Показаны сообщения с ярлыком հուշապատում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հուշապատում. Показать все сообщения

10.01.2016

ՆԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ / ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ. հուշի պատառիկներ

Գորիսի կուսշրջկոմի նիստերի դահլիճում հանդիպում էր կազմակերպվել հայրենակից գրող Սուրեն Այվազյանի հետ: Թեման հայ գյուղաշխարհը պատկերող նրա ստեղծագործություններն էին: Մասնակիցներից շատերը ոչ միայն ծանոթ ու մտերիմ էին անվանի գրողի հետ, այլև ճանաչում էին նրա ստեղծագործությունների շատ ու շատ հերոսների, ուստի բնական էր, որ քննարկումը երկար տևեց: Արդեն մութ էր, երբ ավարտվեց:
Ս.Այվազյանը շնորհակալություն հայտնեց մեզ՝ միջոցառումը կազմակերպողներիս, գրքեր նվիրեց և բոլորի հետ դուրս եկավ դահլիճից: 
Նոր էի հասել տուն, երբ դուռը ծեծեցին: Բացեցի: Ս.Այվազյանն էր՝ հուզված ու այլայլված: 
-Ի՞նչ է պատահել,-հարցրեցի զարմացած:
-Մատանիս եմ կորցրել: Մորս հիշատակն էր, իսկ մայրս ծանր հիվանդ է, պառկած է անգիտակից, ապրելու ոչ մի հույս... Իսկ ես կորցրել եմ նրա հիշատակը: Այդ մատանին մայրս կոպեկ-կոպեկ հավաքելով է գնել ու նվիրել ինձ: Այն սրբություն է ինձ համար, ավելի լավ է ինքս մեռնեի, քան կորցնեի մորս հիշատակը:

26.11.2015

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆ. ԳՐԱԿԱՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալբերտ Իսաջանյանի անվան շուրջ գրական ու մերձգրական շրջանակներում ամենաշատ հետաքրքրություն առաջ բերած հարցը Իսաջանյան-Պարույր Սևակ առնչությունն է: Նրանք ծանոթացել էին 1964 թվականին, երբ Սևակը գրողների մի խմբի հետ (Բաղիշ Հովսեփյան, Արտաշես Քալանթարյան) եկել էր Գորիս: Այդ մասին վկայել է Նինա Հովսեփյանը Պարույր Սևակի մասին հուշագրության մեջ: Սևակի գալստյան առթիվ Ն.Հովսեփյանը երեկույթ է կազմակերպում, որի ընթացքում դպրոցահասակ մի աղջիկ, «հուզված ու մի քիչ էլ վախվորած», պատվելի հյուրի համար արտասանում է Ալբերտ Իսաջանյանի բանաստեղծությունները: Աղջնակը բանաստեղծի քույրն էր՝ Լորետտա Գրիգորյանը, որ տարիներ անց արդեն սրտի թրթիռով պիտի շարադրեր իր հուշերը ճակատագրական երեկոյի մասին, հիշեր իր ընթերցած բանաստեղծությունների՝ Սևակի հուզաշխարհի վրա թողած խոր տպավորությունը, որն էլ ազդակ եղավ մի հրաշալի գրական բարեկամության ձևավորման համար:

01.08.2015

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ / Աղասի Խանջյանի հուղարկավորությունը

Հուլիսի 11-ին Խանջյանի դիակը Թիֆլիսից Երեւան բերին։ Երեւանի կայարանում մեծ բազմություն էր հավաքվել։ Կայարանից մինչեւ քաղաք տանող ճանապարհը փակված էր միլիցիոներների խիտ շղթայով (Խանջյանի դիակին դիմավորել պաշտոնապես թույլատրված էր միայն Կենտկոմի եւ Կենտգործկոմի անդամներին)։ Որպես Կենտգործկոմի անդամ, ես կայարան գնացի։ Երբ Խանջյանին բերող վագոնը մոտեցավ կառամատույցին, Խանջյանի զինակիցներն ու մոտիկ մարդիկ մտան վագոն եւ ուսամբարձ դագաղը դուրս բերին վագոնից։ Խիստ սրտաճմլիկ էր դագաղի կափարիչին տեսնել Խանջյանի անբաժան գլխարկ-կեպին։ Կայարանից մինչեւ Խանջյանի առանձնատունը, որ գտնվում էր Հրազդանի ձախ ափին, դագաղը տարվում էր ուսերի վրա։

16.07.2015

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ / Ինչպես հիշում եմ. Ակսել Բակունցի հետ

Այս բանը եղավ 1928 թվականին: Ամպամած օր էր: Սև քաշաթուխպ էր ծանր նստել մեր ձորում՝ մի թևը Դրնգանի ժայռե ատամներին, մյուսը՝ Բրուտների թաղամասում. որ սպառնալի կախվել է կիրճի վրա:
Դպրոցի բակում շարք ենք կանգնել, նայում ենք ամպերին: Թվում է, եթե կանգնես քերծերից մեկի վրա՝ գլուխդ կմտնի ամպի սառը մալանչների մեջ: Մեր ուսուցիչն ասում է.
-Խելոք կացեք, գնում ենք մեր համագյուղացի գրող Ակսել Բակունցին դիմավորելու:
Գնում ենք՝ շարք-շարք, հաճախ ցրվելով՝ բարկություն պատճառելով մեր խստաբարո ուսուցչին:
-Գրողը հի՞նչ ա,-հարցնում է ընկերս՝ Ջավահիրին Սուրենը՝ ինձ նման գեղջուկ պատանի:
-Գրողը Բակունց Ստեփան դայու տղան ա,-բացատրում է յոթերորդ դասարանցի մեծ եղբայրս՝ Սուրենը: - Էն որ մեր Վանդունց Բադու պատմությունն ա գրել: Գրողն էն ա: Մեծ մարդ ա:

10.07.2015

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ / Արևը բարձրանում է սարից

Այդ գարնանը մերոնք դարձյալ քոչը սարն էին տարել և կանգ էին առել սարահարթի սահմանում, Մարգերի բլուրների վրա: Շենաթաղցիները դարձյալ դիրք էին բռնել՝ հոնի կարմիր մահակներով, ավանդական եղաններով և մղանի կոթերով <<զինավառ>>: <<Օխտը տարի ծիծը կերածը>> դարձյալ իր խոսքն էր կրկնում օրենքի մասին և իր համագյուղացիներին ոգեշնչում՝ ի մարտ: 
Շենաթաղի երեխաներն իրենց մեծերի խրախուսանքով շները <<քը՜ս>> էին տալիս մեզ վրա: Իսկ մեր գյուղացի Վանեսանց Պողոս ամին մեզ սաստում էր, որ շներին քարով չտանք: 
-Ա՜ խոխեք, սաքիթ կացեք, կռիվը մազից ա կախված, հենց որ շներին քարով տաք՝ կսկսվի: 
Երկու կողմից էլ պատվիրակներ էին հավաքվել այն բլուրի վրա, որտեղ ամեն տարի կագնել ու փլվել էր սահմանի <<կուրգանը>>: Բանակցություններ էին վարում: Իսկ մենք՝ երեխաներս, թաքնվել էինք քարերի ետևում, որ <<թամաշա անենք կռվին>>:
Այդ ժամանակ հեռվում՝ <<Խոզ>> աղբյուրից եկող ճանապարհի վրա, երևացին երեք ձիավոր: Շենաթաղցիներն ավելի բորբոքվեցին, մեր գյուղացիներն ավելի հանդարտվեցին: Ձիավորները մոտեցան: Երկուսը գյուղ-խորհուրդների նախագահներն էին, իսկ երրորդը քաղաքից եկած մարդ էր երևում... Տիրեց կարճատև լռություն, և հետո, հանկարծակի երկու կողմերի ուրախ ձայները խառնվեցին իրար. 
- Ալեքսանդր վարժապե՜տը, Ալեքսանդր վարժապե՜տը...

08.06.2015

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ / Բայց և որքա՜ն գեղեցիկ էր կյանքը …

Իրիկնամուտին հասանք Գորիս: Սյունյաց սարերը մեզ դիմավորեցին սառնաշունչ ձյու­նա­խառը քամիով, իսկ տների տանիքների աղմուկը հրետակոծության ժամանակներն էին հիշեցնում: Հակառակ բնության խստության, Բակունցների ու Զադայանների ընտանիք­նե­րը մեզ ընդունեցին ջերմությամբ: Մինչև ուշ գիշեր վառարանի շուրջ նստած, հարցուփորձ էինք անում անցյալից, դժվար օրերից, երբ Գորիսի կապույտ երկինքը սևանում էր հարևան հան­րա­պե­տու­թյան տարածքից կրակված արկերից ու ռումբերից … Երբեք այդքան գեղեցիկ դեմ­քեր մի տեղ հավաքված չէի տեսել: (Սարոյանը Երևանում ուրախացել ու զարմացել էր հա­յերի բազմությամբ): Երևի փորձությունների ու հաղթանակների դրոշմն էր ստեղծում այդ տպա­վորությունը: Անսպասելի էր, բայց քաղաքը լուսավորված էր: Սարի լանջին թիկնած Վե­րի­շենը հունական ողբերգությունների ամֆիթատրոն էր հիշեցնում, իսկ այն, ինչ առավոտյան տե­սանք, իրական ողբերգության հետքերն էին` դպրոցի բակում հուշատախտակը նշում էր «գրադի» պայթած տեղը, ուր զոհվել էր բանաստեղծ Սպարտակ Բակունցը…

30.05.2015

Ա.ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈԻՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ

Ակսել Բակունցի տուն-թանգարանը Սյունիքի նշանավոր մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: Այցելում են գրողի տուն Պ.Սևակի բնորոշմամբ՝ պարտապանի կարգավիճակով և իրենց շնորհակալությունը, հոգու ջերմ խոսքը գրի առնում թանգարանի հուշամատյանում...
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: 

«Ակսել Բակունցը Զանգեզուրի, Գորիսի ամենազուլալ գետն է, հայոց ամենախոս լեզուն է, մեր հնաբույր թախիծն է, էպոսից եկող մեր կանչն է, մեր տան աղոթքն է, էն կտրիճն է, որ գիտի իր սրտի զորությունը, էն նահապետն է, որ իր մեջ կրում է ընկուզենու իմաստուն լռությունը: Փա'ռք ու պատի'վ էս խրճիթին, էս դղյակին, վարար, զուլալ էս տանը, որ Բակունց է արարել ու տվել հայությանը: Դժվար է լինելու նրանց համար, ովքեր կփորձեն ճանապարհ անցնել առանց մեծն Թումանյանի, հախուռն Չարենցի, տեղով սեր ու բնություն, հենց հայրենիք ու Հայաստան լեզու Բակունցի: 
Բակունցի շունչը միշտ զգանք մեր ծոծրակին>>:
Խոնարհումով` Հրաչյա Մաթևոսյան
14.06.2008

19.04.2015

Թեհմինա Մարության / ՍՐՏԻ ԽՈՍՔ ՆԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կյանքի մեքենական ու արագընթաց վազքի մեջ մենք հաճախ չենք նկատում առօրեականության շղարշով ծածկված կենսական կարևոր երևույթները և հեռու ենք մնում մեր շրջապատի արժանավոր մարդկանց ճիշտ գնահատական տալու, իրապես արժևորելու բարեպատեհ առիթներից ու հնարավորություններից: Արդյուքնում՝ մեր սրտի խոսքերը արտահայտում ենք նրանցից հավիտենապես բաժանվելուց հետո… 
Քառասուն օր առաջ(9 մարտի, 2015թ.) մեզնից առհավետ հեռացավ Սյունիքի մտավորական ընտրանու պայծառ անուններից մեկը՝ Նինա Հովսեփյանը՝ գրականության մեծ Ուսուցիչը, սևակագիտության երդվյալ մշակը, գրի ու գրչի անխոնջ սպասարկուն, երախտավորն ու Նվիրյալը. մեկն այն քչերից, որի կյանքը իր իսկ գործն է՝ հավերժության ուղեգրով: Խոսել Նինա Հովսեփյան մարդու ու մտավորականի մասին՝ նշանակում է խորհրդածել մարդկային բարձր, նվիրական արժեքների շուրջ: Նա՝ որոնումների այդ մարդը, գերի չդարձավ ժամանակին, չապրեց ժամանակի նեղ սահմանների մեջ՝ «լուսանցքային» չափանիշներով ու ընդգրկումով: Կենսական ժամանակի մեջ նա ստեղծեց իր բարձրաթռի՛չք հոգու ժամանակը, որը լցրեց ու իմաստավորեց նվիրական աշխատանքով: Հենց դրա շնորհիվ ամենակուլ ժամանակը չի կարող մոռացնել նրա անունն ու գործը: Ստեղծումով, մտքի ու գրչի պայծառությամբ լեցուն նրա կյանքի օրերը դեռ կշարունակեն ճառագայթել…

04.08.2014

ԼՈՐԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Պարույր Սևակը իմ հուշերում

Երանությամբ եմ հիշում անցյալը, երբ երիտասարդ, թռվռուն աղջիկ էի, և պոեզիան էր իմ կյանքի տարերքը: Բայց ինչքա՜ն-ինչքա՜ն բան ենք կորցրել մեր երիտասարդ տարիներին, ինչքա՜ն կարևոր արժեքներ չենք գնահատել, որի համար տառապում, ցավում ենք այսօր: Այդպես էլ ըստ արժանվույն չկարողացա գնահատել իմ և եղբորս՝ Ալբերտ Իսաջանյանի՝ Պ.Սևակի հետ ունեցած սրտագին բարեկամությունը:
Առաջին անգամ Սևակին հանդիպել եմ, երբ դեռատի մի աղջնակ էի, իր խոսքերով ասած՝ <<Լորիկ-բալիկ>>:
Դպրոցում էի, տասներորդ դասարանում: Ավագ ջոկատավարը դասամիջոցին մտավ դասարան և, դիմելով ինձ, ասաց. <<Քաղաքային գրադարանից քեզ շտապ կանչում են>>: Հասկացա, որ Նինա Հովսեփյանն է կանչում, որը գրադարանի վարիչն էր և միաժամանակ <<Միրհավ>> գրական խմբակի ստեղծողն ու ղեկավարը:

29.07.2014

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ / Նինա Հովսեփյանի հուշերից

Խփում է ցուրտը ձմռան,
  Մտնում ես քո ներսը դու...
Տեսնու՞մ ես, թե ես ու դու
Որքան ենք իրար նման...
Թեև բոլորովին այլ և մեծ գաղափար է դրված այս բանաստեղծության հիմքում, բայց այս տողերը հիշեցրին ինձ մի տխուր իրողություն: Գորիսի <<Տաթև>> համալսարանում նախապատրաստվում էին <<Տաթև>> անունով թերթ հրատարակելու: Իմանալով, որ Համո Սահյանը իր գյուղում է (Սիսիանի շրջանի Լոր գյուղ), մեր դասախոսներից մեկը՝ Կարեն Սահակյանը, համալսարանի տնօրեն Անդրանիկ Կարապետյանի խնդրանքով գնաց Լոր՝ թերթի առաջին համարի համար շնորհավորանքի խոսք բերելու: