22.11.2015

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆԻՆ (լուսանկարներ)

Նոյեմբերի 2-ին լրացավ մեր գրական դաշտի ինքնատիպ ու սեփական հետագիծն ունեցող անհատականություններից մեկի՝ բանաստեղծ, արձակագիր Ալբերտ Իսաջանյանի ծննդյան 78-ամյակը: Գրողի մահից անցել է 32 տարի, բայց նրա կերպարը վառ է մնացել իր սերնդակիցներից շատերի մտապաստառի վրա, իսկ ներկա գրասեր հասարակության համար Իսաջանյանի <<կյանքի ու գործի հեքիաթը>>, Հակոբ Օշականի խոսքով, ոչ միայն չի մարում, այլև շարունակում է բորբոքվել նոր ուժով: 
Ա.Իսաջանյանը բացառիկ օժտվածությամբ բանաստեղծ է, որ ուրույն տեղ ունի հայ քնարերգության մեջ, Սյունյաց հոգևոր արժեքների գանձարանում: Դժվարին մարդկային ճակատագիր բաժին հասավ գրողին, բայց նա կարողացավ ոգու արիությամբ, հայացքի անթեքությամբ ու շիտակությամբ անցնել հավատի ի՛ր ճանապարհը և գտնել իր որոնածը յուրովի: Իսկ կյանքի գուներանգները, որոնք բացահայտեց Ա.Իսաջանյանը՝ որպես բանաստեղծ, միանգամից ձևավորում են հեղինակ-ընթերցող այնքան ըղձալի կապն ու տանում նրա հոգու ծաղկաբույր աշխարհը...
<<Միրհավ>> գրական ակումբը, ավանդույթի համաձայն, նոյեմբերի առաջին տասնօրյակը նվիրեց սիրված բանաստեղծին՝ ձեռնարկելով <<Իսաջանյանական օրեր>> խորագրով միջոցառումների շարք, որի մեկնարկը տրվեց նոյեմբերի 2-ին Քարահունջում՝ գրողի շիրամքարի մոտ ծաղկեդրման ու հարգանքի տուրքի մատուցման արարողությունով:
Միրհավականները խնկարկեցին բանաստեղծի հիշատակը, հնչեցրին նրա բանաստեղծությունները: Գնահատանքի խոսք ասաց բանաստեղծ Լևոն Սահակյանը, իսկ գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը սրտառուչ հուշեր պատմեց բանաստեղծի վերջին օրերի մասին: 
Ալբերտ Իսաջանյանին նվիրված միջոցառումները շարունակվեցին նոյեմբերի 6-ին՝ <<Ծանոթ և անծանոթ Ալբերտ Իսաջանյանը>> խորագրով կլոր սեղանի անցկացմամբ: Հանդիպմանը ներկա էին Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, արձակագիր Ա.Ծատուրյանը, բանաստեղծներ Ապետնակ Գրիգորյանը, Լևոն Սահակյանը և ուրիշներ:
<<Միրհավ>> գրական ակումբի ղեկավար Թեհմինա Մարությանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց կլոր սեղանի ծրագիրը և նշեց, որ, ինչպես միջոցառման խորագիրն է հուշում, անդրադառնալու են Իսաջանյանի կյանքի ու գործի քիչ հայտնի էջերին՝ գրական հանրությանը հաղորդակից դարձնելու այն պրպտումներին, որոնք նոր երանգ են հաղորդում Իսաջանյան մարդու ու բանաստեղծի ինքնատիպ նկարագրին: Նա մասնավորապես անդրադարձավ Ալբերտ Իսաջանյանի անվան շուրջ գրական ու մերձգրական շրջանակներում ամենաշատ հետաքրքրություն առաջ բերած հարցին՝ Պարույր Սևակ-Ալբերտ Իսաջանյան մարդկային ու գրական առնչություններին: 
Լիլիթ Թունյանը հանգամանալից խոսեց Իսաջանյանի ստեղծագործության գեղարվեստական արժանիքների մասին՝ շեշտելով հատկապես քնարերգության բարձրակարգ նշանակությունը:
Մեծ հետաքրքրություն առաջ բերեց <<Տիգրան Մանսուրյան – Ալբերտ Իսաջանյան. մի ուշագրավ նամակագրության պատմություն>> թեման, որի շուրջ բանախոսեց Արուս Հայրապետյանը: Բացառիկ անդրադաձի համար հիմք է հանդիսացել բանաստեղծի արխիվում պահվող մի նորահայտ նամակ, որ Տիգրան Մանսուրյանն է 1961-ին հասցեագրել Ա.Իսաջանյանին՝ որպես նրա նամակի պատասխան: 
<<Միրհավ>> գրական ակումբի անդամները հանդես եկան նաև տպավորիչ ընթերցումներով՝ քաղաբերումներ անելով Իսաջանյանի պոեզիայից, արձակ պատումներից, ինչպես նաև օրագրային գրառումներից ու անտիպ ստեղծագործություններից: Մթնոլորտը հուզական էր՝ հագեցած Իսաջանյանական խոսքի նկարչագեղ շռայլությամբ, խոհական-զգացական հարուստ գուներանգով...
Հանդիպմանը Ալբերտ Իսաջանյանի հետ իր շփումերի մասին գեղեցիկ հուշեր պատմեց բանաստեղծ Ապետնակ Գրիգորյանը: Գրական ձեռնարկի շուրջ իրենց տպավորությունները կիսեցին Ժիրայր Մարտիրոսյանը, Լևոն Սահակյանը, Վարուժան Գալստյանը և ուրիշներ: Կլոր սեղանն ամփոփեց քաղաքապետ Վ.Ադունցը՝ կարևորելով գրական նման հավաքույթների կազմակերպումը, ինչը մեծապես նպաստում է գրական-մշակութային մթնոլորտի ձևավորմանը, հոգևոր արժեքների պահպանմանն ու ժառանգորդմանը:
<<Իսաջանյանական օրեր>>-ի շրջանակում <<Միրհավ>> ակումբը հրավիրեց նաև գրական ասուլիս՝ <<Ալբերտ Իսաջանյանի անտիպ գրական ժառանգության ճակատագիրը>> թեմայով, որն անցակցվեց նոյեմբերի 12-ին ԳՈՒՄ ՀԿ-ի կոնֆերանս սրահում: Ասուլիսին, ի թիվս այլոց, ներկա էր նաև բանաստեղծի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:
Ժամանակը բերում է իր գրական հոգսերը, և այս ձեռնարկն էլ գրական հավաքական մտահոգություների արդյունք էր՝ կապված Ալբերտ Իսաջանյանի անտիպ գեղարվեստական ստեղծագործությունները հրատարակելու օրախնդիր անհրաժեշտության հետ: 
Նորություն չէ, որ գրողն ապրում է իր ստեղծագործություններով և կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ կարդում և հիշում են նրա գործերը: Ա.Իսաջանյանի բարձրակարգ գրական ժառանգությունը հայ հանրային, անգամ գրական գիտակցության մեջ դեռևս չի գրավում իր արժանի տեղը, որովհետև ասպարեզի վրա չկա երկերի ամբողջական հրատարակությունը: Բանաստեղծը կենդանության օրոք տպագրել է ընդամենը երեք գիրք՝ <<Ծաղկե կամուրջ>>(1965), <<Ծաղիկ իմ հեռավոր>>(1977) բանաստեղծական ժողովածուները և <<Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել>>(1971) վիպակը: Գրողի ժառանգության մի ստվար մասը մեզ հասել է ձեռագիր վիճակում կամ մեքենագրված հեղինակի ձեռքով: Ցավոք, Իսաջանյանը չհասցրեց հրատարակել <<Հասմիկի ճյուղը>> ուշագրավ վեպը, որն արդեն ներկայացրել էր տպագրության 1981 թվականին և ժամանակի գրաքննության կողմից գործի երեք մասերը միավորելու, վերամշակելու խստադատ պահանջագիր ստացել... 
Իսաջանյանի արխիվում խնամքով պահպանվում են <<Արա Գեղեցիկ և Մարիամ>>, <<Սուրճի իմ ծառ>> վիպակները, <<Հասմիկի ճյուղը>> և <<Կանձրևե տղաս>> ծավալուն վեպերը, որոնք հատկանշվում են գեղարվեստական բարձր արժեքով և պետք է անպայման դրվեն ընթերցողի սեղանին:
Ցավոք, գրողի մահից երեք տասնամյակ անց, չնայած ձեռնարկված որոշ քայլերին, անտիպ ժառանգության հրատարակման խնդիրը դեռ լուծում չի ստացել: Ասուլիսի ընթացքում ներկաները կարծիքներ փոխանակեցին խնդրադիր հարցերի շուրջ, քննարկեցին գրողի անտիպ գործերի հրատարակման հետ կապված բարդությունները, խնդրի լուծմանն ընթացք տալու առաջնային ու հնարավոր ուղիները, տարբերակները, ժամկետները: <<Միրհավ>> գրական ակումբը հայտնեց խնդրի լուծմանը տարբեր առումներով ընդառաջելու, տեքստաբանական հարցերով զբաղվելու, ձեռագրերը գիտական հրատարակության նախապատրաստելու իր պատրաստակամությունը: Առաջարկվեց նաև վերահրատարակել Իսաջանյանի բանաստեղծական հունձքը մեկ գրքով՝ ընդգրկելով նաև անտիպները:
Հանդիպման վերջում բանաստեղծի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, շնորհակալություն հայտնեց <<Միրհավ>> գրական ակումբին՝ ծավալած գրական գործունեության համար, Ալբերտ Իսաջանյանի անվան ու գործի շուրջ ունեցած վերաբերմունքի, գրական մտահոգությունների, իրագործած ու իրագործելիք ծրագրերի համար: Ներկաները հույս հայտնեցին, որ գրականասերների հիացմունքը Ալբերտ Իսաջանյանի ստեղծագործական վաստակով  ինքնանպատակ չի լինի, և <<Միրհավ>>-ի ձեռնարկները առաջիկայում կարդյունավորվեն շոշափելի ձեռքբերումներով՝ ի շահ մեր շնորհաշատ բանաստեղծի:


















































Комментариев нет:

Отправить комментарий