08.04.2014

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / «Մեհեան»-ի գրական-բարենորոգչական հիմնադրույթները

Կ.Պոլսում 1914 թվականին (հունվարի 1) լույս է տեսնում առաջին արդիապաշտ հանդեսը` <<Մեհեան>>-ը` ընթացքավորելով գրական նորահայաց մի շարժում, որի պարագլուխներն էին Կոստան Զարյանը, Հակոբ Քյուֆեճյանը (Օշական), Գեղամ Բարսեղյանը, Դանիել Վարուժանը և Ահարոն Տարտուրյանը:
Ամսյա հանդեսի տպագրությունը տևում է մինչև նույն թվականի հուլիսը, երբ լույս է տեսնում վերջին` յոթերորդ համարը՝ ծանուցելով համանուն տարեգրքի առաջիկա հրատարակման լուրը՝ առանց հանդեսի դադարեցման մասին որևէ ակնարկի: Ժամանակի դառնաղետ իրադարձությունները կասեցնում են նաև <<Մեհեան>>-ի գործունեությունը` թերակատար թողնելով բարենորոգչական այն ծրագիրը, որը կոչված էր որակափոխելու գրական ընթացքը, <<քիչ մը նոր հոսանք>>, <<քիչ մը գաղափար>>, <<պուտ մը խենթութիւն>> և <<շատ մը Արեւմուտք>>(Հ.Օշական) փոխադրելու հայ գրականություն:
XX դարասկզբի արևմտահայ հոգևոր կյանքում <<Մեհեան>>-ը մշակութային մեծակշիռ իրագործում էր: Չնայած ժամանակի տարաբևեռ գեղարվեստական զարգացումներին՝ գրական կենսանորոգ ուժեր հայտնաբերելու և դրանք գեղապաշտ մտասևեռումների շուրջ մեկտեղելու մեհենակաների ճիգը տվեց ցանկալի արդյունքներ: Մերժելով <<ի յառաջագունէ տրուած կաղապարեալ ձեւերը>>՝ մեհենականները առաջադրեցին Հայ Հոգու պեղումով ինքնուրույն հայաշունչ արվեստ ստեղծելու ծրագիր՝ կայուն համոզումքով, թե <<ցեղ մը, որ կուզէ ապրիլ՝ պարտաւոր է ստեղծել>>:
Գրական նոր շարժման ակունքները հստակեցնելու համար գրապատմական նշանակությամբ առանձնացնելի են 1910-ականները, երբ թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ հատվածներում կազմաբանվում էին մեթոդաբանական նոր հայեցակարգեր, տեսական-գեղագիտական նոր ըմբռնումներ, վերանայվում էին անցյալի արժեքները և ճշգրտվում գեղարվեստական զարգացման ուղեգծերը: Հիշենք Տերյանի <<Հայ գրականության գալիք օրը>> զեկուցման տեսական առաջադրությունները (1914թ.), 1913-ին Կ.Պոլսում անցկացվող <<Գրական ասուլիսները>>` արժեքների վերագնահատման օրախնդիր քննարկումներով, վերջավորվող խորհրդապաշտության ու սկզբնավորվող ապագայապաշտության շուրջ բանավեճերն ու կողմնորոշումները:
1910-ականները արդյունավոր էին նաև հայ գրական մամուլի համարԺամանակի հոգևոր կյանքի ձգողական դաշտը մամուլն էր: Արևելահայ հատվածում` <<Հորիզոն>>-ը, <<Մշակ>>-ը, <<Սուրհանդակ>>-ը, <<Գործ>>-ը, <<Արև>>-ը, <<Գեղարվեստ>>-ը, <<Նոր հոսանք>>-ը, արևմտահայ հատվածում` <<Ազատամարտ>>-ը, <<Ժամանակ>>-ը, <<Դաշինք>>-ը, <<Յուսաբեր>>-ը, <<Հայ գրականութիւն>>-ը, <<Շանթ>>-ը, <<Նաւասարդ>>-ը և այլն, համախմբում էին ստեղծագործական ուժերը, մշակութային տարատեսակ ծրագրեր կենսագործում, փորձում ուղղորդել գրական ընթացքը: Թեև ոչ ամբողջական հանձնառությամբ՝ այդ փորձերը օրախնդիր էին, նպատակադիր և մեծապես նպաստեցին գրական մթնոլորտի աշխուժացմանը:
Այնօրյա պոլսահայ գրամշակութային շարժընթացում արդիապաշտ հայեցակետով, գրական բարենորոգության ծրագրով, գրականության զարգացման հեռապատկերին միտված գեղագիտական խնդրադրումներով առանձնացնելի է հատկապես մեհենական շարժումը:
<<Մեհեան>>-ը նշանաձողային երևույթ է՝ ծրագրային ուղղվածությամբ զուգադրելի թերևս Աբովյանի <<Վերք Հայաստանի. Ողբ հայրենասիրի>> վեպի <<Հառաջաբան>>-ի հետ: Ինչպես <<Հառաջաբան>>-ում, <<Մեհեան>>-ում ևս ժամանակի հրամայական պահանջադրումները գտնում էին իրենց գործնական իրացումների հնարավոր ուղիները: Մեհենականները համոզված էին, որ հանդեսի առաջադրած խնդիրները վերաբերում են ամբողջ գեղարվեստական գրականության ձևաբովանդակային արմատական որակափոխմանը: Գրական ժամանակին իր ներկայանալիությամբ, որակով, գեղագիտական ուրույն կողմնորոշումով, ստեղծած լայն հետաքրքրությամբ <<Մեհեան>>-ը եզակի տեղ է զբաղեցնում արևմտահայ պարբերականների շարքում:
Վերհիշելով իր կյանքի մի անկյունադարձը` <<Մեհեան>>-ի հիմնադիր  ու խմբագիր Կ.Զարյանը գրում է. <<Արագորեն յուրացնելով մայրենի լեզուն, 1912-ին ես մեկնեցի Պոլիս, գրական նոր շարժում ստեղծելու մտադրությամբ` այն ժամանակվա իմ գրական ըմբռնումների համաձայն: Պոլիսը եռում էր գրական-մշակութային-հասարակական կյանքով: Լույս էին տեսնում բազմաթիվ օրաթերթեր և հանդեսներ: Հայ գրողների մի պայծառ համաստեղություն կար` Վարուժան, Սիամանթո, Զոհրապ, Սևակ, ԶարդարյանԵս ծանոթացա և կարճ ժամանակում մտերմացա նրանց հետ և հիմնեցի <<Մեհեան>> հանդեսը, որին սկսեցին աշխատակցել արևմտահայ շատ ականավոր բանաստեղծներ ու արձակագիրներ>> :
Կ.Զարյանի` <<Մեհեան>>-ի հիմնադիր լինելու պարագան գրապատմական իրողություն է և տարակարծություն չի հարուցել: Ամեն դեպքում, գրականագիտությանը հայտնի չէ, թե ով է ժխտել Զարյանի մեհենական նախաձեռնությունը, ինչի պատճառով գրողը վկայագրել է. <<Վաղը հայերը պիտի ուրանան, որ ես ստեղծեցի Հայ մշակույթի պատմության ամբիոնը A.U.B. ում, … ինչպես ուրացան իմ ստեղծած (իմ գաղափարներով և իմ դրամով) <<Մեհեան>>-ը, որ եղավ տաճկահայ գրականության վերջին շարժումը>> :
Այսպես,  XX դարասկզբին, երբ խորհրդապաշտությունը մարում էր իբրև գրաբանական մեթոդ, և, Հակոբ Օշականի խոսքով, հայ գրականությունը <<ինքնակրկնումի>> նշաններ էր ցուցահանում, <<Մեհեան>>-ը թարմություն բերելու և գեղարվեստական նոր արժեհամակարգ ձևավորելու նպատակով սկզբից ևեթ որդեգրում է ապագայապաշտական կողմնորոշում:
 Կ.Պոլսում գրական նոր հոսանքի յուրացմանն ու տարածմանը նպաստում է Հ.Նազարյանցի <<Մառինեթթի և ապագայապաշտությունը>> աշխատությունը (1910), որի տեսական հարցադրումների հենքով էլ սկզիբ է առնում մեհենական շարժումը: Հատկանշական է, որ ապագայապաշտության տեսաբան Մարինետիի հետ <<Մեհեան>>-ի կազմակերպիչներն ունեին նամակագրական կապ: Հարելով ապագայապաշտությանը, բայցև զերծ մնալով հոսանքի ծայրագույն դրսևորումներից՝ մեհենականները մշակում են արվեստի նոր գեղագիտություն` հրապարակելով մի հրովարտակ, որն ապշեցնում է խնդրական ընդգրկումով, գրական կենսոլորտը բարեշրջելու, բարենորոգելու ծրագրային դրույթներով: Հանգանակը ստորագրում են Դ.Վարուժանը, Հ. Քյուֆեճյանը, Ահարոնը, Կ.Զարյանը և Գ. Բարսեղյանը: Այն նախ տպագրվում է <<Ազատամարտ>> օրաթերթում` 1913-ի դեկտեմբերի 14-ին՝ խմբագրական ծանուցագրով.  <<Մօտ ատենէն կը սկսի հրատարակուիլ նոր հանդէս մը գրականութեան և արուեստի, ՄԵՀԵԱՆ, որուն հիմնադիրները` իրենց համախոհ գրագէտներու հետ գրական նորութիւն մըն է որ իրագործել կուզեն մեր մէջ, հրատարակելով յետագայ իրենց հանգանակը, ուրիշ բացատրութեամբ յայտարարագիրը (manifeste): Մեհենականք, առանց գրական աղանդաւոր դպրոցի մը պատկանիլ ուզելու, ընդհակառակը մտածելու եղանակի լայնուեամբ, բայց որոշ կամեցողութեամբ և ձգտումներով, գրականթեան եւ արուեստի նկատմամբ իրենց համոզումներն ու հայացքներն է որ կը բանաձեւեն այս հանգանակին մէջ որ պիտի ըլլայ միեւնոյն ատեն նախաբանը իրենց օռկանին` ՄԵՀԵԱՆ>> :
Ստուգապես հայտնի է, որ հանգանակի հեղինակը Կ.Զարյանն է, իսկ ֆրանսերենից հայերեն թարգմանությունը կատարել է Դ.Վարուժանը: <<<<Մեհեան>>-ի մանիֆեստը ես գրել եմ մեծ մասով ֆրանսերեն: Վարուժան զայն ամբողջացրեց և հայերենի վերածեց: Հրաշալի~ շրջան էր, արվեստագետ սերունդ, գրական հիանալի մթնոլորտ: Ավաղ, կարճ տևեց>>,-հիշում է Կոստան Զարյանը :
Շուտով <<Գրական հանգանակ>>-ը տպագրվում է <<Մեհեան>>-ի առաջին համարում (1914, հունվարի 1)` <<Մեր հանգանակը>> խորագրով: Ինչպես <<Ազատամարտ>>-ում, հանդեսում նույնպես առաջին ստորագրությունը պատկանում է Դ.Վարուժանին, երկրորդը` Կ.Զարյանին` հորիզոնական գծով: Մյուսների ստորագրությունները նույն կերպ են դասավորված: Այդ ձևաչափը որևէ մեկին առաջնայնություն-երկրորդայնություն չտալու նպատակ էր հետամտում:
Հարկ է տալ մի կարևոր բացատրություն: Դ.Վարուժանը, թեև միացավ գրական նոր շարժմանը և ստորագրեց հանգանակը, բայց երկրորդ համարից հետո դադարեցրեց իր աշխատակցությունը հանդեսին: Մտատեսության ծիրը նրան տարավ տրամագծորեն հակառակ ուղղությամբ: Մղվելով անցյալապաշտ մտայնության գեղարվեստական ինքնարտահայտումներին` Վարուժանը Հ.Սիրունու հետ նույն թվականին հիմնում է <<Նաւասարդ>> գրական-գեղարվեստական միությունը, ինչպես և համանուն տարեգրքի եզակի համարը: <<Նաւասարդ>>-ին մասնահատուկ էր հայ արվեստի ու մշակույթի վերագնահատությունը: Իրապես, նոր դասականապաշտական կողմնորոշումը Վարուժանին բնորոշ էր գրական նախաքայլերից և սպասելի էր, որ բանաստեղծը կհեռանա արդիապաշտ <<Մեհեան>>-ից՝ գրական գործունեության մեջ հեթանոսական դարձ կատարելով: 1908 թվակիր ունեցող մի նամակում՝ ուղղված Ա.Չոպանյանին, Վարուժանը գրում է. <<Հեթանոս կեանքը օրէ օր զիս կը գրաւէ. եթէ այսօր կարելի ըլլար կրօնքս կը փոխէի եւ սիրով կընդգրկէի բանաստեղծական հեթանոսութիւնը>> :
Ինչու՞ արդիապաշտ հանդեսը խորագրվեց <<Մեհեան>>: <<Մեհեան մը պէտք էր, որ ստեղծուէր. մենք  կուզենք ստեղծել զայն: Ով էր կը հավատայ թող ներս մտնէ, դրան առջեւ թողլով անցեալին ու ներկային հանդէպ կոյրզկուրիւնն ու նախապաշարումները, ներս տանելով երիտասարդութիւն, խանդավառութիւն, եւ մանաւանդ ստեղծագործական կորով>>: Սա ընտրյալ բառի խորհրդանշական հիմնավորումն է: Մեհյանը ոչ թե ուղղակի` հեթանոսական սրբավայրի իմաստով է առկայվում, այլ Արվեստի Տաճարի խորհրդապատկերով, որը ձևակերտելու համար իրավ արվեստի մունետիկները կոչ ու հրավեր են հղում հայ ազգի <<հոգւոյն խորը>> հանգչող բոլոր ստեղծագործ ուժերին: Նոր արվեստի պատգամախոսների մտազբաղումների կենտրոնում Հայաստանի և հայ մշակույթի վերածնության գաղափարներն էին, ազգայինը համամարդկային արժեքների տեսածիրում հաստատագրելու միտումը, <<վաղվան գրականութիւն>> և <<Հայաստանեայց գրականութիւն>> կարգախոսներով միասնական ազգային գրականություն ստեղծելու և <<Արուեստի Մեհեանին ճակատը>> համաշխարհային քաղաքակրթությանը պարզելու մտասևեռում-ծրագիրը: Այս արժեչափերով էլ բանաձևում են իրենց տեսական հանգանակներըա)Պաշտամունք եւ արտայայտութիւն հայ հոգւոյն, բ) Ինքնուրոյնութիւն եւ անձնականութիւն ձեւի մէջ, գ)Մշակում՝ կենսանորոգ պատուաստումով մը՝ հայ լեզուին, դ) Զուտ գրականութիւնը հեռու պահել քաղաքականութենէ եւ լրագրութենէ: Սույն մտադրույթների խնդրադիր դաշտում են մեհենականները գործում` հանդեսի էջերում տպագրելով նորաշրջան գեղարվեստի անհրաժեշտությունը հիմնավորող բազմաթիվ ծրագրային հոդվածներ ու գեղարվեստական գործեր:
Ուշարժան են հանգանակի` հայ ոգու հայտնակերպման փիլիսոփայական հարցադրումները, տեսական-վերլուծական հիմնավորումները: <<Կըսենք. Առանց Հայ Հոգւոյն, չկայ հայ գրականութիւն եւ հայ արուեստ>> : Արվեստի և գրականության հիմնանորոգման պահանջը ենթադրում է նախ` ոգեսթափություն, ազգային ոգին լռության դատապարտած կապանքների բեկանում: <<Պարզել այդ հոգին` էական պարտավորութիւնն է ամէն հայ արուեստագէտի>>: Մատնանշելով այն գործոնները, որ ստվերել են հայ ոգին` <<ստացական սովորութիւններ, օտարոտի ազդեցութիւններ, զգացմանց խոտորում և ձեւազեղծում>>, մեհենականները հավաստում են են, որ այն վերջանակապես չի մարել և պիտի բարբառի անմիջապես, երբ ազատագրվի: <<Մեհեան>>-ի էջերում ազգային ոգու խորհուրդը քննաբանող մեծակշիռ գրավերլուծումներով հանդես են գալիս Կ.Զարյանը, Գ.Բարսեղյանը և Հ.Քյուֆեճյանը
Ձևի ինքնուրույնության և լեզվի մաքրագործման պահանջադրույթներով ևս <<Մեհեան>>-ը ներկայանում է որպես գրական ընթացքի ուղենիշ: Իրավ արվեստագետը պարտավոր է լինել <<ինքնուրոյն ու անձնական ձեւին ու խորքին մէջ իր գրուածքներուն>>, այլապես չենք ունենա ինքնատիպություն, չենք ունենա ստեղծագործական նվաճումներ՝ <<նոր գիծերու>>, <<նոր գոյներու>>, <<նոր շեշտերու>> հավելումով: Մաքրալեզու ինքնաարտահայտման կարիքը բխում է գրականության նորատիպ բովանդակությունից, ժամանակի գեղարվեստական պահանջներից:
Հանգանակի վերջնադրույթը արվեստի կատարյալ անկախության պահանջն է: <<Մենք պիտի ըմբոստանանք ամէն անգամ որ անոնք (քաղաքականությունը և լրագրությունը` Թ.Մ.) փորձեն արուեստին եւ գրականութեան անունով ներկայանալ եւ կամ զանոնք զէնք դարձնել իրենց նպատակին ծառայելու համար>> :
<<Մեհեան>>-ի ծրագրային հիմնահարցերն արտացոլում են ժամանակի գեղարվեստական որոնումների հավաստի պատկերը, մատնանշում կարևոր հատկականություններ:
Առանձնաշեշտելի է ամսագրի դերը ոչ միայն գրական մտավոր շարժում կազմակերպելու առումով, այլև արվեստի տեսություն, մթնոլորտ, գրական չափանիշ ու ճաշակ ստեղծելու գործում: Հ.Քյուֆեճյանի <<Հարթենք>>-ների շարքով, ինչպես և <<Յիմարապատում>> (թիվ 6-7-ում` <<Տխմարապատում>>) բաժնով <<Մեհեան>>-ը դառնում է նաև գրական կեղծիքի, Օշականի խոսքով՝ <<գրական նանրաբանության>> հրապարակային մերկացումների կենտրոնատեղի: Պատերազմ հայտարարելով կեղծ կուռքերի դեմ` Հ.Քյուֆեճյան-Օշականը հարթում, նոր ուղիներ է բացում գրականության մեջ, փնտրում ու պեղում Հայ Ոգին: Հատկանշական են քննախոսությունները` ուղղված Հ.Նազարյանցի, Վրթ.Փափազյանի, Լ.Շանթի, Ս.Երեմյանի առանձին հրատարակությունների դեմ: Օշականի <<հարթաչափումները>> գրական խոտանի պարզ ժխտումներ չէին, այլ գեղարվեստականության չափանիշները բարեփոխված տեսնելու բարձրակարգ ձգտումներ: Իր իսկ խորքային մեկնաբանումով՝ <<Անիկա (Օշականը՝ Թ.Մ) չկործանեց, կործանելու հաճույքով: Իր կիրքը կիրքն էր Արեւմտահայ գրականութեան, այսինքն՝ անոր բարձրագոյն խղճմտանքին, խղճահարության>>: Էական է նկատել, որ Հ.Կարապենցը հայ  գրականության արդիապաշտ հոսանքի առաջնորդ համարել է Հ.Օշականին, իսկ հոդվածներից մեկում (<<Արդիապաշտ շարժում>>) ձևակերպել է. <<Արդիապաշտները այն տեսակետին են, որ չկա այլ իրականություն, քան արվեստի իրականությունը և որ ճշմարիտ արվեստը ստեղծում է իր ուրույն իրականությունը, ուր հիմնական մտասևեռումը գեղագիտական փորձառությունն է, զերծ գաղափարների փոխանցման առաջադրանքից>> :
Հանդեսի գրական բարենորոգության ծրագրային կանխագծումների մեջ առանձնակի նշանակություն ունի <<Հայաստանեայց գրականություն>> կարգախոսը, որ հանդեսի ազդարարած գրական շարժման կարևորագույն նախադրյալներից է: Մինչև <<Մեհեան>>-ը հայ գրականությունը միասնական դաշտում դիտարկելու փորձ էին արել <<Գարուն>> և <<Նաւասարդ>> պարբերականները: 20-րդ դարասկզբին արդեն որոշադրված էր համահայկական գրականություն, մշակույթ ստեղծելու պահանջը, որ ի չիք դարձավ Հայաստանի խորհրդայնացմամբ և օրախնդիր  է մեր ժամանակներումԺողովրդի հավաքական կերպարի հոգեհենքային ճանաչումն ու վերստեղծումը միասնական գրականությամբ - ահա <<Հայաստանեայց գրականութիւն>> կարգախոսի ուղենշային իմաստը, որի լուսաբանմանը նվիրված է <<Մեհեան>>-ի մի ամբողջական համար (թիվ 3): <<Հայ հոգին՝ Արուեստի նորանոր ու բազմազան ձեւերու մէջէն, - ահա՛ Հայաստանեայց գրականութեան իտէալը>> - համարի առաջնորդական հոդվածում բանաձևում է Գ.Բարսեղյանը և մատնանշում հայ հոգու հարակայման, վերընձյուղման անխառն սկզբնաղբյուրը՝ բնաշխարհը: Ով ճանաչել է հայ հոգին՝ նախաստեղծ ուժով, ակունքներով, <<ան պիտի գրչագրէ ինքնուրոյն ու տոհմիկ դիմագիծը հայ արուեստին ու գրականութեան>>: 
Առանձնաշեշտելի է հանդեսի հիմնադիր ու խմբագիր Կ. Զարյանի դերը, որ փաստորեն ուղղորդում էր մեհենական շարժումը: Խոր ու հիմնավոր են նրա դիտարկումները, գնահատության սկզբունքները հայ արվեստի բնույթի, գրականության զարգացման օրինաչափությունների շուրջ:
<<Մեհեան>>-ի առաջին համարում <<Արուեստին համար>> խորագրի ներքո Զարյանը տպագրում է <<Ստեղծագործութիւն, խենդութիւն, դիւցազնութիւն>> հանգանակային հոդվածը, որ իր հարցադրումներով ավելի է ընդգծում հանդեսի տեսական ուղղվածությունը: Ստեղծագործություն-խենթություն-դյուցազնություն կապը դիտելով որպես գրարվեստի նախապայման` Զարյանը բանաձևում է աշխարհայացքային իր դիրքորոշումները. <<Ազատ արարչութիւնը  բանալին է կեանքի բոլոր խորհուրդներուն>>: <<Պետք է ունենալ հոգետեսի կուրութիւնը, ներքին արեւը, ստեղծագործ խօլութիւնը: Ով որ գիտէկարդալ իր հոգւոյն տաղերը` գիտէ եւ հասկանալ տիեզերական բոլոր տաղերը: Ատոր համար` դիւցազնութիւն պէտք է>>: <<Արուեստը բացարձակ խենդութիւն է: …Խենդութիւնը արարչական ըմբոստութիւն ըսել է: Եթէ դուն ըմբոստ ես, սեւ գիծ մը քաշէ բնականոն տխմարութեանց վրայ եւ թեւարկէ, եթէ կը բաղձաս երկինքը>>: Համանուն հոդվածից քաղաբերված իմաստային խտացումները պարզում են արվեստի և գրականության առջև Զարյանի դրած պահանջը, հանդեսի բարենորոգչական ծրագրի էատարրերը: Զարյանը ազատ մտածող ու ստեղծագործող էր և սեփական փորձընկալումով մտավոր պայքար էր մղում գրական հնադավան ըմբռնումների, հայ գրականության կղզիացման դեմ՝ ցանկանալով այն տեսնել համաշխարհային շարժընթացի մեջ: <<Մեհեան>>-ի ընթացիկ համարներում նա շարունակում է հանդես գալ ծրագրային-առաջնորդական հոդվածներով` <<Հայուն Հիսուսը>>, <<Հայրենիքին սիրտը>>, <<Հեթանոսութի՞ւն>>, <<Թատրոնը>>, <<Ասպարեզ>>, որոնցում արծարծում է գրական-ստեղծագործական կարևոր խնդիրներ:
Զարյանի նախասիրությունների մեջ տևական ներկայություն է ունեցել թատրոնը, որի հիմնախնդիրների քննությանը նվիրված համանուն հոդվածում առաջ է քաշում այն միտքը, որ տագնապալից հոգևոր որոնումների ժամանակներում անգամ պետք է կարևորել թատրոնի գոյությունը: Մեհենականները մտահոգված էին նաև արվեստի այդ ոլորտի բարեփոխման խնդրով, քանզի թատրոնը զվարճանալու միջավայր էր դարձել:  <<Ինչպիսի՞ սիւներով պիտի զարդարուի այս նոր թատրոնը, ո՞րպիսի ձեւեր պիտի ստանան անոր արտայայտութիւնները, եւ մենք, Հայերս, ի՞նչ անցեալով եւ ի՞նչ ներկայով պիտի մօտենանք անոր. - ահա հարցեր, որոնց պատասխանելը` կը նշանակէ նոր քերթողական մը պարզել>>: Այսպես, բարենորոգության ծրագիրը տարածվում է արվեստի տարբեր ոլորտների վրա:
<<Մեհեան>>-ի դավանանքի ընկալման առումով կարևոր նշանակություն ունի գրավեճային <<Հեթանոսութի՞ւն>> հոդվածը, որում դիմագծվում է մեհենականների քննական հայացքը հեթանոսական շարժմանը` նրա գաղափարական հայեցակարգի քննադատության դիտանկյունից: <<Մեր ուղին տարբեր է>>, - պարզ բանաձևում է Կ.Զարյանը՝ մատնանշելով հանդեսի գերակա նպատակը. <<Մեր ՄԵՀԵԱՆԸ Սօսեաց անտառին մէջ չէ կառուցուած եւ գեղապանծ Անահիտին չէ նուիրուած: Մենք զայն նուիրեցինք արուեստին>>: Արդիականությունը գեղարվեստական ի°ր պահանջներն է առաջադրում, հետևաբար <<… նախնեաց այդ նախնական կրօնը, որ անտարակոյս ունէր իր գեղեցիկ ու համակրելի կողմերը, ի±նչ կապ ունի արդի կեանքին հետ եւ մանաւանդ այն արուեստին զոր մենք կը փնտռենք եւ կը ցանկանք>>:
Առանձին ուշադրություն է պահանջում <<Ասպարէ°զ>> հրապարակումը, որով բացվում է <<Մեհեան>>-ի վերջին` յոթերորդ համարը: Զարյանը դարձյալ խոսում է հանդեսի գաղափարական հիմնադրույթների, բարենորոգչական ծրագրի մասին և ցավ ի սիրտ նշում, որ մեհենական նախաձեռնությունը հանդիպել է մակերեսային, տգետ միջավայրի անհասկացողությանն ու թշնամանքին: Բնական է, <<Մեհեան>>-ը բարձրարվեստ <<նորի>> հաստատման պահանջով բախվել էր <<գրական միջակապետությանը>>(Օշական)՝ ունենալով ոչ համարժեք արձագանքներ: Մեհենականները սպասում էին դրան և չեն զարմանում. <<Եթէ մենք ուզէինք պղծել մեր թերթը <<յաջողութեան>> փայլուկով, վախկոտ եւ ինքնասէր երեսպաշտութեամբ մը կը նուիրէինք մեր գրիչը, ինչպէս կընեն ուրիշները, ազգային միջակութիւնները փառաբանելու գործին>>:  Չիջնելով մինչև ամբոխի ստորին մտային մակարդակը և չծառայեցնելով մամուլը այս կամ այն խմբակցության շահադետ նպատակներին` նորակերտ արվեստի պատգամախոսները կարևորում են գեղարվեստագետի բացարձակ ազատությունը, ամենայն խստությամբ պահանջում՝ գրականությանը մոտենալ եկեղեցի կառուցողի հատուկ կրոնական զգացումով, առաքելական բարձր գիտակցությամբ և մանկական պարզությամբ: <<Պուտ մը խենդութիւն` պուտ մը հանճար կաղերսեմ>>,-կոչ է անում հայ երտասարդությանը Զարյանը և հավելում. <<Եթէ յանդուգն փնտռումներու կարողութիւնը ունիք` եկէ՛ք ասպարէզ>>: Հակառակ դեպքում` <<Հեռացե՛ք եւ մի՛ սրբապղծէք>>: Այս պահանջը հանդեսի անփոփոխ բնաբանի փոխկանչն է` <<Սրբապիղծնե՛ր, զգո՛յշ, ջահեր կան հոս>>:
<<Ազգային ստեղծագործ ես>>-ը ազատագրող նոր ուժերի` գրական դաշտ ներքաշելու մեհենական կոչը վերջինն էր, քանզի Կ.Պոլսում թուրքական իշխանությունները, Չարենցի խոսքի կրկաբանությամբ, <<թորում էին թույն>>, և քաղաքական իրադարձերի հետ ընդհատվում է արվեստի ու գրականության զարգացման բնականոն ընթացքը, դադարեցվում նաև <<Մեհեան>>-ի գործունեությունը: <<Պատերզամը սպաննեց զայն,- գրում է Օշականը: - Հանդէսը չէր կրցած իրագործել ինքզինք, գէթ իր նշանաբաններէն մէկ-քանիին վրայ: Բայց գրականութեան պատմութիւնը պէտք է արձանագրէ այն մեծ խանդավառութիւնը, զոր ան ստեղծեց, քսանը նոր մտած երիտասարդութեան մեջ>>:


 Թ.ՄԱՐՈՒԹՅԱՆ
Բ.գ.թ.
                                                                        Գրականություն

1.<<Մեհեան>>, թիւ 1-7, Պոլիս, 1914թ.:
2.Զարյան Կ., Դեպի Արարատ, Ե., 2001թ.:
3.Զարյան Կ., Նավատոմար, Ե., 1999թ.:
4.Օշական Յ., Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հտ. 7, հտ. 10, Անթիլիաս, 1979թ., 1982թ.:
5.Կարապենց Հ., Երկու աշխարհ, Բոստոն, 1992թ.:





Комментариев нет:

Отправить комментарий