2004 թվականին Ակսել Բակունցի 105-ամյակի առթիվ Սյունյաց մեծահարգ մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ ու մեկենասությամբ գրողի տուն-թանգարանի այգում կանգնեցվեց քանդակագործ Ռազմիկ Արզումանյանի կերտած կոթողային խաչքարը: Հավերժության ոգով են շնչում խաչքարին փորագրված տողերը̀ «Կամաւն Աստուծոյ եւ արդեամբ մարզպետի Սիւնեաց Սուրեն Խաչատրեանա կանգնեցաւ սուրբ խաչս ի բարեխաւս Ակսել Բակունցա, որ չարաղետ ամի ՌՋԼԷ փոխեցաւ ի Քրիստոս եթող կսկիծ անսփոփ ազգիս հայոց»:
Յուրաքանչյուր սյունեցի երախտագիտությամբ ու խոնարհաբար ընդունեց իր տաղանդավոր զավակի հիշատակը հավերժացնող այդ պարգև-հուշարձանը, քանզի Ակսել Բակունցը շիրմաքար չուներ: Հայրենի հողը բախտ չունեցավ ամփոփելու Բակունցի աճյունը, բայց ամփոփեց ոգին…
Ձեզ ենք ներկայացնում Քաջիկ Դորունցի աղոթք-բանաստեղծությունը̀ գրված «Բակունցի լուսապայծառ հիշատակին կանգնեցված խաչքարի առթիվ»:
ԱՂՈԹՔ
Ակսել Բակունցի լուսապայծառ հիշատակին կանգնեցված խաչքարի առթիվ
…Մեռելներուս իբրև խաչ
Ես այս ծառս տնկեցի:
Լ. Զ. Սյուրմելյան
Տե'ր, խաչքարն այս ընդունի'ր,
Օրհնությամբ քո հայրական…
Նվիրական այս հողին
Մերվող խաչն այս նորընծա
Թող պահապան բարեխոս,
Լինի հոգուն հանճարի…
Որ երկրային իր ճամփից
Հալածական կարեվեր
Վերադարձավ առ ի քեզ̀
Պայծառատես, լուսերես…
Տե'ր, օրհնությամբ հայրական
Պահապանն այս ընդունիր
Խաչքարերիդ բույլի մեջ,
Եվ սփոփիր հոգիներ
Որ դեռ մխում են ցավից
Լույսի, լավի և բարու
Այն ապաժամ «հանգյավի»:
Տե'ր, բարությամբ տիրական
Բարեխոսն այս ընդունի'ր:
Комментариев нет:
Отправить комментарий