30.05.2014

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ


Եղիշե Չարենցի «Ակսելին՝ «Մթնաձորը» կարդալուց հետո» չափածո անդրադարձից սկսվեց ու ցայսօր շարունակվում է Մեծ գորիսեցուն և նրա «մյուռոնի նման սրբազնագույն երկերին» նվիրված ոգեշունչ բանաստեղծությունների ընթացքը, հիմքում՝ Ակսել Բակունցի ծավալով ոչ ստվար, բայց զարմանալի պայծառ, կենսունակ գրականությունը և դրան համարժեք՝ կարճատև, եղերական, սակայն սխրալից կյանքը, գրողի ժամանակակիցների ձևակերպմամբ՝ «Բակունցյան լեգենդը»:
Սիրով ձեզ ենք ներկայացնում գորիսեցի բանաստեղծների հեղինակած ստեղծագործությունների այս սքանչելի բույլը՝ նվիրագրված Ակսել Բակունցին:

ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆ

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ

Անաղմուկ բացել հնձանիդ դուռը,
Ո՞ր կածանով ես անդարձ հեռացել...

Քեզանից հետո՝
Տարիներ անվերջ
Սրսփացել է Սոնան հնձանում,
Հին դրնբոնում կաքավն է թախծել,
Ամպ է ծանրացել Կաքավաբերդում,
Եվ մանուշակն է գիշերով լացել...

Քեզանից հետո՝
Տարիներ անվերջ
Որպես Խոնարհդ՝ խոնարհ աղջիկներ
Քո Մթնաձորի հեքիաթն են հյուսել
Ու լույս են քաշել քո Մթնաձորից:

Քեզանից հետո՝
Հնձանդ հավետ բաց է մնացել
Եվ դեռ հորդու՜մ է խորքերում գինին...


ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ 

Ու գնում է, գնում անխոնջ
Քարավանը տարիների,
Հնձանի մեջ շիրան եփվում
Եվ դառնում է հրայրք գինի:

Արբենում է բզեզը դեռ
Զմայլելի բուրմունքներից,
Վերցնում է խանդը մահակ,
Գալարվում է մեջքը ցավից: 

Խոնարհն էլի ծիկրակում
Ու չի թվում հասանելի,
Սոնան հուր է, Սոնան՝ կրակ,
Սոնան՝ ծաղկած մի մասրենի:

Ջրածիտը կորչում է ժիր
Խենթ ջրվեժի փոշու խորքում,
Տղան կապտած ելնում ջրից,
Թափառում է անուրջներում:

Ու գնում է մտքի հեռուն՝
Ձեռքին ծաղիկ ալպիական,
Հույս փայելով, որ Ձորում էլ 
Դեռ օրերը կտաքանան... 

ՔԱՋԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ (ԴՈՐՈՒՆՑ)

