24.11.2014

ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆԻՆ

Օրերս <<Միրհավ>> ակումբի ձեռնարկած <<Բաց դասախոսություններ>> նախագծի շրջանակներում Բակունցի տուն-թանգարանում կազմակերպվել էր գրական հանդիպում՝ նվիրված սյունեցի տաղանդաշատ բանաստեղծ Ալբերտ Իսաջանյանին: Օրվա հյուրը Գորիսի մտավորական ընտանիքի ավագներից մեկն էր՝ Ռեդիկ Հայրապետյանը, որ մարդկային ու ստեղծագործական ջերմ շփումներ էր ունեցել բանաստեղծի հետ և հոգու հուշամատյանում սրբորեն պահպանել մեծ բարեկամության լուսեղեն հետքերը: Ռեդիկ Հայրապետյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց սրտահույզ մի հուշապատում՝ <<Ալբերտ Իսաջանյանը և իր ժամանակը>> խորագրով, որ ժամանակի գրական անցուդարձի ֆոնի վրա ամբողջացնում էր Ալբերտ Իսաջանյան մարդու և գրողի բացառիկ նկարագիրը:
Տխուր-էլեգիական մի պատմություն գրողի եղերաբախտ ճակատագրի, անկատար իղձերի, մարդկային ինքնատիպ խառնվածքի, նախասիրությունների, գրական անավարտ ծրագրերի մասին: Ռ.Հայրապետյանի բնութագրությամբ՝ Ալբերտը ընտրյալ մարդու մի տեսակ էր, որ մագնիսի պես բոլորին իր շուրջ էր համախմբում, ամեն մեկին իր արևային էությունից մի շող ուներ տալու, անչափ սիրում էր կյանքը և հավատում մարդուն... Ալբերտ Իասաջանյանը իր դժվար ու կարճատև կյանքի ընթացքում(1937-1983) հասցրեց հրատարակել բանաստեղծական երկու ժողովածու՝ <<Ծաղկե կամուրջ» (1965), «Ծաղիկ իմ հեռավոր» (1977) և մի վիպակ՝ «Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել»(1971), որոնք գրական մնայուն արժեքներ են: Դժբախտ պատահարի հետևանքով զրկվելով քայլելու, մարդկային լիարժեք կյանք վարելու հնարավորությունից՝ Ա.Իսաջանյանը ներքաշվեց ինքն իր խորքերը, և ցավատանջ ինքնակեղեքումից, աշխարհի պարզ դիտումից ձևավորված խոհն ու ապրումը դարձան կյանքի իմաստախոսութուն ու հոգևոր կենսագրություն՝ խտացած բանաստեղծական բարձարվեստ պատկերների մեջ: Իր ներքին խռովքը երբեք չվերածեց տրտունջքի, իրականության և իդեալի բախումը բանաստեղծին մղեց իրերի այլաշխարհային ընկալման, բառերի մեջ ամբարված կյանքի բացահայտման, որ իր ներքին կյանքն է, հոգու պատմությունը... 
Մեկտեղված թանգարանի այգու տաղավարում՝ ներկաները աշնան արևի նվազ շողերի ներքո գինի ըմպեցին բանաստեղծի հիշատակի համար, վայելեցին Բակունցների ինքնաեռի թեյը, հիշեցին այն երանելի տարիները, երբ Ալբերտի տունը՝ հայտնի <<Գորիսյան Վերնատուն>> անվամբ, դարձել էր գրական ու մարդկային սպասված հանդիպումների կենտրոնատեղի... <<Միրհավ>> ակումբի անդամները հնչեցրին Իսաջանյանի բանաստեղծությունները. գրական գոհարներ, որոնք, հեղինակի սրտամոտ բառերով ասած, ծաղկե կամուրջ են կապում ընթերցողի ու բանաստեղծի միջև, պարգևում բարձր գրականության երջանիկ պահեր: Միջոցառումը այդպիսի երջանիկ պահերի հանրագումար էր, որ օրվա բանախոսի՝ Ռեդիկ Հայրապետյանի, ինչպես նաև հանդիպմանը ներկա գրի ու արվեստի աշխարհի մյուս ներկայացուցիչների շնորհիվ կայացավ որպես մշակութային իրողություն՝ այդուհետ ավանդական դառնալու հեռանկարով: 




















Комментариев нет:

Отправить комментарий