Նա եկել էր Նաիրի երկրի մշուշներից: Եկել էր մեր վաղնջական գոյության հեթանոս հեռաստաններից: Այրարատ երկրի քամին շաղափում էր նրա արևահար դեմքը, թրթռացնում արքայամեծի նրա թիկնոցը, և օրը լեցուն էր նավասարդյան առավոտվա արբեցնող բույրերով: Նա եկել էր հայոց անցյալի մութ ու օրհասված կեռմաններում չծնված մեր բոլոր հանճարների փոխարեն: Եկել էր, որ հավասարակշռեր մեր ցավն ու հրճվանքը, զգաստությունն ու գութը, հույզն ու բանականությունը: Այդպես իր վաստակով խոնջացած ձկնորսն է վերադառնում բաց ծովից: Այդպես կեսարն է տիրական ու վստահաքայլ տուն դառնում հերթական, հաղթանակով պսակված արշավանքից. <<Ես գալիս եմ, ահա ‐ նայեցեք,նայեցեք: // Ես գալիս եմ ահա‐ դարերից ‐ Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ: // Ու երգերը ցնդած օրերի>>: Ծնվել էր, որ արնամած, քարակոփ տողերով ոգեր <<Ես իմ անուշ Հայաստանին>> և վեր կանչող, կապույտ լույս դառնար Արարատ լեռան կատարին: Ծնվել էր, որ այդ մարմրող <<Անուշ Հայաստանին>> մի նոր լույս ու ջերմություն հաղորդեր և իր Ցեղը փրկեր հեղձամահ լինելուց: Ծնվել էր <<շոգ շնչի տակ Օրմուզդի թևի>>, և նրա կրակոտ սիրտը մեկ վայրկյան իսկ չպիտի բաբախեր առանց կապույտում ճախրելու հաճույքի: Ծնվել էր կարսեցի Աբգար աղայի օջախում, ամենասովորական հայի կերպարանքով և Արարչի տված հատուկ բոլորանվեր քանքարով: Ծնվել էր մանուկ աստղի պես ճառագելու, ծեր ծաղկողի պես` ուսուցանելու: Ծնվել էր իբրև <<անհաղթ արու, որպես հրաշք` ելած հայ ցեղի արգանդից>>: Եկել էր պահանջելու վհատ ժամի մեր այրական տոկունությունը, խրախճանքի ժամի` մեր զգոնությունը: Չարենցն էր` հաստատաքայլ, անընդմիջելի ու անմեկնելի:
Показаны сообщения с ярлыком Էսսե. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Էսսե. Показать все сообщения
13.03.2016
14.02.2016
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ / «Հայ Մտածումի եւ Զգացումի բոլոր ճամբաների վրայ նրան առաջնորդեց Ցեղի Ոգին...»

ՑԵՂԻ ՈԳՈՒ ՇԱՐԺԸԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Ի՞նչ արժէ հանճարը, երբ նրան կը պակասէ մեծ սիրտը, երբ իր ողիմպիական մեծութեան մէջ նա անկարեկիր է, անխռով, պաղ: Անարժէք չէ՞ դա, երբ իր խօսքն իշխանութիւն չունի հոգիների վրայ եւ չի նպաստեր իր ժողովրդի հոգեւոր ինքնակառուցումին, երբ իր ցեղի ճակատագրի գերզգացողութիւնը չունի, եւ չի սնուցաներ իր ցեղի յաւիտենականութեան ձգտումը:
Միեւնոյն չէ՞, կայ թէ չկայ նմանը, երբ իր շրթունքներին ցեղի խօսքը չէ, եւ չգիտէ վերադաստիարակել, արիացնել ու վարել զանգուածները. երբ անզօր է ինձ, ձեզ եւ հազարներին զինուորագրել տալ մի մեծ ու արդար դատի եւ կարիքի դէպքում, իր ժողովրդի ծոցէն շանթանման հերոսներ քամել:
Արդարեւ, ի՞նչ արժէ հայ հանճարը, եթէ նա հոգետոհմութիւն չունի իր ցեղի անցեալ առաջնորդների հետ, երբ չունի եօթնիցս երջանկալի գիտակցութիւնը, թէ ինքը եղբայրն ու ցեղակիցն է Մեծն Տիգրանի եւ Աւարայրի անմահ Սպարապետի:
Ի՞նչ շահ նմանէն, թէկուզ նա մեծ արուեստագէտ լինի եւ արդար հպարտանքով կարողանայ ասել իր մասին. Արուեստը` դա ես եմ:
Արդեօք օրհնաբե՞ր է դա, չգիտեմ. քաջ գիտեմ, սակայն, որ նմանը պիտի չդառնար Ահարոնեան` հոգեւոր առաջնորդը, տրիբունը եւ մարգարէն իր ժողովրդի:
Ամէն անգամ, ե՛րբ մտածումս կը դառնայ հայ մեծագոյն գրագէտի շուրջը, կը մղուեմ մտապատկերել մեծահանճար Միքէլ Անջէլօն, որը կուրանալուց իսկ յետոյ, կը շարունակէր ստեղծագործ քաղցրութեամբ շօշափել իր մարմարիոնէ կոճղը:
Ահարոնեանն էլ իր մարմարիոնն ունեցաւ - մեր ցեղի ճակատագիրը:
Բաժիններ:
Ավետիս Ահարոնյան,
Գարեգին Նժդեհ,
Էսսե
23.01.2016
ՀՐԱՅՐ ՏԱՂԼԵԱՆ / Սերունդներուն միջեւ խարխաբելով
Չեմ կարծեր որ երբեք պատմութեան ընթացքին եղած է նման դար մը, ուր միատեղ գոյութիւն ունեցած են չորս տարբեր սերունդներու մտածողութիւն, որոնք տակաւին չեն կրցած իրար միջեւ հասարակաց գիծ մը գտնել ու համակերպիլ միմեանց, մինչ անդին ժամանակը կը շարունակէ իր վազքը, առանց կարեւորութիւն տալու այդ տարբերութիւններուն:
Անոնցմէ առաջին այն սերունդն է, որ երթալով կը նուազի երկրի երեսեն: Անոնք այն անձերն են՝ որոնք ծնած են ժամանակաշրջանի մը մէջ, ուր ոչ հեռատեսիլը կար, ոչ համակարգիչը եւ ոչ ալ արդիական միջոցներ եւ այդպիսիներուն համար տակաւին անյստակ կը մնայ թէ ինչպէ՞ս պարզ թելի մը մէջէն գրութիւններ, նկարներ ու ձայներ կրնան երկրէ երկիր ղրկուիլ եւ փոխադարձաբար խօսիլ այդ սարքին միջոցաւ:
Երկրորդ սերունդը անոնք են, որոնք իրենց 40-60 տարեկաններուն մէջ սկսան սորվիլ ու իւրացնել կամաց-կամաց արդիական սարքերը, ինչպէս համակարգիչ, հեռատեսիլ եւ այլն: Այդպիսիները առաջիններուն աւելի արդիականացած մէկ տարբերակն են, այն իմաստով որ հակառակ իրենք եւս անտեղեակ ըլլալնուն թէ թելի մէջէն այնքան բան ինչպէ՞ս կրնար փոխանցուիլ, սակայն կը փորձեն համոզուած ձեւացնել եւ կամ առանց իսկ միջոցները մտածելու օգտուիլ անոր բարիքներէն, հարց չէ թէ թելի կամ այլ բանի մը միջոցաւ կատարուած է փոխանցումը:
Բաժիններ:
Էսսե,
Հրայր Տաղլեան,
Սփյուռքի ձայն
03.08.2015
ՄԱՐԻՈ ԲԵՆԵԴԵՏՏԻ / Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են, որոնց հարկ չկա մղել ինչ-որ բանի, որոնց պետք չէ ասել, որ ինչ-որ բան անեն, որովհետև գիտեն, թե ինչ է պետք անել և հենց այդպես էլ անում են:
Մարդիկ, որոնք «մշակում են» են իրենց երազանքները, այնքան, մինչև որ այդ երազանքները տիրանում են իրենց իսկ իրականությանը: Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են իրենց քայլերով իրենց վրա վերցնել հանգամանքները, մարդիկ, որոնք վտանգում են իրականն ու անիրականը երազի հետևից գնալու համար, որոնք իրենց թույլ են տալիս փախչել խելամիտ խորհուրդներից՝ լուծումները թողնելով Աստծո ձեռքերում:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդար են իրենց շրջապատող մարդկանց ու իրենք իրենց հետ, մարդիկ, որոնք շնորհակալություն են հայտնում նոր օրվան, իրենց կյանքում գոյություն ունեցող լավին, որոնք ամեն ժամն ապրում են լավ տրամադրությամբ՝ տալով իրենցից ամենալավը, որոնք շնորհակալ են ողջ լինելու համար, որ կարող են ժպիտներ նվիրել, ձեռք մեկնել և բարեհոգաբար օգնել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:
10.05.2015
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ / Մի հայ հերոս
Կոստան Զարյանը, որ 1914 թվականին սկիզբ առած արյունալի պատերազմի առաջին իրադարձությունների օրերից, նկատի առնելով աշխարհում կատարվող քաղաքական փոփոխությունները, փայփայում էր Հայաստանի ազատության եւ անկախության միտքը, որ 1917-20 թվականներին եղել էր իտալական մի քանի թերթերի հատուկ թղթակիցը, հասել էր Կովկաս, մանրամասնորեն տեղյակ էր Կովկասում կատարվող իրադարձություններին, տասնյակ հոդվածներով լուսաբանել էր դրանք իտալական մամուլի էջերում, իհարկե, շատ լավ գիտեր, թե ինչ է հայ ազգային-ազատագրական շարժումը եւ, մանավանդ, թե ով է գեներալ Անդրանիկը:
Անդրանիկը ավելին էր, քան կարող է լինել մեծ անհատը. նա ոգի էր ու ազգային ոգու, մի ողջ ժողովրդի ազգային քաղաքական իղձերի մարմնացում: Անդրանիկի մահով փակվում էր հայ ազատագրական շարժման ամենալուսավոր ու ողբերգական էջերից մեկը, բայց հայոց պատմության մեծ հարցը շարունակում էր մնալ անպատասխան եւ անլուծելի:
Բաժիններ:
Անդրանիկ,
Էսսե,
Կոստան Զարյան
21.02.2015
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ / ԼԵԶՈՒՆ ԵՎ ԱՐՅՈՒՆԸ
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է
1
Այն, ինչ որ մենք անվանում ենք լեզու՝ միայն բառերով արտահայտվելու միջոց չէ, այլ արտահայտությունն է առհասարակ: Ձեռքերի և մարմնի, երեսի և աչքերի շարժումները, և հաճախ լռությունը և անշարժությությունն իսկ լեզու են:
Լեզուն մեր մարմնական և հոգեկան էության հետ անբաժան կապված՝ իմաստների, ձայների և խորհրդանշանների վերածված մի տիեզերք է: Նա անդադար գոյացող, մեռնող և վերածնվող տարերային ուժ է: Լիճի նման, նրան կերակրում են ստորերկրյա հոսանքները, և արևի կիզիչ ճառագայթները նրան ենթարկում են շոգիացման և այլափոխության: Ինչպես քիմիական բաղադրությունները և կենսանյութերը հողերի տակ՝ նա նախատեսնված է մեր մեջ, գրված և արտասանված: Լեզուն ներկա է մեր մարմնի ամեն մի մասում, մեր մկանունքների մեջ, մեր ուղեղի ծալքերում, մեր զգայարանքների թրթռուն լարերի վրա, մեր բջիջների աճող և բազմապատկվող կերպընկալությունների խորքում:
Եվ մանավանդ լեզուն արյուն է:
Իսկ երբ ասում ենք արյուն՝ ասում ենք հող, երկիր:
Բաժիններ:
Էսսե,
Կոստան Զարյան,
մայրենի լեզվի օր,
նավատոմար
13.03.2014
ՍՈՆԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ /«Ես անսացի միայն իմ հանճարի ձայնին...»
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ազգային արժեհամակարգը, որի գիտակցումը բերում է ազգի հարատևության: Մեր ժողովուրդի ազգային արժեքների շարքում աներկրորդելի
բացառիկությամբ առանձնանում է
Եղիշե Չարենցը: Նա իր մեջ ամփոփում է կյանքի հավերժության ու «լույսի ճանապարհի» ամբողջ գաղտնիքը: Ի՜նչ կատարյալ է անքննելին: Մի պահ, մի ակնթարթ, ու հանճարը՝ որպես գոյ, արդեն ճշմարտություն է: Ս.Ցվայգը սահմանում է. «Միլիոնավոր մարդկանցից, որ ժողովուրդ են կազմում, ծնվում է միայն մի հանճար, ապարդյուն անցնող միլիոնավոր ժամերից միայն մեկն է դառնում իրոք պատմական: Եվ դա մարդկության աստեղային ժամն է»: Հայ ժողովրդի համար այդ աստեղային ժամերից մեկը 1897 թվականի մարտի 13-ն էր:
Բաժիններ:
Եղիշե Չարենց,
Էսսե
02.03.2014
ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Միլենա Սարկիսյան
Յուրաքանչյուր ընթերցասեր իր ձեռքի տակ ունենում է այնպիսի մի աշխատություն, որում ներկայացված
փիլիսոփայությունը հարազատ է իրեն ու իր մտածողությանը … Իմ սեղանի գիրքն է Ստեֆան Ցվայգի «Մարդկության աստեղային ժամերը»:
Սա այն եզակի ստեղծագործություններից է, որ դժվարանում եմ դասել գրական որևէ ժանրի շրջանակներում: Այն հաճելի
է և´ պատմական, և´ արկածային գրականության
սիրահարներին, որովհետև ավելին է, քան մարդկության
աստեղային ժամերի ծաղկաքաղ:
Բաժիններ:
Էսսե,
էսսեների մրցույթ,
Իմ սեղանի գիրքը
28.02.2014
ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Սիրանուշ Սարգիսջանյան
Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի մասնակից, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի
Գիրք... մի խորիմաստ բառ, որ իրենից ներկայացնում է գիտելիքի շտեմարան և մտքի զարգացման մի հարատև աղբյուր: Գիրքը այն միակ ու անփոխարինելի գանձն է, որի շնորհիվ կրթվել ու դաստիարակվել են շատ ու շատ սերունդներ, և մինչ այժմ էլ գիրքը իր պատվավոր տեղն ունի բոլորի կյանքում: Գրքի շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդը ունի հանճարեղ ու իմաստուն գրողներ, պատմիչներ, հեքիաթագիրներ, արվեստագետներ:
Ինչպես ասում է ֆրանսիացի վիպասան Ալֆոնսո Դոդեն՝ <<Գրքերը լավագույն բարեկամներն են: Նրանց կարելի է դիմել կյանքի բոլոր դժվարին պահերին: Նրանք երբեք չեն դավաճանի>>: Իսկապես, կյանքի ամեն դժվարություն հաղթահարվում է գրքի շնորհիվ:
Բաժիններ:
Էսսե,
էսսեների մրցույթ,
Իմ սեղանի գիրքը
27.02.2014
ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Լիլիթ Տատինցյան
Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի մասնակից, Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի
Գրքե՜ր: Որքա՜ն բան են ինձ տվել գրքերը: Ամեն ինչ, բացի չարությունից ու նախանձությունից: Ամեն տարի իմ սեղանի գրքերը փոխվում են և՛ իմաստով, և՛ ձևով: Փոքր տարիքում իմ սեղանին տեղ էին գտել հեքիաթներ, այնուհետև հանելուկներ, բանաստեղծություններ, իսկ այժմ իմ գրքերը խոր իմաստ են պարունակում: Սիրում եմ գրքեր կարդալ: Այժմ իմ ուշադրությունն է գրավել Դեյլ Քարնեգիի <<Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա>> գիրքը: Ես այն համարում եմ իմ սեղանի գիրքը: Դեռ մի քանի գլուխ եմ կարդացել, բայց շատ բան եմ սովորել: Ճիշտն ասած այն ինձ Ձմեռ պապն է նվիրել:
Բաժիններ:
Էսսե,
էսսեների մրցույթ,
Իմ սեղանի գիրքը
24.02.2014
ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Մրցանակակիրներ
Ձեզ ենք ներկայացնում Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթում <<Ամենաինտելեկտուալ էսսե>> անվանակարգի մրցանակակիր, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի ՇՈՒՇԱՆՆԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ աշխատանքը
Մանկուց ի վեր լսելիքս շոյել են մայրիկիս պատմած հեքիաթները չարի և բարու, լավի, վսեմի, բազում հրաշապատում երևույթների մասին: Մինչև այսօր էլ ականջներումս է. <<Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՛ս, բակն ու դուռը լի...>> ոտանավորի անկեղծ զարմանքը: Մինչև այսօր էլ աչքիս առաջ այն խորամանկ աղվեսն է՝ կացինը ձեռքին՝ խեղճ կկվի ձագերի հետ հաշվեհարդար տեսնելիս: Իսկ <<Ժամանակով կատուն ճոն էր>> նախադասությունը, որ այնպես ոգևորությամբ արտասանում էի մեր տուն եկած հյուրերի համար և շարժում նրանց զարմանքն ու ծնողներիս՝ բավականությունից շողացող դեմքերի հպարտ, գոհունակ ժպիտները, շատ ավելի ուշ հասկանալի եղավ ինձ: Իսկ երբ մի քիչ էլ մեծացա և դպրոց գնացի, անչափ հուզվեցի Նեսոյի համար, որ այնքան ուզում էր սովորել, բայց ուսման համար փող չուներ:
Բաժիններ:
Էսսե,
էսսեների մրցույթ,
Իմ սեղանի գիրքը
03.02.2014
Подписаться на:
Сообщения (Atom)










