Показаны сообщения с ярлыком Գուսան Աշոտ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գուսան Աշոտ. Показать все сообщения

22.06.2017

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Միշտ Սյունյաց մեծերի կողքին

«Հոբելյանական տոներին ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի,
գալիս է հարգելու, պսակելու ինքը իրեն, իր շնորհքը, իր մտավոր-հոգեկան ուժերը»:
Հ.Թումանյան

Հրապարակի վրա է «Սյունյաց երկիր» թերթի հերթական հատուկ համարը՝ նվիրված հայ աշուղական երգարվեստի երախտառատ դեմքերից մեկի՝ երգահան, բանաստեղծ Գուսան Աշոտի ծննդյան 110-ամյակին: 
«Սյունյաց երկրի» մի նոր, բերկրառիթ խիզախությունը պետք է համարել այս մեծադիր հրատարակությունը: Մտահղացումն իրականացնելու հնարավորությունները շատ չէին, առավել ևս, որ Գուսանի արխիվը «հասանելի» չէր, սակայն խմբագրակազմը հաղթահարել է դժվարությունները՝ ընթերցողին մատուցելով հաջողված հոբելյանական համար՝ այդ ասպարեզում տարիների կուտակած հարուստ փորձի, մասնագիտական պատրաստվածության, հոգևոր արժեքների նկատմամբ նվիրական վերաբերմունքի շնորհիվ:
Հայ մշակույթին «Սյունյաց երկիր» թերթի մատուցած ծառայությունները միանգամայն անուրանալի են ու երախտապարտության արժանի: Մեր մեծերին նվիրված հատուկ համարները, որոնք տարիների ընթացքում հրատարակել է թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, իրավամբ լրացրել են սյունյաց հոգևոր արժեքների ուսումնասիրման ու լուսաբանման ասպարեզում եղած բացը: Հաճախ մեզանում գրական հոբելյաններն աններելիորեն անցնում են անտես ու անվերաբերմունք, ինչպես, օրինակ, Սերո Խանզադյանի ու Սուրեն Այվազյանի դարադարձերը 2015-ին, և միայն ի պատիվ «Սյունյաց երկրի»՝ պետք է առանձնաշեշտել այն մշակութանվեր առաքելությունը, որ հանձն է առել խմբագրակազմը՝ թերթի հատուկ հրատարակություններով գնահատելու մեծերին: Դրա համար նախ պետք է անհրաժեշտ չափով ի վիճակի լինես հասկանալու ժողովրդի հոգեկան գանձերը, դրանց սերնդակերտիչ ու սերնդապահպան դերը, ինչը «Սյունյաց երկրի» պարագայում կայուն աշխատանքային սկզբունք է ու աշխարհայացքային հանգանակ:

18.06.2017

ՔԱՋԻԿ ԴՈՐՈՒՆՑ / Վերհուշ

Ձեզ ենք ներկայացնում Քաջիկ Դորունցի բանաստեղծական հրաշակերտը՝ նվիրված Գուսան Աշոտի հիշատակին 








ՎԵՐՀՈՒՇ

Երազ դարձար, Գուսան Աշոտ,
Երազում էլ քեզ չեմ տեսնում...
Բայց արթմնի, այս առավոտ
Երգը շուրթիդ՝ եկար ինձ մոտ,
Ասիր՝ «Տաղն այս չեմ ասելու,
Չեմ երգելու և ոչ մեկիդ,
Լուսնի շողը բռնեք եկեք,
Թե կարոտեք իմ նոր երգին»:
Գուսան, իրավ, հասկանում եմ.
Նեղսրտել ես ու նեղացել,
Բայց երկրային հրաժեշտիդ
Մրմուռը մեր չենք ուրացել,
Օրերը մառ ու միգապատ,
Օրերը հիմա գեշ են այնքան,
Ընկել ենք գորշ մի անապատ,
Ուր մեռնում են հուշերն անգամ:

25.04.2017

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ / Սրտահույզ երգերի վարպետը

Իսկական երգն այն է, որ գարունն ավետող առաջին քնքուշ հովի պես աննկատելի շրջում է ամեն տեղ, մտնում ամեն օջախ, հուզում սարերի հովվի սիրտը, ընկերակցում լեռների ընդերքը պեղող հանքագործին, դառնում սիրահար պատանու, ուղեկիցը և երկար ու երկար ժամանակ չի ընկնում մարդու շուրթերից, նրա հետ է լինում բուռն ուրախության ու վշտի պահին, նրա տանը, հանդում, դազգահի մոտ, ամեն տեղ...
Լավ երգն ապրում է դարեր, փոխանցվում է սերնդից սերունդ ու երբեք չի մեռնում, չի կորչում։ Մարդիկ չեն ձանձրանում նրանից, ինչպես չեն ձանձրանում առավոտյան զեփյուռի փսփսոցից կամ ծարավ հագեցնող աղբյուրի քչքչոցից: Լավ երգը մարդուն ուղեկցում է նրա օրորոցից մինչև ծերության օրը, մինչև նրա արդար հանգչելու պահը...
Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը իր հոգու մաքրության, հյուրի առաջ իր սեղան-սուփրան բաց անելու ավանդական սովորության հետ միասին, պահպանել է իր հոգու, բազմաձև գանձերը, դրանց հետ նաև իր երգը՝ երբեմն խրոխտ ու մարտական, երբեմն քնքուշ ու թախծոտ, բայց ոչ երբեք նվացող ու հուսակտուր։ Պատահական չէ, որ ամեն մի նոր լավ երգ հացի պես քաղցր ու հանապազօրյա է դառնում մեզ համար, ապրում է մեր կյանքում ու կենցաղում, որպես նրա մի անբաժանելի մասը։
Նոր չէ, որ մեր ժողովուրդը ամենուրեք երգում է մեր նոր ժամանակների գուսանական երգի տաղանդավոր վարպետներից մեկի՝ գուսան Աշոտի ստեղծած սրտահույզ երգերից շատերը։ Երգում է, երբեմն մոռանալով, որ այդ երգի ստեղծողն իր անբաժան քյամանչայով ապրում է իր հետ, իր ժամանակակիցն է:

25.04.2014

ԱՅՍՕՐ ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Ասում ենª մշակույթը ստեղծվում է, երբ ժողովրդի ոգին §ամուսնանում է¦ տվյալ երկրի, հողի հետ: Հիրավի, արարչագործ է Սյունյաց ոգին: Գուսան Աշոտի երևույթը ևս այդ իրողության փայլուն վկայությունն է: Նրա արվեստը ստեղծվել, դարբնվել է ըստ Սյունյաց հողի անարատ ոգու… Այստեղ է Գուսան Աշոտի մեծությունը, նրա արվեստի բանալին: 
Աշոտի անունը սիրելի ու թանկ է ոչ միայն իր ծննդավայրումª հնամենի Գորիսում: Նրա ստեղծագործությունը հայ գուսանական արվեստի բարձրագույն թռիչքն է: Գուսանը որպես երևույթ մեր ազգային մշակույթի, բնաշխարհիկ ոգու ամենաբնորոշ ու հնչեղ դրսևորումներից է: Նա ստեղծեց  իր խորապես անկրկնելի երգաշխարհըª կենսական ճշմարտության հավերժախոս խորհրդով, այն էª կյանքի մասին երգել կյանքի՛ ձայնով: Ժողովրդական երգը նա ընդունել է ամբողջ էությամբ, կարծես միացել, խառնվել է հետը: Գուսանը կարողացել է հողի ոգին գիտակցել և աննման, սրտաբուխ իր երգի միջոցով այդ գիտակցությունը բարձրացնել համաշխարհային արժեքների մակարդակի: