28.12.2022

ՍՒՐԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ / Թեհմինա Մարությանի «Գրականագիտական ուսումնասիրություններ. Ա» ժողովածուն

Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ մասնագիտական շրջանակների և գրասեր ընթերցողի դատին է ներկայացվել երիտասարդ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանի «Գրականագիտական ուսումնասիրություններ. Ա» ժողովածուն (Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ հրատ., 2022թ., 303 էջ)։
Թեհմինա Մարությանը նոր դեմք չէ ժամանակակից գրաքննադատության ասպարեզում. վերջին տարիներին գրական մամուլում նրա հրատարակած բազմաթիվ ուշագրավ հոդվածներն ու ուսումնասիրությունները զարմանք են հարուցում իրենց թեմատիկ ընտրությամբ, ստույգ ձևակերպված գիտական խնդրադրությամբ ու խորապես փաստարկված, հիմնավորված լուծումներով։ Դրանք քննադատության ժամանակակից ընթացքի մեջ շահեկանորեն առանձնանում են գրականագետ-տեսաբանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ու իմացականությունը բնորոշող մասնագիտական յուրացումներով ու յուրօրինակ ձեռագրով։