Показаны сообщения с ярлыком Հրանտ Մաթևոսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հրանտ Մաթևոսյան. Показать все сообщения

13.06.2016

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ / Ղողանջ` համազանգի արձագանքով

Հունիսի 13-ը մեր Գորիսի միակ մարզպետ, քաղաքապետ, պետաց պետ, մեծ վարպետ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ծննդյան օրն է.
Հայ դպրության մեջ Սյունիքը հազար հինգ հարյուր տարի հերոսանում էր, դավաճանում էր, իմաստնանում էր, դառնում էր միջնաշխարհ, կուսաշխարհ, մենաշխարհ և սակայն մնում էր հայոց աշխարհագրական բազում աշխարհներից մեկը։ Հետո Սյունիքով անցավ Ակսել Բակունցը, և այդ երկիրը բնակեցվեց զարմանալի թախծոտ, սրամիտ և արդար մարդկանց մի մեծ բազմությամբ.- Դիլան դայու երկար կյանքի համար միջնասյուն է դարձել եղած, անցած-գնացած մի կին, դարձել է, որովհետև եղել է միակը, և նրա ապրած այդ միակ օրը շաղախված է արյամբ. որսորդ Ավու հուշերի հովիտներում ապրում է կյանքի դաժան հրճվանքը՝ մի կապուկ ցախի համար կռիվը արջի հետ. Սաքանը քաղաքաբնակ կնոջ մերկ ազդր է տեսել և այլևս չի տեսնելու. Վանդունց Բադին մի անգամ հպարտացավ որդիով, գրեթե խրոխտացավ և ահա դարձյալ մտել է փայտի շալակի տակ, որդուն սպանել են. ծառի՛ պես, խոտի՛ պես, անմռունչ անասունի՛ պես հողից աճեց Պետին, մի անգամ թաքուն հրճվեց՝ երբ տուն ու կին ունենալու միտքը խլրտաց նրա երակներում, և ահա որպես հնձած խոտ անշշուկ ընկել է և իր ավիշն ու ոսկորները վերադարձնում է հողին, իսկ Խոնարհ աղջիկը գրեթե մեղսավոր է, քանի որ ուսուցիչը կպել է նրա ձեռքին և ասել «Խոնարհս...», և գյուղից հեռանալիս ուսուցիչը ձորի գլխից ձեռքով է արել դեպի արտը, ուր Խոնարհը կանգնել էր՝ ձեռքին քաղհանի բիրը, կարմիր կակաչ և մոլախոտի մի կապ. «Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա». հետո անցավ տասներկու տարի, «դպրոցի բակում հավաքվել էին գյուղացիները։ Խոսում էին հողի մասին, գանգատվում էին, որ հողը առաջվա բերքը չի տալիս։