02.03.2014

ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Միլենա Սարկիսյան

Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի մասնակից, ԳՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի 

Յուրաքանչյուր ընթերցասեր իր ձեռքի տակ ունենում է այնպիսի մի աշխատություն, որում ներկայացված փիլիսոփայությունը հարազատ է իրեն ու իր մտածողությանը … Իմ սեղանի գիրքն է  Ստեֆան Ցվայգի «Մարդկության աստեղային ժամերը»: Սա այն եզակի ստեղծագործություններից է, որ դժվարանում եմ դասել գրական որևէ ժանրի շրջանակներում: Այն հաճելի է և´ պատմական,  և´ արկածային գրականության սիրահարներին, որովհետև  ավելին է, քան մարդկության աստեղային ժամերի ծաղկաքաղ: 
Գիրքը, որ ներառում է մի շարք պատմություններ, ներկայացնում է տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված գերխնդիրներ և մեծագույն հարգանքի արժանի մարդկային կամքի գերլարում: Այն վառ օրինակներով ապացուցում է, որ անիրագործելի խնդիրներ չեն լինում: Հեղինակը ենթագիտակցությունից գիտակցություն է բերում այն գաղափարը, որ համառության ու նվիրվածության շնորհիվ կարելի է հասնել անիրագործելի թվացող նպատակների:

Ցվայգը մեծ ազդեցություն ունեցավ իմ աշխարհայացքի ձևավորման վրա: Զարմանք է պատճառում, թե որքան հմտորեն է հեղինակը կարողացել մեկ աշխատությամբ ներկայացել և´ գիտական մակարդակով գրված պատմություն, որ անշուշտ կհետաքրքրեր պատմաբաններին, և´ բանաստեղծներին հատուկ հուզականությամբ գրել սիրո մասին: Համոզված եմ, որ այս գիրքը երբեք չի կորցնի իր հուզական ներգործությունը: <<Մարիենբալդյան Էլեգիայում>> ճակատագրի հեգնանքը Ցվայգի հերոսին աստվածային զգացմունք է տալիս զառամյալ տարիքում. գերմանացի մեծ բանաստեղծ Գյոթեն իր կյանքի յոթանասունչորսերորդ տարում սիրահարվում է 19 ամյա Ուլիկային… 
Հեղինակը <<Մարդկության աստեղային ժամերը>> սկսում է 1453թ. սուլթան Մահմուդի կողմից Կոստանդնուպոլսի գրավման պատկերով: Սա քրիստոնեական աշխարհի անմիաբանության և սուլթան Մահմուդի վճռականության ու համառության արդյունքն էր: Այնուամենայնիվ, պատմությունը կարող էր այլ ընթացք ստանալ, եթե չլիներ պատահականությունը, կամ գուցե ավելի ճիշտ է ասել՝ անփութությունը, պատահական բաց թողնված պարիսպներից մեկի դուռը, որ Կերկապորտ էր կոչվում: Մեկ վրիպում և մեկ ժամում կործանվում է աշխարհակալ Բյուզանդիայի խորհրդանիշ հանդիսացող Բյուզանդիոն քաղաքը, և Ցվայգը ավարտում է պատումը՝ գրելով. <<Անդարձ կորսված րոպեն ափսոսանքով ետ չես դարձնի, և հազարամյակն անզոր է ետ բերելու մի ժամում կորցրածը>>: Որքան խորհրդավոր են հնչում այս տողերը… Գուցե անկախ Կերկապորտի բաց կամ փակ լինելուց, Մահմուդը գրավեր Կոստանդնուպոլիսը, սակայն հրաշալի ներկայացված այս պատումը մտորելու հիմք է տալիս այն մասին, որ երբեմն մենք բավարար ուշադրություն չենք դարձնում մանրուքներին, որոնք կարող են ճակատագրական լինել: Ինձ խորապես հուզեց նաև <<Էլդորադոյի հայտնագործումը>>: Այս պատումը  նկարագրում է աշխարհում նախադեպը չունեցող մի դատավարություն. արկածախնդիր Յոհան Ավգուստը իր գրպանում ունի դատարանի վճիռ, համաձայն որի՝ ինքը` Յոհան Ավգուստ Զուտերը, հանդիսանում է այն տարածքների սեփականատերը, որտեղ տեղակայված է ողջ Կալիֆոռնիա նահանգը: Սակայն ճակատագիրը Զուտերի հետ տրագիկական մի խաղ է խաղում. կատաղած ամբոխը հրաժարվում է հանձնել իր ունեցածը իրական տիրոջը, և արդյունքում Զուտերը կորցնում է իր երեք տղաներին, իսկ ինքը մահանում է կոնգրեսի դռան առջև՝ որպես մի մուրացիկ՝ գրպանում, սակայն, ունենալով փաստաթուղթ, որ հաստատում է իր իրավունքը մարդկության պատմության մեջ եղած ամենամեծ կարողության նկատմամբ: Այս պատմությունը նման է տրագիկոմիկական ներկայացման՝ գրված այնպիսի գունեղ երանգներով, որ մինչև հոգու խորքը հուզում է ընթերցողին: Գրքում տեղ գտած թեմաների բազմազանությունը, Ցվայգի անզուգական նկարագրումները թույլ են տալիս անվերջ խոսել այս գրքի մասին, սակայն, որպես վերջաբան, կուզեի նշել. <<Մարդկության  աստեղային ժամերը>> ընտրել եմ որպես իմ սեղանի գիրք, քանի որ համոզված եմ՝ այն կարող է հարազատ թվալ ու հուզել յուրաքանչյուր տարիքում, և օրինակ ծառայել կյանքի բոլոր պարագաներում:

Комментариев нет:

Отправить комментарий