17.01.2015

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ / Խաղաղություն

Այս պուրակում խշշում է շատրվանը: Քամին ջրափոշի է ցանում ծառերի, ծաղիկների վրա ու մի երեխայի: Եվ այնպես է քրքջում երեխան, և այնպես է հրճվում ջրափոշուց...Ու երջանիկ է մայրը, որ ջրափոշին այդքան մեծ հրճվանք է պատճառում իր մանկան: Եվ այնպես շնորհակալ է մայրն աշխարհից...
Այս պուրակում ջրափոշուց հրճվում են մայրն ու մանուկը: Այս պահին մեկը երգ է գրում դեռ լեզուն չբացված այս մանկան համար ու չարչարվում է: Մեկն այս պահին գիրք է գրում այս մանկան համար ու չարչարվում է: Նոր ծառ է տնկում այգեպանն այսօր ու չարչարվում է: Մեկն այս պահին այս մանկան համար տիկնիկ է սարքում ու չարչարվում է:
Պուրակում խշշում է շատրվանը, և ջրափոշուց հրճվում է մանուկը: Նրա ծիծաղը մանրանում է ջրափոշու պես, տարածվում ծառերի վրա, ծաղիկների վրա ու մոր սրտի: 
Ու մեկն այս պահին ռումբ է պատրաստում այս մանկան համար ու չարչարվում է...

Комментариев нет:

Отправить комментарий