18.07.2015

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Հայրենակորույս սասունցիների կերպարները Սիմոն Սիմոնյանի «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուում

Սիմոն Սիմոնյանի անունն ու գործը քիչ են ծանոթ Հայաստանի ընթերցողին, բայց լիբանանահայ գրամշակութային դաշտում նրա բազմաճյուղ ու բազմարդյունք վաստակը գնահատվել ու ճանաչում է բերել հեղինակին դեռևս կենդանության օրոք(1914-1986): Գրող, պատմաբան, մատենագետ, բանասեր, գրականագետ, մանկավարժ, դասագրքերի հեղինակ, գրահրատարակիչ ու խմբագիր Սիմոնյանը բոլոր ասպարեզներում ցուցաբերել է հավասար ուժ ու հանձնառություն՝ ողջ մտաեռանդը նվիրելով սփյուռքում հայ հոգևոր արժեքների ստեղծմանը, պահպանմանն ու ժառանգորդմանը:
Սիմոնյանի ստեղծագործական հարուստ կենսաշրջանն ընդգրկում է 1960-1970-ական թվականները: Նա պատկանում է սփյուռքահայ գրական այն սերնդին, որը սփյուռքահայ գրականության վերլուծաբան Մ.Թեոլոելյանը բնորոշում է որպես «Անմիջական սերունդ», այ՛ն՝ որ Երկրորդ աշխարհամարտէն ետք դիմագիծ ստացավ գաղութէ գաղութ եւ զգայնութեան առհաւական գիծը պահելով հանդերձ, յատկանշուեցավ ուրոյն գօտիներու գրական ազդեցութեանց ենթարկումով»[1] :
Սիմոնյանի առաջին գիրքը՝ «Կը խնդրուի… խաչաձեւել» (Հայոց երգիծական պատմություն), լույս է տեսել 1965 թվականին, այնուհետև հրատարակել է «Խմբապետ Ասլանին աղջիկը»(1967), «Սիփանայ քաջեր» պատմվածքների և վիպակների ժողովածուները (1967, 1970), «Լեռնականներու վերջալոյսը»(1968) պատմվածաշարը, «Լեռ և ճակատագիր»(1972) հատընտիրը և միակ վեպը՝ «Անժամանդրոս»-ը, որը տպագրվել է 1978-ին, բայց սեփական կտակի համաձայն հրապարակ է հանվել գրողի մահից հետո:
Սիմոնյանի ստեղծագործությունը հատկանշվում է հղացքային հարուստ ընդգրկումով, ուրույն ոճամտածողությամբ, պատկերաստեղծման ու կերպարակերտման բարձր արվեստով: Նրա գրական ձիրքը ձեռքբերումներ արձանագրեց հատկապես գեղարվեստական փոքր արձակի ժանրաձևային դաշտում, թեև միակ վիպական գործն էլ գեղարվեստական կոթող է:
Սիմոնյանի արձակագրության լավագույն էջերից մեկը «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուն է, որ գրողը նվիրագրել է հորը՝ «ջաղացպան Օվէին՝ Սասնոյ Կերմաւ(Աւկերմ) գիւղէն Հայկ նահապետի պես անտաշ ու ըմբոստ մարդուն, որին կը պարտիմ այս պատմուածքները՝ արիւնէս ետք»: Ժողովածուն բնաբանված է Շնորհալու խոսքով՝ «Ճանապարհ եւ ճշմարտություն», որը ոչ միայն կյանքի թելադրանքին հարազատ մնալու գեղարվեստական ելակետ է, այլև խմբագրական գործունեության ուղենշային սկզբունք՝ առաջադրված դեռևս 1958-ին, երբ հրապարակվեց «Սփյուռք»-ը: Լրագրի գաղափարական ուղղվածությունը պարզաբանող թիվ 3 համարի խմբագրականը Սիմոնյանը վերնագրել է նույն կերպ՝ կրկնաբանելով Շնորհալուն. «Բարձունքէն ըսելիք բաներ ունինք հայ ժողովուրդի գերագոյն շահերուն համար: Մինչ այդ Ներսես Շնորհալիի պես կ’ըսենք՝ «Ճանապարհ եւ ճշմարտութիւն»[2]:
Սիմոնյանի գրաշխարհի անկյունաքարը հայրենի կորուսյալ երկիրն է՝ Սասունը: Սասնա տեսիլապատկերը Սիմոնյանի երևակայությունը սնուցող մշտահորդ աղբյուրն է: Գրողն ամբողջ կյանքում արթմնի երազի նման տեսավ Սասունը և խորունկ հայրենազգացողությամբ հյուսեց դրախտային լեռնաշխարհի գեղարվեստապատումը՝ կարոտի մի նոր ծիր բացելով հայ գրականության մեջ: Գրողի արմատներն այդ աշխարհում են և ստեղծած կերպարներն էլ նույն հողից ծնունդ առած, Մարաթուկի հետ դարավոր հոգեկան կապ հաստատած, բնապաշտական ավանդույթների մեջ ձևավորված իրական մարդիկ են, ինչպես գրողն է նրանց անվանում՝ լեռնականներ, որոնք դուրս են մղվել հարազատ կենսատարածքից և նետվել «օտարութեան հօրին մէջ»: Հայրենակորույս սասունցիների մասին Սիմոնյանը սկսել է գրել 1940-ական թվականներին, երբ դեռևս ապրում էր Հալեպում, հիմնել էր «Սեւան» տպարանը, համանուն հրատարակչական մարմինը և պարբերագիրքը(1946թ.): Պարբերագրքի առաջին համարում էլ հրապարակում է հետագայում ժողովածուն բացող իր լավագույն գործերից մեկը՝ «Ան ուրիշ էր…» պատմվածքը, բայց ուրիշ վերնագրով՝ «Մա՛յր, ես գրեցի Քու Պետոյիդ մասին»[3]:
Սիմոնյանի գեղարվեստական աշխարհը բաղադրվում է հենց ծննդավայրից Լիբանան բռնագաղթած սասունցիների դառնաղետ կյանքի զննում-կուտակումներից, այն խորունկ տպավորություններից, որոնք մնայուն հետքեր են թողել գրողի հուզաշխարհում: «… Անոնք ինծի գրել տուած են այնպես, ինչպես որ իրենք ապրած են ու եղած»[4],-խոստովանում է Սիմոնյանը: Նա հասակ էր առել ճակատագրից զարնված ու հոգեխոցված այդ մարդկանց միջավայրում, որոնք էլ «պահանջում» էին իրենց անցած եղերական ճամփաների, արնածոր կարոտների, կորսված հարազատների գեղարվեստական իմաստավորում: Սիմոնյանը ճանաչում էր նրանց անձամբ, երկար խոսեցրել էր նրանց, պատմել տվել գլխներով անցածը, նոթագրումներ արել, որոնք կամաց-կամաց մշակվել և ինքնաբուխ գեղարվեստական պատկերների ձևեր էին առել: Այդպես բնականորեն գրվեցին «Ան ուրիշ էր…», «Եսի հե՛րս ունիմ», «Ասծու ամրն է», «Եսի մինակուկ մարդ եմ», «Նա իր հօր զավակն է», «Պելաւայ Յակոն բացավ իր բերանը», «Թող մեռնի՛ երկրորդ Սահակը», «Երեք օրակարգեր», «Երկու հողակույտեր Արագածի լանջին» և մյուս բարձրարվեստ պատմվածքները: Թեև Սիմոնյանը վկայել է, որ երբեք կարիքը չի զգացել դիմելու երևակայության և «գրական հնարքների», որովհետև «անոնց կեանքները ինքնին աւելի գեղեցիկ էին, լի ու իրաւ, աւելի անօրինակ ու յուզիչ, քան որեւէ տաղանդաւոր երեւակայութիւն ու վերստեղծում»[5], պետք է նշել, որ «հոգիի գրամեքենայի վրայ իրենք զիրենք» գրված պատմվածքները լիովին բավարարում են ժանրի դասական ընկալումներն ու պահանջները:
Ժողովածուն յուրատեսակ դիմանկար-պատմվածքների շարք է: Կերպարները՝ փռապաններ, հնակարկատներ, ջաղացպաններ, բեռնակիրներ, նոր ժամանակների, նոր միջավայրի մեջ ապրելու հենակետեր են որոնում, բայց նրանց ուշքն ու մտազգայնությունները անցյալի հետ են, նվիրական լեռան հետ, որ հոգևոր հենարան է օտարության մեջ: «Անոնք, այս պատմուածքներուն Սասունցիները, իրական մարդեր են, եւ ես անոնց վրայ գրած եմ իրական պատմուածքներ, կեանքին չափ ու անկէ աւելի իրական»[6] ,- վկայել է Սիմոնյանը: Այսպես՝ տարագրության սոցիալական, բարոյական ու հոգեբանական հետևանքների գեղարվեստական պատկերումը Սիմոնյանի արձակի հիմնանյութն է:
Սիմոնյանի արձակի համար բնութագրական են պարզ, անշպար, սեղմ ոճը, հումորախառն պատմելաձևը, տեղային, տոհմիկ լեզվամտածողությունը: «Պատմուածք պատմուածքներիս մասին» գրվածքում գրողը վկայաբերում է ժողովրդական մի ավանդազրույց, ըստ որի՝ տարագիր ջուլհակին հարցնում են, թե ինչու է մեկ սև հյուսում, մեկ՝ սպիտակ ու հետն էլ լաց լինում, ջուլհակը պատասխանում է. «Ես Սասունայ եմ, Մհերին բռնեցին, թալին(նետեցին) հորու մէջ. էն ապով(պատճառով) մէկ սեւ կը հինեմ, մէկ՝ սիպտակ ու կիլամ»[7]: Ավանդապատումի հեղինակային պարզաբանումից բխում է տարողունակ մի հարցադրում, որ վերաբերում է գրողի ստեղծագործական նկարագրի մեկնությանը: «Այդ ջուլհակի պես…,-գրում է Սիմոնյանը,- ես այս պատմուածքները մէկ սեւ հիւսեցի, մէկ՝ սպիտակ, որովհետեւ անոնց բոլոր հերոսները – Լեռնականներ – վար բերուելով իրենց լէռներէն՝ նետուեցան օտարութեան հորին մէջ, ուր ապրեցան իրենց յետմիջօրէն ու վերջալոյսը եւ այժմ արդեն մեծագոյն մասով անցած են իրենց չլուսցող գիշերին, իրենց քարայրին, Մհերեա՛ն հորին՝ այնտեղ բանտուելու յաւիտեան…»[8]: Սա կարևոր ինքնախոստովանություն է, որ վկայում է ոչ միայն գրողի ու նրա կերտած հերոսների՝ «Սասնա ծռերի» հետ ունեցած հոգևոր-ժառանգորդական կապի մասին, այլև ի հայտ է բերում Սիմոնյանի գեղարվեստական մտածողության մի յուրահատկությունը: Իրապես, նրա պատմվածքները հյուսված են «սևի» ու «սպիտակի» խաչավորումով, այլ կերպ ասած՝ երգիծականի ու ողբերգականի յուրատիպ ներհյուսումով: Տրագիկոմեդիայի ժանրային գլխավոր բնութագիծը, ըստ որի՝ այն պետք է «ամեն րոպե ծիծաղ առաջացնի հանդիսատեսի շուրթերին և արտասուք՝ աչքերին», շատ կողմերով հատկանշական է Սիմոնյանի գրարվեստին՝ որպես պատմելաձևի մասնահատկություն: Ավելին՝ դա գրողի հոգեխառնվածքի կարևոր բաղադրիչը կարելի է համարել: Ե.Օտյանի նման նա էլ կարող է ասել՝ «մեր ծիծաղը դառն բան մը կպարունակե»: Երգիծական շեշտը՝ առավելապես խոսքի կոմիզմի ընդգծումով, տարածվում է «Լեռնականներու վերջալույսը» ժողովածուի գրեթե բոլոր պատումների վրա: Այս տեսակետից ակնհայտ է Գուրգեն Մահարու բարերար ազդեցությունը Սիմոնյանի գեղարվեստական մտածողության վրա: Թերևս պատահական չէ, որ գրողն իր արժեքավոր ստեղծագործություններից մեկը՝ «Խմբապետ Ասլանին աղջիկը», ընծայագրել է «Գուրգէն Մահարիին՝ մեզ իրարու կապող մտածումներուն համար»: 
«Լեռնականներու վերջալույսը» ժողովածուի հետ որոշակի ընդհանրություններ ունի Մուշեղ Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» պատմվածաշարը, որը լույս է տեսել Սիմոն Սիմոնյանի գրքից 12 տարի անց՝ 1980-ին: Այս տեսակետից հետաքրքիր են այն զուգահեռները, որ կարելի է մատնանշել Սիմոնյանի և Գալշոյանի պատմվածքների թեմատիկ հղացքների, կերպարային համակարգերի, լեզվաոճական շերտերի միջև: Անտարակուսելի է, որ Գալշոյանը ծանոթ է եղել Սիմոնյանի գրաշխարհին, թեև որևէ վկայություն չկա այդ մասին: Ակնհայտ են ոչ միայն տոհմիկ երակների հարազատությունը, այլև կերպավորման արվեստի ընդհանրությունները:
Հատկանշական է, որ ժողովածուի տպագրության առաջին ողջունողները եղան հենց հայրենաբնակ սասունցի գրողները: «Սիրելի Սիմոն Սիմոնեան, -գրում է Վաղարշակ Նորենցը,- «ԼԵՌՆԱԿԱՆՆԵՐՈՒ ՎԵՐՋԱԼՈՅՍԸ» գրական ճշմարիտ արուեստի գործ է: Սասունցիների այդպիսի կերպարներ դեռ ոչ ոք չի պատկերել: Ես հիացած եմ այդ դէմքերով, որոնք այնքան պարզ ու կենդանի յիշեցնում են շատ հարազատ դէմքերի, որոնց մէջ անցել է իմ մանկութիւնը»[9]: Հայրենիքից ջերմ նամակով ժողովածուի հայտնությանն արձագանքեց նաև Խաչիկ Դաշտենցը. «Սիրելի՛ Սիմոն, Պետոյի հոգիէն թռած Գերմաւայ Օվէի տղայ, կարդացի «ԼԵՌՆԱԿԱՆՆԵՐՈՒ ՎԵՐՋԱԼՈՅՍԸ»(օ, ի՜նչ ցաւալի վերնագիր է): Շատ սիրեցի հրաշալի պատմուածքներուդ շարքը, որոնց մէկ թելը իրաւ սեւ է հիւսած, միւսը՝ սպիտակ: «Վերջալոյսը», ըստ իս, քո բոլոր գրութիւնների արշալոյսն է գեղարուեստական առումով»[10]: Ժողովածուին հայրենիքից ջերմորեն արձագանքեցին նաև Գուրգեն Մահարին և Հովհաննես Շիրազը, որոնք մշտական ներկայություն էին «Սփիւռք»-ում: «Լեռնցիներու վերջալոյսը» արշալույսվող գրքի հեղինակին՝ Շիրազից» ընծայագրով կարճ նամակում, որը հենց լուսապատճենով տեղ է գտել «Սփիւռք» շաբաթաթերթի 1969 թվականի թիվ 32 համարում, Շիրազը գրում է. «Սիրելի Սիմոն, ձեռքս ընկավ գիրքդ՝ «Լեռնցիներու վերջալույսը»(իմա՝ «Լեռնականներու վերջալոյսը»՝ Թ.Մ.) համով, հոտով, Սասնա կարոտով, գողտրիկ պատմվածքների օղակներով մի ոսկեշղթա վիպասանութիւն… Իմացել էի, որ բազմաշնորհ, ազնիվ հայ ես, հայապահպանման ամրոցի բուրգերից մեկը, բայց չգիտեի, որ բարի բնությունը արձակագրի տաղանդով է էլ է օժտել քեզ. – շատ ազդվեցի Մանուկ Մանոյի ինքնաթաղումով, մորդ մասին գրածովդ(դրանք համաշխարհային գրական գոհարիկներ են…): Իմացա նաև, որ երկրորդ հատորն էլ կա, խնդրում եմ մեկ հատիկ ինձ ուղարկես»[11]: Հայրենիքում ժողովածուի առաջին ընթերցողներից մեկը Գուրգեն Մահարին էր: Սիմոնյանը «Սփիւռք»-ում հրապարակել է Մահարու՝ 1968թ. օգոստոսի 21 թվակիրն ունեցող նամակը՝ հասցեագրված Մոսկվայից: Երկրորդված նամակում Մահարին անդրադառնում է Սիմոնյանի գրական անսպասելի մուտքին՝ կարևորելով նրա գեղարվեստական մտածողության՝ «պարզ, խորունկ, մարդկային հումորին» հակամետ գիծը. «Սիմոնեանի հումորը իւրովի է: Գտնում եմ, որ իր այս գործերում կան այն բոլոր տարրերը, որոնցով հարուստ է եղել Սասունցին: Պիտի ասէի աւելին. – Եթէ Համաստեղը իր պատմուածքներով փրկեց Սասունցի լեռնականներին, այդ առողջ բնազդով, խորը հայրենասիրութեամբ, անհունօրէն մարդկային մարդկանց: Պարզ, խորունկ, մարդկային հումոր ունի Սիմոնեան: Հիանալի թեմաներ է ընտրել Սիմոնեանը: Իր հօր՝ Օվէի մասին գրածը, նոյնպես Պետոյի, ինձ թւում է անմոռաց կը մնայ որեւէ ընթերցողի յիշողութեան մէջ: Այս պատմուածքը իրաւունք է տալիս մեզ, որ Սիմոնեանին ասենք. Զեղչիր ուրիշ գործերից եւ ժամանակդ յատկացրու գեղարուեստական գրականութեան. Այդ են պահանջում Սասունցիները, այդ եմ պահանջում նաեւ ես»[12]: Ավելի ուշ «Լեռնականների վերջալույսը» ժողովածուն բարձր գնահատեց նաև Համո Սահյանը՝ ցավ ի սիրտ նշելով, որ ուշ է ճանաչել Լիբանանում ապրող տաղանդավոր գրողին, որ իրապես ստեղծել է մնայուն գործեր. «Քսաներորդ դարի արձակ է Ձեր արձակը,-գրում է Սահյանը,- ըստ էության, ակունքից կտրված, բայց ակունքներով ապրող մարդիկ են Ձեր հերոսները: Մարդկային բարոյականության նորմաները պահպանող մարդիկ: Քսաներորդ դարի մարդկանց ճակատագրին ավելանում է նաև մեր ազգային ողբերգությունը, և մարդիկ ավելի են կոնկրետանում: Գիրքն ընդհանրապես ինձ շատ դուր եկավ, պատմվածքները գրված են առանց ճիգի, հայկական համ ու հոտով, բարբառի վարպետ օգտագործումով: Դուք գրել եք պատմվածքներ, որոնք կարող են զարդերը կազմել ամեն մի ազգային գրականության: Չնայած համեմատություններ չեմ սիրում, կարդալով ձեր «Երեք օրակարգ»-ը հիշեցի Չարենցի «Երկիր Նաիրի»-ն և Բակունցի «Կյորես»-ը: «Երեք օրակարգ»-ը առանց զեղչ ու զիջումի կանգնած է մեր գրականության գլուխգործոցների կողքին»[13]: «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուն ջերմ արձագանքներ ունեցավ նաև սփյուռքյան գրական շրջանակներում:
Սիմոնյանը Ասատուր Կյուզելյանին հասցեագրած մի նամակում վկայել է, որ պատմական հայրենիքի կարոտով ապրող սասունցիների մասին գրել է Հակոբ Օշականի խորհրդով, որ նաև խոստացել էր գրքի համար առաջաբան հեղինակել: «Քեզի կը ղրկեմ Լեռնականներու վերջալոյսը... Անթիլիաս, 1948-ին սկսած էի տպագրության. կը յիշե՞ս... Յակոբ Օշականի ստիպումով եւ գրելիք յառաջաբանով: 21 տարի ետք լոյս կը տեսնէ...» (Պեյրութ, 27/4/1969):
Ժողովածուն բացող «Ան ուրիշ էր…» պատմվածքը, որ Սիմոնյանի գեղարվեստական առաջին հայտն էր, հոգեբանական խտացումների փայլուն նմուշ է, մնայուն արժեք հայ արձակագրության մեջ:
Սրտառուչ մուտքով է սկսվում պատմվածքը՝ «Ներէ՛, մայր որ ես գրեցի քու Պետոյիդ մասին»: Պետոն հեղինակի մոր՝ Մանուշի առաջին ամուսինն է եղել և հոր՝ Օվեի մտերիմ ընկերը: Ամուսնության յոթերորդ տարում Պետոն հանկարծամահ է եղել, իսկ Օվեն մեկ տարի անց Մանուշի հետ ընտանիք է կազմել, զավակներ ունեցել: Առաջին հայացքից սովորական թվացող նյութի պարագծով գրողը նրբորեն բացում է Օվեի ու Մանուշի ներհոգեկան հարաբերությունների դրաման: Պետոն շարունակում էր երկրորդ կյանքով ապրել Օվեի տան մեջ «իբրև ամուսին, իբրև հայր և իբրև ընկեր, բայց ալեւս թշնամի դարձած ընկեր»: Հանգուցյալը, որ «տարօրինակ կերպով կգործէր իր մահվընեն ետք», ոչ սուրբ էր, ոչ հերոս, ոչ էլ մեծ տառապող, մի հասարակ սասունցի էր՝ «Տալվորիկի քաջ զավակ», որի քաջագործությունների մասին Մանուշը զմայլանքով պատմում էր զավակներին՝ «անբացատրելի խորհուրդով» լցնելով նրանց մանկական հոգիները: Իր տեսլականի մեջ ամբողջովին կապված լինելով առաջին ամուսնուն՝ Մանուշը գրեթե կորցրել էր կյանքի առարկայական ընկալումը: Նույնիսկ համոզմունք ուներ, որ իր զավակները հանգուցյալ Պետոյից են, քանզի վերջինս սուրբ հոգու պես միշտ տեսլացել էր իրեն, և առանց այդ «երևումի» երբեք չէր հղիացել: Հեղինակն այսպես սրում է ներքին տեսողությունը և խորացնում հոգեբանական թափանցումների ծիրը՝ բացահայտելով «անդրաշխարհային սիրո» ու նվիրումի գեղեցկությունը, զարմանալի ձգողական ուժը: Ինչպես եզրակացնում է գրողը՝ «Մայրս էութեամբը կը մնայ ամուսինը մեռնողին»:
Խոր ընդգրկում ունի պատմվածքը: Գրողը զգում է նյութը, որսում նրբերանգները, բացում կերպարների հոգեզգացական ծալքերը: Ընդհանրապես արձակագիրը հմտորեն է գտնում կերպարների հոգեկան ապրումների բառապատկերային համարժեքը, որն էլ բնութագծվում է խոր ենթիմաստով: Պատմվածքներում կան առանձին բառային կառույցներ, որոնք կերպարների հոգեբանական վիճակները բնութագրելուց բացի, պայմանավորում են գրվածքի ներքին ռիթմը, քնարականությունը, պատումին հաղորդում հուզական հարուստ լիցքեր: Այս դեպքում «Ան ուրիշ էր…» տողը նկատելի դրամատիկ երանգ է տալիս պատումին:
Սիմոնյանի կերպարները ամբողջովին կրում են Սասնա բնաշխարհի դրոշմը, սովորույթներն ու բարքերը: Նրանց դրսևորած վարքագծի, կենսավարության համատեղումով գրողը փորձում է վերստեղծել կորուսյալ երկրի հոգևոր ամբողջականությունը: Կյանքի ու աշխարհի մասին սասունցու իր ուրույն փիլիսոփայությունը ունի «Սահմանակին վեճ» պատմվածքի հերոսը՝ Օվեն, որ ներքին խռովքի մեջ է՝ վիրավորված նամուս չունեցող որդիներից, քանզի «նամսով հայ իսկի՛ չծիծղայ: Սէֆէրպէրլիք էղաւ… Ջարդուց յետ հայ մարդ իրաւունք չունը ծիծղալու»: Հավատամք, որ ութսունամյա սասունցու համոզմունքներում կայծքարի կարծրություն ունի: Ամբողջ երեսուն տարի Օվեն չէր խնդացել, «պեղծ» է խնդալը, երբ կոտորվել են սիրելիները, ամայացել՝ հայրենի ակութները: Հայության դեմքի վրա պիտի դրոշմվի տրտմությունը՝ որպես նշան անմոռացության: Օվեի համար օսմանցիների չափ անընդունելի են «սատանու հոգի էժնեպիները», այսինքն՝ եվրոպացիները, որոնց ատում էր «լեռնականի բովանդակ կատաղությամբ»: Տխեղծ է այն ամենը, ինչը եվրոպական է, նախ և առաջ լեզուն, որ գործածում էին զավակները, և ապա տան այն «զզուելի իրերը», որոնք «էժնեպու» ձեռակերտածն էին: Օտարախոսության և օտար բարքերի հետ ամենօրյա բախումը ավելի է կարծրացնում լեռնականի բնավորությունը: Աշխարհի երեսին Օվեի միակ սրտակիցը Ձիավոր Ավեն է: Պատմվածքում զուգահեռ գծագրվում է Ավեի դժբախտ կենսուղին՝ նման հազարավոր սասունցիներին վիճակված անագորույն ճակատագրին: Նոր ամուսնացած՝ Ավեն գալիս է Հալեպ՝ «փարա վաստակելու» ու վերադառնալու: Բայց ծագում է պատերազմը, իջնում է թանձր խավար: Ջարդ, արյուն, նահանջ: Ոչ մի լուր վերապրողների մասին: Տարիներ անց միայն Ավեն տեղեկանում է, որ կինը չի սպանվել, կապվել է մի քուրդի հետ ու զավակներ ունեցել: «Ծովասարի վրա իջնող մշուշի պես» վիշտը ծանրանում է Ավեի սրտին ու երբեք չի փարատվում:
Ընդհանրապես Սիմոնյանի ամեն մի պատմվածք բերում է տեղային սովորությունների ու բարքերի առանձին բեկորներ, որոնք ունեն ազգագրական ու բանահյուսական արժեք: «Մըր երկիր ,- կըսէ հայրս, աղջիկմ կտրէր ուր մազեր ուր աղպօր մեռնելուն: Հունա (այստեղ)՝ քեֆու ապով(համար)»: Օվեն ուշագրավ բնավորություն է՝ սասունցու ծուռ կողմերով, բայցև արդար ու տոհմիկ մղումներով՝ պահպանելու ազգային դիմագծությունը՝ սովորույթներով ու կենցաղով, լեզվով ու նիստուկացով, հայրենի հողի հետ ունեցած դարավոր կապով: Բոլոր հին սասունցիների նման Օվեն ու Ավեն նույնպես հավատում էին արդարության հաղթանակին, ապավինում Սասուն վերադառնալու և հայրենական կորսված հողերին տեր կանգնելու հույսին ու սպասումին: Սիմոնյանը նուրբ երգիծապատկերով է ներկայացրել իրենց կյանքի վերջալույսն ապրող ծերունիների «սքանչելի պարզահավատությունը»:
Հաջորդում են մեկը մյուսից բխող, հոգեբանական նրբիմաստային անցումներով մեկը մյուսին լրացնող պատումներ: Օվեի հոգեկիցն է Քեռի Օհանը («Եսի հե՛րս ունըմ»), որ տարագրության մեջ իր գոյությունը քարշ էր տալիս բեռնակրի չարքաշ աշխատանքով: Պատմվածքի առանցքը Աստված-Օհան հիպերբոլիկ հակադրությունն է, որի շուրջն էլ գծագրվում են հերոսի ճակատագրի ողբերգականությունը պայմանավորող հանգամանքերը և ամբողջացնում նյութը: Օհանը անընդհատ «հակասությունների» մեջ էր «ունևորներու բարեկամ», «բեռցնող» Աստծու ու նրա «խաֆիաներու»(գործակալներ) հետ: Աստված անիծել էր Օհանին, թե «Սասունցի՛ ըլլաս», Օհանն էլ Աստծուն՝ «վար չիջնե՜ս»: Երկու անեծքներն էլ իրականացել էին. Օհանը մնացել էր մի՛շտ սասունցի, Աստված էլ չէր իջել երկիր, փոխարենը ուղարկել էր «խաֆիաներին», որոնցից առաջինը Օհանի կինն էր՝ Սիրանույշը: Ամուսնությունից կարճ ժամանակ անց երիտասարդ ու գեղանի կինը լքել էր «կոպիտ, երկարապեխ, գավառի չարուխներով» ամուսնուն ու փախել դրացի այլազգիի հետ: Օհանը մանկահասակ որդու հետ մնացել էր մենակ՝ մատնված ահավոր հուսահատության: Որոշելով հաշվեհարդար տեսնել՝ զօրուգիշեր փնտրել էր կնոջը, բայց ապարդյուն: Վերադառնալով Հալեպ՝ Օհանը օրեր ու տարիներ էր մաշեցրել ինքն իրեն կրծելով ու բեռ կրելով, որ «երբեք չեղաւ աւելի ծանր, քան իր հոգիին բեռը»: Անցյալից վերընձյուղված ներկան տասը տարի անց դավաճան կնոջը ներելու հնարավություն է ընձեռում նրան: Սակայն ներման ոգին գրված է Նոր Կտակարանի մեջ, բայց ոչ «լեռնականի կուրծքին տախտակին վրայ»: Մենակությունը, որդու ահավոր որբությունը, կենցաղային հոգսերը չստիպեցին Օհանին նվաստանալ կնոջ առաջ կամ մտածել երկրորդ կին առնելու մասին: Ատելով բոլոր կանանց՝ Օհանը երբեք չէր կրում շուկա եկած որևէ կնոջ բեռը. «Կին հաճախորդներու դրամը ինծի համար «հարամ եղնի», ըսաւ»: Հեղինակն այսպես բևեռացնում է իր հերոսի բնավորությունը՝ անձնական շեշտադրումներից հասնելով ազգային դիրքորոշումներին: Հերոսի խոսքի ու վարմունքի տարբեր շերտերի ու նրբերանգների մեջ բացվում է չկայացած, իմաստազրկված կյանքի հերթական դրաման:
Սիմոնյանն իր պատմվածքներում չի տրվում նկարագրական ծավալումների, այլ ձգտում է հայտնաբերել կերպարների մտազգացական թրթիռների ներքին բարդ շաժումը և ապահովել նյութի իմաստային խտացումը: Ամեն մի պատմվածքում նա գտնում է այն հոգեշաղախը, որը անհրաժեշտ խորք ու կշիռ է տալիս պատումին: Գեղարվեստականության մեծ պաշար են կրում հատկապես մանրամասներն ու նրբերանգները, որոնց հիմքով գրողը հասնում է բարձրարվեստ ընդհանրացումների:
Կատարյալ պատմվածք է «Ասծու ամրն է» գործը, որի ընդհանրացման ուժը Սասնա դարավոր սովորույթների խտացումն է: Գրողը հասել է Երկեն Արթինի կերպարի հոգեբանական տպավորիչ պատկերման: Արթինի՝ սասունցի լինելու պարագան լուրջ տարակարծություն է առաջ բերում հայրենակիցների շրջանում, երբ նա, ունենալով յոթերորդ աղջիկը, փորձ չի անում ոչ իրեն, ոչ էլ կնոջը սպանելու: Պետք է ստուգվեր Արթինի ծագումնաբանությունը, քանզի սասունցին չէր կարող տղա զավակ չունենալ: Ծեր սասունցիները, սակայն, հավաստում ու հաստատում են, որ Արթինը զտարյուն սասունցի է՝ Սասնա Պելավ գյուղից և օտարության մեջ էլ ապրել է որպես ճշմարիտ սասունցի, այսինքն՝ «սիրած է ընտիր ձին, եղած է միայն ջաղացպան և անաղարտ պահած է պատիվը՝ պեխը».: Հակառակ այս «կայծքարե ապացույցներին»՝ սասունցիները շվարած էին, թե ինչու Արթինը գոնե չկտրեց երկար բեղերը կամ չփախավ ջրաղաց՝ «մանչ ունեցող հայրենակիցներու խայթող դեմքերը չտեսնելու համար»: Դառը իրողության շուրջ կուտակվում-ծավալվում են Արթինի իրարամերժ խոհերը… Գրողը նուրբ թափանցումներով է ներկայացրել սասունցու հոգեբանության մեջ կատարվող աստիճանական տեղաշարժը: Տագնապի հետ հյուսվող երազի առասպելը՝ հայրենիք ներգաղթելու հեռանկարով, դառնում է ապրելու, առաջ նայելու գրավական: «Երկրի ջուրը ուրիշ է, երկրի ջուր որձ է, հուտա /հոս/, էս երկրի ջրայ մըջ կնկայ նէֆես /շունչ/ էկանէ: …. Կ'երթանք մըր երկիր, պէլքէ հոնի տղայ զաւակ կ'ունընք»:
Սիմոնյանի կերպարներից շատերը նկատելի հոգեկցություն ունեն Օշականի «խոնարհների» հետ և կարող են լրացնել խեղճ ու ավելորդ մարդկանց՝ քոքուրների շարքը: Նրանցից է հոգում բազմախոց վերք ունեցող Մանոն («Եսի մինակուկ մարդ եմ»), որ Հալեպ էր եկել դրամ վաստակելու և էլ չէր կարողացել վերադառնալ հայրենիք: Հայրենի հիշատակները՝ գյուղը, լեռները, հովվական փողը, Մարաթուկի ուխտագնացությունը, անթեղած սրտում, փռապան Մանոն, ընդառաջ գնալով կյանքի հորձանքին, զօրուգիշեր մաքառում է նոր աշխարհում գոյատևելու համար, բայց դժբախտ ամուսնությունը ի չիք է դարձնում ընտանեկան տաքուկ անկյունում դժվարին կյանքի վերջին օրերը իմաստավորելու Մանոյի հույսերը: Հեղինակը մանրամասն պատկերագծում է հերոսի կյանքի ընթացքը. ընտանեկան ծուխը վերականգնելու ապարդյուն փորձերը, երկար ու անհեռանկար դեգերումները, մեկը մյուսին հաջորդող ձախորդությունները, մերժվելը երևակայաբար «անգլիացիի մը կինը» դարձած հոգեգար կնոջից, արհամարհվելը հարազատ զավակներից… Մանոն՝ «իր հսկա խեղճությամբ ու փոքր անունով», զրկված կենսական բոլոր նեցուկներից, ի վերջո հպատակվում է «Աստծու ամրին»(հրամանին՝ Թ.Մ.): Մտասուզվելով իր իսկ տառապանքի մեջ՝ շարունակում է փռապանությունը և «փուռի կրակներին դեմ» ինքն իրեն ավելի զովացած զգում, քան «դէմը իր դարդի կրակին»: Մանոյին, սակայն, մի փափագ էր ապրելու ուժ տալիս՝ հայրենադարձությունը…
Որպես հայ մարդու տարագրական հոգեխառնություն՝ հայրենազրկությունն ինքնին տագնապ էր, որ Սիմոնյանի գրչին ուղղություն տվեց՝ հյուսելու լեռնականների մասին իր հրաշալի գեղարվեստապատումը: «Երբեք կարիք չեմ զգացած դիմելու երեւակայութեան ու «գրական» հնարքներու, վասնզի անոնց կեանքերը ինքնին աւելի գեղեցիկ էին, լի ու իրաւ, աւելի անօրինակ ու յուզիչ, քան որեւէ տաղանդաւոր երեւակայութիւն ու վերստեղծում: Այնպես որ յաճախ կարծած եմ, թէ ես չէ, որ գրած եմ այս պատմուածքները. անոնք իրենք զիրենք գրած են՝ իմ հոգիիս գրամեքենային վրայ»[14] ,-վկայել է Սիմոնյանը:
Ամեն մի պատմվածք բերում է խեղված ճակատագրերի առանձին խտացումներ: Այս առումով կատարյալ պատմվածք է «Թող մեռնի երկրորդ Սահակ», որի պատումը զարգանում է հերոսի կյանքի երկճյուղ ընթացքով, երկու Սահակների հակադրությամբ: Սիմոնյանին երբեք չի լքում զվարթախոհությունը, հումորը: Սահակը երկու ծնունդ էր ունեցել՝ 1897-ին և 1915-ին: Երկրորդ Սահակին Աստված վերստեղծել էր «հայ տարագրութեան պատկերին համաձայն, այսինքն՝ հեռու իրեն և բոլոր մարդկանց տարրական նմանութենէ»: Մարդիկ ազնիվ են եղել՝ Սահակին կոչելով իր մարմնի անհաշվելի թերություններից միայն մեկի անունով՝ Թոփալ: Զուգահեռ պատկերվում է առաջին Սահակի կյանքի հովվերգական ընթացքը «Սասնոյ ամենից անմատոյց ու վայրի լեռնաշրջանին մեջ», որտեղ վեր էր խոյանում լեռնաշխարհի ամենավեհ գագաթը՝ Մարաթուկը: Նվիրական լեռան ստորոտում գտնվող Բիրշենք գյուղում էլ ծնվել էր Սահակը: Առհասարակ, ժողովածուի տարբեր պատումներում Սիմոնյանը վկայակոչում է սրբազան լեռը՝ որպես ոգեպրկումի, վերակերտումի խորհրդանշան: Գրողի մտածողությունը հարուստ ու գեղեցիկ պատկերներ է ստեղծում այդ խորհրդանշանի շուրջ: Մարաթուկը տիրական ազդեցություն էր թողել Սահակի հոգեաշխարհի ձևավորման ընթացքի վրա, մտել արյան բաղադրության մեջ: Ինչպես հեղինակն է նշում, Սահակի մանկական հոգում «մոր պատկերի մը պես տպավորված էր Մարաթուկը»: Գեղեցիկ էր առաջին Սահակը՝ «լուսինը երկնային մարմին մըն է, որուն լիութիւնը կ'ըսեին՝ կը նմանի Սահակի դէմքին»: Եվ ապա՝ «Մարաթուք սարն ու Բիրշենք գյուղի աղջիկները կը մրցէին իրարու հետ՝ տիրանալու համար Սահակի սրտին»: Բայց հովիվ Սահակը հավատում էր միայն Մարաթուկին: Նրա սիրտը դեռ պիտի բացվեր սիրո առաջ՝ «մեծ նուռի մը պես»: Բայց սկսվեց կռիվը: Սահակը կորցրեց բոլոր հարազատներին: Թեև դիմացավ ու թոթափեց բոլոր հիվանդությունները, բայց դրանց խոր ու անջնջելի հետքերը մնացին մարմնի բոլոր մասերի վրա: Ահա այսպես հայ տարագության պատկերի համաձայն Աստված ստեղծեց երկրորդ Սահակին՝ որպես կենդանի հիշատակարան, ուր քանդակված են հայ եղեռնի ավերներն ու չարչարանքները: Առաջին Սահակից երկրորդ Սահակի մեջ վերապրեց միայն հավատքը Մարաթուկի զորության հանդեպ: Ընդհանրապես ամբողջ պատումն աչքի է ընկնում բանաստեղծական խտացումներով: Զարմանալի միասնությամբ իրար են ձուլվում Սասնա գեղատեսիլ բնությունը, Սահակը՝ սիրաշունչ երազներով, հովվական փողով ու մախաղով, և Մարաթուկը՝ որպես այդ միասնության վկա ու խորհրդանիշ: Սահակի երկրորդ կյանքը շարունակվեց «տարագրուած հայերի մեծ կեդրոնում»՝ Հալեպում: Սասունցիներից շատերի նման Սահակը դարձավ փուռի աշխատավոր, հետո՝ սեփական փուռի վարպետ: Ծայրահեղ խնայասիրությամբ բանեց օրնիբուն, դիզեց ոսկիներ՝ համոզված, որ օտար քաղաքում ինքնահաստատվելու միակ միջոցը դրամն է, և որ այն փոխարինում է ամեն ինչ, մինչև իսկ երիտասարդություն ու գեղեցկություն: «Ու կորսուած Մարաթուքի տեղ կարծեք ոսկիներու սար մը կը բարձրանար իր կիսախուփ աչքերուն առջև»: Քսան տարեկան երիտասարդի նման խանդավառված՝ Սահակը որոշեց ընտանիք կազմել: Բայց հանկարծակի կորցնելով տարիների չարքաշ աշխատանքով կուտակած ոսկիները՝ դարձյալ զգաց, որ խեղանդամ է ու տգեղ, հիշեց իր պատանեկան գեղեցկությունը, ու սիրտը կսկծաց: Չհանձնվեց, նորից լծվեց աշխատանքի և կամաց-կամաց մտավ ինքնախաբեության նույն կեղևի մեջ: Պատմվածքում հերոսի հոգեբանական խմորումների այսօրինակ անցումները կատարվում են մեծ վարպետությամբ: Ի վերջո, կյանքը իր դաժան դասերով փշրում է Սահակի «դրամասիրական փիլիսոփայությունը» և ապրելու խորհուրդը դարձյալ բովանդակավորվում է Մարաթուկի տեսքով ու ամենակարող ուժով:
«Նա իր հօր զավակն է», «Մուրազ մը ունիմ» պատմվածքները առանձնանում են աղետի և դիմակայության անդրադարձներով:
Մեղվաբուծությամբ զբաղվելու համար աշխարհ եկած սասունցին ակամա զբաղվել էր «մարդու արյուն թափելով»: Հոր փափագն էր, որ որդին դառնա ուսյալ մեղվաբույծ: Գյուղի տերտերը դողդոջուն աջով Մակարի ձեռքը սահեցրել էր փայտե այբուբենի, ապա Քերականի էջերի վրա՝ սովորեցնելով կարդալ ծառ, սար, ոչխար, փեթակ, մարդ բառերը… Նոր և ավելի դժվար բառերը՝ թշնամի, զինվոր, պատերազմ, թնդանոթ, ավեր, կոտորած, Մակարը չկարողացավ կարդալ, որովհետև ծագեց Սասունի ապստամբությունը: Յոթ տարեկան Մակարը տեսավ ու ճանաչեց թշնամուն, ահեղ պատերազմը, թնդանոթները, ավերն ու կոտորածը… Քանդվեց հայրենի գյուղը, սպանվեցին հարազատները: Այդ տարիքում արդեն Մակարը հասկացավ, որ տեսնելը ավելի դժվար է, քան կարդալը: Կռվից հետո մի խումբ որբերի հետ նրան տարան Առաքելոց վանք՝ ուսում առնելու: Բայց այնտեղ էլ «իր սորվածը երբեք չեղավ ավելի մեծ քան իր տեսածը»: Սասնա երկրորդ ապստամբությունից հետո վերապրողների հետ Մակարը վերադարձավ գյուղ, վերականգնեց հայրենական տունն ու բարեշեն դարձրեց օջախը: Նվիրվեց սիրելի գործին, որ «սիրական աշխարհ» դարձավ՝ եղբայրության ու խաղաղության խորհրդանիշով: Արդեն մտածում էր ընտանիքի մասին, երբ ծագեց պատերազմը… Քեռի Մակարը, իր հետ վերցնելով ընտիր հրացանը՝ միակ ապօրինի ձեռքբերումը մեղվափեթակների արդար արդյունքից, միացավ Սասնո պաշտպանության համար ոտքի ելած զինյալ խմբերին՝ ամբողջովին նվիրվելով հայրենակիցների փրկության գործին: Հեղինակը պատումը առաջ է տանում չթուլացող լարվածությամբ, և թանձր գույներով պատկերում եղեռնի արհավիրքները:
Այս տեսակետից տարողունակ պատմվածք է նաև «Մուրազ մը ունըմ»-ը, հեղինակի հուշումով՝ հորաքույր Խանեից մնացած սրտակեղեք մի պատմություն:
Հայ գեղարվեստական արձակի թռիչքներից է «Երեք օրակարգեր Սասունցիներու երեսփոխանական ժողովին մեջ» պատմվածքը, որ հեռավոր աղերսներ է ձևավորում Բակունցի «Կյորեսի» հետ: Գրեթե կատակերգական-երգիծական պատումի մեջ հեղինակը բացում է ազգային ողբերգության խոր շերտեր՝ առօերականության ըմբռնումից հասնելով համամարդկային տագնապների տիրույթները: Սիմոնյանը ունի դրության գնահատման փայլուն զգացողություն, որ արտահայտվում է հատկապես այս պատմվածքում: Ուղղակի ապշեցնում է Սիմոնյանի գրչի երգիծական ուժը: Ահա պատմվածքի մուտքը. «Սասունցիները, որոնք ո՛չ հնդեվրոպական են, ո՛չ սեմական եւ ո՛չ քամեան, եւ հազիվ արենակցական հեռաւոր կապով մը կապուած են Հայերու հետ, Հալէպի մեջ ունեին իրենց խորհրդարանին սեպհական շենքը, որ կառուցուած էր իրենց ազգային ճարտարապետութեան ոճին համաձայն, եւ ուր կը հավաքուին Սասնոյ բոլոր շրջաններուն պատկառելի երեսփախանները եւ կը գումարեն իրենց նիստերը՝ գրեթե ամէն օր»: Սասունցիների հավաքատեղին հնակարկատ Լևոնի խանութն էր, որտեղ և նրանք, ապագայի տեսլականով խանդավառված, գումարում են բացառիկ մի նիստ՝ օրակարգում ունենալով երեք հարց, որոնցից գլխավորը հողային հարցն էր: Ազգային առաջնորդարանը հրահանգել էր, որ նախկին թրքահպատակ հայրեը արձանագրեն Թուրքիայում մնացած իրենց հայրենի կալվածքները: Սասունցիները նույնպես արձանագրել էին անվերադարձ կորստյան մատնված պապենական հողերը՝ հաճախ իրարից «հափշտակելով» անտառներ, սարեր, ձորեր, աղբյուրներ, նույնիսկ գյուղեր ու գավառակներ: Այդ առիթով Սասնա Կերմաւ գյուղից մինչև Տալվորիկի սահմանները տարածվող վիճելի ու անտեր մնացած մի հողակտոր գրանցվել էր և՛ Կերմավցի Հակոյի, և՛ Տալվորցի Խամոյի ցուցակներում: Երեսփոխանական ժողովը պիտի քններ երկու ծեր սասունցիների միջև անտեղիտալի վեճ հարուցած խնդիրը՝ «Թուրքիա մնացած հողամասի սեպհականության համար»: Ինչպես հեղինակն է նշում, պատերազմով լուծվելիք խնդիր, որ ենթադրում էր մեկ պարտյալ և մեկ հաղթական: Բայց որովհետև սասունցին չպիտի պարտվեր, պէտք է մղվեր «նորօրինակ պատերազմ», որ երկու կողմին էլ բերեր ամբողջական հաղթանակ: «Ըմ պապու հողեր ին»,-պնդում էր Հակոն՝ առանց թզաչափ անգամ զիջում անելու թուրքերի կողմից վաղուց «կերուած ու մարսուած» 35 կմ երկարությամբ հողատարածքից:
Սասունցիների խորհրդարանի հավիտենական նախագահը հնակարկատ Լևոնն էր, ինչպես գրողն է ներկայացնում՝ «Աշխարհի վրայ ժողովական միակ նախագահը, որ ձեռաց արհեստ ընելով կը վարէ ժողովները»: Տարեց սասունցիների շրջանում, որոնք կամ ջաղացպան էին, կամ փռապան, արհեստավոր Լևոնը միակ բացառությունն էր. նա նորոգում էր հին կոշիկներ և … վշտեր: Լևոնի հնարամիտ վճիռով էլ լուծվում է օրակարգի ծանրակշիռ հարցը՝ հողը պիտի պատկանի կերմացիներին, որոնց միակ շառավիղը Հակոն է, իսկ հողի ընդերքի ոսկին, ինչի մասին մեծ հորից լսել էր Տալվորցի Խամոն, պիտի պատկանի տալվորցիներին, և, անկասկած, այդ հարստության առյուծի մասնաբաժինն էլ կժառանգի Խամոն:
Երգիծական պատումի մեջ նկատելի է հեղինակի ապրած ցավի ու մորմոքի ողբերգական շեշտվածությունը: Մոլորություն ու խաբկանք էր հայրենի կորուսյալ հողերին դարձյալ տիրանալու, պապենական հողերը «կիսելու» սասունցիների պարզահավատությունը: Բռնագաղթած հայերի նկատմամբ պարբերաբար դրսևորած այդ կեղծ վարքագիծը պետք էր թուրքերին՝ դեպի քաղաքակիրթ Եվրոպա առաջանալու նպատակի իրագործման համար: Մինչդեռ կյանքի հիմքերը կորցրած այդ խեղճերը դեռ հավատում էին աշխարհի արդարությանը, մարդկայնությանը, մարդկային խղճին: Նյութի այսօրինակ խտացումով գրողը նպատակ ունի ցույց տալու, թե ծննդավայրից արտաքսված հայի հոգում թանձր նստվածք տված հայրենաբաղձությունը ինչպիսի սնամեջ պատրանքներ կարող է առաջ բերել: Երևույթի դառնությունը ծանրորեն նստած է Սիմոնյանի լեռնական հերոսների հայրենակարոտ հոգիների վրա: Պատմվածքում իրար են հաջորդում բազմերանգ, գրավիչ ու սրամիտ դրվագներ, որոնք ինքնաբուխ հիացմունք են պատճառում: Պատումը ծավալվում է՝ շրջագծքի մեջ առնելով հնարարկատ Լևոնի կյանքի ողբերգական մանրամասները, գաղթի ճանապարհին կրած անօրինակ չարչարանքներն ու զրկանքները:
«Երեք օրակարգերը» ներքին կապեր ունի ժողովածուի մյուս պատմվածքների հետ, այստեղ են Սիմոնյանի գրեթե բոլոր հերոսները՝ Պելավցի Հակոն, Մշգեղցի Շեփեն, Թոփալ Սահակը, բեռնակիր Օհանը, Կոզլուկլու Մակարը, Կերմավցի Հակոն, Տալվորցի Խամոն՝ դրամատիկ ճակատագրերի հավաքական ու առանձին-առանձին խտացումներով: Սիմոնյանի բնութագրությամբ՝ «Անոնք սակայն այս պատմուածքներուն մեջ բանտարկուած չմնացին, այլ շարունակեցին իրենց կեանքը պատմուածքներուս վերջին տողերէն ետք ալ, մինչեւ իրենց մահը, եւ ոմանք՝ մինչեւ իսկ իրենց մահերէն ե՛տք…»[15] :
Գրքի երկրորդ բաժնում, «որպես հետգրություն», Սիմոնյանը վերստին անդրադարձել է «անոնց կեանքերին»՝ ժամանակային տարբեր ծիրերում զարգացնելով արդեն ծանոթ դիպաշարերը: Էսսեատիպ գրվածքներում բացվում են սասունցիների կենսավարության, աշխարհահայեցողության նոր, հետաքրքիր շերտեր: Գրողը աննահանջ մղումով ձգտում է փրկել իր մեջ կուտակվածը, իր տեսածն ու լսածը, այն ամենը, ինչը կապվում է հայրենի հիշատակների հետ: Դեմքերը նույնն են, բայց հեղինակը նրանց ներքաշում է կենսական ու հոգեբանական նոր տեղաշարժերի մեջ՝ շարադրանքը լրացնելով վավերական-տեղեկատվական արժեքավոր հավելումներով, և այդ ամենը՝ շաղախված բարձր գեղարվեստականությամբ: Սիմոնյանի տեսադաշտից դուրս չի մնում Տալվորիկցի Պետոն, որի կերպարն, առհասարակ, խորհրդանշական է գրողի ստեղծագործության համար, Օվեն՝ ուրույն աշխարհըմբռնումով, որին հեղինակը պատմվածքների առանձին փունջ է նվիրել՝ «Հայրս» խորագրով, Աստծուց ու մարդկանցից լքված մինակուկ Մանոն, որ ողբերգական վախճան է գտնում իր իսկ ձեռքով փորած գերեզմանի փոսի մեջ, և վերջապես Աստծու հետ լուրջ տարաձայնություններ ունեցող բեռնակիր Օհանը, որ կարծում էր, թե անմահ է, բայց ավանդում է հոգին՝ համոզված, որ իր մահացու հիվանդության պատճառը կյանքում առաջին անգամ «կնկա մը բեռ» շալակելն էր: «Ամեն սասունցի կա՛մ Օհան է, կա՛մ Մանոյ մը, բայց անպայման թէ՛ մեկը, թէ՛ միւսը…»[16] ,- եզրակացնում է Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքարվեստը գեղարվեստականության տեսակետից ուշագրավ համաձուլվածք է: Նա լեզվակերտումով նույնպես հոգևոր-զգացական կապ է ստեղծում հեռվում մնացած բնօրրանի հետ, որի կորստյան ողբերգությունը վերարտադրվում է տեղի բարբառի բարձարվեստ գործադրությամբ: Սիմոնյանի հերոսները խոսում ու խորհում են, սիրում ու երազում են, բարկանում ու հայհոյում են հարազատ բարբառով: Նրանց խոսքը հյութեղ է, բնական՝ ընդելուզված ժողովրդական մտածողությանը բնորոշ բառաշերտով: Սիմոնյանը ջանք չի խնայել հարազատ բարբառը, լեզվամտածողությունը կորստից փրկելու համար:
Ժողովածուի բոլոր պատումներն էլ ծառայում են գրողի առաջնային նպատակին՝ գեղարվեստորեն տարազավորելու, մոռացումից փրկելու հայրենի եզերքի հոգևոր հարստությունները և դրանք կրող մարդկանց՝ սասունցիներին:
Սիմոնյանի պատմվածքներով գրականություն է մտել սասունցիների ապրելու բարոյականությունը, գունեղ լեզվամտածողությունը, յուրօրինակ աշխարհատեսությունը, հնարմատ սովորություններն ու կենցաղավարությունը: Ընթերցողը հոգեբանորեն ճանաչում ու յուրացնում է այդ աշխարհը՝ ազգային խառնվածքի խորունկ դաջվածքով: Եվ գրողի հետ ընթերցողն էլ հավատում է՝ «Հայերէն ետք պիտի շարունակեն ապրիլ սասունցիները»[17]:

2013թ.
Թ.Մարության
Բ.գ.թ., դոցենտ


Բնագրային մեջբերումները՝ ըստ Ս.Սիմոնյանի «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուի, Բեյրութ, 1958, 286 էջ:

[1] Մ.Թեոլեոլյան, Դար մը գրականություն, հտ. Բ, Բոստոն, 1977, էջ 48:
[2] «Սփյուռք», Ա. տարի, թիվ 3, 20 ապրիլի, Բեյրութ, 1958, էջ 3:
[3] «Սեւան» Պարբերագիրք գրականութեան եւ արուեստի, Հալէպ, 1946,Ա, էջ 42-48:
[4] Սիմոնյան Ս., Լեռնականներու վերջալոյսը, Բեյրութ, էջ 179:
[5] Նույն տեղում, էջ 178:
[6] Նույն տեղում, էջ 178:
[7] Նույն տեղում, էջ 177:
[8] Նույն տեղում, էջ 177:
[9] «Սփիւռք», 1970, թիվ 1-2, էջ 10:
[10] Նույն տեղում, էջ 10:
[11] «Սփիւռք», 1969, թիվ 32, էջ 2:
[12] «Սփիւռք», 1969, թիվ 9, էջ 7-8:
[13] «Սփիւռք», 1974, թիվ 26, էջ 1:
[14] Նույն տեղում, էջ 178:
[15] Նույն տեղում, էջ 179:
[16] Նույն տեղում, էջ 248:

Комментариев нет:

Отправить комментарий