ԵՂԵՐԵՐԳ
Ակսել Բակունցին

Բոլորում էր տարին.
Անխոցելի, մռայլ ու մարդակուլ
Երևանայան բանտի պատերի մեջ,
Մագաղաթե գրքերի պես դժգույն՝
Տրված բութ ու անգութ մարդուկների
Անասելի անմիտ քնայքներին՝
Քրքրվում են, հյուծվում...
Եվ կտտանքներ հոգու ու մարմնի
Ադամորդու սրտից, խղճից անդին.
-Մատնի՛ր, մատնի՛ր, մատնի՛ր...
Ինչու՞, ինչի՞, ինչի՞ համար,
Որ բանտերի խավար խցերի մեջ
Լցնե՜ն, լցնե՜ն, լցնե՜ն...,
Որ չմնա նույնիսկ նստելու տեղ,
Դույզ-ինչ շնչելու օդ՝
Գարշահոտ ու թունոտ մթնոլորտում:
Չէ, իզուր էր, իզուր, կալանավոր,
Մոմի նման ճերմակ
Վարժապետը փորձում քեզ համոզել,
Թե՝ <<Ունայն է, Ակսել, տոկանք ու համառում,
Միևնույն է, նրանք ինչ որ ուզեն, կանեն,
Միայն  թե...>>:
Վարժապետն այդ նախկին
Կարդացել էր բոլոր երկերը քո,
Սիրում էր քեզ, հարգում...
Եվ սարսափից, ինքն իրենից թաքուն,
Անվերջ անիծում էր ու անարգում
Քո հոգեառ կարմիր դահիճներին...
Իր մի կտոր հացից ու մի բաժակ ջրից
Հանում էր քեզ բաժին,
Սփոփում էր, սրբում դեմքդ արնակոլոլ...
Սակայն ի՞նչ էր ուզում.
Այն նույն ձեռքով, ձիրքով,
Որ բարության, հույսի, սիրո լույսի
Սերմեր էիր ցանում,
Այդ նույն ձեռքով
Դահիճներիդ արնոտ գրիչն առնես՝
Գիրդ դնես փքուն ցուցակի տա՞կ...
Չէ, դեռ կանգուն է սյունը հոգուդ,
Եվ տառապանքը սին...
Ահաբեկված, անմեղ այդ խեղճ մարդուն
Դու պատմեցիր պոետ բարեկամիդ մասին
Տեսած երազը քո՝
Տխրությամբ մի անհուն և անանուն.
Իբրև Աբովյանով քայլում էիր անհոգ,
Նայում, զննում մարդկանց ու հիանում.
Բազմաժխոր փողոց, երևանյան աշուն,
Բերկրանքի ծես ու տոնահանդես...
Հանկարծ աչքիդ ի տես՝
Ճերմակ, ճերմակ մի ձի և մի ճերմակ հեծյալ՝
Տեգի նման սարսող գրիչն առած,
Աչքերն արած մեծղի լուսարձակներ
Սուրում էր վեր...
Եթե շարունակեր այդպես սուրալ
Եթե չարթնանայիր ահից այդ երազի
Ճերմակ ձիու կայծակնացայտ սմբակների
Սարսափելի զոհը կդառնային մարդիկ...
Հետո մելամաղձոտ,
Մեղմիվ ու մտերիմ շշնջացիր՝
-Ի՞նչ ես կարծում, ո՞վ էր ճերմակաձին.
Եղիշեն էր, Չարենցն իմ բարեկամ,
Տեսնես որտե՞ղ է նա,
Տեսնես ինչպե՞ս է նա,
Թեպետ չար երազում՝ ես իմ կարոտն առա...
Գիտե՞ս, Չարենցը մեր հազարամյա
Հանճարն ունի իր մեջ՝ ոգեղեն ու հզոր,
Եվ իզուր են փորձում բանտել ոգին նրա,
Չեն հասկանում մի՞թե, որ Չարենցը մի օր
Հառնելու է հրով իր քանքարի,
Որ դարերին պատմի իրեն ծնող
Ժողովրդի, անուշ Հայաստանի
Արևահամ բառից ու հանճարից:
...................................................
Չբոլորեց տարին…
Մթնաձորում պահած լավն ու բարին
Մոլորվեցին մռայլ գիշերներում,
Մարեց Դիլան դային՝
Անհետ տարավ իր հետ
Լաջվարդ շապիկ-շուքով
Սոնա բուրող մի հուշ,
Ցող չէ, արցունք հագան մանուշակներն ալպյան,
Խորշակահար, անզոր՝
Օրանջիայի վայրի վարդերն հանգան…
Լառ Մարգարն ու Հազրոն
Կորած Մեծ Հեքիաթի կարոտից ու ցավից,
Եռալեզու օրվա ահ ու դավից
Մի անգամ էլ խռով ա՜խ քաշեցին.
-         Ի՜նչ զուլում է, լաո՜…
Լուսապսակ, լավիկ իր որբուկին
<<Խաչե՜ր>> կանչող մի կին մորմոքել էր մեկին…
Ա՜խ, Բոխչագյուլ մայրի՛կ,
Ցավդ ինչպե՞ս պատմեմ՝ <<Հորա Սանթրիս>>:
Խոնարհ հարսեր սևսուգ եղերամայր եղան,
Գազպեն սարից մինչև գագաթը Մայր լեռան
Սև ուրուներ թռան՝
Սևակնելով երկնի երեսն ամռան…
Արթին պապի մամռոտ շիրմաքարից
Ցավի մի շիթ ելավ,
Մերվեց սարեկ սյուքին,
Իջավ սրնգահար սոս սյունեցու ոգին.
-         Սարե՜ր, սարդ տարան, սարե՜ր, լավդ տարան:
Հրազդանի ձորում, գուցե այլուր,
Կապուտաչյա, հուրհեր ոգին հայոց
Ճարահատյալ՝ Նեռի կամքին հլու,
Անցավորի համար գերեզման էր փորել,
Իրեն տվել թևեր,
Թռել սառույցասիրտ Սիսն ու Մասիսն ի վեր՝
Պատգամելու համար
Այս հինավուրց հողից ծնվող-սնվողներիս
Խորհրդակիր խոհեր…
Եվ մի պայծառ անուն, մի հավերժող հնոց…
Ալեքսանդր Բակունց՝ ի գեղջեն Գորիս,
Որդի Ստեփանա և ամենայն հայոց:

ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑ

***
Ավա՜ղ, դու չկաս, իմ մե՛ծ բարեկամ.
Անցել ես քո կարճ, բայց պայծառ ուղին.
Անցել ես ազնիվ, անցել ես հպարտ.
Քո մահվանն անգամ նայել ես ուղիղ:

Ամեն անգամ, երբ ես նայում եմ քո
Նկարից նայող վճիտ աչքերին,
Խոնարհվում եմ լուռ՝ քո անբիծ հոգուց
Հորդացող վսեմ հրին հանճարիդ:

Եվ ամեն անգամ, իմ մե՛ծ բարեկամ,
Երբ մտածում եմ իմ խոսքը ասել,
Անթարթ մի հայացք՝ լուռ ու հարցական,
Ինձ շանթում է զուսպ՝ իր փառքով լուսե:

ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ

Իմ Մթնաձորում սուրբ ու վայրի
Մշուշն է նստել ոչխարի բրդին,
Տես, Բասուտա գետն է շղթայակապ,
բրուտը սկիհն է շինում կրքոտ,
Խոնարհ աղջիկն է մշտահմա:
Տես, Կյորեսն է ցատկել Շհարի տախտ:
Այստեղ, իմ Ղաթրինում երկինքներն են կախվել
Քո կիրճերն են լցրել համատարած հակինթ,
Ուր միրհավն է դաջվել՝ կտուցին շանթ:
Ու Հյումբաթի ճամփան չհասած ձոր,
Թավալվում է տաք արահետը քո: 

Комментариев нет:

Отправить комментарий