20.07.2015

ԳՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ / Համո Սահյանի նամակը Սիմոն Սիմոնյանին

<<Հարգելի ընկեր Սիմոնյան,
Կարդացի <<Լեռ և ճակատագիր>> Ձեր գիրքը:
Ցավում եմ, որ նոր եմ ծանոթանում Ձեր հիանալի արվեստին, նոր եմ ոտք դնում ձեր ստեղծած հարուստ և ինքնադրոշմ աշխարհի շեմքին...
Բայց և երջանիկ եմ առաջին ընթերցումի ուրախությամբ ու հրճվանքով: 
Իսկապես, ինչպե՞ս է եղել, որ եղել է: Ինչպե՞ս է եղել, որ չեմ ճանաչել իմ ժամանակակից ու տարեկից գրողի այսքան հմայիչ ու մեծ ստեղծագործությունը: Արդարանալու հիմքեր կան, բայց, միևնույն է, հանցավոր եմ: 
Ոչ մի շինծու և մտացածին բան չկա Ձեր արվեստում: Ամեն ինչ բնական է, տեսած. լսած, շոշափած, զգացած, ապրած ու ապրեցնող:
Հոգուս պարտքն եմ համարում մոտ ժամանակներս ժամանակ գտնել և հանգամանորեն գրել Ձեր գրքի մասին, ցույց տալ այն նորը, որ եզակիորեն Ձերն է, հնարավորին չափով ցույց տալ Ձեր արվեստի տեղն ու նշանակությունը մեր մշակույթի մեջ: Դժբախտաբար, մենք աշխարհամեջ հանելու արձակ չենք ունեցել: Բակունց, Շահնուր, Համաստեղ - սրանցով է սկսվում մեր արձակը: Նորերը՝ Մաթևոսյան, Խալափյան, Մեքոնյան, ծնվել են դրանցից և լայն հեռանկարներ են խոստանում: 
Ձեր տեղը առաջին երեքի շարքում է: Քսաներորդ դարի արձակ է Ձեր արձակը, ըստ էության, ակունքից կտրված, բայց ակունքներով ապրող մարդիկ են Ձեր հերոսները: Մարդկային բարոյականության նորմաները պահպանող մարդիկ: Քսաներորդ դարի մարդկանց ճակատագրին ավելանում է նաև մեր ազգային ողբերգությունը, և մարդիկ ավելի են կոնկրետանում: Գիրքն ընդհանրապես ինձ շատ դուր եկավ, պատմվածքները գրված են առանց ճիգի, հայկական համ ու հոտով, բարբառի վարպետ օգտագործումով: 
Դուք գրել եք պատմվածքներ, որոնք կարող են զարդերը կազմել ամեն մի ազգային գրականության: Չնայած համեմատություններ չեմ սիրում, կարդալով ձեր <<Երեք օրակարգ>>-ը հիշեցի Չարենցի <<Երկիր Նաիրի>>-ն և Բակունցի <<Կյորես>>-ը: 
<<Երեք օրակարգ>>-ը առանց զեղչ ու զիջումի կանգնած է մեր գրականության գլուխգործոցների կողքին: 
Տասնամյակներ առաջ իրենց բնօրրանից կտրված մարդիկ դեռ ապրում են այդ բնօրրանով և դեռ հող են կիսում: Աշխարհից կտրված խեղճեր: Հեղինակի թեթև ժպիտի մեջ ես տեսնում եմ այդ մարդկանց ճակատագրի համար ճմլվող սրտի ողբերգությունը: 
Այս պատմվածքը լիովին ապահովում է հեղինակի անմահությունը, և անհնար է, որ երբևէ մեր գրականությունը չհպարտանա նրանով: 
Բարոյականության պատրիարքի անզուգական կերպար է բեռնակիր Օհանը համանուն պատմվածքում: 
Կան ուրիշ դասական պատմվածքներ էլ: Ավաղ, ժամանակ չունեմ նրանց մասին խոսելու:
Կգրեմ հանգամանորեն, առ այժմ համբուրում եմ արվեստագետի վաստակած ճակատդ>>:

Ձեր՝ Համո Սահյան
22.5.74թ. Բեյրութ

Խմբ. կողմից. 
Նամակը Հայաստանում հրապարակվում է առաջին անգամ: