2015-ին լրանում է հայ նշանավոր արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որ, անառարկելիորեն, պետք է նշվի պետական պատշաճ մակարդակով: Գրողի՝ աղմկահարույց <<ոդիսական>> ունեցող գորիսյան առանձնատունը Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի շնորհիվ մի քանի տարի է արդեն, ինչ պետության սեփականությունն է և կոչված է պահպանելու գրողի մասունքները: Գորիսի հյուսիս-արևմտյան հատվածի բարձրադիր, գեղատեսիլ լանջերից մեկին ծվարած ինքնատիպ շինությունը, չնայած մուտքին փակցված ցուցանակի ծանուցագրին, քիչ է նման կամ գրեթե նման չէ թանգարանի: Ամեն մի թանգարան, անկախ կառուցվածքից, մարդու կերտած մնայուն արժեքների գիտականորեն համակարգված հավաքածու է, որ ունի գիտական ու ճանաչողական բացառիկ նշանակություն:
Խանզադյանի տուն-թանգարանը նրա 100-ամյակի շեմին էլ շարունակում է մնալ կիսավեր, դատարկ ու անբերակարգ վիճակում: Այն, ըստ էության, <<գործող>> (և ներգործող) թանգարան չէ, չնայած պատկանում է քաղաքապետարանին՝ որպես մշակութային կառույց: Թանգարանում չկան ցուցասրահներ, բաժիններ և ամենակարևորը՝ ցուցանմուշներ՝ գրքեր, ձեռագրեր, իրեր և այլն: Կառույցն ամբողջովին ենթակա է հիմնանորոգման, շրջակայքի բարեկարգման: Չկան թանգարանի պահանջներին համապատասխանող շենքային հարմարություններ, անհրաժեշտ կահույք, օժանդակ միջոցներ, որոնցով հնարավոր լիներ ցուցասրահների գործարկումը:
Թանգարանում գրողին պատկանող իրեր գրեթե չկան: Պահպանվում են միայն մի քանի լուսանկարներ, արձակագրի գրասեղանը, խաչված Քրիստոս պատկերող արձանիկի մի բեկոր: Գրապահարանում տեղ են գտել մի քանի գրքեր, որոնք պատկանում են թանգարանի աշխատակից Արմանուշ Բակունցին:
Թանգարանի ստեղծումը չափազանց բարդ, դժվարին, տքնաջան աշխատանք պահանջող գործ է, սակայն պատվաբեր, քանզի թանգարանային նյութերը պատմական անցյալի խոսուն վկաներ են, հավերժ մնայուն մշակութային արժեքներ, որոնք անհրաժեշտ է սրբորեն փոխանցել ապագա սերունդներին:
Երկու տարի առաջ թանգարանի հարցը քննարկվել է ՀՀ Մշակույթի նախարարությունում: ՀՀ Սոցներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող ֆինանսավորման ծրագրով թանգարանում 2013 թվականից պետք է սկսվեին վերանորոգման աշխատանքներ, սակայն… գործը դեռ ընթացք չի ստացել, իսկ առջևում … գրողի 100-ամյակն է: Հուսանք, որ կարճ ժամանակամիջոցում ՀՀ Մշակույթի նախարարությունը, ինչպես նաև տեղական ու մարզային իշխանությունները քայլեր կձեռնարկեն՝ ավարտին հասցնելու հրատապ լուծում պահանջող խնդիրը, և թանգարանը, ի վերջո, կունենա կենսագոյության նոր ու արժանավայել կարգավիճակ: Հավատանք, որ որդու տանը պահվող գրողի անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները, ի վերջո, կհանձնվեն թանգարանին, սակայն մինչ երանելին իրականություն դառնա, անհրաժեշ է գործել, նվիրյալների ջանքերով համալրել թանգարանը խանզադյանական մասունքներով…
<<Միրհավ>> գրական ակումբը մարզի բնակչությանը, գրողի հարազատներին խնդրում, առաջարկում, կոչ է անում ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ թանգարանային արժեք ներկայացնող նյութեր՝ հին իրեր, առարկաներ, և ամենակարևորը՝ շատ-շատերի գրադարակներում սրբորեն պահպանվող գրողի մասունքները՝ լուսանկարներ, գրքեր, ձեռագրեր, ընծայագրեր, ձայներիզներ և այլն: Հանգամանքների բերումով Խանզադյանի տանը ապրել են տարբեր մարդիկ, որոնք հավանաբար կունենան Խանզադյաններին պատկանող ինչ-ինչ իրեր, կամ էլ տեղեկություններ կունենան, թե ո՞ր հասցեներում կարող ենք դրանք գտնել:
Նվիրատվության ծրագրի կյանքի կոչմամբ կորստից կփրկվեն ու հավերժ կպահպանվեն գրողի անվանն ու գործին առնչվող թանկարժեք մասունքները...
Նվիրատվության մեկնարկը կտրվի սույն թվականի դեկտեմբերի 3-ին՝ գրողի ծննդյան 99-րդ տարեդարձի օրը, տուն-թանգարանում կազմակերպվելիք գրական հանդիպման ժամանակ, և կշարունակվի ամբողջ 2015- ընթացքում, որը կհայտարարվի խանզադյանական:
Комментариев нет:
Отправить комментарий