Показаны сообщения с ярлыком նավատոմար. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком նավատոմար. Показать все сообщения

21.02.2015

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ / ԼԵԶՈՒՆ ԵՎ ԱՐՅՈՒՆԸ

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

1
Այն, ինչ որ մենք անվանում ենք լեզու՝ միայն բառերով արտահայտվելու միջոց չէ, այլ արտահայտությունն է առհասարակ: Ձեռքերի և մարմնի, երեսի և աչքերի շարժումները, և հաճախ լռությունը և անշարժությությունն իսկ լեզու են:
Լեզուն մեր մարմնական և հոգեկան էության հետ անբաժան կապված՝ իմաստների, ձայների և խորհրդանշանների վերածված մի տիեզերք է: Նա անդադար գոյացող, մեռնող և վերածնվող տարերային ուժ է: Լիճի նման, նրան կերակրում են ստորերկրյա հոսանքները, և արևի կիզիչ ճառագայթները նրան ենթարկում են շոգիացման և այլափոխության: Ինչպես քիմիական բաղադրությունները և կենսանյութերը հողերի տակ՝ նա նախատեսնված է մեր մեջ, գրված և արտասանված: Լեզուն ներկա է մեր մարմնի ամեն մի մասում, մեր մկանունքների մեջ, մեր ուղեղի ծալքերում, մեր զգայարանքների թրթռուն լարերի վրա, մեր բջիջների աճող և բազմապատկվող կերպընկալությունների խորքում:
Եվ մանավանդ լեզուն արյուն է:
Իսկ երբ ասում ենք արյուն՝ ասում ենք հող, երկիր: