22.05.2017

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

1978 թվականից ի վեր մայիսի 18-ը համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների: «Թանգարանների գիշեր» միջոցառմանը և Թանգարանների միջազգային օրվան 1992 թվականից միացել են նաև Հայաստանի ու Արցախի բազմաթիվ թանգարաններ: 
Միջոցառումը հնարավորություն է տալիս հասարակությանը անվճար, գիշերային միջավայրի ներքո ներգրավվելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները, հաղորդակցվելու թանգարանային խորախորհուրդ մթնոլորտին: Մի ամբողջ օր երեկոյից մինչև կեսգիշեր թանգարաններն այցելուներին առաջարկում են բազմապիսի միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում հանրության մեջ:
Թանգարանների միջազգային օրը ամեն տարի ունենում է խորհրդանշական թեմա, և ԻԿՕՄ-ը հրապարակում է տվյալ թեմային առնչվող միջոցառումները:
Այս տարվա խորագիրն էր՝ «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում». թեմա՝ խորապես համահունչ հայ ժողովրդի կյանքի բազմաթիվ անկյունադարձերին: 
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Գորիսի համայնքապետարանի, Բակունցի տուն-թանգարանի «Միրհավ» գրական ակումբի և ԳՊՀ-ի Պատմության ամբիոնի նախաձեռնությամբ Ակսել Բակունցի տուն-թանգարանում կազմակերպվեցին թեմատիկ միջոցառումներ:
Գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանի փայտե քանդակների ցուցահանդեսի բացմանը հաջորդեցին ԳՊՀ-ի ուսանողների ընթերցումները՝ «Մենք զոհվեցինք, որ դուք ապրեք» խորագրով՝ նվիրված ապրիլյան հերոսներին: Պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գայանե Շաբունցը իր խոսքում ընդգծեց թեմայի նշանակությունը նորահաս սերնդի ազգային ինքնագիտակցության ու հայրենապաշտ նկարագրի ձևավորման համար, քանզի «դժվար պատմելին» պատմելով մենք նաև դատապարտում ենք չարիքը, խաղաղության ու արդարադատության կոչ հղում աշխարհին: Ուսանողներն իրենց ելույթներում ներկայացրին քառօրյա պատերազմի նահատակ հերոսներ Նարեկ Մկրտչյանի, Աշոտ Զոհրաբյանի, Նորիկ Գասպարյանի, Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի անցած մարտական ուղին, անօրինակ սխրանքները, մինչև արյան վերջին կաթիլը հայրենիքին ծառայելու անպարտելի ուժը, որով էլ նրանք հավերժացան: 
Ելույթներն ուղեկցվեցին ապրիլյան հերոսների մասին պատմող տեսանյութերով: 
Միջացառման ավարտին խոսք ասացին թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը, ԳՊՀ ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, «Միրհավ» գրական ակումբի ղեկավար Թ.Մարությանը, Պատմության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Գ.Ստեփանյանը, պատմաբան, հրապարակախոս Ա.Կարապետյանը և ուրիշներ:

Комментариев нет:

Отправить комментарий