29.11.2015

ԿՆՇՎԻ ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ / Հոբելյանական ցուցադրություն և Խանզադյանական ընթերցումներ


Միջոցառումների ծրագիր

Դեկտեմբերի 1-ին
Ժամը՝ 14:00-ին
Գորիսի քաղաքային պատկերասրահում

Գքերի, արխիվային նյութերի, լուսանկարների, ձեռագրերի հոբելյանական ցուցադրություն 

Սերո Խանզադյանի վերջին ելույթներից մեկի ունկնդրում  (ձայնագրությունը կներկայացվի առաջին անգամ) 

ԽԱՆԶԱԴՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
<<ԳՐՈՂԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ>>

ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ՝ Թ.Մարության
Առաջին նիստ

1. Ստալինյան հալածանքներն ու Սերո Խանզադյանը. <<Կոստի քեռին>> պատմվածքի իրական հիմքն ու գրության շարժառիթները:
Զեկ.՝ Լ.Թունյան

2. <<Այո, դա չպետք է կրկնվի>>. Սերո Խանզադյանի բացառիկ լուսաբանումները <<Գրական թերթ>>-ին տված հարցազրույցում (1988թ., դեկտեմբերի 2):
Զեկ.՝ Ա.Էլյազյան

3. Սերո Խանզադյանը և Ղարաբաղյան շարժումը:
Զեկ.՝ Շ.Արզանյան

4. Երկու նամակ <<Սյունիք>>-ին. Նաիրի Զարյանի պսակազերծումը:
Զեկ.՝ Ա.Հայրապետյան

26.11.2015

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆ. ԳՐԱԿԱՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալբերտ Իսաջանյանի անվան շուրջ գրական ու մերձգրական շրջանակներում ամենաշատ հետաքրքրություն առաջ բերած հարցը Իսաջանյան-Պարույր Սևակ առնչությունն է: Նրանք ծանոթացել էին 1964 թվականին, երբ Սևակը գրողների մի խմբի հետ (Բաղիշ Հովսեփյան, Արտաշես Քալանթարյան) եկել էր Գորիս: Այդ մասին վկայել է Նինա Հովսեփյանը Պարույր Սևակի մասին հուշագրության մեջ: Սևակի գալստյան առթիվ Ն.Հովսեփյանը երեկույթ է կազմակերպում, որի ընթացքում դպրոցահասակ մի աղջիկ, «հուզված ու մի քիչ էլ վախվորած», պատվելի հյուրի համար արտասանում է Ալբերտ Իսաջանյանի բանաստեղծությունները: Աղջնակը բանաստեղծի քույրն էր՝ Լորետտա Գրիգորյանը, որ տարիներ անց արդեն սրտի թրթիռով պիտի շարադրեր իր հուշերը ճակատագրական երեկոյի մասին, հիշեր իր ընթերցած բանաստեղծությունների՝ Սևակի հուզաշխարհի վրա թողած խոր տպավորությունը, որն էլ ազդակ եղավ մի հրաշալի գրական բարեկամության ձևավորման համար:

22.11.2015

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆԻՆ (լուսանկարներ)

Նոյեմբերի 2-ին լրացավ մեր գրական դաշտի ինքնատիպ ու սեփական հետագիծն ունեցող անհատականություններից մեկի՝ բանաստեղծ, արձակագիր Ալբերտ Իսաջանյանի ծննդյան 78-ամյակը: Գրողի մահից անցել է 32 տարի, բայց նրա կերպարը վառ է մնացել իր սերնդակիցներից շատերի մտապաստառի վրա, իսկ ներկա գրասեր հասարակության համար Իսաջանյանի <<կյանքի ու գործի հեքիաթը>>, Հակոբ Օշականի խոսքով, ոչ միայն չի մարում, այլև շարունակում է բորբոքվել նոր ուժով: 
Ա.Իսաջանյանը բացառիկ օժտվածությամբ բանաստեղծ է, որ ուրույն տեղ ունի հայ քնարերգության մեջ, Սյունյաց հոգևոր արժեքների գանձարանում: Դժվարին մարդկային ճակատագիր բաժին հասավ գրողին, բայց նա կարողացավ ոգու արիությամբ, հայացքի անթեքությամբ ու շիտակությամբ անցնել հավատի ի՛ր ճանապարհը և գտնել իր որոնածը յուրովի: Իսկ կյանքի գուներանգները, որոնք բացահայտեց Ա.Իսաջանյանը՝ որպես բանաստեղծ, միանգամից ձևավորում են հեղինակ-ընթերցող այնքան ըղձալի կապն ու տանում նրա հոգու ծաղկաբույր աշխարհը...
<<Միրհավ>> գրական ակումբը, ավանդույթի համաձայն, նոյեմբերի առաջին տասնօրյակը նվիրեց սիրված բանաստեղծին՝ ձեռնարկելով <<Իսաջանյանական օրեր>> խորագրով միջոցառումների շարք, որի մեկնարկը տրվեց նոյեմբերի 2-ին Քարահունջում՝ գրողի շիրամքարի մոտ ծաղկեդրման ու հարգանքի տուրքի մատուցման արարողությունով:

