Հունիսի 14-ին Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում <<Միրհավ>> գրական ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեր հայրենակից մեծատաղանդ բանաստեղծ Սպարտակ Բակունցի ծննդյան 60-ամյա հոբելյանին:
Միջոցառումը բանաստեղծի մարդկային ու գրական կերպարն ամբողջացնելու փորձ էր՝ հուշազրույցների, մամուլում նրա անունն ու գործը հիշատակող անդրադարձների, գրքի տպագրությանը նվիրված ռադիոհաղորդումների, իր ապրած ժամանակի դառնաղետ եղելությունների ընդհանուր համապատկերի վրա:
Օրվա խորհրդի մեջ ծավալվեց-թանձրացավ Սպարտակ Բակունց բանաստեղծի հոգևոր ներկայությունը՝ կյանքի կարճատև, բայց բովանդակալից ընթացքով, գեղարվեստական ինքնությամբ ու հազվագյուտ հոգեկերտվածքով:
Նշեցինք գրական-հոբելյանական տարեդարձ, ցավոք, ոչ թե 60-ամյա բանաստեղծի հետ բաժակ բարձրացնելով ու նրան ստեղծագործական նոր հաջողություններ մաղթելով, այլ նրա մասին արդեն միայն հուշեր պատմելով ու հիշատակի խոսքեր ասելով:
Հայ ժողովուրդը սովոր է գրական մարդկանց ողբերգական ճակատագրերի: Ընդամենը 37 տարեկանում, ինչպես ասում են՝ բանաստեղծական հասակում մենք հրաժեշտ տվեցինք իր կյանքը լիարժեքորեն չապրած, իր ստեղծագործական մտահղացումները լիովին չիրականացրած, իր վաստակի գնահատությունը չտեսած մի բանաստեղծի, ում եղերաբախտ ճակատագիրը թեև վաղաժամ հանձնեց ծննդավայրի՝ իրեն ծնած ու սնած հողին, բայց նախասահմանեց հիշարժան ստեղծագործություններով շարունակելու գրական ուղին:
Սպարտակ Բակունցը բանաստեղծ էր ծնվել, բայց հայտնությունը եղավ 37 տարի անց՝ դավադիր թշնամու հեռահար հրանոթի ուղարկած մահից հետո, որը նրան գտավ հայրենի Վերիշնում՝ դպրոցի շենքի մոտ, ուր համադասարանցիներով հավաքվել ու նշում էին դպրոցն ավարտելու 20-ամյակը: 1992 թվականի օգոստոսի 8-ն էր: Հրետանային այդ գրոհը Գորիսից 5 զոհ տարավ. մեկը Սպարտակ Բակունցն էր…
Սպարտակ Բակունցն իր սրտում անթեղել էր բանաստեղծության կրակը և ոչ ոք չիմացավ, որ անքուն գիշերներին մտորում ու զրուցում է Աստծու հետ, իսկ այդ զրույցները ձև ու իմաստ են ստանում, դառնում բանաստեղծություն: Նրա հայրենակիցները, մտերիմները հետո, շա՜տ ուշ իմացան, որ Սպարտակը բանաստեղծ է:
Շատերին զարմանալի է թվում, որ բանաստեղծը կենդանության օրոք երբևէ չի փորձել տպագրվել ոչ միայն Երևանում, այլև նույնիսկ շրջանային թերթերում: Մի անգամ հանգամանքների բարեբաստ դասավորությամբ ինքն անձամբ ռադիոհաղորդումով ունկնդրել էր իր մի քանի բանաստեղծությունները: 1991 թվականին Երևանում բանաստեղծ Հովիկ Հովեյանի խնդրանքով Սպարտակն իր ձեռագրերը թողել էր նրա մոտ՝ ծանոթանալու, բայց պայմանով, որ ոչ մի դեպքում դրանք չհրապարակվեն: Հովեյանը խոստացել էր և … դրժել խոստումը: Ռադիոհաղորդման ընթացքում նա ներողություն էր խնդրել Սպարտակին՝ խոստումը դրժելու համար և հնչեցրել բանաստեղծությունները…
Իր ստեղծագործությունները ռադիոյով ունկնդրելու գեղեցիկ անակնկալը հավանաբար առաջմղիչ, ոգևորիչ նշանակություն էր ունեցել բանաստեղծի համար: Եղբայրը՝ Արմիկ Բակունցը, վկայում է, որ այդ դեպքից հետո նա սկսել էր ավելի մեծ ուշադրություն դարձնել ձեռագրերին. խմբագրում էր, մաքրագրում, մեքենագրում, համակարգում… Հավանաբար ներքուստ տրամադրվել էր, որպես բանաստեղծի, ներկայանալու գրական հանրությանը…
Չհասցրեց: Գիրքը՝ <<Հայացքների պայքար>> խորագրով, լույս տեսավ մահից մեկ տարի անց՝ 1993 թվականին՝ հայ անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի խմբագրությամբ, Համո Սահյանի սրտաբուխ առաջաբանով և Նիկոլայ Մանուկյանի(Նիկօ) անզուգական նկարազարդումներով: Ձեռագրերը մեծագույն պատասխանատվությամբ տպագրության էր նախապատրաստել հեղինակի եղբայրը՝ Արմիկ Բակունցը:
Գրողը գիրքն է, Սպարտակ Բակունցի պարագայում նաև՝ նրա հուշարձանն ու ավանդը մնացողաց…
Բանաստեղծական ամեն ժողովածու չէ, որ առանձնաշնորհ է ունեցել դրվելու հայ մեծագույն բանաստեղծ Համո Սահյանի գրասեղանին և նրան մղել մտորումների, խորասուզումների: Այդ բախտավոր ժողովածուներից մեկը Սպարտակ Բակունցի <<Հայացքների պայքարն>> էր, որ հեղինակի եղբոր համարձակ որոշումով դրվում է մեծ բանաստեղծի գրասեղանին և արժանանում նրա սրտառուչ առաջաբանով բացվելու պատվին: <<… Զարմանում ես, որ նա իր կենդանության օրոք ոչ մի տող չի տպագրել- գրում է Հ.Սահյանը,- մինչդեռ տպագրության արժանի շատ գործեր ուներ, որ կարող էին պատիվ բերել ոչ միայն հեղինակին, այլև գրական 60-ականներից հետո հրապարակ եկած բանաստեղծական ամբողջ սերնդին: Երևի ինքն իր նկատմամբ շատ պահանջկոտ է եղել և եղել է երիտասարդական փառասիրություններից հեռու>>:
<<Հայացքների պայքար>> ժողովածուն անմիջապես արժանանում է գրական հանրության ուշադրությանը: Ամենատարբեր ռադիոհաղորդումների ընթացքում հնչում են Սպարտակ Բակունցի բանաստեղծությունները հանրապետության վաստակավոր արտիստների, ասմունքողների, որոնց թվում՝ Հրաչուհի Ջինանյանի, Վլադիմիր Աբաջյանի, Սարգիս Նաջարյանի, Սիլվա Յուզբաշյանի ընթերցումներով:
Հուշ-երեկոյի ընթացքում հանդիսականների ունկնդրումին ներկայացվեց փոքրիկ ծաղկաքաղ այդ հաղորդումներից ու գրական ընթերցումներից:
Սպարտակ Բակունցի պոեզիայով ներշնչվել ու նրա խոսքերով երգ է հեղինակել հայ մեծանուն երգահան, դիրիժոր, երաժշտագետ, <<Շարական>> համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը:
1995 թվականի նոյեմբերի 26-ին Դանիել երաժիշտը Գորիսում հանդես է եկել համերգային բացառիկ ծրագրով՝ նվիրված Սպարտակ Բակունցի հիշատակին: Հենց համերգի ժամանակ էլ առաջին անգամ հնչել է բանաստեղծի խոսքերով գրված երգը՝ <<Շարական>> համույթի կատարմամբ:
20 տարի անց նույն բեմում <<Կյանքի կարոտ>> խորագրով երգն առաջին անգամ կատարեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի շնորհաշատ երգչուհի Սուսաննա Ղումաշյանը:
Հանդիսությանը ներկա էր <<Հայացքների պայքար>> գրքի խմբագիր, ճանաչված գրող, մանկագիր Երվանդ Պետրոսյանը, ով տպավորիչ խոսք ասաց իր կյանքում Սպարտակ Բակունց բանաստեղծի հայտնության մասին՝ ներկայացնելով նաև նրա գրքի տպագրության ուշագրավ մանրամասները, այն անօրինակ ջանքերը, որոնք, ի վերջո, փառապսակվեցին ժողովածուի, ինչպես ինքն է բնորոշել՝ գիրք-հուշարձանի լույս աշխարհ գալով: Ե.Պետրոսյանը հպարտությամբ նշեց, որ պատիվ է ունեցել ոչ միայն խմբագրելու Ս.Բակունցի գիրքը, այլև նախախոսք հեղինակելու:
Սպարտակ Բակունցը բանաստեղծական ներկայություն է ոչ միայն Սյունիքում: Իր հոգու տարածքները նաև աշխարհագրական բացվածքի մեջ են:
Վայք քաղաքից հանդիսության առթիվ Գորիս էր ժամանել նաև ռեժիսոր Սարդոն Մարգարյանը, ով, ներգրավված լինելով միջոցառման բեմագրում, հանդես եկավ նաև առանձին ելույթով և խոսոտովանեց, որ հոգևոր ամուր կապ է զգում բանաստեղծի հետ և ճակատագրի քնքուշ շոյանքով իր ձեռքին հայտնված <<Հայացքների պայքար>>-ը վաղուց արդեն իր սեղանի գիրքն ու կյանքի ուղենիշներից մեկն է դարձել:
Վերջերս Վայք քաղաքում հենց Ս.Մարգարյանի բեմադրությամբ տեղի ունեցած միջոցառման ընթացքում (նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին) հնչել են նաև Սպարտակ Բակունցի հայրենասիրական բանաստեղծությունները: Միջոցառման այդ հատվածները ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին նաև Գորիսի հանդիսատեսին:
Սպարտակ Բակունցի պոեզիան արժանի է բարձր գնահատանքի, ինչն ընդունում է նրա պոեզիային ծանոթ մտավորական ընտրանին: Գրողի, նրա ստեղծած արժեքների տեղն, ի վերջո, գրականագիտությունն է: Սպարտակ Բակունցի գեղարվեստական աշխարհում մասնագիտական իր համեստ ուսումնասիրության արդյուքները հանդիսականներին ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու, ԳՊՀ-ի դասախոս Լ. Թունյանը:
Օրվա հուզական հագեցվածությանը նոր լիցք հաղորդեցին Սպարտակ Բակունցի որդին՝ Արտակ Բակունցը՝ սրտառուչ ելույթով, և թոռնիկները՝ հրաշալի ասմուքնով: Ընթերցվեց Սպարտակ Բակունցի՝ որդուն նվիրված պատգամ-բանաստեղծությունը, որին նա մնաց հավատարիմ ոգու և արյան կանչով: Իսկ փոխկանչն արդեն հաջորդ սերնդին է վերապահված, կյանքի կենսանորոգ ու շարունակական ընթացքին:
Միջոցառման ավարտին Սպարտակ Բակունցի մասին հիշատակի ու գնահատանքի ջերմ խոսք ասաց Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցը, տպավորություններ կիսեցին նաև բանաստեղծի դասընկեր ու գրչընկեր Լևոն Սահակյանը, բանաստեղծ Ապետնակ Գրիգորյանը և ուրիշներ:
Ցերեկույթն ուղեկցվեց դիտապաստառային ցուցադրություններով, որոնք ուրույն երանգներ հաղորդեցին գեղարվեստական մասին և հարստացրին օրվա հոգենկարը:
Ոգեշունչ պարով միջոցառումը եզրափակեցին <<Վահե Մելքումյան>> պարային ստուդիայի սաները:
Բառերի մեջ է ամբարվում ժամանակի ոգին, բառերի մեջ են պահվում ժամանակի ձայները՝ մարդկանց մտքերը, հույզերը, խոհերը, տրամադրությունները, երազանքներն ու առարկայական իրականությունը: Պոեզիան դառնում է ժամանակի էության կրողը: Պոեզիան նաև պատմություն է….
Սպարտակ Բակունցի երկրային կյանքի ժամանակը, հոգու կենսագրությունն ու հայացքների պայքարը ամբարված են ընդամենը մեկ գրքույկում, որին, սակայն, վիճակված է երկար ճանապարհ անցնելու, հավիտենական ժամանակի ուղևորը դառնալու:
Թ.ՄԱՐՈՒԹՅԱՆ
Երվանդ Պետրոսյան |
<<Վահե Մելքոնյան>> պարային ստուդիա |
Սարդոն Մարգարյան |
Սուսաննա Ղումաշյան |
Սպարտակ Բակունցի որդին և թոռնիկը |
Սպարտակ Բակունցի թոռնիկները |
Ձախից աջ՝ Արտակ Բակունց, Սարդոն Մարգարյան, Արուս Հայրապետյան, Թեհմինա Մարության, Լիլիթ Թունյան, Արմիկ Բակունց |
Ձախից աջ՝ Լիլիթ Թունյան, Լիլիթ Մովսիսյան, Գոհար Հովսեփյան, Արուս Հայրապետյան, Անուշ Էյլազյան, Անի Մկրտչյան |
Комментариев нет:
Отправить комментарий