Показаны сообщения с ярлыком հարցազրույց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հարցազրույց. Показать все сообщения

18.10.2015

«Իմ ստեղծագործություններում տվել եմ մեր ժողովրդի ապրելու, գոյատևելու համառ կամքը, ձգտումը...» / ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՀԵՏ

Ձեզ ենք ներկայացնում Թևոս Պետրոսյանի հարցազրույցը հայ մեծահամբավ արձակագիր Սերո Խանզադյանի հետ, որը տեղի է ունեցել 1985 թվականին՝ գրողի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Հարցազրույցը զետեղվել է Թ.Պետրոսյանի <<Սերո Խանզադյանի պատմական արձակը>>(Ե., 1986) մենագրության մեջ:

- Մեծարգո Սերո Նիկալայի, ինչպե՞ս է Ձեզ ներկայանում կյանքի հետ գրականության կապի, նրա գործնական առաքելության վերաբերյալ հարցադրումը: 

- Գործնական տեսակետից որ նայես՝ գեղարվեստական գործն էլ ընդունելի է այն դեպքում, երբ այն օգտակար է ժողովրդին: Այլապես՝ էլ ինչ գեղարվեստ: Մանավանդ մեր ժողովրդի կենսապայմանների տեսակետից: Ո՛չ ֆրանսիացին, ո՛չ անգլիացին, ո՛չ էլ, բարեբախտաբար, ռուսը երկիր կորցնելու տագնապ չեն ունեցել: Նրանց գրականությունը, մանավանդ ռուսականն ու ֆրանսիականը (որ շատ հզոր են, շատ էլ հավանում եմ), մի քիչ ուրիշ նպատակով է գրվում: Մերը միշտ էլ եղել է գոյության կռվի, գոյապայքարի գրականություն: Խոսքը, հարկավ, հարցի միայն կենսաբանական կողմին չի վերաբերում: 

- Ձեր ստեղծագործության գլխավոր ներշնչարաններից մեկը պատմությունն է: Դա, հարկավ, պայմանավորված է հենց ներկայի ու ապագայի խնդիրների լուծման համար անցյալից դասեր քաղելու անհրաժեշտությամբ: 

18.06.2015

ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ - ԱՐՄԻԿ ԲԱԿՈՒՆՑ / «Ես վճռեցի անել այն, ինչ Սպարտակը չհասցրեց և ինչին, հավանաբար, ձգտում էր...»



Ռադիոհաղորդում մեր հայրենակից բանաստեղծ Սպարտակ Բակունցի եղբոր՝ Արմիկ Բակունցի և բանաստեղծի <<Հայացքների պայքար>> գրքի խմբագիր Երվանդ Պետրոսյանի մասնակցությամբ 

(Հարցազրույցի սղագրություն)


Ե.Պետրոսյան - Սպարտակի գիրքն արդեն տպագրվել է, և համոզված եմ` այս գրքի ու նրա հեղինակի մասին խոսք կլինի ոչ միայն ռադիոյով, ոչ միայն այսպես բանավոր, այլև մամուլում: Բայց անկախ դրանից, հիմա, սիրելի´ Արմիկ, խնդրում եմ մի քանի խոսք ասել քո եղբոր` Սպարտակի մասին՝ իբրև մարդու ու բանաստեղծի: Գիտեմ, հեշտ չէ քեզ համար խոսել քո բացակա եղբոր մասին, բայց, այնուամենայնիվ, եթե կարելի է, մի քանի խոսք նրա մասին:

Ա.Բակունց – Այո՛, սիրելի՛ Երվանդ, դու գիտես, թե ինձ համար որքան դժվար է այս հաղորդմանը մասնակցելը, մանավանդ, որ այն նվիրված է զոհված եղբորս: Բայց որքան ցավալի, նույնքան էլ ցանկալի է այս հնարավորությունն օգտագործել և նրան ներկայացնել ոչ որպես եղբոր, այլ որպես բանաստեղծի, որպես մարդու, որպես հայի:

09.02.2015

ՔԱՂՎԱԾՔ ՄԱՄՈՒԼԻՑ / Հարցազրույց Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ

-Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական կայքում նշել էիք, որ շուտով հրատարակելու եք Վահան Տերյանի անհայտ և անտիպ էջերը: Ո՞րն էր այդ ուսումնասիրությունների ազդակը:

-Տերյանը մանկուց ինձ ուղեկցել է: Բացի դա` կային նաև որոշ հանգամանքներ, որոնք ազդակ էին ինձ համար, ինչպես օրինակ, մեր տանը պատմող հուշերը Տերյանի մասին: Դրանք բանավոր զրույցներ էին: Ես, օրինակ, գիտեի, որ Տերյանը դուրս էր եկել Կոմունիստական կուսակցությունից: Գիտեի նաև, որ այդ մասին վկայող փաստաթուղթը պահվում է: Այժմ արդեն գտել եմ դա: Ուսանողական տարիներին սկսեցի ուսումնասիրել արխիվները: Հատուկ տաղանդ պետք չէր տեսնելու համար, որ զգալի տարբերություններ կան բնագրերի և տպագրված նյութերի միջև: Այնուհետ սկսեցի համեմատել դրանք` տող առ տող, տառ առ տառ: Այդ աշխատանքի արդյունքում գտա հնարավոր բոլոր աղճատումները:

10.11.2014

«Հենց իր նման... թեյի բաժակը սեղանին դրեցի ու գրեցի իմ առաջին պատմվածքը» / ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՎԵՏԻՔ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԵՏ

Վերջերս <<Միրհավ>> գրական խմբակը հանդիպում ունեցավ սյունեցի մեծանուն արձակագիր Սուրեն Այվազյանի որդու՝ Ավետիք Այվազյանի հետ, որ նույնպես գրող է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և ստեղծագործական ծրագրերով գտնվում էր հայրենիքում: 
Ստորև ներկայացնում ենք Ա.Այվազյանի հետ <<Միրհավ>>-ի ունեցած բացառիկ հարցազրույցը: 

1.Պարոն Այվազյան, անչափ հաճելի է ծանոթանալ ու հաղորդակցվել մի մարդու հետ, ով մեզ՝ սյունեցիներիս(և ոչ միայն) համար այնքան սիրված գրողի՝ Սուրեն Այվազյանի արժանավոր որդին է, ինքն էլ՝ մարդկային արարող տեսակ, ստեղծագործական անհատականություն, որ ընթերցողին ներկայացել է ուրույն գրաշխարհով: Նկատի առնելով, որ Դուք մեծանուն սյունեցու որդին եք, զրույցը սկսենք հենց այդ նոտայից. ի՞նչ եք ամենից առաջ ժառանգել Ձեր հորից՝ անհատական խառնվածքի, արժեհամակարգի, գրական նախասիրությունների առումով: 

- Ինձ թվում է, որ տարիների ընթացքում մենք բոլորս ավելի ու ավելի ենք նմանվում մեր ծնողներին… Սակայն չեմ կարող ասել, որ ես հենց իմ հայրն եմ, քանի որ Այվազյանի նման երկրորդը անհնար է լիներ:

19.08.2014

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ / Ու՞ր է արդի բանաստեղծությունը

Հարցազրույցը վարել է գրող Կարապետ Փոլադյանը

-Ի՞նչ է արվեստը ձեզի համար:

Արվեստը ճակատագիր է…

-Ճակատագի՞ր… Այո՛, կհասկնամ. Իսկ հայ բանաստեղծությու՞նը… Ի՞նչ կմտածեք հայ բանաստեղծության մասին: 

Մեր հին գրականությունը, մեջն առնելով նաև այսպես կոչված պատմագիրները, մանավանդ բանաստեղծական է: 

-Եղիշե՜ն, Խորենացի՜ն, Նարեկացի՜ն…

Այո՛, այդ բանաստեղծության պատմությունը դեռ չէ գրված և բաղդատական կերպով չէ ուսումնասիրված: Չէ բնորոշված նրա հիմնական շեշտը և հայ ոգու առանձնահատուկ բնույթը: 

-Բայց ընդհանուր բնորոշումով մը ի՞նչ է այդ բանաստեղծությունը:

05.06.2014

«Խորին ակնածանքով է այստեղ ոտք դնում յուրաքանչյուր ոք...» / ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Միրհավ» գրական խմբակի հարցազրույցը Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի հետ

-Պարոն Սարգսյան, հաճելի է Բակունցի տուն-թանգարանը տեսնել բարեկարգ, նորոգ ու ներկայանալի վիճակում: Ի՞նչ աշխատանքներ են տարվել, ու՞մ կողմից և ի՞նչ արդյունքներ ունեք:

Երեք տարի, համարյա անընդմեջ, տուն-թանգարանում վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ են ընթացել: Վերջակետ դրվել է այս տարվա գարնանը՝ նոր ցուցադրության բացմամբ: Շենքը հիմնանորոգվել է, փոխվել է տանիքը, ամրացվել են կցակառույցի պատերը, անց է կացվել ջեռուցման, հակահրդեհային և արագ արձագանքման, լուսավորության համակարգեր: Այգու թերի բազալտե սահմանապատը ամբողջացվել է ու բազիքապատվել-ցանկապատվել: Փողոցի կողմից նույնպես թանգարանը բարեկարգվել է՝ առվի եզրաքարեր, ծաղկանոց ու մայթի ասֆալտապատում: 
Այս ամենը հնարավոր է դարձել ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Սոցներդրումների հիմնադրամի, Պոլսահայերի միության, մարզպետարանի և, հատկապես, ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, Սյունյաց նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի ջանքներով: Այժմ տուն-թանգարանը, իմ կարծիքով, ներկայանալի է անգամ ամենաքմահաճ ու բարձրաճաշակ այցելուի համար: 

-Թանգարանում դեռ կա՞ն հրատապ լուծում պահանջող խնդիրներ, խոսեք առաջիկա ծրագրերի մասին:

30.04.2014

«Պոեզիան հոգեվիճակի վավերագիրն է...» / Զրույց ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

ՄԻՐՀԱՎ գրական խմբակի հարցազրույցը բանաստեղծ, ՀԳՄ անդամ ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

-Պարո՛ն Սահակյան, ստեղծագործել սկսել եք պատանեկան տարիքից: Գրական ի՞նչ ազդակ է Ձեզ մղել գրիչ վերցնելու, մեծերից ո՞վ է առաջմղիչ դեր ունեցել:

-Չափածո խոսքի նկատմամբ սեր իմ մեջ արթնացրել է Թումանյանը: Տասներեք տարեկանից փորձեցի միտքը դնել կաղապարի մեջ՝ բնավ էլ կարևորություն չտալով դրան: Ես այն ժամանակ ավելի շատ ֆուտբոլ էի սիրում ու ցանկանում էի ֆուտբոլիստ դառնալ (միջանկյալ ասեմ, որ մինչև քսանհինգ տարեկանս խաղացել եմ Գորիսի հավաքականում և ''Զանգեզուր'' թիմում): Իսկ պոեզիան միշտ ապրել է իմ մեջ, երբեք չի լքել: Ինձ ոգևորել են Սուրեն Այվազյանը, Գևորգ Էմինը և Սերո Խանզադյանը: Մի քանի անգամ այրել եմ գրածներս, բայց ամեն անգամ փոշմանել, վերադարձել եմ պոեզիային, որը, ինչպես հետո պարզվեց, ինքնահաստատման իմ միակ հնարավորությունն էր:

13.03.2014

ՔԱՂՎԱԾՔ ՄԱՄՈՒԼԻՑ/ Հարցազրույց գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ

«ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԻ ՄԻ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ Է ԳՏՆՈՒՄ»

-Թուրքիայում բարձրացվում է Չարենցի տան վաճառքի հարցը, մինչդեռ պարզվում է` տան հասցեն հստակ չէ: Շրջանառվում է տան հասցեի երկու տարբերակ:

-
Ոչ թե երկու, այլ շատ հասցեներ են շրջանառվում: Չարենցի ընտանիքը Կարսում մի քանի տուն է ունեցել, նախ` պետք է հստակեցնել` ո՞ր տունն ենք որոնում: Որքան հասկանում եմ` մարդիկ ուզում են նախ և առաջ գտնել այն տունը, որտեղ Չարենցը ծնվել է: Հստակեցնելու խնդիր այս դեպքում չկա, որովհետև կան ճշգրիտ հասցեն ու տեղի նկարագրությունը:

-
Հնարավո՞ր է գտնել տունը, եթե հասցեների նկարագրություններ կան, բայց դրանք փոխվել են: