Ասում են՝ 1889 թվականի հունիսի 13-ին հայոց արձակի աստվածը հանգրվանել էր գորիսեցի Ստեփան Բակունցի հարկի տակ և դրանով է բացատրվում Ակսել Բակունցի լինելիության առեղծվածը: Անկասկած, բանաստեղծության անորսալի կապույտ թռչուններից մեկն էլ 1955 թվականի հունիսի 14-ին անաղմուկ բույն էր հյուսել վերիշենցի Սեդրակ Բակունցի հյուրընկալ օջախում և նախապատրաստել Սպարտակ Բակունցի գրական տեսլաժամը…
Երկրային կյանքի ընթացքում Սպարտակ Բակունցն իր սրտում անթեղել էր բանաստեղծության կրակը և ոչ ոք չիմացավ, որ անքուն գիշերներին նա մտորում ու զրուցում է Աստծու հետ, իսկ այդ զրույցները ձև ու իմաստ են ստանում, դառնում բանաստեղծություն: Մտերիմները, հայրենակիցները շատ ուշ իմացան, որ Սպարտակը բանաստեղծ է: Նա բանաստեղծ էր ծնվել, բայց գրական հայտնությունը եղավ 37 տարի անց՝ դավադիր թշնամու հեռահար հրանոթի ուղարկած մահից հետո, որը, ցավոք, նրան գտավ հայրենի Վերիշենում` 1992 թվականի օգոստոսի 8-ին: Հրետանային այդ գրոհը Գորիսից հինգ զոհ տարավ: Մեկը Սպարտակ Բակունցն էր… Այդ մահով ծնվեց բանաստեղծը, նրա քնարը հնչեց հեղինակի լռելուց հետո…
Ս.Բակունցի <<Հայացքների պայքար>> ժողովածուն լույս է տեսել բանաստեղծի ողբերգական մահից մեկ տարի անց՝ 1993 թվականին՝ հայ անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի խմբագրությամբ, Համո Սահյանի սրտաբուխ առաջաբանով և Նիկոլայ Մանուկյանի անզուգական նկարազարդումներով: Ձեռագրերը տպագրության է նախապատրաստել հեղինակի եղբայրը՝ Արմիկ Բակունցը:
Ներկայացնում ենք բանաստեղծություններ <<Հայացքների պայքար>> ժողովածուից: