
<<... Սկիզբը՝ անցած ժամանակների ծննդոց ակունքում, վերջը…Վերջ չկա>>: Այս տողով է ավարտվում Սերո Խանզադյանի <<Հորս հետ և առանց հորս>> ինքնակենսագրապատումը, որ խորհրդանշական է հենց իր ստեղծագործական կենսընթացի համար: Օրերի, տարիների հետ առաջ է գնում Սերո Խանզադյանի փառքը, և ավելի է ընդգծվում նրա գրական ժառանգության պատմական նշանակությունը: Խանզադյանը հայ գեղարվեստական արձակագրության բարձր արժանապատվությունը ներկայացնող անուններից է և իր գրական նկարագրի ինքնատիպությամբ վավերական տեղ ունի հանրային գիտակցության մեջ:
Դեկտեմբերի 3-ին լրացավ Սերո Խանզադյանի ծննդյան 99-րդ տարեդարձը, ինչի առթիվ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի ու Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցի գլխավորությամբ գրողի կիսանդրու մոտ տեղի ունեցավ ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողություն, իսկ դեկտեմբերի 5-ին Գորիսի քաղաքապետարանի և <<Միրհավ>> գրական ակումբի արդյունավոր համագործակցությամբ գրողի տուն-թանգարանում կազմակերպվեց միջոցառում, որին ներկա էին քաղաքապետ Վաչագան Ադունցը, փոխքաղաքապետ Գևորգ Բոլյանը, քաղաքի մտավորական ընտրանու ներկայացուցիչներ, կրթական, մշակութային, ստեղծագործական կառույցների ղեկավարներ, լրագրողներ:
