15.01.2015

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ - 100 / ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՅՎԱԶՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ (ֆոտոշարք, տեսանյութ)

<<Ասում են՝ երջանիկներն են, որ ժամանակի մասին գաղափար չեն ունենում: Երջանիկ չեն եղել իմ ծնողները, որ չեն հիշել իմ ծննդյան թվականը: Իմ ծնունդը նրանց համար դժբախտություն է եղել: Հայրս շուտ է մեռել և կիսած տառապանքի իր բաժինն էլ թողել է մորս: Մայրս ասում էր. <<Դու որ ծնվեցիր, մեծ կոտորած էր, առուն արցունք էր, առուն արյուն էր>>: Եվ սա էլ իմ ծննդյան վկայականն է>>(Ս.Այվազյան): 
1915-ն է, անշուշտ, մեր տարեցույցում արյունով ու արցունքով շաղախված թվական, որ հայ մեծատաղանդ արձակագիր Սուրեն Այվազյանն ընդունել է որպես իր ապերջանիկ ծննդյան տարեթիվ: 
Հունվարի 9-ին լրացավ Այվազյանի ծննդյան 100-ամյակը, ինչի առթիվ Խնձորեսկում՝ նրա շիրմաքարի մոտ, տեղի ունեցավ ծաղկեդրման ու հարգանքի տուրքի արարողություն:
Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցը, ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսի հրամանատար Տ.Փարվանյանը, Խնձորեսկի գյուղապետ Ս.Հայրապետյանը, գրողներ, մտավորականներ, մշակութային աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ հարգանքի տուրք մատուցեցին մեծանուն սյունեցու հիշատակին: 
Այցը ձեռնարկել էր <<Միրհավ>> գրական ակումբը՝ Այվազյանի 100-ամյակին ընդառաջ հանդես գալով հոբելյանը հավուր պատշաճի նշելու հայտարարությամբ, ինչպես նաև ծննդավայրում գրողի կառուցած առանձնատանը արժանապատիվ կարգավիճակ տալու, այն թանգարան դարձնելու ծրագրային առաջարկներով, որոնք մեծ հնչեղություն ստացան և ձգողական դաշտ ստեղծելով՝ հոբելյանի առթիվ գրողի շիրմաքար-հուշարձանի շուրջը համախմբեցին բազմաթիվ այվազյանասերների: 
Մարդաշատ էր գրողի այգին՝ <<ծածկված սպիտակ լռությամբ>>…Իր տնկած ծառերի շվաքում ննջող գրչի անխոնջ երախտավորի, մեծանուն հայրենակցի հիշատակը խնկարկելու էին եկել բազմաթիվ խնձորեսկցիներ, որոնց թվում՝ նաև մատաղ սերնդի ներկայացուցիչներ: Ձյունառատ ու ցրտաշունչ օրը ջերմացել էր Այվազյանի լուսառատ աշխարհից ճառագող շողերով, յուրաքանչյուր ոք հոգեպահանջ էր զգում դեպի Այվազյանը գնալու, մեծ հոգու պատգամներին հաղորդակցվելու, նրա ստեղծագործության հոգենորոգ լիցքերով ոգեշնչվելու… <<Ձյունե լռությունն ինձ համար դառնում է մտորում ու թախիծ: Ուզում եմ մտնել տուն, վառել ճրագս և լուսանկարների, տան առարկաների հետ խոսելով՝ ցրեմ այն միտքս, թե աշխարհը միայն սպիտակ մշուշ է, և ես մենակ եմ>> - գրառել է Այվազյանը իր կյանքի տխուր պահերից մեկին: <<Այսօր քո այգում, Ասու՛ր, ձյունե լռություն չէ, և թախիծն է անէացել, և դու մենակ չես: Այսօր տոն է, և ձյունը չի կարող ծածկել գարունդ, բաց է ու լայն քո պարտեզի ճանապարհը, և ընթերցողդ դեպի քեզ է քայլում՝ փոխկանչելով կանչիդ՝ <<Տու՛ր ձեռքդ, Ասու՛ր>>… 
Սուրեն Այվազյանի մասին հիշատակի ու գնահատանքի խոսք ասացին ԳՀՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, ճանաչված արձակագիր Արկադի Ծատուրյանը, <<Սյունյաց երկիր>> շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, Գորիսի Համայնքների միության նախագահ, պատմաբան Գրիշա Հարությունյանը, գրականագետ, <<Միրհավ>> ակումբի ղեկավար Թեհմինա Մարությանը, Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալենտինա Բաբայանը և ուրիշներ: 
Միջոցառման ընթացքում <<Միրհավ>> գրական ակումբի անդամները հանդես եկան գրական ընթերցումներով՝ հուզառատ լիցքեր հաղորդելով օրվա հոգենկարին: Հնչեցին Քաջիկ Դորունցի սրտառուչ բանաստեղծությունները՝ նվիրված գրչակից ընկերոջը, ընթերցվեց գրողի բացառիկ կտակ-պատգամը իր հայրենակիցներին…
Հիրավի, հոբելյանական օրվա առթիվ արժանին մատուցվեց մեծ հային, սյունեցուն, գրողին: Մեկնարկեց Այվազյանական տարին, որ անպայմանորեն նշանավորվելու է Սուրեն Այվազյանի գրական բարձր հեղինակության ամրապնդման, մարդկային ու ստեղծագործական նկարագրի վերահաստատման, այվազյանագիտության նոր նվաճումների և, ընդհանրապես, գրողի անվան ու գործի հետ կապված անհրաժեշտ ձեռնարկների իրագործման արդյունավոր փաստերով:













































Комментариев нет:

Отправить комментарий