Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ Սյունիքի ու Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի երկրորդ տեղի մրցանակակիր, Մարտակերտի Վ.Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանի աշխատանքը:
Ես էլ Կաքավաբերդ եկած ճամփորդներից էի, բայց իմ ուղեկիցների նման գնացել էի այնտեղ ո՛չ հետազոտելու, ո՛չ էլ գանձեր փնտրելու նպատակով, ես եկել էի զրուցելու ալպիական մանուշակի հետ, նա էր իմ որոնելի գանձը: Ահա նստել եմ քարերի վրա՝ նրա կողքին, և ինձ էլ նրա ծաղկափոշին վայելող բզեզի նման աշխարհը թվում է ծիրանագույն հսկայական բուրաստան, ալպիական մանուշակ: Ես սկսում եմ իմ զրույցը ալպիական մանուշակի հետ... Հիշում եմ իմ ճանապարհը նրան հասնելուց առաջ և անհագ ցանկությամբ ուզում եմ պատմել նրան, որ իմ ուղեկիցները մարդիկ էին, ովքեր ընկալում էին աշխարհը յուրովի, ամեն մեկը տեսնում, զգում էր այդ աշխարհն իր հոգու աչքերով: Նա է՝ ալպիական մանուշակը: Երկնամուխ բուրգերի և պարիսպների հնության շնչով օծված ավերակներին տիրում է նրա թարմ շնչառությունը: Ամպերը ցրող քամին օդի թարմ քուլաները տանում է հեռուները՝ Բասուտա գետից մինչև Կաքավաբերդի անմատչելի բարձունք։ Գորշ ավերակների ու պարիսպների ամայության մեջ կենդանություն բերող Բասուտա գետի ալիքներից բացի կա ևս մեկ մխիթարություն՝ բնաշխարհի միակ ծաղկունքը՝ ալպիական մանուշակը։ Հետաքրքիր է՝ ինչպես է բուրում քարերի վրա բուսած այդ ծիրանագույն ծաղիկը։ Լուռ է, լուռ են պարիսպների՝ երկնքից կառչած ավերակները, որոնք իրենց երբեմնի հզորության տարիներին այնպե՜ս կանգուն էին, իսկ անգղերն իրենց սուր կռինչներով լցնում են օդը համատարած աղմուկով, որ իրենց արձագանքներն են գտնում Կաքավաբերդի բարձունքին: Ինձ լսելի չեն այդ ձայները, և ո՛չ էլ Բասուտա ալիքների ահագնացող ճիչն է գրավում իմ ուշադրությունը, ալիքները վիրավոր առյուծի պես թարմ վերքի ցավից մռնչում են, ափ դուրս գալիս, բայց ես չեմ զգում նրանց հորձանքները, բնաշխարհն ուզում է կլանել ինձ ամբողջությամբ, մինչ ես հայացքս չեմ կարողանում կտրել նրանից, որ իր խոսուն լռությամբ թաքնված է քարերի հետևում: