժուական փտած Եվրոպայից սովորելու, իսկ էդ գնդապետը եկել, մեզ մոլորեցնել է փորձում>> (V, 504):
Գավառական քաղաքի խորհրդանիշներից է Փայտոնչի Գիրիշը` Ճել Ավան բիձայի հարազատ մարդկանցից մեկը` ողբերգական ճակատագրի տեր մի անձնավորություն, ով լրացնում է քաղաքի պայծառ ու լուսավոր մարդկանց շարքերը:
<<-Կյանքդ երկար լինի, Գիրի՜շ: Ծլես, ծաղկես,- հաճախակի օրհնում է նրան Ավան բիձան>>` հիշելով, թե ինչպես նա իրեն նվիրեց իր հին կառքերից մեկի <<զույգ անիվները` սռնիով, պողպատե առանցքով>>, նաև` <<Իմ թաղմանը դագաղս կբռնես, Ավա՛ն>> պատվերով>> (V, 488-489): Փայտոնչի Գիրիշը նույնպես տիպիկ սյունեցի այն մարդկանցից է, ում հաշմել ու հոգեպես խեղել է ժամանակը: Նա հիասթափված է աշխարհից, ինքն իրենից, իր <<ընկերներից>>, որոնց համար ոչինչ չէր խնայում: Ս.Խանզադյանը նուրբ դիտարկումներով է ներկայացնում Փայտոնչի Գիրիշի հոգեկան ծանր ապրումները, որոնք ավելի խորացան, երբ նրան ձայնազուրկ հռչակեցին, այսինքն` ավելորդ մի մարդ, ում մահով մի երանգ պակասեց քաղաքի համապատկերից:
Վիպակի հերոսներից շատերը, ճիշտ է, հանդես են գալիս պատումի առանձին դրվագներում, սակայն լրացնում են միմյանց, ունեն իրենց ներաշխարհը, աշխարհընկալման կերպը, երջանկության, երազանքների, ուրախության ու վշտերի վերաբերյալ իրենց մտասևեռումները:
Ժողովրդական առողջ սկզբունքների մարմնացումն է Գաղթական Սարգիսը, ով լույսի մի շող է գավառական քաղաքի <<քաղաքակիրթ հասարակության>> ապականված միջավայրում:
Գաղթական Սարգիսը եղեռնից հրաշքով փրկված բեկորներից մեկն է, որ գաղթել ու արմատավորվել է Գորիսում, ուր նրան սյունեցու յուրահատուկ ջերմությամբ ու կարեկցանքով են ընդունել տեղացիները, օգնել, ով ինչով կարողացել է:
Էրգրի կարոտով ու մի օր անպայման հայրենի եզերք վերադառնալու հույսով ու հավատով է ապրում Գաղթական Սարգիսը, ու այդ հավատն օգնում է դիմանալու կյանքի դաժան փորձություններին: Նրա կերպարում կարծես թե շարունակվում են Ա. Բակունցի Հազրոն ու Լառ Մարգարը` աշխատանքի նկատմամբ ունեցած իրենց յուրահատուկ վերաբերմունքով, աշխարհահիացումի իրենց զգացումներով: Դաժան փորձությունների միջով է անցել Գաղթական Սարգիսը, տեսել է արհավիրք ու սով, կոտորած ու ավերածություններ, բայց իր նոր եզերքում պահպանում է հայրենիքին, իր արմատներին տեր կանգնելու գենը ու, փառք աստծո, հիմա գոհ է, որ շրջկոպի երկանիվ սայլակին լծված հաց է հասցնում քաղաքի բնակչությանը:
Գաղթական Սարգիսին հեղինակը ճանաչում է տասնամյակների հեռվից (<<Ես դեռ մի թիզ բան էի, երբ նա հացը շալակով էր կրում խանութ>> և հետո` <<երբ ես սկսեցի դպրոց հաճախել, Գաղթական Սարգիսը հացը փռից խանութ էր տանում շրջկոոպի երկանիվ սայլակով, որին, փողոց մաքրող Ճել Ավան բիձայի նման, լծվում էր ինքը>> ( ¥V, 473):
Վիպակում ավարտուն է միայն Ճել Ավան բիձայի կերպարը, որին կարելի է տեսնել սյուժետային բազմաճյուղ ծավալումներում, բայց ուշագրավն այն է, որ մնացած կերպարները մի կողմից նպաստում են գլխավոր կերպարի լիարժեք բացահայտմանը, մյուս կողմից` հնարավորություն են ընձեռում հեղինակին ներկայացնելու Սյունյաց լեռնաշխարհի մարդկանց յուրահատուկ գծեր` ուղղամտություն, հայրենի եզերքի նկատմամբ սյունեցու առանձնահատուկ վերաբերմունք, ճշմարտախոսություն, իրերն իրենց անունով կոչելու համարձակություն:
Քաղաքում հայտնի Անտոն ուսուցչի մեկնաբանությամբ <<Ճելը>> ևս հայոց գավառական բարբառի մնացուկ է: Նշանակում է շուտ արա, շտապիր: Դե, ամեն առավոտ Ավան բիձան աղաչաձայն շտապեցնում է որդուն (<<Ճե՜լ արա, Գրիգոր ջա՛ն, ճե՜լ արա>>): Այդ ճելը փոթ մնաց նրա տան վրա: Ինքը` Ճել Ավան, տղերքը` Ճելի Գրիգոր, Ճելի Մուխան, Ճելի Ներսես, Վարդան, Իվան>> (V, 486):
Արդեն ծեր է Ավան բիձան: <<Վաղուց շարքից դուրս եկած կապա-արխալուղ ու խոնջան շալվար է հագնում Ճել Ավան բիձան: Նման մասունք միայն կտրում-կարում է տրիկոտաժի ֆաբրիկայի ավագ ձևավար Կտրեմ-Կցեմ Համբարձումը: Միայն նա: Հին մասունք են նաև Ճել Ավան բիձայի փափախը` կտուրին դրված խոտի դեզ, արծաթապատ գոտին, մինչև ծնկները հասնող գուլպաները>>:
Գավառական քաղաքի հին բնակիչներից է Ավան բիձան: Վաթսուն տարի առաջ էր, երբ առաջին անգամ հորն օգնելու նպատակով ձեռքն առավ երկար կոթով ավելն ու սկսեց մաքրել <<Ցարսկիի աղտեղությունը>>: Այդ տարի հայրը սպանվեց (<<Մի լուսաբացի կոզակներն իրենց ձիերը չափ գցեցին, թռան Ցարսկի փողոցով և սմբակահար արին գլուխը կախ փողոց մաքրող հորը>>:
Քաղաքի <<կալ-կլոր>> հրապարակից է սկսվում Ավան բիձայի աշխարհը, որը միայն իրենն է` պարփակված տխուր ու ծանր օրերով, լցված հոգսերով ու ցավերով, մարդկային ազնիվ ցանկություններով ու բարեմաղթանքներով:
Մաքրում է Ավան բիձան քաղաքի հինգ հիմնական փողոցները, որոնց բնակիչներին բոլորին մեկ առ մեկ ճանաչում է, հիշում է նաև նրանց, ովքեր այլևս չկան, ոմանց` թռուցիկ կերպով, ոմանց` հարգանքով ու ակնածանքով: Ահա նա մաքրում է Անտառահայաց փողոցը, ու նրա ականջներում հնչում է Գաղթական Սարգսի աղաղակը: <<-Մըր անուշ աշխարհ ավերեցի՜ն: Տեղ տվեք, չոջուխներուս պահեմ…>>: Աղաղակում էր Գաղթական Սարգիսը` <<մոտը, ցամաք գետնին, վեց չոր-ցամաք երեխա: Մաքրված-լպաստված էր քաղաքը` հացը` կրակի գին>>:
- Բարի լույս, Ավան բիձա,- ամեն առավոտ մաղթում են անցորդները: Սա բարի լույս է նաև մարդկանց ու աշխարհին, լույս, որ ցրում է ստվերներն ու խավարը, լցվում մարդկանց հոգիները, հույսի դռներ բացում, ազնվություն ու բարություն սերմանում:
Գաղթական Սարգիսի պես Ավան բիձան էլ ապրում է հիշողությունների դաշտում, ժամանակ առ ժամանակ հետ է տալիս նրանց կծիկը, հիշում է մեկը մյուսի հետևից կորցրած իր հինգ զավակներին ու մխիթարվում, որ թոռը` Գրիգորը, գոնե կա, ու ինքը հիմա միայն նրանով ու նրա համար է ապրում:
Ճել Ավան բիձայի կերպարում միահյուսվում են հին ու նոր իրողությունները հաստատող անցյալն ու ներկան, որտեղ ապրում են վիպակի հերոսները: Նրա կենսապատումի աննշան թվացող դեպքերն ընդլայնվում, դառնում են ծավալուն ու ընդգրկուն, <<զգայական-մտային հոսքի մեջ սրվում, պայծառանում են հնագույն պատկերների մանրամասները>> :
Վիպակում գործողությունները ծավալվում են համաժամանակային ու տարածաժամանակային հարթություններում: <<Հենց նոր մտա լուսաբացից շիկնած մեր փոքրիկ քաղաքը և առաջինը հանդիպեցի մեր հարևան Ավան բիձային>> (V, 473): 
Իր կյանքի հոգսաշատ, հաճախ կիսաքաղց օրերին անգամ Ճել Ավան բիձան չի կորցրել մարդու նկատմամբ ունեցած իր հավատը (<<Դե, մարդ ասածդ լավ արարած է>>) ու աշխատել է միշտ բարձր պահել իր անունը:
Ս. Խանզադյանը Ճել Ավան բիձայի կերպարում խտացնում է մարդկային բարձր իդեալների վերաբերյալ գրողական իր պատկերացումները:
Ազնվության մարմնացում է Ճել Ավան բիձան, ով չի կարողանում արգահատանքի խոսքեր չշպրտել բոլոր նրանց երեսին, ովքեր օրը ցերեկով խաբում-թալանում են միամիտ մարդկանց, նվաստացնում նրանց:
Ինչքան կատարյալ կլիներ աշխարհը, եթե չլինեին պատերազմներ, ինչքան ուրախություն ու խինդ կթևածեր աշխարհում, եթե այն բնակեցված լիներ միայն ազնիվ ու մաքուր հոգիներով. սա է Ճել Ավան բիձայի` աշխարհի վերաբերյալ ունեցած պատկերացումների կիզակետը:
Աշխարհը, ծերունու կարծիքով, բոլորիս տունն է, ու բոլորիս պարտքն է շարունակ բարեփոխել այն, մաքրել աղտեղություններից, ծնկաչոք երկրպագել այս հող ու քարին, քրիստոնեական բարեգործությամբ վերաբերվել յուրաքանչյուր շնչավոր արարածի նկատմամբ ու ոչ մի դեպքում չկորցնել լավի ու բարու հանդեպ եղած հավատն ու հույսը:
Իր ազնվությամբ Ավան բիձան ազնվացնում է քաղաքը (<<Այդ օրերին քաղաքն իրեն ավելի ազնվացած գտավ>>):
Ուշագրավ կերպով է Ս. Խանզադյանը նկարագրում իր հերոսին պատճառած ուրախությունն ու հրճվանքը, տառապանքն ու ցավը:
Կյանքի դաժան փորձությունների միջով է անցել Ճել Ավան բիձան:
Հարցը միայն այն չէ, որ նա ապրել է կոլեկտիվացման ու կուլակաթափության ծանր օրերը, ականատես է եղել բազմաթիվ ողբերգական իրադարձությունների, զգացել հանիրավի դատապարտված մարդկանց ընտանիքների ցավը, դառնությունը, տեսել սովից մահացող ծերերի ու երեխաների, այլև այն, որ իր միամիտ պատկերացմամբ <<աշխարհը շատ է անկատար>>, և այն, որ մարդիկ այդ անկատարությունն ընդունում են որպես ի վերուստ սահմանված կեցության կերպ (<<այսպես եղել է, այսպես էլ կլինի>>):
Առաջին ծանր հարվածը որդու` Իվանի մահն էր. <<Մեռավ համատարած կոլեկտիվացման տարին: Համայնացումը եկավ անսպասելի: Աբգար Հաբուդի մի հատիկ կովը տարան, միացրին Սադըղի Հաբուդի երեք հարյուր ոչխարին ու համայնացրին: Իրեն` Ճել Ավան բիձային էլ իր էշի ու սայլակի հետ կոլտնտեսական գրեցին… Հացը պակասեց… Մինչև հացը բերեցին, սովը երևաց Ավան բիձայենց թաղում, հասցրեց մի երկու երեխա թռցնել… Հացը հասավ: Բայց դե սովը հասցրել էր տանել Փոստատար Նիկոլի վեց աղջիկներից մեկին, այն, որ Իվանի հետ էր սովորում>> (V, 514): Իվանի վիշտը դեռ չէր մոռացել, երբ ոռնաց պատերազմը: Գրիգորից փոքր տղան` Միքայելը, զինվորական հրամանատար էր: Առաջ նա գնաց: Հետո տարան Գրիգորին, Ներսեսին, մի երկու տարի հետո էլ` Վարդանին>>: Իսկ Ավան բիձան շարունակում էր մաքրել փողոցները, ու ամեն անգամ որդիներին հիշելիս կոկորդը խցանվում էր, ծնկները թուլանում էին.
- Հիվա՞նդ ես, Ավան բիձա:
- Չէ, որդի, ես չէ, աշխարքս է հիվանդ… Մտքերիս ճամփան ընկա:
<<Մտքերի ճանապարհի>> յուրաքանչյուր հանգրվանում միշտ մի լուսավոր կղզի է հայտնաբերում Ավան բիձան: Հիշում է որդիների մանկության տարիները, երբ ինքը դեռևս ջահել էր ու եռանդով լեցուն, երբ կարիքն ու պակասությունները հեշտ հաղթահարելի էին թվում, անցողիկ: Տունը մանկան աղմուկով ու ճիչերով էր լեցուն, և տխրության ու ցավի համար տեղ չկային նրա անկյուններում: Ոչինչ, որ երբեմն օրերով հաց չէին ունենում, ոչինչ, որ երեխաները հագուստ չունեին… Կարևորն այն է, որ նրանք կային, ու ինքը մեն-մենակ չէր… Բոլորն էին այդ վիճակում, և դրանից էր երևի, որ մարդկայնություն ու խիղճ կար, առավել կարիքավորներին, տուն ու տեղ կորցրածներին, ջարդերից մի կերպ մազապուրծ եղածներին օգնելու, սատար կանգնելու, օրվա մի կտոր հացը նրանց հետ կիսելու ազնիվ ցանկություն:
Մաքրում է ծերունին քաղաքի անունավոր փողոցների աղտեղություններն ու փոշին ու թերթում է հուշերի կծիկը. <<Այս տունը Բակունց Ստեփանինն է: Այս մայթը մաքրելիս նա հիշում է Ստեփանի որդուն` Ալեքսանին: Անձամբ էր ճանաչում Ճել Ավան բիձան Ա. Բակունցին, ով <<եկավ, հարություն տվեց հող ու առասպել դարձած Գուրջու Օբուն, կենդանացրեց ավերակ Աքարը, ձմեռն էլ ալպյան մանուշակի բույր տվեց հին քարանձավներին, տաք անձրևի խշշոցի պես իր խոսքերը շաղ տվեց մարդկանց հոգու սև ցելերի վրա: Ու ամեն անգամ նրան հանդիպելիս Գրաբար Գաբրիելը ժայթքում էր ի խորոց սրտի.
- Արևդ շա՜տ, Ալեքսա՛ն, էս ի՜նչ նշխար-մեռոն տվիր մեզ>> (V, 517-518):
Նուրբ հոգի ուներ Ճել Ավան բիձան ու իրիկնահացից հետո ծալապատիկ նստում էր թախտին ու որդիներից մեկին հորդորում մի բան կարդալ Ալեքսանից: Շունչը պահած լսում էր, <<հեռանում է իր փողոցների փոշիներից, խրվում Մթնաձորի մամռոտ ծերպերը: … Տունը լցվում է հանդ ու հացի բույրերով: Աշխարհը քաղցրանում է: Մերկ ու ահռելի ժայռերը դառնում են մարդ արարած, և լույս է կաթում Դրնգանի խորխորատներում>> (V, 519):
Ճել Ավան բիձան հիշում էր Դիլան դայուն, Սոնային, ու թվում էր` <<ջահելանում է ինքը և ջահելանում է տան պուճախում ճախարակ մանող, միշտ հիվանդ իր պառավը, դառնում խշխշան հարս Սոնան` շիկնած երեսով, չթե զգեստով` ուրցի հոտը ծոցերում>> (V, 519):
Կապույտ աչք-ծիծաղով տղա էր Ալեքսանը ու ամեն հանդիպելիս հարցնում էր.
 - Բարի լույս, Ավա՛ն բիձա: Էլի՞ մաքրում ես:
- Էլի՛: Մարդը կա` ապականությունը հետը: Ի՞նչ կա-չկա:
- Հե՜չ: Կաքավաբերդի գլխին ամպ է նստում>> (V, 517- 518):
Ու ամեն անգամ Ավան բիձան, երբ աշխարհից մի պահ վերանալու, գեղեցիկին հաղորդակցվելու, աշխարհը մաքուր-մաքուր տեսնելու պահանջ էր զգում, դիմում էր որդիներին.
- Մի մեր Ալեքսանի գրքից մի բան կարդացեք:
Բակունցի եղերական մահից հետո մահանում է նրա հայրը` Ստեփանը, որի դագաղը <<միայն ութ հոգով վերցրին ու տարան հանգստարան: Միայն ութ հոգով, դրանց հետ ինքը` Ճել Ավան բիձան, Փոստատար Նիկոլը, Գաղթական Սարգիսը… Գերեզմանի ճանապարհը հոտոտելով գալիս էր Հիմնարկ Ղևոնը` ականջը ածելի…>> (V, 520):
Ու նոր ցավ է ապրում բազմաթիվ ցավեր տեսած ծերունին. <<Հոր գերեզմանը կա, տղայինը` ոչ>>: Հետո վառեցին Ալեքսանի գրքերը, <<Սոնային ու Դիլան Դայուն, Գյուրջի Օբու նշխարները…>>:
Մինչև կյանքի վերջ Ավան բիձան սուրբ նշխարի պես պահում է հին կարասում <<խաշիլի ու ձավարի ցորենի մեջ>> ահասարսուռ 37-ին թաքցրած գիրքը: Երբեմն-երբեմն <<գիշերային լռության մեջ Ճել Ավան բիձան կարասից հանում էր Ալեքսանի գիրքը, շուռումուռ տալիս կոշտացած ձեռքերով, հոտ քաշում: Հո չի՞ բորբոսնել, մգլել: Չէ, կարասում չոր ցորեն է: Ցորենն աշխարհ է պահում, այս գիրքն էլ: Ափսո՜ս, կարդալ չգիտի, թե չէ նկուղի լույսը կվառի ու կկարդա՜… Կկարդա, մինչև աշխարհի վերջը, մինչև իրեն էլ տանեն թաղելու…>> (V, 521):
Ճել Ավան բիձայի մահով քաղաքում մի ամբողջ ժամանակաշրջան է փակվում ու մի մեծ հարցական է կախվում քաղաքի վրա.
-Հիմա ո՞վ պիտի մաքուր պահի մեր քաղաքը…
Ս. Խանզադյանի պատմվածքներն ու վիպակներն ունեն տարածական ընդգրկումների բավականին լայն շրջանակներ: Բոլոր պարագաներում, սակայն, նրանց գործողությունները ծավալվում են Սյունյաց լեռնաշխարհում, որտեղից սկսվում է անվանի գրողի` մեծ աշխարհի ճանաչողությունը:

ՎԱՀԱՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ


* Ծավալային առումով այն մոտենում է վիպակին, կերպարների ու սյուժետային գծերի բազմազանության առումով՝ վեպին, կոնկրետ փաստական նյութի, կոնկրետ կերպարների, տարածաժամանակային կոնկրետ ընդգրկումների տեսանկյունից՝ վավերագրությանը:

[1] Խանզադյան Ս., Երկերի ժողովածու 6 հատորով, հ. 5. Ե., 1983, էջ 474-478: Այսուհետ բնագրում կնշվի միայն հատորը՝ հռոմեական, էջը՝ արաբական նիշերով: 



Комментариев нет:

Отправить комментарий