«Հոբելյանական տոներին ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի,
գալիս է հարգելու, պսակելու ինքը իրեն, իր շնորհքը, իր մտավոր-հոգեկան ուժերը»:
Հ.Թումանյան
Հրապարակի վրա է «Սյունյաց երկիր» թերթի հերթական հատուկ համարը՝ նվիրված հայ աշուղական երգարվեստի երախտառատ դեմքերից մեկի՝ երգահան, բանաստեղծ Գուսան Աշոտի ծննդյան 110-ամյակին:
«Սյունյաց երկրի» մի նոր, բերկրառիթ խիզախությունը պետք է համարել այս մեծադիր հրատարակությունը: Մտահղացումն իրականացնելու հնարավորությունները շատ չէին, առավել ևս, որ Գուսանի արխիվը «հասանելի» չէր, սակայն խմբագրակազմը հաղթահարել է դժվարությունները՝ ընթերցողին մատուցելով հաջողված հոբելյանական համար՝ այդ ասպարեզում տարիների կուտակած հարուստ փորձի, մասնագիտական պատրաստվածության, հոգևոր արժեքների նկատմամբ նվիրական վերաբերմունքի շնորհիվ:
Հայ մշակույթին «Սյունյաց երկիր» թերթի մատուցած ծառայությունները միանգամայն անուրանալի են ու երախտապարտության արժանի: Մեր մեծերին նվիրված հատուկ համարները, որոնք տարիների ընթացքում հրատարակել է թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, իրավամբ լրացրել են սյունյաց հոգևոր արժեքների ուսումնասիրման ու լուսաբանման ասպարեզում եղած բացը: Հաճախ մեզանում գրական հոբելյաններն աններելիորեն անցնում են անտես ու անվերաբերմունք, ինչպես, օրինակ, Սերո Խանզադյանի ու Սուրեն Այվազյանի դարադարձերը 2015-ին, և միայն ի պատիվ «Սյունյաց երկրի»՝ պետք է առանձնաշեշտել այն մշակութանվեր առաքելությունը, որ հանձն է առել խմբագրակազմը՝ թերթի հատուկ հրատարակություններով գնահատելու մեծերին: Դրա համար նախ պետք է անհրաժեշտ չափով ի վիճակի լինես հասկանալու ժողովրդի հոգեկան գանձերը, դրանց սերնդակերտիչ ու սերնդապահպան դերը, ինչը «Սյունյաց երկրի» պարագայում կայուն աշխատանքային սկզբունք է ու աշխարհայացքային հանգանակ: