2004 թվականին Ակսել Բակունցի 105-ամյակի առթիվ Սյունյաց մեծահարգ մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ ու մեկենասությամբ գրողի տուն-թանգարանի այգում կանգնեցվեց քանդակագործ Ռազմիկ Արզումանյանի կերտած կոթողային խաչքարը: Հավերժության ոգով են շնչում խաչքարին փորագրված տողերը̀ «Կամաւն Աստուծոյ եւ արդեամբ մարզպետի Սիւնեաց Սուրեն Խաչատրեանա կանգնեցաւ սուրբ խաչս ի բարեխաւս Ակսել Բակունցա, որ չարաղետ ամի ՌՋԼԷ փոխեցաւ ի Քրիստոս եթող կսկիծ անսփոփ ազգիս հայոց»:
Յուրաքանչյուր սյունեցի երախտագիտությամբ ու խոնարհաբար ընդունեց իր տաղանդավոր զավակի հիշատակը հավերժացնող այդ պարգև-հուշարձանը, քանզի Ակսել Բակունցը շիրմաքար չուներ: Հայրենի հողը բախտ չունեցավ ամփոփելու Բակունցի աճյունը, բայց ամփոփեց ոգին…
Ձեզ ենք ներկայացնում Քաջիկ Դորունցի աղոթք-բանաստեղծությունը̀ գրված «Բակունցի լուսապայծառ հիշատակին կանգնեցված խաչքարի առթիվ»: