08.07.2015

1937 թվականի հուլիսի 8-ին գնդակահարվեց Ակսել Բակունցը

1920-ական թթ.
78 տարի է անցել այն եղերական առավոտից, որը վերջինը եղավ Ակսել Բակունցի համար... 
Արյունո՜տ պատմություն, արյունո՜տ ժամանակներ… Պատմությունը կա այնքանով, որքանով կան մարդկային ճակատագրերը, որովհետև այդ ճակատագրերով է իմաստավորվում ժամանակը: Պատմության թատերաբեմից հանեք Հոմերոսին, Ալեքսանդր Մակեդոնացուն, Մովսես Խորենացուն, Շեքսպիրին և կտեսնեք, որ ժամանակը դատարկվում է: Այդպես էլ Ակսել Բակունցը: Յուրաքանչյուրն իր տեղում, իր ժամանակի մեջ: 
Բակունցն ապրեց լի ու հարուստ, բայց ծանր ու դժվարին կյանք, որն այսօր <<լեգենդ>> է դարձել: Ապրեց՝ որպես գրականության զինվոր, պայքարեց՝ որպես զինվոր և նահատակվեց զինվորի պես: Ժամանակները խառն էին, դրվում էին նոր կյանքի հիմքերը: Իսկ ղեկը ապազգային գործիչների ձեռքին էր: ժողովրդի գիտակցությունը գլխիվայր շուռ էր տրվում: Բակունցը հերոս էր, որ կռվեց այդ ամենի դեմ: Քիչ է ասել հերոս էր: Բակունցը սխրանքի՛ հերոս էր, որ հայտնվեց պատմության մեծ շրջադարձի վրա և ճշմարիտ ճանապարհ նախանշեց… 
1930-ականներին Բակունցի դեմ սանձազերծված հալածանքներն ավարտվում են հանրային-գրական կյանքից նրա մեկուսացումով:
Բակունցը վտանգավոր էր համարվում անգամ մեկուսացման մեջ: Նրա մասին շարունակում էին հնչեցնել մեղադրական ու քննադատական խոսքեր` նրան անվանելով մահացու թույն արտադրող և գրական միջավայրն ապականող…
Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ Բակունցը ենթարկվում է կտտանքների: Ինքնաարդարացման բոլոր ճիգերն ապարդյուն են անցնում, իսկ հուզիչ նամակները՝ մնում անպատասխան: 
<<Ծա՜նր է, շա՜տ ծանր... Փաստը մնում է անշրջանցելի. ես մեկուսացված եմ։ … Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո... Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո՝ հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս….Միտքս միշտ տանջալիորեն շաղափում է ֆիզիկական ցավի աստիճանի հասնող միեւնույն խոհը. ի՞նչ է լինելու ինձ հետ։ Արդյո՞ք ինձ հնարավորություն կտրվի գործով, այսինքն՝ գրական աշխատանքով ապացուցել, որ ես գրականության թշնամի չեմ։ Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը... Ինձ գրելու եւ կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք...>>:
Բանտում հոգեկան մի վեջին ճիգով այս տողերը գրելիս Բակունցը դեռ կարծում էր, որ իրեն ոչ թե կգնդակահարեն, այլ կաքսորեն, եւ այդ հույսով խնդրում էր, որ իրեն ոչ թե օտարություն տարագրեն, այլ` Հայաստանի հեռավոր մի շրջան, որ նա կարողանա լսել ժողովրդի <<կենդանի խոսքը>> և աշխատել, այսինքն՝ գրել։ Գրել <<ժողովրդի ներսից>>՝ ժողովրդի հոգու լեզվով, նրա հոգու կարոտի ջերմությամբ… Չթողեցին: Հոգեկան այս սոսկալի մաքառումները տեսնող չկար։
Ընդհակառակը՝ նրա հանդեպ պատիժներն ավելի խստացվեցին…
Ժամանակներն ահավոր էին: Կային մարդկանցից ցուցմուք կորզելու և պատժի հարյուրավոր ձևեր՝ ծեծում էին անխնա, ծեծում էին մետաղալարե մտրակներով ու ռետինե մահակներով, ծեծում էին բռուցքներով ու սապոգներով, օրերով ոտքի վրա քարացած մի դիրքում կանգնեցնում էին, պահում էին սոված ու ծարավ, եղունգների արանքում ասեղներ էին խրում և, դրանից չբավարարաված, դիմում էին կտտանքի առավել սոսկալի ու ամոթալի ձևերի: Մարդկանց ցուցմունքներին հակառակ գրում էին այն, ինչ իրենց անհրաժեշտ էր, ստիպում էին ստորագրել ցուցմունքների տակ՝ առանց թույլ տալու, որ դրանք լրիվ կարդան: Ահաբեկում էին՝ դրսում մնացած հարազատներին ևս տանջանքների ենթարկելու զգուշացումներով: Մարդը, ով էլ լիներ, ոչ մի արժեք չուներ: 
Բանտը, իհարկե, Բակունցի տեղը չէր: Բակունցի տեղը կյանքն էր, մեծ աշխարհը: Բայց աշխարհը փոխվել էր. գրեթե բոլոր լուսավոր մարդիկ բանտերում էին: Դրսում դահիճներն էին: Ինչքան էլ հոգով հզոր, ինչքան էլ արդար ու ճշմարտախոս, Բակունցը մահացու ծանր հոգեվիճակի մեջ էր: 
Բակունցի կինը՝ Վարվառա Չիվիջյանը պատմել է հետևյալը.
<<Կալանքի ժամանակ Բակունցի հետ ունեցել եմ երեք տեսակցություն: … Առաջին տեսակցության ժամանակ նա քիչ էր փոխվել: Նրա տրամադրությունը համեմատաբար առույգ էր, զգացվում էր, որ իր ձերբակալությունը համարում էր ինչ-որ թյուրիմացության հետևանք, որը շատ շուտ պիտի բացահայտվեր: Հոկտեմբերին ես նրան տվեցի հերթական սննդամթերքը և ստացա նրա կեղտոտ սպիտակեղենը: Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիների ընթացքում: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ, գրել այն ամենը, ինչ ինքը կասի: <<Իմացի՛ր,-այն Ամենը, ինչ ասում եմ քեզ, պատահական մտքեր չեն, այլ արդյունք են երկար անքուն գիշերների>>: Եվ նա թելադրեց ինձ, թե ինչպես պիտի դաստիարակեմ ու մեծացնեմ երեխային: <<Որդիս, -անդրադարձավ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը, -այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն>>: Զգացվում էր, որ այդ տեսակցությամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ: Նա ինձ ասաց, որ ինքը գրել է լիազորագիր-կտակ, որով ինձ է փոխանցվում իր հեղինակային իրավունքը: 
Հաջորդ օր ես մտա ՆԳԺԿ, տարա նրա համար ընթերցելու գրքեր, և ես ստացա այն գրքերը, որոնք նա արդեն կարդացել էր: … Տուն վերադաnrnrռնալով ես մեքենայաբար թերթատեցի գրքերը, որ նա վերադարձրել էր:Այդ գրքերի մեջ էր Գի դը Մոպասանի պատմվածքների ժողովածուն: Գրքի ցանկում <<Պարան>> պատմվածքի տակ ես նկատեցի մատիտով դրված փոքր կետեր: … Բացեցի պատմվածքը, որի լուսանցքներն ամբողջովին սեղված-ընդգծված էին եղունգով: Պատմվածքի բովանդակությունը բացահայտեց նրա բարոյական ծանր կացությունը: Նոյեմբեր ամսին ինձ թույլատրեցին վերջին տեսակցությունը: Նա իրեն պահում էր հանդարտ: … Նա ասաց, որ հարցաքննությունն ավարտված է, սպասում է դատին: հավանական է, պետք է մեկնել, բայց դեռ կտեսնենք,- ասաց նա: Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել: դիմելով որդուն, որ ներկա էր նաև այդ տեսակցությանը, Բակունցն ասաց. <<Դու շա՞տ կամաչես, եթե քո հորը Երևանի փողոցներով տանեն դատարան: -Ո՛չ, հայրի՛կ. - Ճիշտ է, զավա՛կս, դու մի՛ ամաչիր քո հոր համար, հիշի՛ր, հայրդ այնպիսի բան չի արել, որի համար կյանքում պետք է կարմրես>>: 
1937 թ. հուլիսի 7-ի կարճատև հարցաքննությունից հետո Բակունցը դատապարտվում է պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության։ Վերջին խոսքում Բակունցը խնդրել է հնարավորություն տալ ազնիվ աշխատանքով քավել իր <<հանցանքները>>, եթե, իհարկե, այդպիսիք կան։ Բայց բոլոր դռները փակվել են նրա առջև։ Եթե ուրիշներին գնդակահարել են դատավճիռը կայացնելուց անմիջապես հետո, ապա Ա.Բակունցին գնդակահարության պատի տակ կանգնեցրել են դատավճռի կայացման հաջորդ օրը: Մի ամբողջ ցերեկ և մի ամբողջ գիշեր Բակունցը ապրել է իր մահը՝ մղջավանջային, մահահոտ մի ցերեկ և մի գիշեր խենթացնող, ահասարսուռ, քանզի նա մարդ էր ընդամենը… Իր իսկ ձեռքով փորած գերեզմանի եզրին կանգնած ընդամենը 38 տարեկան մարդ…
<<Մնաս բարով, կյա՛նք: Մնաս բարով, աշխա՛րհ: Մնաք բարով և դուք, որ ճանաչեցիք ինձ, որ տեսաք իմ մաքառումները, իմ ոգորումները, իմ եղերական տառապանքը: Կյանքը շարունակվում է նաև մահվան մեջ, և մենք դեռ հանդիպելու ենք այս աշխարհում, ա՛յս արևի տակ: Ես գնում եմ որպես Բակունց և ետ կգամ որպես Բակունց: Ու՞ր ես, Աստծու արդարություն…>>
Բակունցն այդպես ապրեց իր կյանքի վերջին օրերը: Նա շատ լավ գիտեր, որ ամենի ինչի մեղավորը Ստալինն է և նրա ստեղծած վարչակարգը, իսկ մյուսները կամ լավագույն դեպքում, տեղական նշանակության ստալիններ են, կամ նրանց աչքն ու ականջը, լրահավաքն ու մատնիչը, բանսարկուն ու զրպարտիչը: 
Բակունցը արժեք էր սփյուռքում, Բակունցը արժեք էր միութենական գրականության մեջ, իսկ տանը … հայ գրականության առաջին թշնամին էր, որից ազատվելու միակ ձևը նրան նախ` գաղափարապես և ապա` ֆիզիկապես ոչնչացնելն էր: 
Ամեն բան գալիս է հաստատելու, որ Բակունցի, Չարենցի և նրանց նմանների ժամանակը չէր: Նրանք իրենց գրականությամբ և իրենց մարդկային նկարագրով չէին կարող այդքան ճկվել, թեքվել, ստորանալ, քանի որ նրանցը կոտրվող տեսակ էր: Ճկվողը վերագտնում է իր ձևը, կոտրվողը` կործանվում: 
Ակսել Բակունցը կործանվեց: 
Ակսել Բակունցը չծախեց իր հոգին ու գրական խիղճը: 
Ակսել Բակունցը բարոյական բարձր արժեք է, գրողի, քաղաքացու և հայ մարդու վսեմ նկարագիր:

Комментариев нет:

Отправить комментарий