14.06.2016

ԱՅՍՕՐ ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Ասում են՝ 1889 թվականի հունիսի 13-ին հայոց արձակի աստվածը հանգրվանել էր գորիսեցի Ստեփան Բակունցի հարկի տակ և դրանով է բացատրվում Ակսել Բակունցի լինելիության առեղծվածը: Անկասկած, բանաստեղծության անորսալի կապույտ թռչուններից մեկն էլ 1955 թվականի հունիսի 14-ին անաղմուկ բույն էր հյուսել վերիշենցի Սեդրակ Բակունցի հյուրընկալ օջախում և նախապատրաստել Սպարտակ Բակունցի գրական տեսլաժամը…
Երկրային կյանքի ընթացքում Սպարտակ Բակունցն իր սրտում անթեղել էր բանաստեղծության կրակը և ոչ ոք չիմացավ, որ անքուն գիշերներին նա մտորում ու զրուցում է Աստծու հետ, իսկ այդ զրույցները ձև ու իմաստ են ստանում, դառնում բանաստեղծություն: Մտերիմները, հայրենակիցները շատ ուշ իմացան, որ Սպարտակը բանաստեղծ է: Նա բանաստեղծ էր ծնվել, բայց գրական հայտնությունը եղավ 37 տարի անց՝ դավադիր թշնամու հեռահար հրանոթի ուղարկած մահից հետո, որը, ցավոք, նրան գտավ հայրենի Վերիշենում` 1992 թվականի օգոստոսի 8-ին: Հրետանային այդ գրոհը Գորիսից հինգ զոհ տարավ: Մեկը Սպարտակ Բակունցն էր… Այդ մահով ծնվեց բանաստեղծը, նրա քնարը հնչեց հեղինակի լռելուց հետո…
Ս.Բակունցի <<Հայացքների պայքար>> ժողովածուն լույս է տեսել բանաստեղծի ողբերգական մահից մեկ տարի անց՝ 1993 թվականին՝ հայ անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի խմբագրությամբ, Համո Սահյանի սրտաբուխ առաջաբանով և Նիկոլայ Մանուկյանի անզուգական նկարազարդումներով: Ձեռագրերը տպագրության է նախապատրաստել հեղինակի եղբայրը՝ Արմիկ Բակունցը: 
Ներկայացնում ենք բանաստեղծություններ <<Հայացքների պայքար>> ժողովածուից:

***
Ծնվել եմ ցավով...
Դարձել սփոփանք
Ու մխիթարվել:
Ապրել եմ` կյանքս դարձրած մաքառում
Ու համբերություն:
Ցավո՞վ կմեռնեմ, թե՞ երանությամբ`
Հաստատ չգիտեմ...
Ավաղ, մահն էլ է անհեթեթություն,
Ցավով ապրելն էլ:

***
- Այդ դո՞ւ ես, Արև',
Քեզ բարև~, բարև~:
Դուրս արի', քույր իմ,~
Լույս տուր աշխարհին:

Իմ լույսը քիչ է...
Ես... Լավ է` հանգչեմ:
Արի, որ մարդիկ
Մի քիչ լույս շնչեն:

Իսկ երբ սպառվեն
Նրանց ուժերը,
Երբ վրա հասնի
Խավար գիշերը,
Ես կգամ, կգամ,
Ես կգամ նորից,
Կգամ, որ հսկեմ
Քունը աշխարհի:

- Մի' ասա, Լուսի'ն,
Մարդիկ կան, որոնք
Կարոտ են լույսիդ:

***

Չէ՛...
Չպիտի՛...
Չի՛ լինելու
Մարող հավատ, մեռնող քանքար...
Չէ՛...
Չպիտի՛...
Չի՛ լինելու
Բորբ արև՛ը կիսալուսին...
Չի՛ լինելու...
Չի խառնվելու
Այս աշխարհում մութը լույսին...
Չէ՛...
Չպիտի՛...
Չի՛ մթնելու երկինքը լուրթ...
Չէ՛...
Չպիտի՛...
Չի՛ մեռնելու
Մեռնել չուզող մի ժողովուրդ:

Եթե անգամ
Էլ աշխարհում
Ոչ խաչ լինի ու ոչ` խաչքար,
Եթե անգամ
Լեռներն ամեն
Հառնեն, որպէս խաչ ու խաչքար,
Եթե անգամ
Լինելու են
Նոր ջրհեղեղ ու նոր տապան,
Եթե անգամ
Լինելու է
Նորից Ադամ...
Ադամորդի...
Միևնույնն է.
Արարատը
Չի՛ դառնալու տապանաքար
Արարատյան ժողովրդին...


***
Ո՞վ է շունչը ժամանակի.
Այս հարցն այնքան տիրական է,
Որ, առօրյա իմ խոհերը
Մի կողմ թողած,
Հանդնգնում եմ փնտրել սրա պատասխանը:
Սակայն, ավա՜ղ,
Այս կյանքն այնքան վատ գիտեմ ես,
Որ չգիտեմ, կգտնե՞մ, թե՞
Մտքերի մեջ խորասուզված,
Չեմ նկատի հարմար պահը...
շունչ դառնալու:

Ո՞րն է շունչը ժամանակի.
Փոթորի՞կը, որի անգամ թեթև շնչից
Օվկիանոսը կփրփրի,
Թե՞ փրփուրը,
Որ թվում է, թե հեծել է խոլ ալիքին,
Բայց... փրփուր է,
Ինչպես կյանքում ամեն փրփուր
Մի քիչ օդ է ու մի քիչ ջուր:

Նա՞ է շունչը ժամանակի,
Ով, ընկնելով մարտի դաշտում,
Պատմությունն է կերտում ազգի`
Պատմության մեջ հիշվելով լոկ որպես զինվոր,
Թե՞ նա, որ իր տաքուկ բնում`
Ազգի շահը դրոշ արած,
Կործանման է տանում ազգին`
Հանուն շահի
.........................................................
Ո՞վ է շունչը ժամանակի,
Այս հարցն այնքան տիրական էր,
Որ, առօրյա իմ խոհերը մի կողմ թողած,
Փորձ արեցի գտնել դրա պատասխանը....
Սակայն, ավա՜ղ,
Իմ բնույթին հավատարիմ`
Մտքերիս մեջ մոլորվեցի
Ու կորցրի հարմար պահը շունչ դառնալու:


***
Հայ լինելն այսօր
Որքան պատիվ է, նույնքան էլ` պատիժ.
Պատիվ է, քանզի
Այնքան որոշ է
Առաքինության դրոշմը
Նրա միշտ բաց ճակատին,
Առավել ևս,
Երբ շուրջն ամեն ինչ
Ծածկված է ստի թանձր շղարշով:
Պատիժ` քանի որ
Դեռ ոչ մի օրենք
Հաշվի չի նստել
Ճշմարտության հետ:

Ստացվում է այսպէս`
Սպանելը մեղք չէ,
Սպանվելն է հանցանք,
Ստելը մեղք չէ,
Բացահայտելն ու հայտնելն է հանցանք:


***
Իմ ուզածն ի՞նչ է.
Պարզապես, որ մեզ անմիտ չկոչեն,
Պարզապես, որ մենք անհետ չկորչենք…

Ամենքի շուրթին մի խոսք է այսօր,
Թե մենք անհաշտ ենք
Ու անմիաբան…
Եվ ինչի՞ համար.
Որ մենք ամենքս ու ամեն հարցում
Ունենք մեզ հատուկ սեփական կարծիք…
Երբ գլուխներդ կդնեք բարձին`
Մի պահ մտածեք,
Արդյո՞ք, ինքներս թշնամին չենք մեր`
Թե՛ մեր կարծիքին կառչելու համար,
Թե՛ այն համոզման,
Իբրև ուրիշն է ի վերուստ սխալ,
Մեր թերությունը
(Իսկ եթե իրավ միաբան չենք մենք)
Ի լուր աշխարհի հայտարարելու…
Արժե այս կետով մենք մեզ ուրանանք,
Որ պատմությանն էլ ուրացող չտանք…
Որ ինքներս մեզ արքա չթվանք
Եվ որ այսուհետ էլ աչք չտնկենք
Թեև ցանկալի,
Բայց… միակ թախտին:
Եկեք ազգովի նվիրվենք ազգին`
Ապավինելով ոչ մեր կարծիքին,
Այլ ամուր բազկին
Եվ գնանք միակ մի ճանապարհով,
Թող` տարակարծիք,
Սակայն` միասին,
Ոչ թե միաձայն,
Այլ լոկ` միաբան…
Այն համոզմունքով,
Որ լավ է զոհել կարծիքները բյուր,
Քան ազգը` բյուրեղ,
Որ լավ է լինել ազգով միաձույլ,
Քան ազգով` ձուլվել,
Եվ դրանով մենք դառնալու ենք ավելի զորեղ…
Ու թող, որ արքան ուրիշը լինի`
Շահողը մենք ենք:
Ինձ ճիշտ հասկացեք.
Ես ինքս էլ դեմ չեմ և արքա լինել,
Բայց արի ու տես`
Նախանձում եմ և զինվորի փառքին:
Իսկ մենք լծված ենք միևնույն կառքին.
Էլ չմտածենք,
Թե կառապանը ով է լինելու,
Այլ` թող ամեն ոք ինքն իրեն հանի…
Ես համոզված եմ,
Որ ճիշտ ընտրություն անելու համար
Մեզ խանգարում է սեփական “Ես”-ը`
Մեր ընդդիմախոս. փառասեր կեսը…
Չլսե՛ք նրան…
Որ դարեր հետո,
Երբ ուրիշ ազգեր լինեն-չլինեն`
Մեր մայրերն էլ երկնեն հայերեն,
Մեր մտքերն էլի մեկնեն հայերեն,
Մեր լեռներն էլի հայերեն հառնեն,
Որ մեր մեռնելն էլ հայերեն լինի:

Պարզապես, որ մենք անհետ չկորչենք,
Պարզապես, որ մեզ անմիտ չկոչեն:


***
Ո՞ւմ են մնացել ծովերդ խորունկ՝
Անգութ քույրերը անջուր Սեւանի,
Ծով ալիքներիդ խոյանքին փրփուր,
Խաղաղ ծովերիդ հազար երանի։

Ո՞ւմ են մնացել արևներդ բորբ,
Արշալույսներդ՝ հագած ծիրանի,
Երեկոներիդ մեղմությունն արդար,
Ջերմ արևներիդ հազար երանի։

Քո զավակները արևից անդին
Ուրիշ արև են որոնում հիմի։
Կարոտ են նրանք արևիդ լույսին,
Լույս արևներիդ հազար երանի։


***
Թոթովում ես դու դեռ, բայց խոհուն ես այնքա~ն,
Ասես` ապրել ես դու ամբողջ մի կյանք,
Ասես` մղել ես դու հայացքների պայքար,
Մերժել ամեն-ամեն օտար հոսանք:
Եղի'ր դու միշտ ազնիվ ու ճշմարիտ, որդի'ս,
Ճամփադ անցիր թեթեւ, նայիր առաջ,
Ու տապալի'ր ճամփիդ, եթե ելնեն երթի
Բամբասանք ու քծնանք: Եղի'ր միշտ քաջ:
Քո ճշմարիդ կյանքով եղի'ր դու միշտ հպարտ,
Կյանքին նայիր հույսով, նայիր շիտակ,
Թող պապանձվե'ն քո դեմ, քո հայացքից անթարթ,
Չարի ամեն-ամեն գետ ու վտակ:

 ***
Բազմեի բազեի թևերին,
Տրվեի սլացքին թռիչքի,
Իջնեի բարձունքից բևեռի`
Օրորվեր երկիրն իմ վայրէջքից:

Ուշքի գար սիրածս օրորից,
Լույս դառնար իմաստը տարերքի,
Եվ անձայն թախիծը օրերի
Վերածվեր գգվանքի մի երգի:

Նայեր ինձ` ծով կարոտն աչքերին,
Նուրբ շրշար շապիկը խատուտիկ,
Այլայլված օրորով տանջեր ինձ
Սիրո սուրբ դայլայլը արտույտիս:


Комментариев нет:

Отправить комментарий