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ / Ձոներգ Սուրեն Այվազյանին՝ ծննդյան 100-ամյակի առթիվ

Ուրիշ են մեր քերծերը,
Ուրիշ են դաշտերն ատլաս,
Ուրիշ են մեր սարերը՝
Ձյունեղեն, անհաս:

Հողը՝ մանկություն-մուրազ,
Երկինքը՝ կարոտ մի հին,
Ջրերը՝ զուլալ ու պարզ,
Այնպե՛ս հեքիաթային:

Քարերը՝հովվական բարձ,
Ձորերը՝ խաս անկողին,
Ծաղկունքը՝ երազավարս՝
Կպած ժայռակողին:


Մարդիկ՝ իմաստուն ու խոր,
Ժայռի պես թիկնած հողին,
Ինչպես քո դարավոր
<<Փիթոսի ընկուզենին>>:

07.11.2015

ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐ՝ ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆԻ ԸՆԾԱՅԱԳՐՈՎ

Հրապարակում ենք Ալբերտ Իսաջանյանի անտիպ լուսանկարներից մեկը՝ հեղինակային ընծայագրով: Բանաստեղծն այն ընծայագրել է գրչակից ու հոգեկից ընկերոջը՝ տաղանդաշատ բանաստեղծ, Ա.Բակունցի տուն-թանգարանի հիմնադիր ու երկարամյա երախտավոր տնօրեն Քաջիկ Միքայելյանին(Դորունց): Լուսանկարի բնօրինակը պահվում է Ք.Միքայելյանի արխիվում:  

Ազնիվ Քաջիկին և ազնիվ բարեկամիս՝ սարսափելի մեծ սիրով՝ Ալ.Իսաջանյանից՝ ծննդյան քսանյոթամյակի առթիվ: 
11.3.65 թ. Գորիս


* Լուսանկարն արտատպելիս հղումը կայքին պարտադիր է:

01.11.2015

ԻՍԱՋԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ / Միջոցառումների շարք

Սիրելի՛ հայրենակիցներ.

Նոյեմբերի 2-ը մեր հայրենակից տաղանդաշատ բանաստեղծ, արձակագիր ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է: 
Ավանդույթի համաձայն՝ <<Միրհավ>> գրական ակումբը նոյեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում անց է կացնելու <<Իսաջանյանական օրեր>>՝ միջոցառումների հետևյալ շարքով.
1. Այց Քարահունջ և ծաղկեդրում Ալբերտ Իսաջանյանի շիրմաքարին՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին:
2. Կլոր սեղան՝ <<Ծանոթ և անծանոթ Ալբերտ Իսաջանյանը>>՝ նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին՝ Գորիսի քաղաքային պատկերասրահում:
Ծրագրում՝
Գրական անդրադարձներ.
ա) <<Պարույր Սևակ-Ալբերտ Իսաջանյան. գրական ու մարդկային առնչություններ>>(բանախոս՝ Թ.Մարության)
բ) <<Իսաջանյանի ստեղծագործության նշանակությունը>> (բանախոս՝ Լ.Թունյան)
գ) <<Տիգրան Մանսուրյան – Ալբերտ Իսաջանյան. մի ուշագրավ նամակագրության պատմություն>>(բանախոս՝ Ա.Հայրապետյան)
դ/ Մեր Ալբերտը. հանդիպումների ու զրույցների անդրադարձներ (բանախոս՝ Ռ.Հայրապետյան)

Գրական ընթերցումներ՝
Ծաղկաքաղ Ա.Իսաջանյանի <<Ծաղիկ իմ հեռավոր>>, <<Ծաղկե կամուրջ>> բանաստեղծական ժողովածուներից և արձակ պատումներից. կներկայացվեն նաև անտիպ գործեր, օրագրային նոթեր (Ա.Էլյազյան, Ա.Մկրտչյան, Ք.Թունյան, Մ.Իվանյան,Թ.Զադայան):

3. Գրական ասուլիս՝ <<Ալբերտ Իսաջանյանի անտիպ գրական ժառանգության ճակատագիրը>> թեմայով` նոյեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, Գորիսի քաղաքային պատկերասրահում:

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: