14.04.2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

                                    
Ինքն իր իշխանն էր, փոթորիկներ կային խորքերում, թեև <<երեսից այնպես հանդարտ էր>>… Իր բաժին երկնքի տակ ստեղծեց ի՛ր աշխարհը, խոսեց ի՛ր ձայնով՝ համոզված, որ արվեստ ստեղծում է նա, ով ստեղծում է արվեստի լեզու:  
Տիեզերքի ոգին հուշեց բանաստեղծին, որ իրեն մի այնպիսի տեղ է հարկավոր, որ իրերն իր մտերիմները դառնան, կիսվեն իր հետ, իրենց գաղտնիքներն անշահախնդրորեն վստահեն … Եվ գտավ այդ աշխարհը, այն իր մեջ էր, մնում էր վերադառնալ այնտեղ ու գտնել ամեն ծիլ ու շյուղի հետ խոսելու եղանակը, դրանց բանաձևումները, այսինքն՝ բանաստեղծությունը: Եվ տվեց մարդկանց իր աշխարհի հասցեն՝ <<Երգիս մեջ փնտրեք միայն, Ես ուրիշ տեղ չկամ>>, հպարտացավ. <<Այս իմ աշխարհն է, և ես եմ նրա Քարերից բուսած բանաստեղծ որդին>>…
Համո Սահյանի պոեզիայի հրապույրը իր հստակ ու լուսավոր բարդության մեջ է: Փորձում ես ԸՆԹԵՐՑԵԼ նրա հոգու տարածական աշխարհը. կարծես քայլում ես մի մեծ ու լուսավոր երաժշտականության մեջ, թեթև և հաճելի… Ինքդ էլ կարծես <<զգում ես մրսած ամպերի սարսուռը>> և իր պես փշաքաղվում… Կարծես հայտնվում ես իր մանկության կապույտ հեքիաթի մեջ, Որոտանի եզերքին, <<խնկահոտ երկնքի>> տակ, <<ուր ամեն մի սար ու քարից Քարե գետ է հոսում>>, ուր <<ժայռի ստվերը գետափին չոքել, Վիզը երկարել ու ջուր է խմում>>, ուր <<ամեն ինչ ապուպապոտ է, Հորոտ-մորոտ է, մանկությունոտ>>, ուր առուն բանաստեղծ, ինքն ընթերցող է՝ <<քարերից բուսած>>, <<հավիտենության լծորդը անդուլ>>…
Լորում չէր ապրում, Լորով էր ապրում, բնաշխարհը արյան մեջ էր, ուր էլ լիներ, հոգին այնտեղ էր՝ հեռավոր-հեռու սարահովիտներում, և փափագում էր՝ <<Երգս բույրն ունենար սևահողիդ>>… Հայրենի քարափների դեսպանն էր, ու չգիտեր՝ գուցե նրա քարե արյու՞նն էր գալիս ու լցվում իր երակների մեջ, թե՞ իր արյունն էր <<եռալով այդպես>> գնում նրա մեջ ու վերադառնում… <<Մինչև անգամ ծառն էլ հոգուս մի պատառն է>>… Սա բնության ու մարդու դաշինք-միասնությունն է, նույնությունը, բնությունն այսպես դառնում է բանաստեղծի ձայնակիցը, սրտակիցն ու սգակիցը… Բնության մեջ է Սահյանը որոնում իր հոգեկան ապրումների համարժեքն ու սպեղանին, նրա մեջ է տեսնում իր ներքին լույսի արտացոլանքը… Բնությունը դառնում է չափ ու չափանիշ, կշռում մարդու ստեղծած արժեքները, նա փոխ է տվել բանաստեղծին ձեռքերը, աչքերը, շրթունքները, սիրտը… Սահյանի խորունկ ընկալումով՝ <<Դու այդ բոլորը ինձ փոխ ես տվել Որ զգաս, տեսնես, Շոշափես, լսես, Պատճառաբանես քո անցուդարձը>> և ամենակարևորը՝ <<Որ մարդուն հասնես, Հասնես, մարդանա>>: Բնության մեջ բանաստեղծն իրեն վերագտնում է իբրև մինչև վերջ իմաստաբանված գոյություն:
Բախտից գոհ էր, ասաց՝ ԻՆՁ ԲԱՑ ԹՈՂԵՔ, ԵՍ ԳՆԱՄ, ու պատվիրեց՝ ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ: Բայց չէ՞ որ գիտեր՝ հավիտենության լծորդն է անդուլ, աչքն ու ականջը մայր բնության… Էլ ի՞նչ բացակա… 
Համո Սահյանի մարդկային ու գեղարվեստական համաձուլվածքը հավերժամնա բացառիկություն է հայ մշակույթի և գիտակցության հոլովույթներում: Սերունդներին է վիճակված մշտապես գուրգուրալ նրա հիշատակի անթառամության վրա:

Թ.ՄԱՐՈՒԹՅԱՆ









Комментариев нет:

Отправить комментарий